Կարգերով պահոցներ՝ Թփեր

Դանդուռ աֆրիկյան

Աֆրիկյան դանդուռը (անգլ․՝ Elephant bush, Dwarf Jade, լատ․՝ Portulacaria afra) մանր, հաստ տերևներով հարավաֆրիկյան սուկուլենտ է։ Իր հայրենիքում 2-6 մ բարձրությամբ թուփ է, որը փղերի սիրված ուտելիք է։ Դրանով է պայմանավորված

«փղի թուփ» անգլերեն անվանումներից մեկը։ Աֆրիկյան դանդուռ ուտում են նաև այծերն ու կրիաները: Այն նաև օգտագործվում է հարավաֆրիկյան խոհանոցում ՝ աղցաններին, ապուրներին կամ շոգեխաշած ուտեստներին թթվաշ համ տալու համար:

Աֆրիկյան դանդուռը սենյակային պայմաններում սովորաբար մինչև 1 մ բարձրության է հասնում և համարյա երբեք չի ծաղկում։ Գոյություն ունեն աֆրիկյան դանդուռի խայտաբղետ և գաճաճ ենթատեսակներ։

Աֆրիկյան դանդուռը բոնսայի համար կիրառվող ամենատարածված սուկուլենտն է

Աֆրիկյան դանդուռը, բացառությամբ էականորեն փոքր տերևներից, շատ նման է թանձրատերևուկին (Crassula ovata), և նույն խնամքի կարիքն ունի:

Աֆրիկյան դանդուռի խնամքը սենյակային պայմաններում

Աֆրիկյան դանդուռը սենյակային պայմաններում աճեցվում է որպես բոնսայ, որպես սովորական ծաղկամանային բույս կամ ամպելային՝ կախված աճող։

Լուսավորությունը։ Աֆրիկյան դանդուռի համար անհրաժեշտ է ապահովել շատ պայծառ լուսավորություն։ Այն չի վախենում արևի ուղիղ ճառագայթներից։

Օդի ջերմաստիճանը։ Եթե հնարավորություն կա, ապա ձմռան հանգստի համար, օդի ջերմաստիճանի ամենահարմարավետ տիրույթը +10…+16°C է։ +8°C-ից ներքև ջերմությունը չի կարելի իջեցնել։ Տաք սենյակում ձմեռացման դեպքում, ջերմաստիճանը չպետք է գերազանցի +22°C-ը։

Ամռանը շատ շոգը վնասակար է, լավագույն տիրույթը +22…+27°C է։

Օդի մաքրությունը։ Շատ կարևոր է որպեսզի աֆրիկյան դանդուռը միշտ թարմ օդ ունենա, ուստի սենյակը, որտեղ աճում է բույսը, պետք է հաճախակի օդափոխել։ Լավ կլինի, եթե տաք սեզոնը բույսը ամբողջությամբ դրսում անցկացնի։

Ջրելը։ Աֆրիկյան դանդուռը պետք է շատ չափավոր ջրել։ Գերխոնավությունը կարող է սպանել բույսին։ Ջրել պետք է երբ ոչ միայն ծաղկամանի հողի մակերեսն է չորացել, այլև համարյա ողջ հողը։

Օդի խոնավությունը։ Մյուս սուկուլենտ բույսերի պես, աֆրիկյան դանդուռը նույնպես չի վախենում չոր օդից։ Ոչ շրջակա օդի խոնավությունը բարձրացնելու, ոչ էլ բույսը ցողելու կարիք չկա։

Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում աֆրիկյան դանդուռին սնուցում են 15 օրը մեկ՝ հատուկ սուկուլենտների և/կամ կակտուսների համար նախատեսված պարարտանյութերով՝ պարարտանյութի փաթեթի վրա նշվածից երկու անգամ պակաս չափաբաժիններով։

Էտը։ Աֆրիկյան դանդուռը հանգիստ դիմանում է նույնիսկ շատ խոր էտին ու արագ վերականգնվում է, ընդորում, էտել կարելի է շուրջ տարին։ Անկանոն աճը զսպելու և սաղարթին ցանկալի ձև տալու համար, ակտիվ աճի շրջանում անհրաժեշտ է անընդհատ քշտել ճյուղերի ծայրերը։

Տեղափոխումը։ Այլ, մի փոքր ավելի մեծ ծաղկամանի մեջ բույսը տեղափոխում են միայն ակնհայտ անհրաժեշտության դեպքում՝ երբ արմատներն այլև աճի տեղ չունեն։ Սովորաբար, երիտասարդ բույսերի համար այդ անհրաժեշտությունը ծագում է 2 տարին մեկ, իսկ մեծահասակների համար՝ 4-5 տարին մեկ։

Նոր ծաղկամանը, կամ, բոնսայի դեպքում հատուկ տաշտակը, լավ դրենաժային շերտ պետք է ունենա։ Հողախառնուրդը պետք է լինի թեթև, փխրուն, ջրա և օդաթափանցիկ։ Կարելի է գնել սուկուլենտների և/կամ կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ։ Ինքնուրույն պատրաստելու համար, հավասար մասերով խառնում են մանր խիճ կամ խոշոր ավազ, կավային ճմահող, տերևային հումուս։ Հողախառնուրդի թթվայնությունը պետք է լինի 4,5-6,0 рН տիրույթում։ Բույսը տեղափոխելիս, բույսի աճը զսպելու համար, կարելի է մինչև 1/3-ով կարճեցնել արմատները։

Բազմացումը։ Աֆրիկյան դանդուռը ամենահեշտ բազմացվող բույսերից է։ Բազմացնում են կտրոններով։ Խորհուրդ է տրվում առնվազն 4 տերև ունեցող 6-7 սմ երկարությամբ կտրոններ դնել արմատակալման, սակայն փորձը ցույց է տալիս, որ շատ ավելի փոքր, 1-2 տերև ունեցող կտրոններն էլ են արմատակալում։

Տնկելուց առաջ կտրոնները մոտ 24 ժամ թողնում են (ոչ արևի տակ) որ կտրված տեղերը չորանան։ Տնկում են վերը նշված համամասնություններով կազմված հողախառնուրդում, հողը միշտ չափավոր խոնավ են պահում, տնկարկը դնում են պայծառ, ցրված լույսով լուսավորված տեղում, իսկ կտրոնները ծածկելու, ջերմոցային պայմաններ ստեղծելու կարիք չկա։

Հիվանդություններ և վնասատուներ։ Աֆրիկյան դանդուռը համեմատաբար կայուն է հիվանդությունների նկատմամբ։ Բայց վատ խնամքի, օրինակ, չափից շատ ջրելու կամ մաքուր օդից զրկելու դեպքում, կարող է վարակվել ալրացողով։

Վնասատուներից աֆրիկյան դանդուռի վրա կարող են հայտնվել՝

Տարածված բարդություններ են՝

  • տերևաթափ՝ վատ լուսավորության պատճառով;
  • ճյուղերի անհամաչափ ձգվածություն՝ վատ լուսավորության կամ գերխոնավացմն պատճառով;
  • տերևների դեղնում և թոշնում՝ գերխոնավացմն պատճառով։

Հղումներ

Զանտոքսիլում

Զանտոքսիլումը (անգլ․՝ Zanthoxylum, ռուս․՝ Зантоксилум, Жёлтодревесник, լատ․՝ Zanthoxylum) Rutaceae ընտանիքի մոտ 250 տեսակի տերևաթափ և մշտադալար ծառերի, թփերի և մագլցող լիանաների ցեղ է։

Զանտոքսիլումները բնիկ են ողջ երկրագնդի տաք, բարեխառն և մերձարևադարձային գոտիներում:

Հանրահայտ չինական Սիչուանի պղպեղ համեմունքը և դրա ճապոնական, կորեյական, հնդկական և այլ երկրների տարատեսակները պատրաստում են զանտոքսիլումի հետևյալ տեսակների պտուղների կեղևից՝

  • Չինական պղպեղ (անգլ․՝ Red Sichuan peppercorns, չին․՝ Honghuajiao 红花椒, լատ․՝ Zanthoxylum bungeanum)
  • Սիչուանի կանաչ պղպեղ (անգլ․՝ Green Sichuan peppercorns, Winged prickly ash, չին․՝ Qinghuajiao 青花椒, լատ․՝ Zanthoxylum armatum)
  • Ճապոնական պղպեղ (անգլ․՝ Japanese pepper, Japanese prickly-ash, Korean pepper, լատ․՝ Zanthoxylum piperitum) օգտագործում են Ճապոնիայում և Կորեյայում՝ որպես նմանատիպ համեմունք։
  • Մազտաքատերև փշոտ հացենի (անգլ․՝ Mastic-leaf prickly ash, լատ․՝Zanthoxylum schinifolium օգտագործում են Կորեյայում՝ որպես քիչ ավելի նվազ դառնություն ունեցող համեմունք։
  • Հնդկական փշոտ հացենի (անգլ․՝ Indian prickly ash, լատ․՝ Zanthoxylum rhetsa օգտագործում են Հնդկաստանի արևմուտքում՝ որպես նմանատիպ համեմունք

Զանտոքսիլումի տարբեր տեսակներ հաջողությամբ աճեցվում են սենյակային պայմաններում՝ թե՛ որպես գեղեցիկ դեկորատիվ սաղարթով բույս, թե՛ որպես բոնսայ։

Խնամքը սենյակային պայմաններում

Օդի ջերմաստիճանը։ Զանտոքսիլումը ջերմասեր է, ձմռանը սենյակի հարմարավետ ջերմաստիճանը պետք է +16…+18°C տիրույթում լինի, նվազագույնը՝ +10°C։ Շատ վատ է տանում ցրտահարությունն ու միջանցիկ քամիները:

Լուսավորությունը։ Ամռանը զանտոքսիլումը դնում են դրսում՝ բաց երկնքի տակ՝ մի փոքր ստվերում։ Սիրում է պայծառ ցրված լույսը նաև որոշ չափով արևի ուղիղ ճառագայթներ, բայց ոչ կեսօրի կիզիչ արևը:

Հողախառնուրդը։ 2 մաս ճմահող, 1 մաս տերևային հումուս, 1 մաս կենսահումուս, 1 մաս ավազ կամ վերմիկուլիտ: Կարելի է ցիտրուսայինների համար պատրաստի հողախառնուրդ գնել և ավելացնել խոշոր ավազ, կեռամզիտ կամ վերմիկուլիտ։

Ջրելը։ Վեգետացիոն շրջանում առատ են ջրում, ձմռանը շատ ավելի քիչ, բայց ծաղկամանի հողը չպիտի ամբողջովին չորանա: Չափից շատ ջրելու հետևանքով բույսի արմատները կարող են փտել, իսկ անբավարար ջրելուց տերևները թափվել։ Հողի լրիվ չորանալը կկործանի բույսը։ Անցանկալի է կոշտ ջրով ջրելը:

Օդի խոնավությունը։ Զանտոքսիլումը խոնավասեր է, ուստի սաղարթը պարբերաբար գոլ, հնեցված ջրով ցողելը պարտադիր է: Բույսը լավ կարձագանքի նաև ամենշաբաթյա տաք ցնցուղին։

Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում, 2 շաբաթը մեկ սնուցում են սենյակային բույսերի համար նախատեսված համալիր պարարտանյութով։

Բազմացումը։ Զանտոքսիլումը կարող է բազմացվել սերմերով, կտրոններով և անդալիսի միջոցով։

Նախքան ցանելը, սերմերը մինչև 90 օր ստրատիֆիկացնում են կամ ենթարկում սկարիֆիկացիայի։ Այնուհետև 24 ժամ թրջում են։ Ցանում են փխրուն սուբստրատի մակերեսին և ծածկում հողի բարակ շերտով: Ցանքը խոնավացնում են, ծածկում են ապակիյով կամ պլաստիկ թաղանթով և դնում լուսավոր տեղում՝ օդի +20…+24°C ջերմաստիճանի պայմաններում: Ցանքը պարբերաբար օդափոխում են: Սերմերը ծլում են 6-12 ամսում:

Հղումներ

Զմրուխտե ծառ

Զմրուխտե ծառը (անգլ․՝ China doll, Emerald tree, Serpent tree, ռուս․՝ Радермахера, լատ․՝ Radermachera sinica) բիգնոնիազգիների ընտանիքին պատկանող, մշտադալար ծառ է, որն աճում է Հարավային Չինաստանի եւ Թայվանի մերձարեւադարձային լեռնային շրջաններում:

Բնական պայմաններում այն կարող է հասնել մինչև 30 մ բարձրության, իսկ բնի տրամագիծը 1 մետրի։ Շատ բուրավետ, սպիտակ, շեփորաձև ծաղիկները բացվում են ընդամենը մեկ գիշերով և թոշնում են հաջորդ օրվա արևի տակ։

Սենյակային պայմաններում 1-1.5 մետրից չի բարձրանում և չի ծաղկում։

Խնամքը սենյակային պայմաններում

Լուսավորությունը

Զմրուխտե ծառին պայծառ, ցրված լույս է պետք: Լավ է աճում նաև մասնակի ստվերում, կարճ ժամանակով կարող է դիմակայել արևի ուժեղ ճառագայթներին։ Արևելքին կամ արևմուտքին նայող պատուհանի գոգը լավագույնս համապատասխանում է բույսի պահանջին։ Դեպի հարավ նայող պատուհանի գոգին դնելու դեպքում, լավ կլինի բույսը պաշտպանել կեսօրի արևից: Բույսի ճյուղերի չծռվելու և համաչափ աճ ապահովելու համար, անհրաժեշտ է պարբերաբար պտտել ծաղկամանը:

Օդի ջերմաստիճանը

Զմրուխտե ծառը բավականին ջերմասեր է, բայց խիստ շոգին դժվար է դիմանում։ Օդի սենյակային ջերմաստիճանը (+22․․․+25ºС) ամենահարմարն է։ Ձմռանը, բույսին հանգստի ժամանակ ապահովելու համար, ջերմաստիճանը կարելի է իջեցնել մինչև +16ºС։ +11 ºС -ից ցածր ջերմաստիճանը կարող է կործանարար լինել։

Օդի խոնավությունը

Զմրուխտե ծառը խոնավասեր է։ Անհրաժեշտ է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով հաճախակի ցողել բույսը: Ամռանը, ժամանակ առ ժամանակ, կարելի է գոլ ջրով ցնցուղի տակ լողացնել։

Ջրելը

Վեգետացիոն շրջանում առատ ջրելու կարիք ունի, բայց պետք է թույլ չտալ ջրի լճացում ու գերխոնավություն։ Չի կարելի նաև թույլ տալ, որ ծաղկամանի հողը ամբողջությամբ չորանա: Ջրում են հենց որ ծաղկամանի հողի վերին շերտը չորանա։

Աշնանը և ձմռանը ջրելու քանակը և ծավալը նվազեցնում են: Այդ ժամանակահատվածում ջրում են հողի վերին շերտի չորանալուց 2 օր անց։

Սնուցելը

Գարնանն ու ամռանը սնուցում են դեկորատիվ-սաղարթավոր բույսերի համար նախատեսված պարարտանյութերով։ Սեզոնի սկզբին բույսը սաղարթ աճեցնելու համար ազոտի գերակշռմամբ պարարտացման կարիք ունի, իսկ աշնանը պետք է կիրառել ֆոսֆոր-կալիումային պարարտանյութեր:

Պարարտանյութը պետք է տալ փաթեթի վրայի հրահանգին համապատասխան չափաբաժնով: Փորձառու այգեգործները խորհուրդ են տալիս նախքան սնոււցում տալը ջրել բույսը և մեկ-երկու ժամ հետո նոր պարարտացնել այն։

Զմրուխտե ծառը լավ է արձագանքում նաև սաղարթային սնուցմանը: Տերևները կարելի է ցողել պարարտանյութի կես չափաբաժնի լուծույթով: Այդպես սննդարար նյութերը շատ ավելի արագ են ներծծվում, իսկ սաղարթը ձեռք է բերում փայլուն զմրուխտի երանգ:

Էտը և սաղարթի ձևավորումը

Զմրուխտե ծառը կարելի է կամ որպես ծառ աճեցնել, կամ փարթամ թուփի տեսքով: Առաջին դեպքում, աճի սեզոնի ողջ ընթացքում բնի ստորին մասից հեռացնում են բոլոր կողային ճյուղերը: Իսկ որպեսզի փարթամ թփի ձև ստանա, քշտում են բոլոր ճյուղերի վերին բողբոջները՝ խթանելով դրանց ճյուղավորումը:

Տեղափոխելը

Այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխելու համար լավագույն ժամանակը գարնան սկիզբն է: Այդ ժամանակ է ծառը ձմեռային «հանգստից» հետո սկսում ակտիվորեն աճել: 5 տարեկանից երիտասարդ բույսերը տեղափոխելու կարիք է առաջանում համարյա ամեն տարի։ Մեծահասակ բույսերի ծաղկամանը փոխում են մոտ երեք տարին մեկ՝ եթե ծաղկամանում արդեն նեղվածք է և արմատները դուրս են եկել դրենաժային անցքերից։ Եթե ոչ, ապա կարելի է բավարարվել հողի վերին շերտը (4-5 սմ) փոխելով:

Զմրուխտե ծառի արմատները բավականին հզոր են, ուստի ծաղկամանը պետք է լինի լայն և խոր, բայց ոչ շատ մեծ։ Ծաղկամանի ծավալը պետք է մոտավորապես հավասար լինի արմատային համակարգի ծավալին, որպեսզի ծառի արագ աճը որոշ չափով զսպվի։

Ծաղկամանում լավ դրենաժ ապահովելը շատ կարևոր է։

Հողախառնուրդը

Հարմար է արմավենիների և/կամ ցիտրուսայինների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդը։ Ինքնուրույն պատրաստելու համար իրար են խառնում՝

Բազմացումը

Զմրուխտե ծառը բազմացնում են կտրոններով կամ անդալիսի միջոցով:

Կտրոնները արմատակալման դնելու լավագույն ժամանակը մայիսն է կամ հունիսի սկիզբը: Կտրոն ստանալու համար կտրում են ցողունի մի մասը՝ տերևով ու տերևային հանգույցով: Կտրած տեղը մշակում են ակտիվացված ածխի փոշիյով կամ արմատավորում խթանող դեղամիջոցով։ Այնուհետև կտրոնը 2-3 սմ խորությամբ խրում են տորֆի և ավազի խառնուրդ հանդիսացող սուբստրատի մեջ, լավ ջրում են ու ծածկում թափանցիկ թաղանթով։ Ցանքը դնում են տաք և լուսավոր տեղում, պարբերաբար օդափոխում են և խոնավացնում:
Կտրոնները բավականին արագ են արմատավորվում: Արդեն 1,5–2 ամիս անց երիտասարդ բույսերը կարելի է լինում տեղափոխել առանձին ծաղկամանի մեջ։

Անդալիսի միջոցով բազմացնելու համար, մայր բույսի երկար ճյուղերից մեկը մոտեցնում են հողին, հողին դիպչող հատվածը ազատում են տերևներից, այդ տեղում մի փոքր վնասում են կեղևը և թաղում հողի մեջ։ Գագաթը պետք է դրսում մնա։ Մեկ այլ տարբերակով, նույնն անում են օդի մեջ՝ տերևներից ազատված հատվածը պարուրում են հողով կամ մամուռով ու փաթաթում են ցելոֆանով։ Երկու դեպքում էլ այդ հատվածները մշտապես խոնավ պետք է պահվեն։ Արմատների առաջանալուց հետո, այդ հատվածը առանձնացնում են մայր բույսից և տնկում են նոր ծաղկամանում։

Հնարավոր բարդություններ

  • Ճյուղերը անբնական ձգվում են։ Սովորաբար դա տեղի է ունենում ձմռանը, երբ լույսի պակաս կա: Բույսը պետք է պահել զով տեղում և պայծառ լույսի ներքո: Կարելի է ցերեկային լույսով լրացնել լուսավորության ժամերը։
  • Տերևների ծայրերը չորանում են, տերևները կորցնում են իրենց ամրությունը և չորանում են։ Սենյակի օդը շատ չոր է կամ բույսը անբավարար է ջրարբիացվում: Նույնը կարող է տեղի ունենալ երբ լուսավորությունը չափազանց ուժեղ է: Այս դեպքում բույսը պետք է տեղափոխել մասնակի ստվերված վայր:
  • Նոր տերևները մանրանում են ու խամրած են։ Լույսի և/կամ սնունդի պակասից է: Անհրաժեշտ է ապահովել պայծառ, ցրված լույսով և/կամ սաղարթային պարարտացում անել։
  • Տերևները դեղնում են ու թափվում։ Լուսավորության պակասից է։

Հիվանդություններ և վնասատուներ

Զմրուխտե ծառը կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: Միայն վատ խնամքի դեպքում բույսը կարող է տառապել ֆուզարիոզից (արմատային փտախտ), ենթարկվել կարմիր սարդոստայնային տիզերի, ուտիճների և ալրատիզերի հարձակմանը։

Հղումներ

Ֆիկուս եռանկյունատերև

Ֆիկուս եռանկյունատերևը (անգլ․՝ Triangle ficus, ռուս՝ Фикус треугольный, լատ․՝ Ficus triangularis) ծագումով Արեւմտյան Աֆրիկայից, մշտադալար ծառանման թուփ է: Տերեւների անսովոր` դեպի կոթունը նեղացող ձեւի շնորհիվ է կոչվում եռանկյունատերև ֆիկուս:

Իր հայրենիքում, բնական միջավայրում, հասնում է մինչև 30 մ բարձրության, իսկ սենյակում 1 մետրից չի անցնում։ Ֆիկուս եռանկյունատերևը առանձնանում է երիտասարդ ճյուղերի արագ աճով։ Բարենպաստ պայմաններում մեկ տարվա ընթացքում 10-15 սմ աճ է լինում։ Այս պատճառով բույսը ամեն տարի ձեւավորող էտի են ենթարկում։

Ծաղիկները փոքր, շագանակագույն են, նման են փոքր, խավամազապատ գնդիկների։ Ծաղկելուց հետո ձևավորվում են բաց դեղնավուն պտուղներ, որոնք հետո մուգ կարմիր են դառնում ու նոր հմայք են հաղորդում ծառին։

Այժմ ստացված են եռանկյունատերև ֆիկուսի խայտաբղետ տերևներով բազմաթիվ սորտեր։

Նկարում՝ Ֆիկուս եռանկյունատերև խայտաբղետ (Ficus triangularis variegata

Խնամքը

Օդի ջերմաստիճանը: Վեգետացիոն շրջանում լավագույն ջերմաստիճանային տիրույթը +20…+25°C է, իսկ ձմռանը՝ +16…+17°C։

Օդի խոնավությունը: Խոնավասեր է։ Անհրաժեշտ է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով պարբերաբար ցողել բույսի տերևները։ Բույսի շրջակա օդի խոնավությունը կարելի է ավելացնել, եթե ծաղկամանը տեղադրել ջրով ու խճով լի, սաղր տակդիրի վրա՝ այնպես, որ ջուրը չհասնի ծաղկամանին։

Ջրելը: Երբ ծաղկամանի հողը 1-2 սմ խորությամբ չորացել է, ուրեմն հասել է ջրելու պահը։ Ջրել պետք է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով։ Ամռանը, կախված օդի ջերմաստիճանից, շաբաթական 1-2 անգամ է ստացվում, իսկ ձմռանը՝ 7-10 օրը մեկ։

Ավելորդ խոնավությունը արմատների փտման պատճառ կարող է դառնալ։

Լուսավորությունը: Չնայած արևադարձային գոտուց ծագմանը, եռանկյունատերև ֆիկուսը բավականին ստվերադիմացկուն է և կարող է լավ աճել նույնիսկ հյուսիսային պատուհանի գոգին։ Այնուամենայնիվ, մանավանդ խայտաբղետ սորտերի համար, ցրված, պայծառ լուսավորությունը գերադասելի է։ Արևի ուղիղ ճառագայթները այրվածքներ են պատճառում բույսին։

Սնուցումը: Վեգետացիոն շրջանում բույսը պարարտացնում են ամիսը 2 անգամ։ Լավ կլինի հաջորդաբար օրգանական և համալիր պարարտանյութերով հեղուկ սնուցում արվի։

Ձմռանը սնուցելու կարիք չկա։

Տեղափոխությունը: Քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխությունն ավելի լավ է անել գարնանը։ 1-2 սանտիմետրով ավելի լայն ծաղկամանի հատակին սկզբում դրենաժային շերտ են լցնում, ապա հողախառնուրդը։ Հատուկ ֆիկուսների համար հողախառնուրդ կարելի է գնել, կամ պատրաստել ինքնուրույն՝ հավասար չափերով խառնելով ճմահող, ավազ, տորֆ և տերևային հումուս։

Երիտասարդ բույսերը, որպես կանոն, ամենամյա տեղափոխման կարիք են ունենում, իսկ 5 և ավելի տարեկանները՝ 2 տարին մեկ։

Բազմացումը: Եռանկյունատերև ֆիկուսը կարելի է բազմացնել կտրոններով, անդալիսի միջոցով և սերմերով։

Կտրոններով բազմացնելու համար 15-18 սմ երկարությամբ կտրոնների վրա թողնում են 3-4 զույգ տերևներ։ Կտրոնի վերին մասը սուր դանակով կամ նշտարով կտրում են ուղիղ, իսկ ներքևի մասը թեքությամբ։

Կաթնանյութից ազատելու համար, կտրոնները 1-2 ժամ թրջում են ջրում, այնուհետև դնում են արմատակալման՝ ջրի կամ պարարտ հողի և ավազի խառնուրդի մեջ։ Ջերմոցային միջավայր ստանալու համար, արմատակալման դրված կտրոնները ծածկում են թափանցիկ ծածկով։ Այդպիսի միկրոջերմոցում կտրոններն արմատակալում են 3-4 շաբաթում։

Անդալիսի միջոցով բազմացնելու համար, մայր բույսի երկար ճյուղերից մեկը մոտեցնում են հողին, հողին դիպչող հատվածը ազատում են տերևներից, այդ տեղում մի փոքր վնասում են կեղևը և թաղում հողի մեջ։ Գագաթը պետք է դրսում մնա։ Մեկ այլ տարբերակով, նույնն անում են օդի մեջ՝ տերևներից ազատված հատվածը պարուրում են հողով կամ մամուռով ու փաթաթում են ցելոֆանով։ Երկու դեպքում էլ այդ հատվածները մշտապես խոնավ պետք է պահվեն։ Արմատների առաջանալուց հետո, այդ հատվածը առանձնացնում են մայր բույսից և տնկում են նոր ծաղկամանում։

Սերմերով բազմացում հազվադեպ է արվում։ 3-5 սմ հողաշերտի վրա հավասարապես բաշխում են սերմերը, նույն հողախառնուրդի շատ բարակ շերտով ծածկում են ցանքը և լավ խանավացնում։ Ցանքը ծածկում են ապակյա կամ պլաստկ թաղանթով ու այդպես թողնում 2-8 շաբաթ՝ մինչև ծիլեր հայտնվեն։

Ցանքը 2-3 օրը մեկ օդափոխում են։

Հիվանդություններ և վնասատուներ: Գերխոնավացման հետևանքով, եռանկյունատերև ֆիկուսը կարող է վարակվել սնկային հիվանդություններով՝ ալրացող, գորշ փտախտ (мученистая роса, серая гниль): Վնասատուներն են վահանակիրները, թրիփսերը, սարդոստայնային տիզը, ուտիճը:

Ֆիկուսի այլ տեսակների մասին կարող եք կարդալ այստեղ ==>

Հնդկեղեգ

Հնդկեղեգը կամ Բամբուկը (անգլ․՝ Bamboo, ռուս․՝ Бамбук, լատ․՝ Bambusa)  հացազգիների ընտանիքի բամբուկանմանների ենթաընտանիքի բազմամյա, սակավադեպ միամյա բույս է։ Հայտնի է հնդկեղեգի 1575 տեսակ։

Հնդկեղեգը երկրագնդի ամենաարագ աճող բույսն է, այն սննդի, հագուստի, էներգիայի և շինանյութի էկոլոգիապես մաքուր և կայուն աղբյուր է:

Երկու տիպի հնդկեղեգներ կան՝ թփի տեսքով աճող և վազողներ կամ ինվազիվներ, որոնց արմատները տարբեր ուղղություններով, անկառավարելի և արագ աճելու ունակություն ունեն, ինչի շնորհիվ բույսը տարբեր, երբեմն անսպասելի տեղերում նոր ծիլեր է տալիս։

Բաց գրունտում հնդկեղեգ աճեցնելը

Հայաստանի կլիմայական պայմաններում, բաց գրունտում կարելի է աճեցնել հնդկեղեգի ցրտադիմացկուն տեսակները։ Ցրտադիմացկուն հնդկեղեգի տասնյակ տեսակներ կան, դրանց մեծ մասը պատկանում է Phyllostachys, կամ Fargesia ցեղերին և կարող են դիմակայել օդի -23º…-29ºC ջերմաստիճանների:

Ցրտադիմացկուն վազող տիպի հնդկեղեգներ

  • Դեղին ակոսով բամբուկ (Phyllostachys aureosulcata) հեշտությամբ ճանաչելի է ճյուղերի վրայի դեղին շերտով, որը տեսանելի է տերևների մուգ կանաչ խորապատկերին։ Ծռմռված բամբուկ (Crookstem bamboo) անունով հայտնի ենթատեսակ ունի, որի ճյուղերը երբեմն զիգզագաձև են աճում: Տեսքով հետաքրքիր և գրավիչ այս տեսակը, նույնիսկ ցուրտ վայրերում, կարող է հասնել գրեթե 15 մետր բարձրության, սակայն, այն վայրերում, որտեղ ձմռանը պարբերաբար -23…-26ºC- ից ցածր ջերմաստիճան է լինում, հազիվ թե 3 մետրից ավել բարձրանա։
  • Phyllostachys heteroclada f. solida Ջրային բամբուկի այս ենթատեսակը սովորաբար հայտնի է որպես Կարծր բամբուկ, քանի որ այն սակավաթիվ տեսակներից է, որոնց ճյուղերը սնամեջ չեն: Այս ենթատեսակը նաև մի փոքր ավելի ցրտադիմացկուն է քան սովորական Ջրային բամբուկը՝ դիմանում է մինչև -23°C-ին:
  • Phyllostachys bissetii Շատ խիտ աճող, ստվար թփուտներ ձևավորող, ցրտադիմացկուն տեսակ է: 2.5 սմ տրամագծով ճյուղերը հասնում են մոտ 6 մետր բարձրության։ Դիմանում է -23°C ցրտին ու նույնիսկ -31°C` եթե լավ մուլչապատված լինի։
  • Phyllostachys nuda Շատ գրավիչ և ցրտադիմացկուն տեսակ է, որի ճյուղերն ունենում են 2.5-5 սմ տրամագիծ և 7-9 մ բարձրություն: Մատղաշ ճյուղերը շատ մուգ, գրեթե սեւ են լինում, հասունանալով դառնում են մուգ կանաչ, հանգույցների սպիտակ օղակներով:
  • Խնկի բամբուկ (Incense bamboo, Phyllostachys atrovaginata) Այս տեսակի վրա մոմաշերտ կա, որը շոգին կամ տրորելիս շատ հաճելի բուրմունք է արձակում: Շատ արագաճ է, ձևավորում է 7.5-8 սմ տրամագծով, մինչև 12 մ բարձրությամբ ճյուղեր։ Դիմանում է մինչև -23…26ºC ցրտին։
  • Phyllostachys parvifolia Այս տեսակի արմատներն էլ, ինչպես Ջրի բամբուկինը, լավ հարմարված են թաց հողին: Փոքրիկ տերևները ընդգծում են հաստ, մուգ կանաչ ցողունները, իսկ հանգույցների շուրջ սպիտակ օղակները ավելի մեծ առանձնահատկություն են հաղորդում: Այս տեսակի մատղաշ ընձյուղները շատ համեղ են: Հասուն ճյուղերը կարող են հասնել մինչև 12 մ բարձրության։ Դիմանում է մինչև -26°C ցրտին:
  • Bashania fargesii Խիտ, ամուր տերևափնջերով այս տեսակը շատ է օգտագործվում որպես քամուց կամ օտար աչքից պաշտպանող էկրան: Շատ արագ աճեցվողներից ու տարածվողներից է, պետք է զգույշ լինել: Հարավային Չինաստանի լեռների բնիկներից է այս տեսակը և դիմանում է մինչև -17°C ցրտին։ Հասուն ճյուղերն ունենում են մոտ 5 սմ տրամագիծ և 6-9 մ բարձրություն։

Թփի տեսքով աճող հնդկեղեգներ

  • Հովանոց բամբուկ (Umbrella bamboo, Fargesia murielae) Շատերը այս տեսակը դասում են ամենագեղեցիկ մշակվող բամբուկների շարքում: Նոր ճյուղերն ունեն բաց կապույտ երանգ՝ հասունանալով դառնում են մուգ կանաչ ու դեղին: Այս բամբուկը կիսաստվերում աճեցնելը կօգնի պահպանել դրա կապույտ երանգը: Բարակ ճյուղերը հասնում են 3.5 մ բարձրության և այն դիմանում են մինչև -28ºC ցրտին։
  • Կապույտ շատրվան բամբուկ (Blue fountain bamboo, Fargesia nitida) Անվանումը տեսքի հետ է կապված։ Մոտ 2.5 սմ տրամագծով ճյուղերը հասնում են 4.5 մ բարձրության և դիմանում են մինչև -29ºC ցրտին։
  • Վիշապի գլուխ բամբուկ (Dragon head bamboo, Fargesia dracocephala) Ունի հաստ ճյուղեր, որոնք աճում են մինչև 3 մ և ավարտվում են խոնարհված տերևային հովանոցով։ Կարող է լավ մեկուսիչ ցանկապատ ձևավորել։ Խորհուրդ չի տրվում տաք, խոնավ կլիմայական պայմաններում աճեցնել։ Դիմանում է մինչև -23ºC ցրտին։
  • Ռուֆա բամբուկ (Fargesia rufa) Կոմպակտ, խիտ և թփաշատ տեսակ է, որը նախընտրում է զով կլիմայական պայմաններ և կիսաստվեր՝ պաշտպանված կեսօրի կիզիչ արևից: Դիմանում է մինչև -26°C ցրտին։ Բարակ ճյուղերը հասնում են 3 մ բարձրության։
  • Fargesia sp. ‘Jiuzhaigou’: Այս տեսակը ներառում է մի շարք հետաքրքիր սորտեր, ներառյալ Կարմիր վիշապը (Red dragon) և Սև բալ (Black cherry) տեսակները։ Մոտ 3 մ բարձրությամբ բարակ ճյուղերով կոմպակտ բույս է, բայց դիմանում է մինչև -29ºC ցրտին։

Հողը

Հնդկեղեգը պահանջկոտ չէ հողի նկատմամբ և կարող է հարմարվել և՛ կավահողերին, և՛ ավազահողերին։ Ինչպես շատ այլ բույսեր, հնդկեղեգը շատ ավելի լավ է աճում օրգանական նյութերով հարուստ, պարարտ ու փխրուն հողում։

Լուսավորությունը

Հնդկեղեգի տեսակների մեծամասնության համար նախընտրելի է ողջ օրը արևի տակ աճելը։ Կան նաև ստվերադիմացկուն տեսակներ։

Քամին

Երկարատև, չոր քամին կարող է չորացնել խոնավասեր հնդկեղեգին։ Սա պետք է նկատի ունենալ մանավանդ բարձրահասակ տեսակները տնկելիս։

Տնկելը

Հնդկեղեգի տնկիները բաց գրունտ կարելի է տեղափոխել գարնանից մինչև աշուն, բայց ամենահարմարը ապրիլ-մայիսն են, որպեսզի բույսերը հասցնեն ամրանալ մինչև ձմռան ցրտերը։

Նաև ցուրտ ձմռան շեմին խորհուրդ է տրվում ջերմամեկուսացնել բույսերի արմատները, իսկ երկարատև, սառը, չոր քամիների վտանգի դեպքում նաև բույսերի վերին մասը։

Տնկին տեղափոխում և տնկում են մշտական տեղում առանց վնասելու արմատաներն ու հողագունդը։ Տնկելու համար նախապատրաստվող փոսը պետք է մոտ երկու անգամ խոր և լայն լինի տնկվող բույսի արմատագնդից։ Տնկիի առագ կպնելու ու աճի ապահովման համար, խորհուրդ է տրվում փոս լցվելիք հողը հարստացնել կոմպոստով կամ փտած գոմաղբով, իսկ թարմ գոմաղբ լցնելը վտանգավոր է՝ արմատները կարող են վնասվել։ Ինվազիվ, արագ տարածվող տեսակները տնկելիս, պետք է նաև պատնեշներ տեղադրել՝ բույսի ոչ ցանկալի ուղղություններով տարածվելու դեմ։

Ջրելը

Տնկելուց հետո առաջին մի քանի ամիսներին պետք է առատ ջրել՝ թույլ չտալով հողի չորացումը։ Բույսի կպնելուց հետո ջրում են շաբաթական 2-3 անգամ՝ զգուշանալով հողը ցեխ սարքելուց։

Հողի խոնավությունը պահպանելու համար կարելի է մոտ 2-5 սմ խորությամբ ցանքածածկ անել բույսերի շուրջ։

Պարարտացնելը

Հնդկեղեգը շատ արագաաճ բույս է և հաճախակի սնուցման կարիք ունի, ընդորում ազոտի պարունակությունը պետք է մեծ լինի (4- ազոտ, 3- ֆոսֆոր, 2- կալիում)։ Ամենաարդյունավետ սնուցում ապահովում են օրգանական պարարտանյութերը՝ կոմպոստը, գոմաղբը։

Հնդկեղեգների մեծ մասը սեզոնում ունենում է 2 վեգետացիոն փուլ։ Այդ փուլերին զուգահեռ, առաջին սնուցումն անում են գարնան սկզբին, երկրորդ անգամ՝ ամռան կեսին, երրորդ անգամ, ավելի քիչ ազոտի պարունակությամբ (2-4-4)՝ աշնանը:

Էտելը

Հնդկեղեգը կարելի է էտել և ձևավորել ձմռանից բացի բոլոր եղանակներին։ Խորհուրդ է տրվում առնվազն տարին մեկ անգամ հեռացնել ծերացրած և թույլ ճյուղերը։

Հնդկեղեգը սենյակային պայմաններում աճեցնելը

Սենյակային պայմաններում լավ աճող հնդկեղեգի քիչ տեսակներ կան։ Դրանցից են՝

Բուդդայի փոր (Buddha Belly, Живот Будды, Bambusa ventricosa) Հնդկեղեգի ամենատարածված տեսակներից է: Կա նաեւ գաճաճ տեսակը, որն ամենահարմարն է ծաղկամանում աճեցնելու համար։

Բամբուսա մուլտիպլեքս (Tiny fern striped, Bambusa multiplex) Ինչպես և մյուս հնդկեղեգները տաք պայմաններին սովոր բույս է։ Ինչպես անունն է հուշում (Tiny fern striped թարգմանվում է Փոքրիկ զոլավոր ձարխոտ), նրա նուրբ սաղարթը հիշեցնում է ձարխոտի տերևները:

Գաճաճ սպիտակաշերտ (Dwarf whitestripe, Многоцветочник Форчуна пестролистный, Pleioblastus fortunei), Սա վազող բամբուկ է, բայց կարճ է, թփուտավոր ու լավ է նայվում ծաղկամանում։

Մեքսիկական լացող հնդկեղեգ (Mexican Weeping Bamboo, Otatea acuminata) ավելի բարձրահասակ տեսակ է, ծաղկամանում աճելիս հասնում է մոտ 1.2 մետր բարձրության։ Աճում է որպես թուփ, ունի նուրբ տերևներ։

Հնդկեղեգ կուրիլյան (Бамбук курильский (курильская саза), Sasa kurilensis) Վազող տեսակ է, 30-100 սմ բարձրության է հասնում։

Ուտելի ընձյուղներ ունեցող հնդկեղեգներ

Հնդկեղեգի հայտնի 1575 տեսակից 110-ի մատղաշ ընձյուղներն ուտելի են։ Ամբողջական ցուցակը՝ համային որակների նշումներով, կարող եք տեսնել այստեղ։

Մատղաշ ընձյուղները հում են ուտում, դնում են աղցանների մեջ, կամ խաշելով, շոգեխաշելով, տապակելով տարբեր ուտեստներ են պատրաստում:

Հղումներ

Չինական հասմիկ

Չինական հասմիկը (անգլ․՝ Chinese jasmine, ռուս․՝ Трахелоспермум жасминовидный, լատ․՝ Trachelospermum asiaticum) աճում է Ճապոնիայում, Չինաստանում և Կորեյաում։

Չինական հասմիկը բազմամյա մշտադալար թուփ է՝ ուղիղ, ճյուղավորվող ցողուններով։ Ցողունները տարիքի հետ փայտանում են եւ ծածկվում շագանակագույն կեղևով։ Վնասվելու դեպքում, ճյուղից կաթնային հեղուկ է ծորում։ Նշտարանման տերևները պարզ են, մուգ կանաչ, հաստ և փայլուն՝ 2-ից 8 սմ երկարությամբ։ Ներկայում կան խայտաբղետ՝ սպիտակ կամ վարդագույն բծեր ունեցող տերևներով սորտեր: Սպիտակ, դեղին կամ մանուշակագույն, 2,5 — 4 սմ տրամագծով ծաղիկները հայտնվում են ցողունների գագաթներին և հաճելի հոտ ունեն: Ծաղկելը առատ եւ երկարատեւ է։ Ծաղիկների բույրը ոչ բոլոր մարդիկ են լավ տանում, այնպես որ պետք է զգուշանալ ալերգիայից։

Բնական միջավայրում, չինական հասմիկը հասնում է մինչև 12 մ բարձրության, իսկ ծաղկամանում աճեցնելիս բարձրությունը էտելով են կարգավորում։

Խնամքը

Օդի ջերմաստիճանը։ Վեգետացիոն շրջանում հարմարավետ է +18…+24°C ջերմաստիճանային տիրույթը։ Ձմռանը պետք է տրամադրել զով հանգիստ՝ մոտ +10°C պայմաններում:

Լուսավորությունը: Անհրաժեշտ են ամենօրյա, 3-4 ժամ տևողությամբ արևային լոգանքներ՝ առավոտյան և երեկոյան։ Գարնան և ամռան կեսօրի կիզիչ արևից պաշտպանել է պետք։

Ջրելը և օդի խոնավությունը: Գարնանը եւ ամռանը առատ են ջրում՝ հենց որ չորանա հողի վերին շերտը։ Ձմռանը ոռոգման հաճախականությունը զգալիորեն կրճատում են: Օդի խոնավությունը պետք է բարձրացվի՝ հիմնականում վնասակար միջատների ներխուժումը կանխելու համար:

Էտելը: Ստվար սաղարթ ստանալու համար, ցողունների գագաթները պարբերաբար քշտում են, իսկ ծաղկելուց հետո ձևավորող էտ անում։

Հողը: Օրգանական նյութերով հարուստ, փխրուն, չեզոք կամ թեթև ալկալային pH ունեցող հողախառնուրդ է անհրաժեշտ։ Ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա, որպեսզի արմատներին ազատորեն օդ և խոնավություն հասնի։

Պարարտացումը։ Ակտիվ աճի շրջանում, ամիսը 1-2 անգամ սնուցում են հեղուկ պարարտանյութերով։ Աշնանը պարարտանյութեր տալը աստիճանաբար կրճատում են, իսկ ձմռանը դադարեցնում։

Բազմացումը: 15-20 սմ երկարությամբ ցողունային կտրոնները արմատակալման դնելով կամ անդալիսի միջոցով։

Հղումներ

Լոբազգիներ

Լոբազգիների կամ Բակլազգիների ընտանիքն (Bean family, Бобовые կամ Мотыльковые, Fabaceae կամ Leguminosae) ունի ավելի քան 20 հազար տեսակ բազմամյա և միամյա բույսեր, որոնք աճում են ողջ աշխարհում։

Տարածվածությամբ լոբազգիների մրցակիցը միայն հացահատիկայիններն են։ Սննդային բարձր արժեքի շնորհիվ լոբազգիներին հաճախ համեմատում են մսի հետ, ինչը ճշմարտությունից հեռու չէ՝ սպիտակուցների պարունակությամբ դրանք համադրելի են տավարի եւ խոզի մսի հետ:

Լոբազգիների ընտանիքի 5 ամենամեծ ցեղերն են՝
  1. Գազ, Կռնի, Խազիրան (Astragalus, Астрагал):Գրանցված է 2481 տեսակ։ Բազմամյա կամ միամյա խոտաբույսերի, կիսաթփերի, հազվադեպ՝ թփերի ցեղ է։ Հայաստանում աճում է 150 տեսակ։
  2. Ակացիա (Acacia, Акация): Գրանցված է 1380 տեսակ։ Ծառերի, թփերի, հազվադեպ՝ խոտաբույսերի ցեղ է։ Տարածված է Ասիայում, Ավստրալիայում, Աֆրիկայում, Մեքսիկայում։
  3. Ինդիգոֆերա (Indigofera, Индигофера): Գրանցված է 665 տեսակ։ Տարածված է Արևադարձային և Մերձարևադարձային գոտիներում։ Մի քանի տեսակներ աճում են նաև Հարավարևելյան ասիայի չափավոր կլիմայական գոտում։
  4. Կրոտալարիա (Crotalaria, Кроталярия)։ Գրանցված է 698 տեսակ։ Տարածված է Արևադարձային և Մերձարևադարձային գոտիներում։
  5. Միմոզա (Mimosa, Мимоза): Գրանցված է 618 տեսակ։ Այս ցեղից ամենահայտնին Պատկառուկն է (Shameplant, Touch-me-not, Мимоза стыдливая, Mimosa pudica)

Լոբազգիների ընտանիքի 917 ցեղերի ամբողջական ցուցակ ==>

Տարածված լոբազգիների այբբենական ցուցակ

  • Առվույտ (անգլ․՝ Alfalfa, ռուս․՝ Люцерна, լատ․՝ Medicago)։ Միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 101 տեսակ, Հայաստանում, վայրի վիճակում՝ 10 տեսակ՝ Առվույտ գայլուկանման (Medicago lupulina), Առվույտ ցանովի (Medicago sativa), Առվույտ երկնագույն (Medicago coerulea), Առվույտ խավոտ (Medicago papiilosa), Առվույտ տատասկանման (Medicago tribuloides) և այլն։
  • Արախիս կամ Գետնանուշ (անգլ․՝ Peanut, ռուս․՝ Арахис, լատ․՝ Arachis)։ Ցեղն ընդգրկում է 74 տեսակ։
  • Երեքնուկ (անգլ․՝ Clover, ռուս․՝ Клевер, լատ․՝ Trifolium): Ցեղն ընդգրկում է 245 տեսակ։
  • Լոբի (անգլ․՝ Bean, ռուս․՝ Фасоль, լատ․՝ Phaseolus)։ Ցեղն ընդգրկում է 87 տեսակ։
  • Լուպին (անգլ․՝ , ռուս․՝ Люпин, լատ.՝ Lupinus): Ցեղը ներառում է 550 տեսակ, որոնց թվում ուտելի Սպիտակ լուպինը (Lupinus albus)։
  • Հացհամեմ (անգլ․՝ Trigonella, ռուս․՝ Пажитник, լատ․՝ Trigonella): Միամյա, հազվադեպ՝ բազմամյա, կումարինի սուր հոտով խոտաբույսերի ցեղ է։ Ցեղն ընդգրկում է 93 տեսակ։
  • Ոլոռ (անգլ․՝ Pea, ռուս․՝ Горох, լատ․՝ Pisum)։ Ցեղն ընդգրկում է 7 տեսակ։
  • Ոսպ (անգլ․՝ Lentil, ռուս․՝ Чечевица, լատ․՝ Lens): Ցեղն ընդգրկում է 7 տեսակ։
  • Սիսեռ (անգլ․՝ Cicer, ռուս․՝ Нут, լատ․՝ Cicer): Միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 44 տեսակ։ Ցեղի միակ մշակովի տեսակը Սիսեռ սովորականն է (անգլ․՝ Chickpea, ռուս․՝ Нут бараний, Турецкий горох, լատ․՝ Cicer arietinum
  • Սոյա (անգլ․՝ Soybean, ռուս․՝ Соя, լատ․՝ Glycine): Ցեղն ընդգրկում է 15 տեսակ։ Ամենահայտնի տեսակը Սոյա սովորականն է (Soybean, Соя обыкновенная, Соя культурная, Glycine max
  • Վիգնա (անգլ․՝ Vígna, ռուս․՝ Вигна, լատ․՝ Vígna)։ Ցեղն ընդգրկում է 108 տեսակ։ Ցեղի ամենատարածված ներկայացուցիչներն են՝ Վիգնա չինականը (անգլ․՝ Cowpea , ռուս․՝ Коровий горох , լատ․՝ Vīgna unguiculata ), a subspecies of the black eyed peas ( Black-eyed pea ), Մաշը (անգլ․՝ Mung bean կամ Maash, ռուս․՝ Маш , լատ․՝ Vigna radiata ), Ուրդը (անգլ․՝ Vigna mungo, ռուս․՝ Урд, լատ․՝ Vígna mungo ), Աձուկին (անգլ․՝ Adzuki bean, ռուս․՝ Адзуки, լատ․՝ Vigna angularis):
  • Վիկ (Wetches, Вика կամ Горошек, Vicia): Ցեղը ներառում է 230 տեսակ, որոնց թվում են դեկորատիվ բույսեր, կերային և հատիկաընդեղենային մշակաբույսեր։ Իսկ ամենահայտնին Բակլան է (անգլ․՝ Broad bean, Fava bean կամ Faba bean, ռուս․՝ Боб садовый, լատ․՝ Vicia faba)
  • Տափոլոռ (լատ.՝ Lathyrus): Ցեղը ներառում է 159 տեսակ։ ՀՀ-ում՝ 16-18 տեսակ՝. Տափոլոռ պալարավոր (Lathyrus tuberosus), Տափոլոռ անտառային (Lathyrus sylvestris), Տափոլոռ մարգագետնային (Lathyrus pratensis), Տափոլոռ նեղատերև (Lathyrus leptophyllus) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում և անտառեզրերին, թփուտներում, առվակների ափերին, այգիներում, աղբոտում է ցանքերը և այլն։ Այս ցեղին է պատկանում Հոտավետ ոլոռիկը (անգլ․՝ Sweet pea, ռուս․՝ Чина душистая, Душистый горошек, լատ.՝ Lathyrus odoratus)
Լոբազգիները պայմանականորեն բաժանում են երեք խմբի՝
  • Պտղատու լոբազգիներ
  • Կերային լոբազգիներ
  • Դեկորատիվ լոբազգիներ

Հղումներ

Զոպա

Զոպան (անգլ․՝ Hyssop, ռուս․՝ Иссоп, լատ․՝ Hyssopus officinalis) մինչև 80 սմ բարձրությամբ, բազմամյա կիսաթուփ է, վայրի բնությունում աճում է Ղրիմում, Միջերկրական և Կասպից ծովերի շրջակայքում։

Հոտավետ մեղրակիր է, ծաղկում է հունիսից մինչև հոկտեմբեր։ Դեղաբույս է՝ լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկությունում։

Զոպայի տերևները, մատղաշ ճյուղերը և բողբոջները հարուստ են շաքարներով և եթերայուղերով, պարունակում են հիսոփին գլյուկոզիդ, սապոնիններ, տանիններ, խոլին և անուշաբույր իմբրին նյութ, որն ունի նուրբ, եղեսպակի բույր և հաճելի դառը համ: Զոպան նաև պարունակում է վիտամին C և պրովիտամին A. Զոպայի թարմ կամ չորացրած կանաչին ավելացնում են աղցաններին, ապուրներին, մսով և բանջարեղենով կերակրատեսակներին, օգտագործում են սոուսներ և թթուներ համեմելու համար:

Աճեցնելը

Զոպա աճեցնելը բավականին հեշտ է: Այս բույսը չափազանց ոչ պահանջկոտ է և լավ է աճում նույնիսկ ոչ շատ բերրի հողի վրա:

Զոպան բազմանում է սերմերով, կտրոններով և թուփը բաժանելով: Դժվար չէ սերմերից զոպա աճեցնել, ուղղակի մի քանի նրբություններ կան: Սերմերը կարելի է ցանել անմիջապես բաց գրունտում կամ սկզբում սածիլներ ստանալ տաք միջավայրում։ Երբ սածիլները մեծանում են, և ցրտահարության սպառնալիքն անցնում է, զոպայի սածիլները տնկում են մշտական տեղերում: Տնկելու տեղի հողը նախապես փորում են կամ փխրեցնում:

Զոպայի հետագա խնամքը շատ դյուրին է։ Պարզապես անհրաժեշտ է պարբերաբար վերացնել մոլախոտերը, ջրել, փխրեցնել հողը և, մանավանդ առաջին ամիսներին, սնուցել պարարտանյութով:

Եթե ​​զոպայի աճը դանդաղ է, խորհուրդ է տրվում այն ​​սնուցել օրգանական կամ համալիր պարարտանյութերով (10 լիտր ջրի դիմաց 20-30 գ):

Նույն տեղում, զոպան կարող է լավ աճել մինչև 4-5 տարի: Այն նույնիսկ ծածկ չի պահանջում ձմռան համար:

Զոպայի խնամքը սենյակային պայմաններում

Զոպան լուսասեր և խոնավասեր է, դիմացկուն է երաշտի ու ցրտի նկատմամբ: Լավ է աճում թեթև կրաքարային և չափավոր խոնավ հողերի վրա:

Պատուհանի գոգին զոպան աճեցնում են հնարավորին չափ մեծ ծաղկամանում։ Ամենահարմարավետ պայմաններ կունենա մոտ 36 սմ խորություն և լայնք ունեցող ծաղկամանի մեջ։

Բազմացնում են սերմերով, կտրոններով, ինչպես նաև թուփը բաժանելով (երեքից չորս տարեկան բույսերը)։ Սերմերը ցանում են գարնանը՝ տերևային հումուսից, ճմահողից, տորֆից և կոմպոստից (2:2:1:2) կազմված հողախառնուրդի մեջ: Ցանքի խորությունը 0.3-1 սմ։ Մինչև ծլելը ցանքը ծածկում են ապակիյով կամ ցելոֆանով: Երբ ծիլերը հայտնվում են, իսկ դա տեղի է ունենում ցանելուց 8-14 օր հետո, բույսերը տեղադրվում են լույսին ավելի մոտ ՝ իջեցնելով ջերմաստիճանը +14 … +16 ° C: Մեկ շաբաթ անց ջերմաստիճանը հասցվում է +18 … +20 ° C: Առաջին իսկական տերևի փուլում բույսերը տեղափոխում են 5×5 կամ 6×6 սմ չափի ծաղկամաններ, իսկ բողբոջումից 25-30 օր հետո `12-14 սմ տրամագծով ամանների մեջ:

Ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա, դրենաժային շերտի վրա կարելի է լցնել տորֆամամուռ կամ փայտի ածուխ, հետո հողը: Բույսի առմատային մասը, իր հողագնդով, այնպես է դրվում ծաղկամանի մեջ, որպեսզի արմատների վերին մասը մեկ սանտիմետրով ցածր լինի ծաղկամանի եզրից։ Տեղափոխելուց հետո զոպան լավ ջրում են գոլ ջրով և լավ կլինի մեկ-երկու օր բույսը կիսաստվերում մնա։

Զոպայի խնամքը ներառում է գոլ, հնեցված ջրով ջրելը, պարբերական սնուցումը (10-15 օրը մեկ) համալիր հանքային պարարտանյութերի լուծույթով (3-5 գ մեկ 1 լիտր ջրին) կամ գոմաղբի լուծույթով (1:10):

Երբ զոպան հասնում է 15 սմ բարձրության, քշտում են են գագաթը, արդյունքում բույսը ավելի լավ է ճյուղավորվում: Հետագայում, ըստ անհրաժեշտության, կտրում են ոչ միայն տերեւները, այլեւ մատղաշ ճյուղերը:

Կտրոնով բազմացման համար, ամռանը կտրում են 12-15 սմ երկարության ճյուղեր: Ստորին մասի տերևները հեռացվում են և կտրոնը դնում են ջրի մեջ: Սպիտակ արմատների հայտնվելուց հետո, կտրոնը տնկում են հողի մեջ:

Թուփը բաժանելով բազմացնում են աշնանը։ Բույսը հանում են հողից և սուր դանակով բաժանում են մի քանի մասի, բայց այնպես, որ յուրաքանչյուր մասը ճյուղի վրա ունենա երկու կամ երեք աչք և արմատներ: Բաժանված բույսն անմիջապես տնկում են՝ 2-3 սմ ցածր, քան նախկինում էր աճում: Վերջում բույսը առատորեն ջրում են և դնում տաք տեղում: Երկու շաբաթ անց նոր կանաչ ճյուղեր են սկսում աճել: Հետագա խնամքը նույնն է։

Հղումներ

Կալամոնդին

Կալամոնդինը (անգլ․՝ Calamondin, Philippine lime կամ Philippine lemon, ռուս․՝ Каламондин, կամ Цитрофортунелла, լատ․՝ Citrofortunella microcarpa) ցիտրուսայինների ընտանիքի բազմամյա, մշտադալար ծառ է։

Կալամոնդինը հիբրիդ է կումկվատի և ցիտրուսիային մեկ այլ տեսակի՝ Մանդարին նարնջագույնի (Citrus reticulata) միջև։

Հիմնականում մշակվում է Ֆիլիպիններում: Ծագումով Ֆիլիպիններից, Բորնեո և Սուլավեսի կղզիներից և Չինաստանից է: Կալամոնդինը շատ է օգտագործվում ֆիլիպինյան ավանդական խոհանոցում՝ տարբեր համեմունքների, ըմպելիքների, ուտեստների, մարինադների և պահածոների մեջ: Օգտագործվում է նաև մալայզիական և ինդոնեզական խոհանոցներում:

Կալամոնդինը նաև դեկորատիվ ծառ է, որը յուրաքանչյուր ոք կարող է աճեցնել տանը: Հաճելի ցիտրուսային բույր, գեղեցիկ և պայծառ տեսք. սա պարզապես մի փոքր թվարկում է այն պատճառների, թե ինչու շատերը սիրեցին նրան: Կարևոր է նաև, կալամոնդինի խնամքը բարդ չէ և խնդիրներ չի առաջացնում նույնիսկ սկսնակների համար:

Ինչպես աճեցնել կալամոնդինը սենյակային պայմաններում

Սենյակային պայմաններում կալամոնդինը ձևավորվում է որպես կոմպակտ թուփ կամ անոստաբուն, փոքր ծառ, իսկ բնական պայմաններում երբեմն հասնում է հինգ մետր բարձրության:

Կալամոնդինի խնամքը համարյա ոչնչով չի տարբերվում մյուս ցիտրուսայինների խնամքից։

Տան պայմաններում ցիտրուսայինների խնամքի ընդհանուր կանոններին կարելի է ծանոթանալ այստեղ ==>

Վնասատուները

Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

  • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
  • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
  • Սպիտակաթևիկ (Белокрылка);
  • Ուտիճը (Aphid, Тля)։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Հղումներ

Մանդարին

Մանդարինը (անգլ․՝ Mandarin, ռուս․՝ Мандарин, լատ․՝ Citrus reticulata)  սապատազգիների ընտանիքի ցիտրուս ցեղի մշտադալար, ոչ մեծ ծառ է։ Աճում է արևադարձային և մերձարևադարձային այն շրջաններում,

որտեղ ձմռանը օդի ջերմաստիճանը -8 °C-ից ցածր չի լինում։ Բերք է տալիս տնկելուց 3-4 տարի անց։ Ապրում է 30-40 տարի։ Բազմանում է աչքապատվաստով, ինչպես նաև կտրոններով։ Որպես պատվաստակալ օգտագործվում է վայրի պոնցիրուս եռատերևը (Citrus trifoliata)։ Վեգետացիայի ընթացքում կարող է տալ 3-4 աճ։

Գենետիկական ուսումնասիրությունների համաձայն,՝ մանդարինը բնօրինակ ցիտրուսային 4 տեսակներից մեկն է։ Արհեստական կամ բնական հիբրիդացման միջոցով այն շատ հիբրիդային ցիտրուսային սորտերի նախահայրն է: Կիտրոնի և պոմելոյի հետ մանդարինի հայտնի հիբրիդներ են քաղցր և թթու նարինջները, թուրինջները, շատ տեսակի լիմոններ ու լայմեր:

Սենյակային պայմաններում մանդարին աճեցնելը

Մանդարինը ցիտրուսայիններից ամենաքիչ պահանջկոտն է, տնային պայմաններում այն աճեցնելը ավելի հեշտ է քան լայնորեն տարածված լիմոնը։

Սերմից աճեցնելը

Ցանելու համար վերցնում են հասած մանդարինի թարմ սերմեր: Սերմերը արագ են կորցնում ծլողունակությունը. անհրաժեշտ քանակի ծիլեր ստանալու համար ցանում են եռակի, քառակի ավել սերմեր:

Ցանելուց առաջ սերմերը 10-12 ժամով թրջում են «Էպին-էքստրա» կամ «Ցիրկոն» աճի խթանիչների լուծույթի մեջ: Դա ուժեղացնում է ապագա բույսերի ուժը, խթանում արմատային համակարգի զարգացումը:

Ցանելու ճիշտ ժամանակը հունվարի վերջ-փետրվարի սկզբն է, երբ ցերեկային ժամերը սկսում են երկարել:

Ցանում են փխրուն, սննդարար, ֆոսֆորի բարձր պարունակությամբ հողի մեջ: Հենց ֆոսֆորն է կարևոր դեր խաղում աճի սկզբում: Մեծ քանակությամբ ֆոսֆոր պարունակվում է հումուսում և կոմպոստում:

Սերմերը կամ միանգամից ցանում են առանձին տարաների մեջ, կամ էլ մեկ, ընդհանուր տարայի մեջ՝ հետագայում սածիլելու նպատակով։ Սերմը հողի մեջ ցանելու խորությունը 1 սմ է: Ցանքը լավ խոնավացվում է և ծածկվում պլաստիկով կամ ապակիյով` ջերմոցային միկրոկլիմա ապահովելու համար: Սկզբնական փուլում սածիլի համար լույսը կարևոր չէ, հիմնականը `ջերմությունն է: Ծլեցման համար անհրաժեշտ է օդի 20-25 ° C տաքություն: Ցանքը պարբերաբար ջրում են և օդափոխում: 3-4 շաբաթ անց հայտնվում են առաջին ծիլերը և ցանքը տեղափոխում են լուսավոր տեղ:

Երկու իսկական տերևներ հայտնվելուց հետո սածիլները կարելի է տեղափոխել առանձին ծաղկամանների մեջ: Հենց որ արմատները լցնեն ծաղկամանի ողջ ծավալը, բույսը տեղափոխում են քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ։

Խնամքը

Լուսավորությունը

Բոլոր ցիտրուսայինների նման, մանդարինը սիրում է պայծառ, ցրված լուսավորությունը: Ամենահարմար տեղը արևելյան լուսամուտի գոգին է: Առավոտյան կանուխ այն կլուսավորվի տաք, բայց ոչ կիզիչ արևի լույսով:

Օդի խոնավությունը

Բնության մեջ մանդարինն աճում է խոնավ կլիմայով մերձարևադարձային գոտիներում: Բնակարանում դժվար է ապահովել 90-95% խոնավություն, բայց տանը մանդարինն իրեն հիանալի կզգա նույնիսկ 60-65% խոնավությամբ օդում:

Խոնավության բարձրացման պարզ և բյուջետային միջոց է ծաղկամանի մոտ կամ տակը ջրով լի, բաց տարաների տեղադրումը: Երբ ջուրը գոլորշիանում է, պարբերաբար ավելացնում են: Բայց խոնավոացնելու լավագույն և հուսալի մեթոդը ժամանակակից խոնավեցնող սարքերի օգտագործումն է:

Պետք չէ մոռանալ մի կարևոր կանոնի մասին՝ մանդարինը պետք է հեռու պահել օդը չորացնող ջեռուցման սարքերից:

Օդի ջերմաստիճանը

Ակտիվ աճի շրջանում օդի օպտիմալ ջերմաստիճանը 18-25 ° C է: Աշնանն ու ձմռանը մանդարինը կարող է պահվել ավելի սառը պայմաններում `13-15 ° C ջերմաստիճանում:

Եթե ​​մանդարինը ձմռանը մնում է պատուհանագոգին, ապա պետք է համոզվել, որ ճյուղերը չեն դիպչում պատուհանի սառը ապակիներին և պաշտպանել բույսը ցրտաշունչ օդից:

Հողը

Հողախառնուրդը պետք է լինի թեթև, բերրի և չեզոք թթվայնություն ունենա, այդ պատճառով տորֆ չեն օգտագործում խառնուրդում: Վաճառքում կան ցիտրուսայինների համար նախատեսված պատրաստի խառնուրդներ: Ինքնուրույն պատրաստելու համար հավասար չափերով խառնում են ճմահողը, տերևային հումուսը, փտած գոմաղբը և կոմպոստը:

Ոռոգում

Մանդարինը պետք է ջրել անձրևաջրով կամ ծորակի հնեցված ջրով։ Սառը ջուրը տաքացնում են սենյակային ջերմաստիճանի՝ 20-25 ° C: Ամռանից մինչև աշուն ջրում են հաճախ և առատ, բայց առանց հողը ճահճացնելու։ Ձմռանը ավելի հազվադեպ են ջրում՝ ուշադրություն դարձնելով հողի վերին շերտի խոնավությանը։ Եթե ​​այդ ժամանակահատվածում մանդարինը պտուղներ ունիի, ապա պետք չէ կտրուկ կրճատել ջրելը:

Էտը

Մանդարինը առանց էտելու էլ կաճի, բայց գեղեցիկ բույս, առանց ձևավորման, չի ստացվի: Լավ ձևավորված ծառը պետք է լինի ճյուղավորված և հովհարաձև: Դրա շնորհիվ այն կկարողանա առավելագույնի հասցնել արևի լույսի կլանումը՝ աճի և զարգացման համար:

Ճիշտ կլինի բույսի աճը կարգավորել հենց սկզբից ՝ ավելորդ ճյուղերը քշտելով ու կտրելով։ Գարնանը հասունացած հիմնական ճյուղը էտում են մոտ 15 սմ բարձրության վրա, վերեւում թողնելով մի քանի բողբոջ, որպեսզի կողային ճյուղերը սկսեն դրանցից աճել: Ապագա ծառի հիմնական կմախքային 3-4 ճյուղերը քշտում են 25 սմ երկարության վրա։ Երկրորդ կարգի աճող ճյուղերը քշտում են 10 սմ երկարությամբ: Հետագա 3-րդ և 4-րդ կարգի ճյուղերին թողնում են 5 սմ: Այդպիսով, 2-3 տարի հետո ձևավորվում է կոկիկ, փոքրիկ ծառ: Որպեսզի այն հավասարաչափ աճի, յուրաքանչյուր 10-14 օրը մեկ այն պետք է աստիճանաբար և զգուշորեն շրջվի դեպի լույսը տարբեր կողմերով:

Սնուցում

Մանդարինը սնուցում են 10-12 օրը մեկ անգամ՝ ցիտրուսայինների համար նախատեսված համալիր հանքային և օրգանական պարարտանյութերով: Որպես օրգանական պարարտանյութեր կարելի է օգտագործվել ցածր խտության գոմաղբի կամ խոտերի թուրմեր։

Ձմռանը մանդարինները չեն սնուցում: Այդ ժամանակ բույսի ակտիվությունը կրճատվում է, և արմատները չեն կլանում սննդանյութերը: Արդյունքում, պարարտանյութերը կուտակվում են հողի մեջ` նորմայից ավել խտությամբ:

Ծառը այլ, ավելի մեծ ծաղկաման տեղափոխելուց հետո նույնպես որոշ ժամանակով դադարեցնում են սնուցումը։ Չէ որ նոր հողի մեջ բույսի համար 1-2 ամսվա սնունդ կա:

Տեղափոխում

Մանդարինը այլ ծաղկամանի մեջ տեղափոխում են աճելուն զուգընթաց: Մինչև 7 տարեկան բույսերը անհրաժեշտ է լինում տարին մեկ անագամ տեղափոխել, իսկ ավելի մեծերը ՝ 5 տարին մեկ:

Տեղափոխումն անում են ձմռան վերջին կամ գարնան սկզբին: Նոր ծաղկամանի տրամագիծը չպետք է գերազանցի նախորդի չափսը 3-5 սմ-ից ավելի:

Տեղափոխելիս աշխատում են բույսին նվազագույն վնաս հասցնել՝ պահպանել արմատն իր հողակույտով: Տեղափոխելուց առաջ և հետո բույսը ջրում են: Նոր ծաղկամանը լավ դրենաժային շերտ պետք է ունենա:

Կոշտ ջրով ջրելու դեպքում, ժամանակի ընթացքում հողի մակերեսին կարող է առաջանալ սպիտակ աղերով աղտոտված շերտ: Ցանկալի է տարեկան 2 անգամ փոխարինել այդ 2-2,5 սմ խորությամբ շերտը նոր հողով:

Հաճախակի տրվող հարցեր

Ինչպե՞ս արագացնել մանդարինի բերքատու դառնալը

Դրա համար կան մի շարք միջոցառումներ՝

  • Ցանելուց առաջ սերմերի մշակում խթանիչ նյութերով։ Օրինակ սրանցով՝ «Эпин-экстра», «Циркон», гумат натрия, «Гетероауксин» Այս խթանիչները վաղ տարիքից բույսերին օգնում են հարմարվել չոր օդին և լուսավորության պակասին:
  • Ամենաուժեղ, առողջ տնկիների ընտրությամբ։ Ծուռ ճյուղեր չունենան, խոշոր տերևներ և ձիգ տեսք ունենան:
  • Հավասարակշռված սնուցում։ Ֆոսֆոր-կալիումի պարարտանյութերով կանոնավոր սնուցումը այլ միկրոտարրերով սնուցելու հետ միսաին խթանում է պտղաբերությունը:
  • Կմախքային ճյուղերի ծայրերի քշտելը (կտրելը) խնայում է բույսի ուժը և օգնում բույսին պտղաբեր կարճ ճյուղերով սաղարթ կազմել:
  • Ակոսումն ու օղակումը հին մեթոդներ են, որոնք թույլ են տալիս վերաբաշխել սննդանյութերի հոսքը սաղարթին և դրանով արագացնել պտղատու բողբոջների ձևավորումը:
  • Պատվաստումը։ Պատվաստացուն՝ գարնան սկզբին կտրված մանդարինի մատղաշ կտրոնը պատվաստվում է ցանկացած ցիտրուսայինի սերմից աճեցված պատվաստակալի վրա: 2-3 տարի անց ձեւավորվում է մեկ բույս, որը սկսում է ծաղկել ու պտուղ տալ:

Ինչու են մանդարինի ծաղիկները թափվում

  • Եթե ​​բույսը չունի բավարար ուժ և էներգիա բոլոր ծաղիկները պտղի վերածելու համար, կրճատում է դրանց քանակը:
  • Սենյակի օդի բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում ծաղիկների ձևավորման վրա: Ջերմության պատճառով ծաղիկներն ու բողբոջները թափվում են կամ ծաղկման գործընթացը հետաձգվում է ավելի ուշ ժամկետի:
  • Այդպես մանդարինը կարող է արձագանքել անկանոն ջրելուն, օրինակ, երբ ծաղկամանի հողը թողնում են իսպառ չորանա, այնուհետև շատ առատ ջրում են:
  • Ազոտի ավելցուկը սնուցման մեջ հանգեցնում է բույսի կանաչ զանգվածի մեծացմանը և քիչ ծաղիկներ են առաջանում, որոնք շուտով սկսում են թափվել:

Ինչու են մանդարինի տերևները դեղնում և թափվում

Պատճառներից մեկը ազոտի և երկաթի պակասը կարող է լինել։ Ազոտի պակասի դեպքում դեղնելը սկսվում է բույսի ստորին տերեւներից և տարածվում ամբողջ բույսի վրա: Որպես բուժում բույսը ցողում են միզանյութի կամ բորի թթվի լուծույթով `1 գ, 1 լիտր ջրին:

Քլորոզոի՝ երկաթի պակասի պատճառով առաջացած հիվանդության դեպքում, սկզբում մատղաշ տերևները դառնում են բաց դեղնավուն, ապա հին տերևներն են փոխում գույնը: Քլորոզի համար մանդարինը ամսական մեկ անգամ ցողում են երկաթի խելատով:

Բացի նշված պատճառներից, տերևները կարող են դեղնել և թափվել ՝ պայմանավորված հետևյալով՝

  • չոր օդ սենյակում;
  • միջանցիկ քամիներ;
  • հողի գերպարարտացում;
  • տեղի փոփոխություն։

Տերևաթափ կարող է լինել նաև բնական պատճառներով. աշուն-ձմեռ ժամանակահատվածում հանգստի ռեժիմի անցնելիս:

Վնասատուները

Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

  • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
  • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
  • Սպիտակաթևիկ (Белокрылка);
  • Ուտիճը (Aphid, Тля)։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Հղումներ