Պիտակների պահոցները՝ խատուտիկ

Խատուտիկ

dandelion

Խատուտիկը  (անգլ.՝ Dandelion, ռուս.՝ Одуванчик, լատ.՝ Taráxacum officinále),  երկշաքիլավոր, բազմամյա մոլախոտ համարվող, իսկ իրականում շատ օգտակար խոտաբույս է։

Այլ անվանումներն են՝ Կաթնուկ, Կռանբանջար, Խտուտ:

Ունի վերին մասում խիստ հաստացած, միջին մասից լավ ճյուղավորվող առանցքային արմատ։ Հաստ և զգալի մակերես ունեցող արմատավզիկը գտնվում է հողի մակերեսից 1-2 սմ խորը, որի վրա էլ անմիջապես նստած է տերևային վարդակը։ Ծաղկակոթունի երկարությունը հասնում է մինչև 30 սմ։ Սերմերի երկար քթի վրա նստած են սպիտակ գույնի մազափնջերը՝ սերմին բարձր առագաստայնություն հաղորդող հարմարանքները։ Սերմերն օժտված են բարձր ծլունակությամբ, սակայն ձմեռումից հետո դրանց ծլունակությանը զգալիորեն պակասում է։

Խատուտիկը շատ երկրներում ուտելի բույս է, այն հաճախ աճեցնում են բանջարանոցներում և տերևներից աղցաններ են պատրաստում։ Օրինակ, մատղաշ տերևները 30 րոպե թրջում են սառը աղաջրում՝ դառնությունը վերացնելու համար, ապա համեմում են քացախով և պղպեղով և ուտում։ Ավելի հասուն տերևները, ինչպես սպանախը, խաշում են կամ տապակում։ Աշնանը ուտում են արմատը, որն, ինուլինի շնորհիվ, բավականաչափ քաղցր է։

Խատուտիկի ծաղիկներից և արմատներից թեյ են պատրաստում, ծաղիկներից՝ մուրաբա և գինի, բացված բողբոջներից պատրաստում են «խատուտիկի մեղր», իսկ տապակած արմատներից ՝ սուրճի փոխարինող:

Խատուտիկը լավ մեղրատու բույս է, դրա մեղրը ոսկեդեղնավուն է, թանձր, շուտ բյուրեղացող, բնորոշ հոտով և սուր համով։

Խատուտիկը նաև արժեքավոր կերախոտ է, հատկապես ճագարների համար։

Խատուտիկը դեղաբույս է, դրա արմատից և տերևներից բուժիչ թուրմեր են պատրաստում, որոնք օգտագործվում են հեպատիտի, խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դեղնախտի, գաստրիտի, կոլիտի, ցիստիտի բուժման համար, ախորժակը և մարսողությունը բարելավելու համար, փորկապության, մետեորիզմի դեպքում, ինչպես նաև որպես հակաճճվային միջոց:

Մատղաշ տերևներն ու տերևահյութը օգտագործվում են աթերոսկլերոզի, մաշկի հիվանդությունների, վիտամին C պակասության, սակավարյունության բուժման համար:

Անվադողեր արտադրող գերմանական Continental AG ընկերությունն ուսումնասիրում է խատուտիկի արմատներից կաուչուկ ստանալու հնարավորությունները և կարծում է, որ այս բույսի կաուչուկն ավելի լավ հատկություններ ունի, քան կաուչուկի ծառինը:

Խատուտիկի արմատները, հողի մեջ շատ խոր ներթափանցելով, վերգետնյա շերտի տակից կալցիում են դուրս բերում: Այս բույսը բարենպաստ ազդեցություն է ունենում մոտն աճող բանջարեղենի, հատկապես վարունգի վրա՝ արագացնելով դրանց հասունացումը: Դա հիմնականում պայմանավորված է էտիլենային գազով, որն արտազատվում է խատուտիկի ծաղկման ժամանակ: Այդ ընթացքում խատուտիկը բազմաթիվ օգտակար փոշոտող միջատների է “ձգում” դեպի այգի, առանց որոնց անհնար է մրգերի և հատապտուղների լավ բերք ստանալ: Սա հատկապես արժեքավոր է գարնանը, երբ այլ ծաղիկներ դեռ չկան։ Այդ պահին խտուտիկը իսկական մեղվաբուծական ֆաբրիկա է, այն տալիս է մեծ քանակությամբ ծաղկափոշի և նեկտար:

Խատուտիկը հարստացնում է հողի վերին շերտը, դրա արմատների մահից հետո երկաթի, ֆոսֆորի և կալցիումի աղերը մնում են հողի մեջ: Բոլոր այդ տարրերը այլ բույսերի համար դյուրամարս վիճակում են լինում: Իսկ խատուտիկի վերգետնյա կանաչ զանգվածը հարուստ է սպիտակուցներով, շաքարներով, կալցիումով, կոբալտով և վիտամիններով: Խտուտիկի աճը զսպելու համար այդ վերգետնյա զանգվածը հնձվում և օգտագործվում է ցանքածածկ անելու կամ օրգանական, հեղուկ պարարտանյութ պատրաստելու համար՝ որոնք արդյունքում հարստացնում են հողը իրենց հարուստ տարրերով:

Գիտե՞ք, որ խատուտիկի սերմերը հիանալի համեմունք են: Ի դեպ, Այծոտնի սերմերը նույնպես: Բույսերի մի մասը սերմեր ստանալու համար թողնելու դեպքում, որոշ ժամանակ անց, դեղին ծաղիկները կփոխարինվեն մոխրագույն բմբլագնդիկներով: Առանց սպասելու, որ դրանք քամին քշի, անհրաժեշտ է այրել բմբուլները և հավաքել սերմերը։ Այնուհետև սերմերը կարելի է աղալ սրճաղացով:

Ուտիճների և փոքր թրթուրների դեմ պայքարի համար, խատուտիկի 200 գ մանրացված արմատներ կամ 400 գ թարմ տերևներ 2 ժամ թրմում են մոտ 40°C ջերմաստիճանի 10 լիտր ջրի մեջ: Հետո զտում են և ավելացնելով 30 գ հեղուկ օճառ, ստացված լուծույթով ցողում են բույսերը՝ նախ մինչև բողբոջների բացվելը, հետո ծաղկելու ավարտից հետո, մեկ անգամ էլ 10-15 օր անց, եթե դեռ վնասատուներ կան:

Խատուտիկ աճեցնելը

Խատուտիկը կազմում է երկար և ամուր արմատներ, ուստի խոր հողի կարիք ունի: Նախընտրելի է, ի հարկե, ցանել խատուտիկը այգում, բայց եթե հնարավորությունը ծաղկամանում ցանելն է, ապա այն պետք է առնվազն 25 սմ խորություն ունենա:

Հղումներ