Կարգերով պահոցներ՝ Դեկորատիվ թփեր

Դանդուռ աֆրիկյան

Աֆրիկյան դանդուռը (անգլ․՝ Elephant bush, Dwarf Jade, լատ․՝ Portulacaria afra) մանր, հաստ տերևներով հարավաֆրիկյան սուկուլենտ է։ Իր հայրենիքում 2-6 մ բարձրությամբ թուփ է, որը փղերի սիրված ուտելիք է։ Դրանով է պայմանավորված

«փղի թուփ» անգլերեն անվանումներից մեկը։ Աֆրիկյան դանդուռ ուտում են նաև այծերն ու կրիաները: Այն նաև օգտագործվում է հարավաֆրիկյան խոհանոցում ՝ աղցաններին, ապուրներին կամ շոգեխաշած ուտեստներին թթվաշ համ տալու համար:

Աֆրիկյան դանդուռը սենյակային պայմաններում սովորաբար մինչև 1 մ բարձրության է հասնում և համարյա երբեք չի ծաղկում։ Գոյություն ունեն աֆրիկյան դանդուռի խայտաբղետ և գաճաճ ենթատեսակներ։

Աֆրիկյան դանդուռը բոնսայի համար կիրառվող ամենատարածված սուկուլենտն է

Աֆրիկյան դանդուռը, բացառությամբ էականորեն փոքր տերևներից, շատ նման է թանձրատերևուկին (Crassula ovata), և նույն խնամքի կարիքն ունի:

Աֆրիկյան դանդուռի խնամքը սենյակային պայմաններում

Աֆրիկյան դանդուռը սենյակային պայմաններում աճեցվում է որպես բոնսայ, որպես սովորական ծաղկամանային բույս կամ ամպելային՝ կախված աճող։

Լուսավորությունը։ Աֆրիկյան դանդուռի համար անհրաժեշտ է ապահովել շատ պայծառ լուսավորություն։ Այն չի վախենում արևի ուղիղ ճառագայթներից։

Օդի ջերմաստիճանը։ Եթե հնարավորություն կա, ապա ձմռան հանգստի համար, օդի ջերմաստիճանի ամենահարմարավետ տիրույթը +10…+16°C է։ +8°C-ից ներքև ջերմությունը չի կարելի իջեցնել։ Տաք սենյակում ձմեռացման դեպքում, ջերմաստիճանը չպետք է գերազանցի +22°C-ը։

Ամռանը շատ շոգը վնասակար է, լավագույն տիրույթը +22…+27°C է։

Օդի մաքրությունը։ Շատ կարևոր է որպեսզի աֆրիկյան դանդուռը միշտ թարմ օդ ունենա, ուստի սենյակը, որտեղ աճում է բույսը, պետք է հաճախակի օդափոխել։ Լավ կլինի, եթե տաք սեզոնը բույսը ամբողջությամբ դրսում անցկացնի։

Ջրելը։ Աֆրիկյան դանդուռը պետք է շատ չափավոր ջրել։ Գերխոնավությունը կարող է սպանել բույսին։ Ջրել պետք է երբ ոչ միայն ծաղկամանի հողի մակերեսն է չորացել, այլև համարյա ողջ հողը։

Օդի խոնավությունը։ Մյուս սուկուլենտ բույսերի պես, աֆրիկյան դանդուռը նույնպես չի վախենում չոր օդից։ Ոչ շրջակա օդի խոնավությունը բարձրացնելու, ոչ էլ բույսը ցողելու կարիք չկա։

Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում աֆրիկյան դանդուռին սնուցում են 15 օրը մեկ՝ հատուկ սուկուլենտների և/կամ կակտուսների համար նախատեսված պարարտանյութերով՝ պարարտանյութի փաթեթի վրա նշվածից երկու անգամ պակաս չափաբաժիններով։

Էտը։ Աֆրիկյան դանդուռը հանգիստ դիմանում է նույնիսկ շատ խոր էտին ու արագ վերականգնվում է, ընդորում, էտել կարելի է շուրջ տարին։ Անկանոն աճը զսպելու և սաղարթին ցանկալի ձև տալու համար, ակտիվ աճի շրջանում անհրաժեշտ է անընդհատ քշտել ճյուղերի ծայրերը։

Տեղափոխումը։ Այլ, մի փոքր ավելի մեծ ծաղկամանի մեջ բույսը տեղափոխում են միայն ակնհայտ անհրաժեշտության դեպքում՝ երբ արմատներն այլև աճի տեղ չունեն։ Սովորաբար, երիտասարդ բույսերի համար այդ անհրաժեշտությունը ծագում է 2 տարին մեկ, իսկ մեծահասակների համար՝ 4-5 տարին մեկ։

Նոր ծաղկամանը, կամ, բոնսայի դեպքում հատուկ տաշտակը, լավ դրենաժային շերտ պետք է ունենա։ Հողախառնուրդը պետք է լինի թեթև, փխրուն, ջրա և օդաթափանցիկ։ Կարելի է գնել սուկուլենտների և/կամ կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ։ Ինքնուրույն պատրաստելու համար, հավասար մասերով խառնում են մանր խիճ կամ խոշոր ավազ, կավային ճմահող, տերևային հումուս։ Հողախառնուրդի թթվայնությունը պետք է լինի 4,5-6,0 рН տիրույթում։ Բույսը տեղափոխելիս, բույսի աճը զսպելու համար, կարելի է մինչև 1/3-ով կարճեցնել արմատները։

Բազմացումը։ Աֆրիկյան դանդուռը ամենահեշտ բազմացվող բույսերից է։ Բազմացնում են կտրոններով։ Խորհուրդ է տրվում առնվազն 4 տերև ունեցող 6-7 սմ երկարությամբ կտրոններ դնել արմատակալման, սակայն փորձը ցույց է տալիս, որ շատ ավելի փոքր, 1-2 տերև ունեցող կտրոններն էլ են արմատակալում։

Տնկելուց առաջ կտրոնները մոտ 24 ժամ թողնում են (ոչ արևի տակ) որ կտրված տեղերը չորանան։ Տնկում են վերը նշված համամասնություններով կազմված հողախառնուրդում, հողը միշտ չափավոր խոնավ են պահում, տնկարկը դնում են պայծառ, ցրված լույսով լուսավորված տեղում, իսկ կտրոնները ծածկելու, ջերմոցային պայմաններ ստեղծելու կարիք չկա։

Հիվանդություններ և վնասատուներ։ Աֆրիկյան դանդուռը համեմատաբար կայուն է հիվանդությունների նկատմամբ։ Բայց վատ խնամքի, օրինակ, չափից շատ ջրելու կամ մաքուր օդից զրկելու դեպքում, կարող է վարակվել ալրացողով։

Վնասատուներից աֆրիկյան դանդուռի վրա կարող են հայտնվել՝

Տարածված բարդություններ են՝

  • տերևաթափ՝ վատ լուսավորության պատճառով;
  • ճյուղերի անհամաչափ ձգվածություն՝ վատ լուսավորության կամ գերխոնավացմն պատճառով;
  • տերևների դեղնում և թոշնում՝ գերխոնավացմն պատճառով։

Հղումներ

Զանտոքսիլում

Զանտոքսիլումը (անգլ․՝ Zanthoxylum, ռուս․՝ Зантоксилум, Жёлтодревесник, լատ․՝ Zanthoxylum) Rutaceae ընտանիքի մոտ 250 տեսակի տերևաթափ և մշտադալար ծառերի, թփերի և մագլցող լիանաների ցեղ է։

Զանտոքսիլումները բնիկ են ողջ երկրագնդի տաք, բարեխառն և մերձարևադարձային գոտիներում:

Հանրահայտ չինական Սիչուանի պղպեղ համեմունքը և դրա ճապոնական, կորեյական, հնդկական և այլ երկրների տարատեսակները պատրաստում են զանտոքսիլումի հետևյալ տեսակների պտուղների կեղևից՝

  • Չինական պղպեղ (անգլ․՝ Red Sichuan peppercorns, չին․՝ Honghuajiao 红花椒, լատ․՝ Zanthoxylum bungeanum)
  • Սիչուանի կանաչ պղպեղ (անգլ․՝ Green Sichuan peppercorns, Winged prickly ash, չին․՝ Qinghuajiao 青花椒, լատ․՝ Zanthoxylum armatum)
  • Ճապոնական պղպեղ (անգլ․՝ Japanese pepper, Japanese prickly-ash, Korean pepper, լատ․՝ Zanthoxylum piperitum) օգտագործում են Ճապոնիայում և Կորեյայում՝ որպես նմանատիպ համեմունք։
  • Մազտաքատերև փշոտ հացենի (անգլ․՝ Mastic-leaf prickly ash, լատ․՝Zanthoxylum schinifolium օգտագործում են Կորեյայում՝ որպես քիչ ավելի նվազ դառնություն ունեցող համեմունք։
  • Հնդկական փշոտ հացենի (անգլ․՝ Indian prickly ash, լատ․՝ Zanthoxylum rhetsa օգտագործում են Հնդկաստանի արևմուտքում՝ որպես նմանատիպ համեմունք

Զանտոքսիլումի տարբեր տեսակներ հաջողությամբ աճեցվում են սենյակային պայմաններում՝ թե՛ որպես գեղեցիկ դեկորատիվ սաղարթով բույս, թե՛ որպես բոնսայ։

Խնամքը սենյակային պայմաններում

Օդի ջերմաստիճանը։ Զանտոքսիլումը ջերմասեր է, ձմռանը սենյակի հարմարավետ ջերմաստիճանը պետք է +16…+18°C տիրույթում լինի, նվազագույնը՝ +10°C։ Շատ վատ է տանում ցրտահարությունն ու միջանցիկ քամիները:

Լուսավորությունը։ Ամռանը զանտոքսիլումը դնում են դրսում՝ բաց երկնքի տակ՝ մի փոքր ստվերում։ Սիրում է պայծառ ցրված լույսը նաև որոշ չափով արևի ուղիղ ճառագայթներ, բայց ոչ կեսօրի կիզիչ արևը:

Հողախառնուրդը։ 2 մաս ճմահող, 1 մաս տերևային հումուս, 1 մաս կենսահումուս, 1 մաս ավազ կամ վերմիկուլիտ: Կարելի է ցիտրուսայինների համար պատրաստի հողախառնուրդ գնել և ավելացնել խոշոր ավազ, կեռամզիտ կամ վերմիկուլիտ։

Ջրելը։ Վեգետացիոն շրջանում առատ են ջրում, ձմռանը շատ ավելի քիչ, բայց ծաղկամանի հողը չպիտի ամբողջովին չորանա: Չափից շատ ջրելու հետևանքով բույսի արմատները կարող են փտել, իսկ անբավարար ջրելուց տերևները թափվել։ Հողի լրիվ չորանալը կկործանի բույսը։ Անցանկալի է կոշտ ջրով ջրելը:

Օդի խոնավությունը։ Զանտոքսիլումը խոնավասեր է, ուստի սաղարթը պարբերաբար գոլ, հնեցված ջրով ցողելը պարտադիր է: Բույսը լավ կարձագանքի նաև ամենշաբաթյա տաք ցնցուղին։

Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում, 2 շաբաթը մեկ սնուցում են սենյակային բույսերի համար նախատեսված համալիր պարարտանյութով։

Բազմացումը։ Զանտոքսիլումը կարող է բազմացվել սերմերով, կտրոններով և անդալիսի միջոցով։

Նախքան ցանելը, սերմերը մինչև 90 օր ստրատիֆիկացնում են կամ ենթարկում սկարիֆիկացիայի։ Այնուհետև 24 ժամ թրջում են։ Ցանում են փխրուն սուբստրատի մակերեսին և ծածկում հողի բարակ շերտով: Ցանքը խոնավացնում են, ծածկում են ապակիյով կամ պլաստիկ թաղանթով և դնում լուսավոր տեղում՝ օդի +20…+24°C ջերմաստիճանի պայմաններում: Ցանքը պարբերաբար օդափոխում են: Սերմերը ծլում են 6-12 ամսում:

Հղումներ

Զմրուխտե ծառ

Զմրուխտե ծառը (անգլ․՝ China doll, Emerald tree, Serpent tree, ռուս․՝ Радермахера, լատ․՝ Radermachera sinica) բիգնոնիազգիների ընտանիքին պատկանող, մշտադալար ծառ է, որն աճում է Հարավային Չինաստանի եւ Թայվանի մերձարեւադարձային լեռնային շրջաններում:

Բնական պայմաններում այն կարող է հասնել մինչև 30 մ բարձրության, իսկ բնի տրամագիծը 1 մետրի։ Շատ բուրավետ, սպիտակ, շեփորաձև ծաղիկները բացվում են ընդամենը մեկ գիշերով և թոշնում են հաջորդ օրվա արևի տակ։

Սենյակային պայմաններում 1-1.5 մետրից չի բարձրանում և չի ծաղկում։

Խնամքը սենյակային պայմաններում

Լուսավորությունը

Զմրուխտե ծառին պայծառ, ցրված լույս է պետք: Լավ է աճում նաև մասնակի ստվերում, կարճ ժամանակով կարող է դիմակայել արևի ուժեղ ճառագայթներին։ Արևելքին կամ արևմուտքին նայող պատուհանի գոգը լավագույնս համապատասխանում է բույսի պահանջին։ Դեպի հարավ նայող պատուհանի գոգին դնելու դեպքում, լավ կլինի բույսը պաշտպանել կեսօրի արևից: Բույսի ճյուղերի չծռվելու և համաչափ աճ ապահովելու համար, անհրաժեշտ է պարբերաբար պտտել ծաղկամանը:

Օդի ջերմաստիճանը

Զմրուխտե ծառը բավականին ջերմասեր է, բայց խիստ շոգին դժվար է դիմանում։ Օդի սենյակային ջերմաստիճանը (+22․․․+25ºС) ամենահարմարն է։ Ձմռանը, բույսին հանգստի ժամանակ ապահովելու համար, ջերմաստիճանը կարելի է իջեցնել մինչև +16ºС։ +11 ºС -ից ցածր ջերմաստիճանը կարող է կործանարար լինել։

Օդի խոնավությունը

Զմրուխտե ծառը խոնավասեր է։ Անհրաժեշտ է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով հաճախակի ցողել բույսը: Ամռանը, ժամանակ առ ժամանակ, կարելի է գոլ ջրով ցնցուղի տակ լողացնել։

Ջրելը

Վեգետացիոն շրջանում առատ ջրելու կարիք ունի, բայց պետք է թույլ չտալ ջրի լճացում ու գերխոնավություն։ Չի կարելի նաև թույլ տալ, որ ծաղկամանի հողը ամբողջությամբ չորանա: Ջրում են հենց որ ծաղկամանի հողի վերին շերտը չորանա։

Աշնանը և ձմռանը ջրելու քանակը և ծավալը նվազեցնում են: Այդ ժամանակահատվածում ջրում են հողի վերին շերտի չորանալուց 2 օր անց։

Սնուցելը

Գարնանն ու ամռանը սնուցում են դեկորատիվ-սաղարթավոր բույսերի համար նախատեսված պարարտանյութերով։ Սեզոնի սկզբին բույսը սաղարթ աճեցնելու համար ազոտի գերակշռմամբ պարարտացման կարիք ունի, իսկ աշնանը պետք է կիրառել ֆոսֆոր-կալիումային պարարտանյութեր:

Պարարտանյութը պետք է տալ փաթեթի վրայի հրահանգին համապատասխան չափաբաժնով: Փորձառու այգեգործները խորհուրդ են տալիս նախքան սնոււցում տալը ջրել բույսը և մեկ-երկու ժամ հետո նոր պարարտացնել այն։

Զմրուխտե ծառը լավ է արձագանքում նաև սաղարթային սնուցմանը: Տերևները կարելի է ցողել պարարտանյութի կես չափաբաժնի լուծույթով: Այդպես սննդարար նյութերը շատ ավելի արագ են ներծծվում, իսկ սաղարթը ձեռք է բերում փայլուն զմրուխտի երանգ:

Էտը և սաղարթի ձևավորումը

Զմրուխտե ծառը կարելի է կամ որպես ծառ աճեցնել, կամ փարթամ թուփի տեսքով: Առաջին դեպքում, աճի սեզոնի ողջ ընթացքում բնի ստորին մասից հեռացնում են բոլոր կողային ճյուղերը: Իսկ որպեսզի փարթամ թփի ձև ստանա, քշտում են բոլոր ճյուղերի վերին բողբոջները՝ խթանելով դրանց ճյուղավորումը:

Տեղափոխելը

Այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխելու համար լավագույն ժամանակը գարնան սկիզբն է: Այդ ժամանակ է ծառը ձմեռային «հանգստից» հետո սկսում ակտիվորեն աճել: 5 տարեկանից երիտասարդ բույսերը տեղափոխելու կարիք է առաջանում համարյա ամեն տարի։ Մեծահասակ բույսերի ծաղկամանը փոխում են մոտ երեք տարին մեկ՝ եթե ծաղկամանում արդեն նեղվածք է և արմատները դուրս են եկել դրենաժային անցքերից։ Եթե ոչ, ապա կարելի է բավարարվել հողի վերին շերտը (4-5 սմ) փոխելով:

Զմրուխտե ծառի արմատները բավականին հզոր են, ուստի ծաղկամանը պետք է լինի լայն և խոր, բայց ոչ շատ մեծ։ Ծաղկամանի ծավալը պետք է մոտավորապես հավասար լինի արմատային համակարգի ծավալին, որպեսզի ծառի արագ աճը որոշ չափով զսպվի։

Ծաղկամանում լավ դրենաժ ապահովելը շատ կարևոր է։

Հողախառնուրդը

Հարմար է արմավենիների և/կամ ցիտրուսայինների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդը։ Ինքնուրույն պատրաստելու համար իրար են խառնում՝

Բազմացումը

Զմրուխտե ծառը բազմացնում են կտրոններով կամ անդալիսի միջոցով:

Կտրոնները արմատակալման դնելու լավագույն ժամանակը մայիսն է կամ հունիսի սկիզբը: Կտրոն ստանալու համար կտրում են ցողունի մի մասը՝ տերևով ու տերևային հանգույցով: Կտրած տեղը մշակում են ակտիվացված ածխի փոշիյով կամ արմատավորում խթանող դեղամիջոցով։ Այնուհետև կտրոնը 2-3 սմ խորությամբ խրում են տորֆի և ավազի խառնուրդ հանդիսացող սուբստրատի մեջ, լավ ջրում են ու ծածկում թափանցիկ թաղանթով։ Ցանքը դնում են տաք և լուսավոր տեղում, պարբերաբար օդափոխում են և խոնավացնում:
Կտրոնները բավականին արագ են արմատավորվում: Արդեն 1,5–2 ամիս անց երիտասարդ բույսերը կարելի է լինում տեղափոխել առանձին ծաղկամանի մեջ։

Անդալիսի միջոցով բազմացնելու համար, մայր բույսի երկար ճյուղերից մեկը մոտեցնում են հողին, հողին դիպչող հատվածը ազատում են տերևներից, այդ տեղում մի փոքր վնասում են կեղևը և թաղում հողի մեջ։ Գագաթը պետք է դրսում մնա։ Մեկ այլ տարբերակով, նույնն անում են օդի մեջ՝ տերևներից ազատված հատվածը պարուրում են հողով կամ մամուռով ու փաթաթում են ցելոֆանով։ Երկու դեպքում էլ այդ հատվածները մշտապես խոնավ պետք է պահվեն։ Արմատների առաջանալուց հետո, այդ հատվածը առանձնացնում են մայր բույսից և տնկում են նոր ծաղկամանում։

Հնարավոր բարդություններ

  • Ճյուղերը անբնական ձգվում են։ Սովորաբար դա տեղի է ունենում ձմռանը, երբ լույսի պակաս կա: Բույսը պետք է պահել զով տեղում և պայծառ լույսի ներքո: Կարելի է ցերեկային լույսով լրացնել լուսավորության ժամերը։
  • Տերևների ծայրերը չորանում են, տերևները կորցնում են իրենց ամրությունը և չորանում են։ Սենյակի օդը շատ չոր է կամ բույսը անբավարար է ջրարբիացվում: Նույնը կարող է տեղի ունենալ երբ լուսավորությունը չափազանց ուժեղ է: Այս դեպքում բույսը պետք է տեղափոխել մասնակի ստվերված վայր:
  • Նոր տերևները մանրանում են ու խամրած են։ Լույսի և/կամ սնունդի պակասից է: Անհրաժեշտ է ապահովել պայծառ, ցրված լույսով և/կամ սաղարթային պարարտացում անել։
  • Տերևները դեղնում են ու թափվում։ Լուսավորության պակասից է։

Հիվանդություններ և վնասատուներ

Զմրուխտե ծառը կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: Միայն վատ խնամքի դեպքում բույսը կարող է տառապել ֆուզարիոզից (արմատային փտախտ), ենթարկվել կարմիր սարդոստայնային տիզերի, ուտիճների և ալրատիզերի հարձակմանը։

Հղումներ

Ֆիկուս եռանկյունատերև

Ֆիկուս եռանկյունատերևը (անգլ․՝ Triangle ficus, ռուս՝ Фикус треугольный, լատ․՝ Ficus triangularis) ծագումով Արեւմտյան Աֆրիկայից, մշտադալար ծառանման թուփ է: Տերեւների անսովոր` դեպի կոթունը նեղացող ձեւի շնորհիվ է կոչվում եռանկյունատերև ֆիկուս:

Իր հայրենիքում, բնական միջավայրում, հասնում է մինչև 30 մ բարձրության, իսկ սենյակում 1 մետրից չի անցնում։ Ֆիկուս եռանկյունատերևը առանձնանում է երիտասարդ ճյուղերի արագ աճով։ Բարենպաստ պայմաններում մեկ տարվա ընթացքում 10-15 սմ աճ է լինում։ Այս պատճառով բույսը ամեն տարի ձեւավորող էտի են ենթարկում։

Ծաղիկները փոքր, շագանակագույն են, նման են փոքր, խավամազապատ գնդիկների։ Ծաղկելուց հետո ձևավորվում են բաց դեղնավուն պտուղներ, որոնք հետո մուգ կարմիր են դառնում ու նոր հմայք են հաղորդում ծառին։

Այժմ ստացված են եռանկյունատերև ֆիկուսի խայտաբղետ տերևներով բազմաթիվ սորտեր։

Նկարում՝ Ֆիկուս եռանկյունատերև խայտաբղետ (Ficus triangularis variegata

Խնամքը

Օդի ջերմաստիճանը: Վեգետացիոն շրջանում լավագույն ջերմաստիճանային տիրույթը +20…+25°C է, իսկ ձմռանը՝ +16…+17°C։

Օդի խոնավությունը: Խոնավասեր է։ Անհրաժեշտ է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով պարբերաբար ցողել բույսի տերևները։ Բույսի շրջակա օդի խոնավությունը կարելի է ավելացնել, եթե ծաղկամանը տեղադրել ջրով ու խճով լի, սաղր տակդիրի վրա՝ այնպես, որ ջուրը չհասնի ծաղկամանին։

Ջրելը: Երբ ծաղկամանի հողը 1-2 սմ խորությամբ չորացել է, ուրեմն հասել է ջրելու պահը։ Ջրել պետք է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով։ Ամռանը, կախված օդի ջերմաստիճանից, շաբաթական 1-2 անգամ է ստացվում, իսկ ձմռանը՝ 7-10 օրը մեկ։

Ավելորդ խոնավությունը արմատների փտման պատճառ կարող է դառնալ։

Լուսավորությունը: Չնայած արևադարձային գոտուց ծագմանը, եռանկյունատերև ֆիկուսը բավականին ստվերադիմացկուն է և կարող է լավ աճել նույնիսկ հյուսիսային պատուհանի գոգին։ Այնուամենայնիվ, մանավանդ խայտաբղետ սորտերի համար, ցրված, պայծառ լուսավորությունը գերադասելի է։ Արևի ուղիղ ճառագայթները այրվածքներ են պատճառում բույսին։

Սնուցումը: Վեգետացիոն շրջանում բույսը պարարտացնում են ամիսը 2 անգամ։ Լավ կլինի հաջորդաբար օրգանական և համալիր պարարտանյութերով հեղուկ սնուցում արվի։

Ձմռանը սնուցելու կարիք չկա։

Տեղափոխությունը: Քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխությունն ավելի լավ է անել գարնանը։ 1-2 սանտիմետրով ավելի լայն ծաղկամանի հատակին սկզբում դրենաժային շերտ են լցնում, ապա հողախառնուրդը։ Հատուկ ֆիկուսների համար հողախառնուրդ կարելի է գնել, կամ պատրաստել ինքնուրույն՝ հավասար չափերով խառնելով ճմահող, ավազ, տորֆ և տերևային հումուս։

Երիտասարդ բույսերը, որպես կանոն, ամենամյա տեղափոխման կարիք են ունենում, իսկ 5 և ավելի տարեկանները՝ 2 տարին մեկ։

Բազմացումը: Եռանկյունատերև ֆիկուսը կարելի է բազմացնել կտրոններով, անդալիսի միջոցով և սերմերով։

Կտրոններով բազմացնելու համար 15-18 սմ երկարությամբ կտրոնների վրա թողնում են 3-4 զույգ տերևներ։ Կտրոնի վերին մասը սուր դանակով կամ նշտարով կտրում են ուղիղ, իսկ ներքևի մասը թեքությամբ։

Կաթնանյութից ազատելու համար, կտրոնները 1-2 ժամ թրջում են ջրում, այնուհետև դնում են արմատակալման՝ ջրի կամ պարարտ հողի և ավազի խառնուրդի մեջ։ Ջերմոցային միջավայր ստանալու համար, արմատակալման դրված կտրոնները ծածկում են թափանցիկ ծածկով։ Այդպիսի միկրոջերմոցում կտրոններն արմատակալում են 3-4 շաբաթում։

Անդալիսի միջոցով բազմացնելու համար, մայր բույսի երկար ճյուղերից մեկը մոտեցնում են հողին, հողին դիպչող հատվածը ազատում են տերևներից, այդ տեղում մի փոքր վնասում են կեղևը և թաղում հողի մեջ։ Գագաթը պետք է դրսում մնա։ Մեկ այլ տարբերակով, նույնն անում են օդի մեջ՝ տերևներից ազատված հատվածը պարուրում են հողով կամ մամուռով ու փաթաթում են ցելոֆանով։ Երկու դեպքում էլ այդ հատվածները մշտապես խոնավ պետք է պահվեն։ Արմատների առաջանալուց հետո, այդ հատվածը առանձնացնում են մայր բույսից և տնկում են նոր ծաղկամանում։

Սերմերով բազմացում հազվադեպ է արվում։ 3-5 սմ հողաշերտի վրա հավասարապես բաշխում են սերմերը, նույն հողախառնուրդի շատ բարակ շերտով ծածկում են ցանքը և լավ խանավացնում։ Ցանքը ծածկում են ապակյա կամ պլաստկ թաղանթով ու այդպես թողնում 2-8 շաբաթ՝ մինչև ծիլեր հայտնվեն։

Ցանքը 2-3 օրը մեկ օդափոխում են։

Հիվանդություններ և վնասատուներ: Գերխոնավացման հետևանքով, եռանկյունատերև ֆիկուսը կարող է վարակվել սնկային հիվանդություններով՝ ալրացող, գորշ փտախտ (мученистая роса, серая гниль): Վնասատուներն են վահանակիրները, թրիփսերը, սարդոստայնային տիզը, ուտիճը:

Ֆիկուսի այլ տեսակների մասին կարող եք կարդալ այստեղ ==>

Հնդկեղեգ

Հնդկեղեգը կամ Բամբուկը (անգլ․՝ Bamboo, ռուս․՝ Бамбук, լատ․՝ Bambusa)  հացազգիների ընտանիքի բամբուկանմանների ենթաընտանիքի բազմամյա, սակավադեպ միամյա բույս է։ Հայտնի է հնդկեղեգի 1575 տեսակ։

Հնդկեղեգը երկրագնդի ամենաարագ աճող բույսն է, այն սննդի, հագուստի, էներգիայի և շինանյութի էկոլոգիապես մաքուր և կայուն աղբյուր է:

Երկու տիպի հնդկեղեգներ կան՝ թփի տեսքով աճող և վազողներ կամ ինվազիվներ, որոնց արմատները տարբեր ուղղություններով, անկառավարելի և արագ աճելու ունակություն ունեն, ինչի շնորհիվ բույսը տարբեր, երբեմն անսպասելի տեղերում նոր ծիլեր է տալիս։

Բաց գրունտում հնդկեղեգ աճեցնելը

Հայաստանի կլիմայական պայմաններում, բաց գրունտում կարելի է աճեցնել հնդկեղեգի ցրտադիմացկուն տեսակները։ Ցրտադիմացկուն հնդկեղեգի տասնյակ տեսակներ կան, դրանց մեծ մասը պատկանում է Phyllostachys, կամ Fargesia ցեղերին և կարող են դիմակայել օդի -23º…-29ºC ջերմաստիճանների:

Ցրտադիմացկուն վազող տիպի հնդկեղեգներ

  • Դեղին ակոսով բամբուկ (Phyllostachys aureosulcata) հեշտությամբ ճանաչելի է ճյուղերի վրայի դեղին շերտով, որը տեսանելի է տերևների մուգ կանաչ խորապատկերին։ Ծռմռված բամբուկ (Crookstem bamboo) անունով հայտնի ենթատեսակ ունի, որի ճյուղերը երբեմն զիգզագաձև են աճում: Տեսքով հետաքրքիր և գրավիչ այս տեսակը, նույնիսկ ցուրտ վայրերում, կարող է հասնել գրեթե 15 մետր բարձրության, սակայն, այն վայրերում, որտեղ ձմռանը պարբերաբար -23…-26ºC- ից ցածր ջերմաստիճան է լինում, հազիվ թե 3 մետրից ավել բարձրանա։
  • Phyllostachys heteroclada f. solida Ջրային բամբուկի այս ենթատեսակը սովորաբար հայտնի է որպես Կարծր բամբուկ, քանի որ այն սակավաթիվ տեսակներից է, որոնց ճյուղերը սնամեջ չեն: Այս ենթատեսակը նաև մի փոքր ավելի ցրտադիմացկուն է քան սովորական Ջրային բամբուկը՝ դիմանում է մինչև -23°C-ին:
  • Phyllostachys bissetii Շատ խիտ աճող, ստվար թփուտներ ձևավորող, ցրտադիմացկուն տեսակ է: 2.5 սմ տրամագծով ճյուղերը հասնում են մոտ 6 մետր բարձրության։ Դիմանում է -23°C ցրտին ու նույնիսկ -31°C` եթե լավ մուլչապատված լինի։
  • Phyllostachys nuda Շատ գրավիչ և ցրտադիմացկուն տեսակ է, որի ճյուղերն ունենում են 2.5-5 սմ տրամագիծ և 7-9 մ բարձրություն: Մատղաշ ճյուղերը շատ մուգ, գրեթե սեւ են լինում, հասունանալով դառնում են մուգ կանաչ, հանգույցների սպիտակ օղակներով:
  • Խնկի բամբուկ (Incense bamboo, Phyllostachys atrovaginata) Այս տեսակի վրա մոմաշերտ կա, որը շոգին կամ տրորելիս շատ հաճելի բուրմունք է արձակում: Շատ արագաճ է, ձևավորում է 7.5-8 սմ տրամագծով, մինչև 12 մ բարձրությամբ ճյուղեր։ Դիմանում է մինչև -23…26ºC ցրտին։
  • Phyllostachys parvifolia Այս տեսակի արմատներն էլ, ինչպես Ջրի բամբուկինը, լավ հարմարված են թաց հողին: Փոքրիկ տերևները ընդգծում են հաստ, մուգ կանաչ ցողունները, իսկ հանգույցների շուրջ սպիտակ օղակները ավելի մեծ առանձնահատկություն են հաղորդում: Այս տեսակի մատղաշ ընձյուղները շատ համեղ են: Հասուն ճյուղերը կարող են հասնել մինչև 12 մ բարձրության։ Դիմանում է մինչև -26°C ցրտին:
  • Bashania fargesii Խիտ, ամուր տերևափնջերով այս տեսակը շատ է օգտագործվում որպես քամուց կամ օտար աչքից պաշտպանող էկրան: Շատ արագ աճեցվողներից ու տարածվողներից է, պետք է զգույշ լինել: Հարավային Չինաստանի լեռների բնիկներից է այս տեսակը և դիմանում է մինչև -17°C ցրտին։ Հասուն ճյուղերն ունենում են մոտ 5 սմ տրամագիծ և 6-9 մ բարձրություն։

Թփի տեսքով աճող հնդկեղեգներ

  • Հովանոց բամբուկ (Umbrella bamboo, Fargesia murielae) Շատերը այս տեսակը դասում են ամենագեղեցիկ մշակվող բամբուկների շարքում: Նոր ճյուղերն ունեն բաց կապույտ երանգ՝ հասունանալով դառնում են մուգ կանաչ ու դեղին: Այս բամբուկը կիսաստվերում աճեցնելը կօգնի պահպանել դրա կապույտ երանգը: Բարակ ճյուղերը հասնում են 3.5 մ բարձրության և այն դիմանում են մինչև -28ºC ցրտին։
  • Կապույտ շատրվան բամբուկ (Blue fountain bamboo, Fargesia nitida) Անվանումը տեսքի հետ է կապված։ Մոտ 2.5 սմ տրամագծով ճյուղերը հասնում են 4.5 մ բարձրության և դիմանում են մինչև -29ºC ցրտին։
  • Վիշապի գլուխ բամբուկ (Dragon head bamboo, Fargesia dracocephala) Ունի հաստ ճյուղեր, որոնք աճում են մինչև 3 մ և ավարտվում են խոնարհված տերևային հովանոցով։ Կարող է լավ մեկուսիչ ցանկապատ ձևավորել։ Խորհուրդ չի տրվում տաք, խոնավ կլիմայական պայմաններում աճեցնել։ Դիմանում է մինչև -23ºC ցրտին։
  • Ռուֆա բամբուկ (Fargesia rufa) Կոմպակտ, խիտ և թփաշատ տեսակ է, որը նախընտրում է զով կլիմայական պայմաններ և կիսաստվեր՝ պաշտպանված կեսօրի կիզիչ արևից: Դիմանում է մինչև -26°C ցրտին։ Բարակ ճյուղերը հասնում են 3 մ բարձրության։
  • Fargesia sp. ‘Jiuzhaigou’: Այս տեսակը ներառում է մի շարք հետաքրքիր սորտեր, ներառյալ Կարմիր վիշապը (Red dragon) և Սև բալ (Black cherry) տեսակները։ Մոտ 3 մ բարձրությամբ բարակ ճյուղերով կոմպակտ բույս է, բայց դիմանում է մինչև -29ºC ցրտին։

Հողը

Հնդկեղեգը պահանջկոտ չէ հողի նկատմամբ և կարող է հարմարվել և՛ կավահողերին, և՛ ավազահողերին։ Ինչպես շատ այլ բույսեր, հնդկեղեգը շատ ավելի լավ է աճում օրգանական նյութերով հարուստ, պարարտ ու փխրուն հողում։

Լուսավորությունը

Հնդկեղեգի տեսակների մեծամասնության համար նախընտրելի է ողջ օրը արևի տակ աճելը։ Կան նաև ստվերադիմացկուն տեսակներ։

Քամին

Երկարատև, չոր քամին կարող է չորացնել խոնավասեր հնդկեղեգին։ Սա պետք է նկատի ունենալ մանավանդ բարձրահասակ տեսակները տնկելիս։

Տնկելը

Հնդկեղեգի տնկիները բաց գրունտ կարելի է տեղափոխել գարնանից մինչև աշուն, բայց ամենահարմարը ապրիլ-մայիսն են, որպեսզի բույսերը հասցնեն ամրանալ մինչև ձմռան ցրտերը։

Նաև ցուրտ ձմռան շեմին խորհուրդ է տրվում ջերմամեկուսացնել բույսերի արմատները, իսկ երկարատև, սառը, չոր քամիների վտանգի դեպքում նաև բույսերի վերին մասը։

Տնկին տեղափոխում և տնկում են մշտական տեղում առանց վնասելու արմատաներն ու հողագունդը։ Տնկելու համար նախապատրաստվող փոսը պետք է մոտ երկու անգամ խոր և լայն լինի տնկվող բույսի արմատագնդից։ Տնկիի առագ կպնելու ու աճի ապահովման համար, խորհուրդ է տրվում փոս լցվելիք հողը հարստացնել կոմպոստով կամ փտած գոմաղբով, իսկ թարմ գոմաղբ լցնելը վտանգավոր է՝ արմատները կարող են վնասվել։ Ինվազիվ, արագ տարածվող տեսակները տնկելիս, պետք է նաև պատնեշներ տեղադրել՝ բույսի ոչ ցանկալի ուղղություններով տարածվելու դեմ։

Ջրելը

Տնկելուց հետո առաջին մի քանի ամիսներին պետք է առատ ջրել՝ թույլ չտալով հողի չորացումը։ Բույսի կպնելուց հետո ջրում են շաբաթական 2-3 անգամ՝ զգուշանալով հողը ցեխ սարքելուց։

Հողի խոնավությունը պահպանելու համար կարելի է մոտ 2-5 սմ խորությամբ ցանքածածկ անել բույսերի շուրջ։

Պարարտացնելը

Հնդկեղեգը շատ արագաաճ բույս է և հաճախակի սնուցման կարիք ունի, ընդորում ազոտի պարունակությունը պետք է մեծ լինի (4- ազոտ, 3- ֆոսֆոր, 2- կալիում)։ Ամենաարդյունավետ սնուցում ապահովում են օրգանական պարարտանյութերը՝ կոմպոստը, գոմաղբը։

Հնդկեղեգների մեծ մասը սեզոնում ունենում է 2 վեգետացիոն փուլ։ Այդ փուլերին զուգահեռ, առաջին սնուցումն անում են գարնան սկզբին, երկրորդ անգամ՝ ամռան կեսին, երրորդ անգամ, ավելի քիչ ազոտի պարունակությամբ (2-4-4)՝ աշնանը:

Էտելը

Հնդկեղեգը կարելի է էտել և ձևավորել ձմռանից բացի բոլոր եղանակներին։ Խորհուրդ է տրվում առնվազն տարին մեկ անգամ հեռացնել ծերացրած և թույլ ճյուղերը։

Հնդկեղեգը սենյակային պայմաններում աճեցնելը

Սենյակային պայմաններում լավ աճող հնդկեղեգի քիչ տեսակներ կան։ Դրանցից են՝

Բուդդայի փոր (Buddha Belly, Живот Будды, Bambusa ventricosa) Հնդկեղեգի ամենատարածված տեսակներից է: Կա նաեւ գաճաճ տեսակը, որն ամենահարմարն է ծաղկամանում աճեցնելու համար։

Բամբուսա մուլտիպլեքս (Tiny fern striped, Bambusa multiplex) Ինչպես և մյուս հնդկեղեգները տաք պայմաններին սովոր բույս է։ Ինչպես անունն է հուշում (Tiny fern striped թարգմանվում է Փոքրիկ զոլավոր ձարխոտ), նրա նուրբ սաղարթը հիշեցնում է ձարխոտի տերևները:

Գաճաճ սպիտակաշերտ (Dwarf whitestripe, Многоцветочник Форчуна пестролистный, Pleioblastus fortunei), Սա վազող բամբուկ է, բայց կարճ է, թփուտավոր ու լավ է նայվում ծաղկամանում։

Մեքսիկական լացող հնդկեղեգ (Mexican Weeping Bamboo, Otatea acuminata) ավելի բարձրահասակ տեսակ է, ծաղկամանում աճելիս հասնում է մոտ 1.2 մետր բարձրության։ Աճում է որպես թուփ, ունի նուրբ տերևներ։

Հնդկեղեգ կուրիլյան (Бамбук курильский (курильская саза), Sasa kurilensis) Վազող տեսակ է, 30-100 սմ բարձրության է հասնում։

Ուտելի ընձյուղներ ունեցող հնդկեղեգներ

Հնդկեղեգի հայտնի 1575 տեսակից 110-ի մատղաշ ընձյուղներն ուտելի են։ Ամբողջական ցուցակը՝ համային որակների նշումներով, կարող եք տեսնել այստեղ։

Մատղաշ ընձյուղները հում են ուտում, դնում են աղցանների մեջ, կամ խաշելով, շոգեխաշելով, տապակելով տարբեր ուտեստներ են պատրաստում:

Հղումներ

Չինական հասմիկ

Չինական հասմիկը (անգլ․՝ Chinese jasmine, ռուս․՝ Трахелоспермум жасминовидный, լատ․՝ Trachelospermum asiaticum) աճում է Ճապոնիայում, Չինաստանում և Կորեյաում։

Չինական հասմիկը բազմամյա մշտադալար թուփ է՝ ուղիղ, ճյուղավորվող ցողուններով։ Ցողունները տարիքի հետ փայտանում են եւ ծածկվում շագանակագույն կեղևով։ Վնասվելու դեպքում, ճյուղից կաթնային հեղուկ է ծորում։ Նշտարանման տերևները պարզ են, մուգ կանաչ, հաստ և փայլուն՝ 2-ից 8 սմ երկարությամբ։ Ներկայում կան խայտաբղետ՝ սպիտակ կամ վարդագույն բծեր ունեցող տերևներով սորտեր: Սպիտակ, դեղին կամ մանուշակագույն, 2,5 — 4 սմ տրամագծով ծաղիկները հայտնվում են ցողունների գագաթներին և հաճելի հոտ ունեն: Ծաղկելը առատ եւ երկարատեւ է։ Ծաղիկների բույրը ոչ բոլոր մարդիկ են լավ տանում, այնպես որ պետք է զգուշանալ ալերգիայից։

Բնական միջավայրում, չինական հասմիկը հասնում է մինչև 12 մ բարձրության, իսկ ծաղկամանում աճեցնելիս բարձրությունը էտելով են կարգավորում։

Խնամքը

Օդի ջերմաստիճանը։ Վեգետացիոն շրջանում հարմարավետ է +18…+24°C ջերմաստիճանային տիրույթը։ Ձմռանը պետք է տրամադրել զով հանգիստ՝ մոտ +10°C պայմաններում:

Լուսավորությունը: Անհրաժեշտ են ամենօրյա, 3-4 ժամ տևողությամբ արևային լոգանքներ՝ առավոտյան և երեկոյան։ Գարնան և ամռան կեսօրի կիզիչ արևից պաշտպանել է պետք։

Ջրելը և օդի խոնավությունը: Գարնանը եւ ամռանը առատ են ջրում՝ հենց որ չորանա հողի վերին շերտը։ Ձմռանը ոռոգման հաճախականությունը զգալիորեն կրճատում են: Օդի խոնավությունը պետք է բարձրացվի՝ հիմնականում վնասակար միջատների ներխուժումը կանխելու համար:

Էտելը: Ստվար սաղարթ ստանալու համար, ցողունների գագաթները պարբերաբար քշտում են, իսկ ծաղկելուց հետո ձևավորող էտ անում։

Հողը: Օրգանական նյութերով հարուստ, փխրուն, չեզոք կամ թեթև ալկալային pH ունեցող հողախառնուրդ է անհրաժեշտ։ Ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա, որպեսզի արմատներին ազատորեն օդ և խոնավություն հասնի։

Պարարտացումը։ Ակտիվ աճի շրջանում, ամիսը 1-2 անգամ սնուցում են հեղուկ պարարտանյութերով։ Աշնանը պարարտանյութեր տալը աստիճանաբար կրճատում են, իսկ ձմռանը դադարեցնում։

Բազմացումը: 15-20 սմ երկարությամբ ցողունային կտրոնները արմատակալման դնելով կամ անդալիսի միջոցով։

Հղումներ

Զոպա

Զոպան (անգլ․՝ Hyssop, ռուս․՝ Иссоп, լատ․՝ Hyssopus officinalis) մինչև 80 սմ բարձրությամբ, բազմամյա կիսաթուփ է, վայրի բնությունում աճում է Ղրիմում, Միջերկրական և Կասպից ծովերի շրջակայքում։

Հոտավետ մեղրակիր է, ծաղկում է հունիսից մինչև հոկտեմբեր։ Դեղաբույս է՝ լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկությունում։

Զոպայի տերևները, մատղաշ ճյուղերը և բողբոջները հարուստ են շաքարներով և եթերայուղերով, պարունակում են հիսոփին գլյուկոզիդ, սապոնիններ, տանիններ, խոլին և անուշաբույր իմբրին նյութ, որն ունի նուրբ, եղեսպակի բույր և հաճելի դառը համ: Զոպան նաև պարունակում է վիտամին C և պրովիտամին A. Զոպայի թարմ կամ չորացրած կանաչին ավելացնում են աղցաններին, ապուրներին, մսով և բանջարեղենով կերակրատեսակներին, օգտագործում են սոուսներ և թթուներ համեմելու համար:

Աճեցնելը

Զոպա աճեցնելը բավականին հեշտ է: Այս բույսը չափազանց ոչ պահանջկոտ է և լավ է աճում նույնիսկ ոչ շատ բերրի հողի վրա:

Զոպան բազմանում է սերմերով, կտրոններով և թուփը բաժանելով: Դժվար չէ սերմերից զոպա աճեցնել, ուղղակի մի քանի նրբություններ կան: Սերմերը կարելի է ցանել անմիջապես բաց գրունտում կամ սկզբում սածիլներ ստանալ տաք միջավայրում։ Երբ սածիլները մեծանում են, և ցրտահարության սպառնալիքն անցնում է, զոպայի սածիլները տնկում են մշտական տեղերում: Տնկելու տեղի հողը նախապես փորում են կամ փխրեցնում:

Զոպայի հետագա խնամքը շատ դյուրին է։ Պարզապես անհրաժեշտ է պարբերաբար վերացնել մոլախոտերը, ջրել, փխրեցնել հողը և, մանավանդ առաջին ամիսներին, սնուցել պարարտանյութով:

Եթե ​​զոպայի աճը դանդաղ է, խորհուրդ է տրվում այն ​​սնուցել օրգանական կամ համալիր պարարտանյութերով (10 լիտր ջրի դիմաց 20-30 գ):

Նույն տեղում, զոպան կարող է լավ աճել մինչև 4-5 տարի: Այն նույնիսկ ծածկ չի պահանջում ձմռան համար:

Զոպայի խնամքը սենյակային պայմաններում

Զոպան լուսասեր և խոնավասեր է, դիմացկուն է երաշտի ու ցրտի նկատմամբ: Լավ է աճում թեթև կրաքարային և չափավոր խոնավ հողերի վրա:

Պատուհանի գոգին զոպան աճեցնում են հնարավորին չափ մեծ ծաղկամանում։ Ամենահարմարավետ պայմաններ կունենա մոտ 36 սմ խորություն և լայնք ունեցող ծաղկամանի մեջ։

Բազմացնում են սերմերով, կտրոններով, ինչպես նաև թուփը բաժանելով (երեքից չորս տարեկան բույսերը)։ Սերմերը ցանում են գարնանը՝ տերևային հումուսից, ճմահողից, տորֆից և կոմպոստից (2:2:1:2) կազմված հողախառնուրդի մեջ: Ցանքի խորությունը 0.3-1 սմ։ Մինչև ծլելը ցանքը ծածկում են ապակիյով կամ ցելոֆանով: Երբ ծիլերը հայտնվում են, իսկ դա տեղի է ունենում ցանելուց 8-14 օր հետո, բույսերը տեղադրվում են լույսին ավելի մոտ ՝ իջեցնելով ջերմաստիճանը +14 … +16 ° C: Մեկ շաբաթ անց ջերմաստիճանը հասցվում է +18 … +20 ° C: Առաջին իսկական տերևի փուլում բույսերը տեղափոխում են 5×5 կամ 6×6 սմ չափի ծաղկամաններ, իսկ բողբոջումից 25-30 օր հետո `12-14 սմ տրամագծով ամանների մեջ:

Ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա, դրենաժային շերտի վրա կարելի է լցնել տորֆամամուռ կամ փայտի ածուխ, հետո հողը: Բույսի առմատային մասը, իր հողագնդով, այնպես է դրվում ծաղկամանի մեջ, որպեսզի արմատների վերին մասը մեկ սանտիմետրով ցածր լինի ծաղկամանի եզրից։ Տեղափոխելուց հետո զոպան լավ ջրում են գոլ ջրով և լավ կլինի մեկ-երկու օր բույսը կիսաստվերում մնա։

Զոպայի խնամքը ներառում է գոլ, հնեցված ջրով ջրելը, պարբերական սնուցումը (10-15 օրը մեկ) համալիր հանքային պարարտանյութերի լուծույթով (3-5 գ մեկ 1 լիտր ջրին) կամ գոմաղբի լուծույթով (1:10):

Երբ զոպան հասնում է 15 սմ բարձրության, քշտում են են գագաթը, արդյունքում բույսը ավելի լավ է ճյուղավորվում: Հետագայում, ըստ անհրաժեշտության, կտրում են ոչ միայն տերեւները, այլեւ մատղաշ ճյուղերը:

Կտրոնով բազմացման համար, ամռանը կտրում են 12-15 սմ երկարության ճյուղեր: Ստորին մասի տերևները հեռացվում են և կտրոնը դնում են ջրի մեջ: Սպիտակ արմատների հայտնվելուց հետո, կտրոնը տնկում են հողի մեջ:

Թուփը բաժանելով բազմացնում են աշնանը։ Բույսը հանում են հողից և սուր դանակով բաժանում են մի քանի մասի, բայց այնպես, որ յուրաքանչյուր մասը ճյուղի վրա ունենա երկու կամ երեք աչք և արմատներ: Բաժանված բույսն անմիջապես տնկում են՝ 2-3 սմ ցածր, քան նախկինում էր աճում: Վերջում բույսը առատորեն ջրում են և դնում տաք տեղում: Երկու շաբաթ անց նոր կանաչ ճյուղեր են սկսում աճել: Հետագա խնամքը նույնն է։

Հղումներ

Թեյ

Թեյը կամ Չինական կամելիան (անգլ․՝ Tea tree, ռուս․՝ Чай, Чайный куст, или Камелия китайская, լատ․՝ Camellia sinensis) թեյազգիների (Theaceae) ընտանիքի, մշտադալար թփերի կամ փոքր ծառերի տեսակ է, որի տերևները և բողբոջները օգտագործվում են թեյ արտադրելու համար: Պետք չէ շփոթել թեյը նույնապես անվանվող

Melaleuca alternifolia- ի՝ որից թեյի ծառի յուղ են ստանում կամ Նոր Զելանդիայի թեյի ծառի՝ Leptospermum scoparium-ի հետ, դրանք տարբեր բույսեր են:

Հայրենիքը Հարվ-Արևելյան Ասիայի արևադարձային և մերձարևադարձային, լեռնային անտառների գոտիներն են։

Կա թեյի երկու հիմնական սորտ՝ Camelia. sinensis var. sinensis եւ Camelia sinensis var. assamica: Սպիտակ թեյը, դեղին թեյը, կանաչ թեյը, մուգ թեյը և սեւ թեյը, բոլորը, տարբեր մշակումներ կիրառելով, ստացվում են այդ երկու սորտերից։

Ինչպես տանը թեյ աճեցնել

Սենյակային պայմաններում սովորաբար աճեցնում են թեյի Camelia. sinensis var. sinensis տեսակը։ Բնական պայմաններում մոտ 2 մետր բարձրության հասնող թեյի այս թուփը տանը, ծաղկամանում հասնում է 40-50 սմ բարձրության, ծաղկում է գեղեցիկ, նուրբ ծաղիկներով։ Մյուս տեսակը շատ ավելի պահանջկոտ է արտաքին պայմանների նկատմամբ։

Սերմից աճեցնելը

Սերմից թեյ աճեցնելը հեշտ չէ. թեյի սերմերը շատ ցածր ծլողունակություն ունեն, ուստի ցանել պետք է որքան հնարավոր է թարմ՝ նոր հավաքած սերմեր և մեծ քանակի, որպեսզի գոնե մի մասը ծլի։

Թեյի սերմերը կլոր, մուգ շագանակագույն են, 10-13 մմ երկարությամբ և մոտ 1 մմ հաստությամբ:

Ցանելուց առաջ թեյի թփի սերմերը 2 օր թրջում են գոլ ջրի մեջ, ժամանակ առ ժամանակ ջուրը թարմացնում են, հետո ցանում 3 սմ խորությամբ, ետևյալ հավասար մասերից կազմված հողախառնուրդի մեջ՝

  • ճմահող;
  • տերևային հումուս;
  • փտած գոմաղբ;
  • խոշոր ավազ։

Թույլ թթվայնությամբ հողը ամենահարմարն է թեյի աճեցման համար։

Ցանելուց հետո պետք է հողը հեղուկացիրով առատորեն խոնավացնել, ջերմոցային վիճակ ստանալու համար, ցանքը ծածկել ապակով կամ պլաստիկով և դնել տաք տեղ։ Սերմերը բավական երկար են ծլում՝ 1,5-2,5 ամիս:

Առաջին ծիլերը հայտնվելուց հետո ցանքը տեղափոխում են պայծառ լուսավորության տակ, որոշ ժամանակ անց հանում են ծածկը և երբ առաջին իսկական տերևները ձեւավորվեն, կարելի է սածիլները տեղափոխել առանձին, փոքր ծաղկամանների մեջ։ Չարժե անմիջապես մեծ տարաներ ընտրել:

Կտրոնով բազմացնելը

Թեյի կանաչ կտրոններ կտրում են գարնանը կամ ամռանը բույսը էտելուց հետո: Կտրվում են տարեկան ճյուղերից՝ 6-8 սմ երկարությամբ։ Յյուրաքանչյուր կտրոնի վրա թողնում են 3-4 տերև: Կտրոնի ներքևի մասի կտրվածքը թեք են անում, կտրվածքը մշակում են արմատակալումը խթանող նյութերով հետո տնկում հողախառնուրդի մեջ։

Տնկարկի համար նույնպես ջերմոցային պայմաններ են ստեղծում։

Խնամքը

Թեյի թուփը բավականին լավ է հարմարվում լուսավորությանը, իրեն լավ կզգա ինչպես արևոտ լուսամուտի պատուհանագոգին, այնպես էլ լուսավոր սենյակի խորքում: Բայց բույսը պաշտպանել է պետք կեսօրի Արևի ուղիղ և կոշտ ճառագայթներից: Պետք է նկատի ունենալ, որ եթե լուսավորությունը «միակողմանի» է, ժամանակի ընթացքում թեյի թուփը կարող է նկատելիորեն թեքվել դեպի լույսի աղբյուրը, մյուս կողմից տեղի և դիրքի կտրուկ փոփոխություններ բույսը չի սիրում։ Ծաղկամանը խորհուրդ է տրվում պտտել աստիճանաբար, շատ փոքր քայլերով։ Լուսավորության ցածր մակարդակի դեպքում ճյուղերը կարող են ձգվել:

Թեյի թուփը շատ ավելի պահանջկոտ է օդի ջերմաստիճանի նկատմամբ: Գարնանն ու ամռանը նրան պետք է օրական առնվազն 20 ° C ջերմաստիճան, բայց ուշ աշնանը և ձմռանը արժե բույսը պահել 8-10 ° C- ից ոչ ավելի բարձր ջերմաստիճանում գտնվող սենյակում (ապակեպատ պատշգամբ, տեռաս և այլն): Իհարկե, առանց այս հանգստյան ժամանակահատվածի, թեյը չի մեռնի, բայց թուփը շատ ավելի վատ տեսք կունենա և իրեն վատ կզգա: Տաք սենյակում ձմռանը թեյի թուփը պահելիս, պետք է օդի բարձր խոնավություն ապահովվի և հեռու պահվի ջեռուցող սարքերից։

Ընդհանրապես, թարմ և բավարար խոնավ օդի առկայությունը թեյի առողջ թփի աճեցման կարևոր պայման է: Ուստի հնարավորության դեպքում, ամռանը, երբ գիշերվա օդի ջերմաստիճանը +15 ° C- ից բարձր է, թուփը ծաղկամանով պետք է հանել այգի կամ բաց պատշգամբ։

Թուփը պետք է կանոնավոր կերպով ջրել գոլ, հնեցված ջրով։ Ծաղկամանի հողը պետք է միշտ խոնավ լինի, պարբերաբար փխրեցվի և մուլչապատվի։ Ծաղկամանի լավ դրենաժը պետք է ապահովագրի հողակույտը ճահճացումից։ Ծաղկման շրջանում ջրելը կրճատում են, բայց տերևները շարունակում են առատ ցողել։

Ինչ վերաբերում է թեյի թուփը սնուցելուն, ապա դա արվում է ողջ տարվա ընթացքում, բացառությամբ ձմռան հանգստի ժամանակահատվածի: Բույսը սնուցում են երկու շաբաթը մեկ համալիր պարարտանյութերով։

Թեյի թփի համար մեկ այլ անհրաժեշտ բան է էտը (թուփի ձևավորումը): Առաջին անգամ երիտասարդ թուփը էտում են երկրորդ տարում, վաղ գարնանը՝ կտրելով հիմնական ճյուղի աճի կետը մոտ 15 սմ բարձրության վրա՝ առատ ճյուղավորումը խթանելու համար: Ապագայում, ամեն տարի միաժամանակ, բոլոր հիմնական ճյուղերը կրճացնում են 30-35 սմ երկարություն թողնելով, միաժամանակ հեռացնելով վնասված և թույլ ճյուղերը:

Սենյակային պայմաններում թեյի թուփը գործնականում չի հիվանդանում, իսկ վնասատուներից կարող է ենթարկվել ուտիճների և վահանակիրների հարձակմանը։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Մեծահասակ թփերը, չվնասելով հողակույտը, տեղափոխում են ավելի մեծ ծաղկամանի մեջ մոտավորապես երեք տարին մեկ անգամ:

Ամռանն ու աշնանը թեյի թուփը ուրախացնում է անուշահոտ սպիտակ ծաղիկներով, իսկ ձմռան սկզբին ձևավորվում են սերմերը։

Ճիշտ խնամքի դեպքում, թեյի թուփը մեկ տարում մոտ 30 սմ աճ է ունենում։ Ծաղկել սկսում է մոտ 1,5 տարեկանից։

Հղումներ

Պոդոկարպուս

Պոդոկարպուսը (անգլ․՝ Podocarpus, ռուս․՝ Подокарп, Ногоплодник, լատ․՝ Podocarpus) մշտադալար, փշատերև թփերի և ծառերի ցեղ է։

Պոդոկարպուսների ամենատարածված տեսակը կոչվում է Բուդդայական սոճի (անգլ․՝ Yew plum pine, Buddhist pine, Fern pine, ռուս․՝ Подокарп крупнолистный, լատ․՝ Podocarpus macrophyllus

Սենյակային պայմաննեում պահվող պոդոկարպուսների ամենատարածված տեսակը կոչվում է Բուդդայական սոճի (անգլ․՝ Yew plum pine, Buddhist pine, Fern pine, ռուս․՝ Подокарп крупнолистный, լատ․՝ Podocarpus macrophyllus

Բացի նշված տեսակից, որն ունի նաև Maki կոչվող ենթատեսակ, վաճառքում կարող են հանդիպել Podocarpus nageia, Podocarpus totara տեսակները։

Խնամքը

Լույսը

Պոդոկարպուսները լուսասեր բույսեր են, նրանց անհրաժեշտ է պայծառ լույս` որոշ ժամերի արևի ուղղակի լույսով: Ձմռանը պահանջում են զով պայմաններ՝ ջերմաստիճանը պետք է լինի առնվազն 6 ° С, բայց ոչ ավելի, քան 10..12 ° С: Լավ են տանում սենյակի չոր օդը, սակայն ամռանը ցանկալի է տերևները հաճախակի ցողել։

Ջրելը

Ջրել պետք է կանոնավոր՝ ամռանը առատ, ձմռանը՝ չափավոր, կանխելով հողի իսպառ չորացումը:

Սնուցումը

Պոդոկարպուսներին ամիսը մեկ համալիր պարարտանյութով սնուցում է տրվում։

Տեղափոխելը

Տեղափոխումը նոր, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ իրականացնում են տարին մեկ անգամ ՝ գարնանը։ Հողախառնուրդը կազմում են կավով հարուստ ճմահողից, տերևային հումուսից և ավազից՝ 2: 1: 1 հարաբերակցությամբ, թթվայնությունը պետք է մոտ լինի չեզոքին:

Մեծահասակ բույսերը կարող են տեղափոխվել 2-3 տարին մեկ:

Էտելը

Պարբերաբար էտելու միջոցով պոդոկարպուսին կարելի է տալ տարբեր ձևեր կամ ստեղծել բոնսայ։

Բազմացումը

Պոդոկարպուսները բազմանում են ցողունային կտրոններով: Կտրոնները բավականին դժվար են արմատավորվում, կիրառվում են ֆիտոհորմոններ և իրականացվում է տաքացում ներքևից: Հնարավոր է վերարտադրություն սերմերի միջոցով:

Հիվանդություններ և վնասատուներ

Պոդոկարպուսը հազվադեպ է հիվանդանում և ենթարկվում վնասատուների հարձակմանը:

Հղումներ

Նանդինա

Նանդինան (անգլ․՝ Nandina, Heavenly bamboo, Sacred bamboo, ռուս․՝ Нандина, լատ․՝ Nandina domestica) կծոխուրազգիներին պատկանող, մշտադալար թուփ է։ Հայրենիքը Չինաստանն ու Ճապոնիան են։

Բաց գրունտում նանդինան կարող է աճել միայն մերձարևադարձային գոտիներում։ Ավելի ցուրտ ձմեռներով գոտիներում աճեցնում են թաղարների մեջ և ձմռանը տեղափոխում են տաք տեղ։

Արմատամերձ բազմաթիվ ընձյուղների շնորհիվ , նանդինան աճում է որպես խիտ թուփ: Դրա ուղիղ, չճյուղավորվող ճյուղերի գույնը փոփոխական է: Երիտասարդ բույսերում այն ​​ունի դարչնագույն-մանուշակագույն գույն, իսկ մեծահասակների մոտ այն ձեռք է բերում մոխրագույն-շագանակագույն երանգ:

Նանդինային ամենից շատ գնահատում են այն բանի համար, որ տերևների գույնը փոփոխական է՝ կախված է սեզոնից: Ամռանը սաղարթը գունավորվում է մաքուր կանաչ, իսկ աշնանը այն ձեռք է բերում հարուստ կարմիր-կանաչ երանգներ: Գարնանը տերեւները շագանակագույն են դառնում, իսկ ամռանը նորից վերադառնում են իրենց սկզբնական կանաչ գույնին:

Նադինայի մանր, բաց վարդագույն ծաղիկները ծաղկաբույլեր են կազմում։ Ծաղկունքը սկսվում է հունիսին, որից հետո թփի վրա հայտնվում են փոքր վառ կարմիր պտուղների ողկույզներ, որոնք բույսի մեկ այլ զարդարանք են դառնում:

Ուշադրություն։

Նադինայի պտուղները ուտելի չեն։

Խնամքը

Նանդինան աճեցնում են մեծ թաղարներում և, հնարավորության դեպքում, ամռանը դուրս են բերում պարտեզ։ Ձմռանը բույսը բերում են տուն, որտեղ այն պահվում է զով սենյակում: Բույսը ներսում պահելը բավականին դժվար է: Նանդինային անհրաժեշտ է բարձր խոնավություն և այն լավ չի դիմանում շոգին։

Ուշադրություն։

Նանդինան թունավոր է, խնամելիս պետք է զգույշ լինել և աշխատել ձեռնոցներով:

Տեղի ընտրությունը և ջերմային ռեժիմը

Նանդինան նախընտրում է պայծառ, ցրված լույսը: Վաղ գարնանից մինչև առաջին սառնամանիքները ցանկալի է այն տեղադրել պարտեզի կամ պատշգամբի կիսաստվերում։ Սենյակային պայմաններում բույսի լավագույն տեղը արևելյան կամ հարավային պատուհանի կողքին:

Նանդինայի տերեւները մուգ կարմիր գույն են ստանում միայն պայծառ լույսի ներքո աճելիս: Բացի այդ, պայծառ սենյակում բույսը հազվադեպ է հիվանդանում։

Բույսի համար օպտիմալ ջերմաստիճանը ամռանը մոտ 20 ° C է: Ձմռանը նանդինային անհրաժեշտ է ամենազով սենյակը` 10-ից 12 ° C ջերմաստիճանի պայմաններում: Այդ պայմաններում ձմեռումը շատ կարևոր է բույսի առողջության համար:

Խորհուրդ է տրվում նանդինա աճեցնել միայն այն պարագայում, եթե հնարավորություն կա ձմռանը զով պայմաններ ապահովել նրա համար:

Ջրելը և օդի խոնավությունը

Ամռանը նանդինան առատորեն են ջրում՝ հողի վերին շերտը չորանալուն պես։ Ձմռանը, օդի ջերմաստիճանի նվազելուց հետո ջրում են շատ ավելի քիչ՝ խուսափելով հողի ամբողջական չորացումից:

Ջրելու ջուրը պետք է փափուկ և լավ հնեցված լինի: Ջուրը փափկացնելու համար կարելի է դրան ավելացնել մի փոքր կիտրոնաթթու:

Օդի բարձր խոնավությունը կենսական նշանակություն ունի նանդինայի համար: Բույսի թաղարը կարելի է տեղադրել ջրի կողքին կամ ջրով լի տակդիրի վրա։

Բացի այդ, խորհուրդ է տրվում նանդինայի տերևները օրը երկու անգամ ցողել փափուկ ջրով ՝ առանց քլորի և կրաքարի հավելումների: Ձմռան ընթացքում ցողելու անհրաժեշտությունը վերանում է:

Հողախառնուրդի կազմը և բույսի տեղափոխումը

Բույսի համար անհրաժեշտ է փխրուն և ջրի համար թափանցելի հող ` 3,7 — 6,4 pH թթվայնությամբ: Հողախառնուրդը կազմվում է հետևյալ բաղադրիչներից.

Երիտասարդ նանդինան ամեն գարնանը տեղափոխում են 2 — 3 սմ ավելի մեծ ծաղկաթաղարի մեջ: Արմատի վզիկը չի խորացվում, իսկ արմատների մի մասը կարելի է կտրել: Երեք և ավելի տարեկան բույսերը ավելի մեծ ծաղկաթաղար տեղափոխում են յուրաքանչյուր 2 — 3 տարին մեկ: Տեղափոխելիս ծաղկաթաղարում կարևոր է ապահովել դրենաժային հաստ շերտ։

Պարարտացումը

Գարնանից մինչև աշնան կեսը նանդիան ամսական երկու անգամ սնուցում են ջրելու ընթացքում՝ փոխնեփոխ կիրառելով օրգանական և հանքային պարարտանյութեր: Կարելի է օգտագործել նաև բոնսայի համար նախատեսված պարարտանյութ:

Էտելը

Նանդինայի ընձյուղները չեն ճյուղավորվում և ծայրերը կտրելը ի վիճակի չէ խթանել կողային ճյուղերի գոյացումը: Հետեւաբար, նանդինային, ողջ ցանկության դեպքում էլ, անհնար է ծառի ձև տալ:

Այնուամենայնիվ, գարնանը խորհուրդ է տրվում կտրել հին ցողունները, որոնք հասել են ավելի քան 180 սմ բարձրության, որպեսզի երիտասարդ ճյուղերը լավ աճ ստանան:

Ճյուղերի մի մասը պարագծով կարելի է կտրել: Սա կօգնի կազմել կոմպակտ թուփ: Բացի այդ, նանդինայի դեկորատիվության համար անհրաժեշտ է հեռացնել թփի ստորին մասում չորացող տերևները։

Բազմացումը

Նանդինայի բազմացման եղանակներն են՝

  • Սերմերով, որոնք տնկվում են մոտ 1,5 սմ խորությամբ՝ «ջերմոցում», առնվազն 20 ° C ջերմաստիճանի պայմաններում: Ծիլերի առաջանալուց հետո դրանք տեղափոխում են ավելի լուսավոր տեղ: Մեկ ամիս անց ցանկալի է սածիլները կերակրել համակցված պարարտանյութով: Մեծանալուն պես երիտասարդ նանդինաները տեղափոխվում են են ավելի մեծ ծաղկամանների մեջ:
  • Գագաթային կտրոններով: Մոտ 8 սմ երկարությամբ կտրոնները արմատակալման են դրվում տորֆի և ավազի խառնուրդում: Արմատակալման դնելուց առաջ կտրոնը մշակում են արմատավորումը խթանող նյութերով։ Կտրոններով տարան տեղադրվում է «ջերմոցում», որտեղ ջերմաստիճանը պահպանվում է 15-ից 20 ° C- ի սահմաններում: Արմատավորումը տևում է 1,5-ից 3 ամիս:

Վնասատուներն ու ծագող խնդիրները

Նանդինայի վտանգավոր թշնամիներն են.

Անհրաժեշտ է օճառոտ սպունգով հեռացնել հայտնաբերված վնասատուներին, իսկ բույսը բուժել միջատասպան նյութերով:

Հողի գերխոնավության, ջրի լճացման պատճառով նանդինան կարող է արմատային փտախտ ստանալ: Անհրաժեշտ է հեռացնել փտած, քայքայված արմատները, մնացած մասը բուժել ֆունգիցիդով և բույսը տեղափոխել թարմ հողով նոր ծաղկաթաղար:

Հաճախակի ծագող խնդիրներ.

  • Տերևները չորանում ու թափվում են։ Պատճառը շոգ եղանակին օդի ցածր խոնավությունն է։
  • Տերևները գունատ են, բաց կանաչ։ Պատճառը անբավարար լուսավորությունն է։
  • Չորանում են տերևների ծայրերն ու միջնամասերը։ Պատճառը արևայրուքներն են։
  • Տերևները դեղնում են։ Ալկալային հողում երկաթի և մագնեզիումի պակաս կա:
  • Նոր ընձյուղները շատ թույլ են։ Պատճառը թույլ լուսավորությունն է կամ սնունդի պակասը։
  • Ստորին տերեւները դեղնում են և թափվում։ Բույսի բնական ծերացումն է։

Հասկանալի է, որ պահանջկոտ նանդինան շատ դժվարություններ է առաջացնում: Ամենադժվարը ձմռանը նրա համար համապատասխան պայմաններ ապահովելն է: Բայց նանդինայի պայծառ գեղեցկությունն արժե ջանասեր աճեցնողի բոլոր ջանքերը:

Հղումներ