Կարգերով պահոցներ՝ Կոճղեզավորներ

Գազար

Գազարը կամ ստեպղինը (անգլ․՝ Carrot, ռուս․՝ Морковь посевная, լատ․՝ Daucus carota subsp. sativus) լայնորեն տարածված, նեխուրազգի, երկամյա արմատապտուղ է։

Գազար աճեցնելը

Գազարը ցրտադիմացկուն է, սերմերը կարող են ծլել օդի +3…+4 °C աստիճանից սկսած, իսկ ծիլերը կարող են դիմանալ -3…-4 °C ցրտահարությանը։ Վաղ գարնանը ցանելու ժամկետը որոշելիս, պետք է հաշվի առնել, որ +3…+4 °C — ին սերմերը կծլեն 15-20 օրում, իսկ երբ հողը տաքանա մինչև +20°C` 8-10 օրում։

Ցանքաշրջանառությունը

Խորհուրդ չի տրվում նույն տեղում 4 տարուց շուտ գազար ցանել։ Լավ նախորդող մշակաբույսեր են հանդիսանում՝ կաղամբը, կարտոֆիլը, վարունգը, լոլիկը, գլուխ սոխը, պրասը, կանաչեղենը, բացի մաղադանոսից և լոբեղենը։ Վատ նախորդող մշակաբույսերն են՝ մաղադանոսը, բադրիջանը, հոռոմ-սամիթը, վայրի գազարը, նեխուրը, դդմիկը։ Աճեցնելիս լավ “հարևաններ” են՝ բողկը, սխտորը, հազարը, ամսեկան բողկը, կանաչ և գլուխ սոխը, պղպեղը, լոլիկը, լոբին, ոլոռը, մաղադանոսը, հազարը, սեզատերևը, սպանախը, եղեսպակը, նեխուրը։ Վատ “հարևաններ” են անիսոնը, սամիթը, կաղամբը, խնձորենին, վարունգը, ճակնդեղը։

Սերմերը թրջելն ու ախտահանելը

Գազարի սերմերը դժվար են ծլում, ուստի, ծլելուն խոչընդոտող եթերային յուղերից ազատվելու համար, սերմերը 24 ժամ թրջում են +40…+50 °C տաք ջրի մեջ՝ ընթացքում պարբերաբար փոխելով ջուրը։

Մեկ այլ, ավելի արդյունավետ, նաև ախտահանող միջոց է սերմերը կես ժամ ջրածնի պերոքսիդի կամ կալիումի պերմանգանատի թույլ լուծույթի մեջ թրջելը։

Թրջելուց հետո սերմերը չորացնում են, որպեսզի հեշտ լինի ցանելը։

Ցանելը

Սերմերը ցանում են մոտ 1 սմ խորությամբ, միմյանցից 5-7 սմ հեռավորության վրա, թողնելով 15-20 սմ միջշարային տարածություն։ Քանի որ սերմերը շատ մանր են և լավ ծլողունակություն չունեն, որպես կանոն ցանքն ավելի խիտ է արվում և հետագայում է նոսրացվում։ Ցանելուց հետո լավ ջրում են։

Խնամքը

Գազարը պահանջկոտ բույս չէ, բայց որոշ բաներ անել, այնուամենայնիվ, պետք է։

Ցանքը նոսրացնելը

Նոսրացումն արվում է երկու անգամ։ Առաջին անգամ, երբ ծիլերը կձևավորեն 1-2 իսկական տերև, բույսերի միջև ստեղծում են 1,5-2 սմ բացատ։ Երկրորդ անգամ, երբ բույսերը կձևավորեն 3-4 իսկական տերև, բույսերի միջև ստեղծում են 5-6 սմ բացատ։

Ջրելը

Գազարը հաճախակի ջրել պետք չէ, գերխոնավացումը անդրադառնում է բերքի որակի, մասնավորապես պահպանման ժամկետի վրա։

Չոր և տաք եղանակին գազարի մարգը ջրում են երկու շաբաթը մեկ անգամ, ապահովելով 4-5 լ ջուր 1 ք․մ․-ին։

Պարարտացնելը

Աշնանը, մարգը նախապատրաստելիս, 1ք․մ․-ին 2 ճաշի գդալ կրկնակի ուպերֆոսֆատ և 1,5 ճաշի գդալ կալիումի սուլֆատ խառնել հողի հետ։

Գարնանը, ցանելուց առաջ, 1ք․մ․-ին 1 ճաշի գդալ կրկնակի ուպերֆոսֆատ և 1 ճաշի գդալ նիտրաֆոս խառնել հողի հետ։ Իսկ ակոսների մեջ, անմիջապես ցանելուց առաջ՝ ամեն մետրին մի բուռ փայտի մոխիր։

Ոչ բերրի և կարծր հողի դեպքում, հողի հետ խառնում են փտած գոմաղբ՝ 1ք․մ․-ին 5-6 կգ։ Թարմ գոմաղբ հողի հետ խառնել չի կարելի, նույնիսկ աշնանը։

Բերքահավաքը

Գազարի բերքը հավաքում են մինչև ցրտերի սկիզբը։ Երեկոյան հողից հանված գազարը նկատելիորեն ավելի քաղցրահամ է։ Հողից հանելուց հետո, անմիջապես, մոտ 2 սմ թողնելով, կտրում են վերին կանաչը, որպեսզի դադարեցնեն բույսի մեջից գոլորշիացումը։ Այնուհետև բերքը չորացնում են ստվերում։

Ինչպես սենյակային պայմաններում գազար աճեցնել

Ինչի մեջ աճեցնել

Գազար աճեցնելու թաղարը պետք է ունենա առնվազն 20 սմ խորություն։ Իհարկե, շատ ավելի լավ կլինի 30 սմ խորություն ապահովել։ Իսկ թաղարի լայնքը պետք է լինի առնվազն 10 սմ։

Տեղեկանք

Կլոր 20×20 սմ չափսերով թաղարի մեջ կարելի կլինի աճեցնել 4 նորմալ չափսի գազար, 25×25 -ում՝ 5 հատ, իսկ մոտ 10x60x20 սմ չափսերով, երկար, ուղղանկյուն թաղարի մեջ՝ 12 գազար։

Հողախառնուրդը

Գազար աճեցնելու համար անհրաժեշտ է փխրուն, ջրաթափանցիկ, ազոտով ոչ շատ հարուստ հողախառնուրդ։ Հողը պարարտացնելու անհրաժեշտության դեպքում պետք է ընտրել NPK 5-10-10 ակմ 4-10-10 համալիր պարարտանյութեր։

Թաղարի լավ դրենաժը պարտադիր է։

Ցանելը

Ցանել կարելի է անմիջապես թաղարի մեջ կամ սկզբում սածիլներ աճեցնել։ Պետք է նկատի ունենալ, որ սածիլները հետագայում տեղափոխելը շատ զգույշ պետք է արվի՝ նուրբ արմատները չպետք է վնասվեն։

Հողի մեջ, միմյանցից 5 սմ հեռավորությամբ արվում են 3-6 մմ խորությամբ փոսիկներ, ուր գցում են 2-3 գազարի սերմ, փոսիկները ծածկում են հողով ու ջրում ջրցողիչով։ Մինչև սերմերի ծլելը, թաղարի հողը պետք է միշտ խոնավ լինի։

Թաղարը ցանելուց հետո տեղադրում են արևկող տեղում, կամ արհեստական լույսի տակ։ Սերմերը ծլում են 14-17  օր անց։

Երբ ծիլերը հասնում են 3-5 սմ բարձրության, յուրաքանչյուր փոսիկից աճած ծիլերից թողնում են ամենականաչն ու ուժեղը, մյուսները սուր մկրատով հեռացնում են։

Լուսավորությունը

Գազարի համար պետք է ապահովվի օրական առնվազն 6 ժամ արևի կամ արհեստական լուսավորություն։ Լավագույն արհեստական լուսավորությունն ապահովում են լույսի ողջ անհրաժեշտ սպեկտրը ընդգրկող LED ֆիտոլամպերը, որոնք կախում են բույսից 5-8 սմ բարձրության վրա։

Ջրելը

Ջրելու հարցում պետք է շատ ուշադիր լինել։ Սենյակային պայմաններում, ջեռուցման առկայությամբ հողը կարող է շատ շուտ չորանալ։

Ջրել պետք է սենյակային ջերմաստիճանի, հնեցված, քլորազերծ ջրով, երբ հողի վերին, 2 սմ խորությամբ շերտը չորանում է։ Ջրելիս պետք է համոզվել, որ գազարի ողջ արմատը ողողվեց ջրով և ավելցուկ ջուրը դուրս հոսեց թաղարի տակդիրի մեջ։

Սնուցումը

Երբ ծիլերը հասնեն 7,5-8 սմ բարձրության, կամ հասցրել են ձևավորել 3 ու ավելի իսկական տերևներ, կարելի է ցածր ազոտ պարունակող պարարտանյութով սնուցում տալ։ Սնուցումն իրականացվում է 3 շաբաթը մեկ։

Բերքահավաքը

Երբ հողից դուրս է գալիս գազարի գազարագույն, վերին մասը, նշանակում է բույսը հասունացել է։ Եթե ավելի մատղաշ պտուղներ են ուզում, ավելի վաղ են հանում գազարը։

Հղումներ

  • Գազար։ Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից:
  • Carrot. From Wikipedia, the free encyclopedia.
  • Морковь посевная. Материал из Википедии — свободной энциклопедии․

Միկրոկանաչի․ Ի՞նչ աճեցնել․ օգուտն ու վնասը

Միկրոկանաչեղեն (անգլ․՝ Microgreens, ռուս․՝ Микрозелень) են անվանում տարատեսակ բանջարեղենի և կանաչեղենի 2,5–7,5 սմ բարձրությամբ, մատղաշ ծիլերը։ Դրանք ունենում են նուրբ, անուշ համ ու հոտ և, ըստ էության վիտամինների գանձանակ են։

Փոքրիկ, մատղաշ ծիլերն աճեցվում են հատուկ պայմաններում, դրանք պարունակում են մեծ քանակությամբ օգտակար սննդանյութեր, վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ և այլն:

Առանձին կամ այլ ուտեստների հետ միկրոկանաչի ուտելը ամրացնում է մարդու օրգանիզմը, կենսական էներգիա է տալիս և օգնում է մաքրել մարմինը:

Երբեմն միկրոկանաչեղենը շփոթում են ծլեցրած սերմերի հետ, որոնք նույնպես շատ օգտակար են: Իրականում դրանք տարբեր զարգացման աստիճանում գտնվող բույսեր են: Միկրոկանաչիները բույսերի զարգացման այն փուլում են, երբ հայտնվում են առաջին երկու տերևները՝ շաքիլատերևները:

Միկրոկանաչիներն աճում են առանց որևէ պարարտանյութի կամ աճի խթանիչի: Սերմերի միջի սննդանյութերը բավարար են դրանց աճի համար: Այդպիսով, արդյունքում առաջացած միկրոկանաչեղենը էկոլոգիապես մաքուր է և օրգանական։ Աճի այդ կարճ ժամանակահատվածում դրանք չեն հասցնում նաև օդից վնասակար նյութեր կուտակել։

Միկրոկանաչիները շատ հարուստ են լինում բետա-կարոտինով: Դրա օգտակար հատկությունների մասին կարելի է երկար գրել, բայց գլխավորն այն է, որ այն արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթները՝ պաշտպանելով մաշկը, մազերը և եղունգները շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից:
 Կանաչ ծիլերը պարունակում են շատ բուսական սպիտակուցներ, վիտամիններ (C, B, K, E), կարոտինոիդներ, հանքային նյութեր և այլ օգտակար տարրեր (կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, յոդ, ծծումբ), ինչպես նաև եթերայուղեր: Այս բաղադրիչներից յուրաքանչյուրը դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա:
 Ֆոլաթթուն անհրաժեշտ է արյան նոր բջիջների ձևավորման համար, ինչը հատկապես կարևոր է այն կանանց համար, ովքեր պատրաստվում են հղիանալ: Վիտամին C-ն լավագույն հակաօքսիդիչն է: Կարոտինոիդները նպաստում են ավելի լավ իմունային ֆունկցիային: Ռուտինը կանխում է տրոմբի առաջացումը և ունի հակաբորբոքային ազդեցություն: Քլորոֆիլը հայտնի հակաօքսիդիչ է՝ հակաուռուցքային հատկություններով:
 Միկրոկանաչեղենի կանոնավոր օգտագործման դեպքում դուք կարող եք բարելավել սրտանոթային, մարսողական, նյարդային, վերարտադրողական և էնդոկրին համակարգերի աշխատանքը: Այս հրաշք ծիլերը երկարացնում են երիտասարդությունը, բարելավում են մաշկի, եղունգների և մազերի վիճակը ու, միաժամանակ, դիետիկ սնունդ են՝ նվազագույն կալորիականությամբ։

Որպես միկրոկանաչի աճեցվող տարածված բույսերի ցանկ

  • Աշորա (Rye, Рожь, Secale cereale):
  • Անանուխ (Mint, Мята)
  • Անիսոն (Anise, Анис):
  • Առվույտ (Alfalfa, Medick, Люцерна): Խրթխրթան և թարմ միկրո կանաչի է, այգուց նոր քաղած վարունգի համ ունի: Օգտակար է երկաթի պակաս ունեցողների համար: Պարունակում է նաև մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ինչպես նաև C, K, A, E վիտամիններ: Անուշահոտ հավելում է ձկնեղենի, ձվի, աղցանների և նախուտեստների համար:
  • Ավելուկ (Sorrel, Щавель):
  • Արևածաղիկ (Sunflower, Подсолнечник) Արեւածաղկի սերմերի համով, խրթխրթան և հյութալի միկրոկանաչի է ստացվում: Շատ օգտակար է, քանի որ պարունակում է յոդ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում և ցինկ, ինչպես նաև E և K վիտամիններ, ֆոլաթթու: Օգնում է պայքարել հոդացավերի դեմ և օգտակար է թթու-հիմնային հաշվեկշիռը կարգավորելու համար: Կարող է մատուցվել մսով և բանջարեղենով ուտեստների հետ:
  • Բազուկ (Beet, Свёкла): Մուգ կանաչ տերևներով հյութալի կարմիր ծիլերը կզարդարեն ապուրները, աղցանները կամ բուտերբրոդները: Մի փոքր քաղցր են, համը հիշեցնում է բազուկի համը: Օգտակար է իր՝ օրգանիզմի տոնուսը բարձրացնող և իմունային համակարգը ամրապնդող հատկությամբ:
  • Բակլա (Fava beans, Боб садовый):
  • Մանգոլդ (Chard, Мангольд): Անուշ բույրով միկրոկանաչին ունի մորեգույն ցողուններ և վառ կանաչ տերևներ: Տեսքի շնորհիվ այն ռեստորանային ուտեստներ զարդարելու առաջատարներից է: Բարելավում է նյարդային և մարսողական համակարգերի աշխատանքը, ամրացնում է արյան անոթների պատերը և ամրացնում է մազերը, եղունգներն ու ատամները:
  • Բոկ-չոյ (Bok-choy, Бок-чой)/Պակ չոյ։ Միկրոկանաչին մի քանի անգամ ավելի օգտակար է, քան հասուն բույսը: Առավելագույն օգուտ քաղելու համար, պետք է ուտել թարմ աղցանների, բուտերբրոդների, սմուզիների մեջ կամ որպես մսով և ձկով ուտեստների զարդարանք:
  • Բորաժ (Borage, Огуречная трава): Միկրոկանաչին թարմ վարունգի համ ու հոտ ունի: Ուժի աղբյուր է, օգնում է թեթեւացնել սթրեսը, արագացնում է նյութափոխանակությունը և նույնիսկ ամրացնում է իմունային համակարգը։ Հիանալի կլրացնի թարմ բանջարեղենով աղցանը:
  • Բողկ (Garden radish, Редис): Միկրոկանաչին մի փոքր խրթխրթան է ու կծու՝ նման է բուն բուսական արմատին: Կատարյալ համեմունք է աղցանների և մսով ուտեստների համար: Օգտակար է մարսողությունը բարելավելու համար՝ պայմանավորված այն հանգամանքով, որ պարունակում է հանքանյութեր, միկրոտարրեր և եթերայուղեր:
  • Բրյուսելյան կաղամբ (Brussels sprout, Брюссельская капуста):
  • Բրոկոլի (Broccoli, Брокколи): Հիանալի բուժիչ և հակաքաղցկեղային հատկություններ ունի: Խրթխրթան միկրոկանաչիները մեղմ համ ունեն և թեթև դառնություն: Լավ համակցվում է բանջարեղենային աղցանների, ապուրների և, որպես խավարտ, մսի կամ ձկան հետ:
  • Գազար (Carrot, Морковь) Այո, գազարի սերմից էլ է միկրոկանաչի աճում և դրանք հինգ անգամ ավելի շատ վիտամին C են պարունակում, քան գազարը, բացի այդ, շատ կալիում և կալցիում է պարունակում: Ունի քաղցր գազարի համ և մեղմ հոտ: Օգտագործվում է որպես կանաչի, ավելացվում է աղցաններին, բրնձին և ձկնեղենին, լավ է համակցվում սոուսների հետ:
  • Գանգրակաղամբ (Kale, Кале): Միկրոկանաչին պարունակում է հսկայական քանակությամբ շատ արժեքավոր վիտամիններ և հանքանյութեր: Առանց ջերմային մշակման, օգտագործվում է աղցանների և կոկտեյլների մեջ: Համը լավ համադրվում է թարմ բանջարեղենի և խոտաբույսերի հետ:
  • Գարի (Barley, Ячмень):
  • Գոնգեղ (Rutabaga, Брюква):
  • Դայկոն (Daikon, Дайкон). Բողկի տեսակ է։ Պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ, որն անհրաժեշտ է օրգանիզմի ընդհանուր ամրապնդման, մաշկի վիճակի բարելավման և մազերի աճի համար: Կծու համի և խրթխրթան հյուսվածքի շնորհիվ, լավ է համակցվում ապուրների հետ:
  • Դանդուռ (Purslane, Портулак):
  • Եգիպտացորեն (Maize, Кукуруза): Պայծառ, դեղին ծիլերը հաճելի քաղցր համ ունեն․ կզարդարեն ցանկացած ուտեստ: Արմատներին մոտ գտնվող մասում ծիլերը խրթխրթան են և դառնաքաղցրահամ: Պարունակում է վիտամիններ և հանքանյութեր: Հարմար է տարբեր աղցանների և նախուտեստների համար։
  • Եղեսպակ (Sage, Шалфей):
  • Եղերդ (Chicory, Цикорий):
  • Եղերդ աղցանի (Endive, Эндивий, Цикорий салатный):
  • Երեքնուկ (Clover, Клевер): Միկրոկանաչին հարուստ է սպիտակուցներով, A, B, C, E, K վիտամիններով և այլ օգտակար տարրերով: Օգնում է օրգանիզմին հիվանդությունից հետո արագ վերականգնվել, հեռացնում է տոքսինները և մաքրում է արյունը: Ավելացվում է վինեգրետներին և կերակրալցուկներին:
  • Թարխուն (Tarragon, Эстрагон):
  • Թրթնջուկ (Dock, Щавель): Նուրբ, լիմոնի համ հիշեցնող, թթվաշ տերեւներ ունի։ Միկրոկանաչին հարուստ է հանքանյութերով և վիտամիններով: Շատ լավ բարձրացնում է տոնուսը, լավ համադրվում է ձվով ուտեստների, պանրի, աղցանների և սոուսների հետ:
  • Խատուտիկ (Dandelian, Одуванчик):
  • Խնկածաղիկ (Oregano, Орегано):
  • Ծաղկակաղամբ (Cauliflower, Цветная капуста):
  • Ծնեբեկ (Asparagus, Спаржа):
  • Ծոթոր (Thyme, Тимьян):
  • Կաթնափուշ (Milk thistle, Расторопша, Silybum): Եվս մեկ սուպեր սնունդի աղբյուր, որը դեռ չի ստացել իր արժանի ժողովրդականությունը: Ի վիճակի է հեռացնել տոքսինները լյարդից, պաշտպանել քաղցկեղի զարգացումից, վերահսկել արյան շաքարը և իջեցնել խոլեստերինը: Կանխում է երիկամների և լեղապարկի քարերի ձեւավորումը, դանդաղեցնում է ծերացման գործընթացը, բարելավում է ուղեղի աշխատանքը:
  • Կաղամբ կարմիր (Red cabbage, Капуста красная): Միկրոկանաչի նուրբ, կարմիր ծիլերը հենց կաղամբի համ ունեն։ Կարմիր կաղամբից աճեցվածը մի քանի անգամ ավելի կարոտին և վիտամին C է պարունակում, քան սպիտակ կաղամբինը: Օգտակար է մարսողության համար և օգնում է ամրապնդել իմունային համակարգը: Լավ է համակցվում ցանկացած աղցանի հետ:
  • Կաղամբ սավոյան (Savoy cabbage, Капуста савойская): Արժեքավոր դիետիկ սնունդ է: Միկրոկ, անաչին հարուստ է հակաօքսիդիչներով և այլ օգտակար հատկություններով: Այն ունի մեղմ համ ու հոտ: Օգտագործվում է աղցանների, ապուրների և բուտերբրոդների մեջ: Հիանալի խավարտ կամ զարդարանք է մսով ճաշատեսակների համար:
  • Կանեփ (Hemp, Конопля): Բարձրարժեք բուսական սպիտակուցների մեծ պաշար ունի, հարուստ անփոխարինելի ամինաթթուներով։ Ունի հակաբորբոքային, մանրեասպան, մակաբույծասպան հատկություն։ Կանխարգելում է տրոմբոզի, ուռուցքների առաջացումը, կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը և էլի շատ բաներ։
  • Կերբելուկ մոմատերև (Chervil, Кервель): Հոտավետ բույս է, որը աճեցվում է ոչ միայն խոհարարական, այլ նաև բժշկական նպատակներով: Միկրոկանաչիները օժտված են կծու համով և անիսոնի բույրով: Հիանալի լրացնում է սոուսները, ապուրները, ձուն, կարտոֆիլը, ձկնամթերքը և թռչնամիսը:
  • Կոլրաբի (Kohlrabi, Кольраби): Այս կաղամբին, վիտամին C-ի մեծ պարունակության համար, կոչում են «հյուսիսային կիտրոն»: Շատ գեղեցիկ ծիլեր ունի՝ մանուշակագույն ցողուն և կանաչ տերևներ, այդ պատճառով շատ պոպուլյար է ռեստորաններում: Բույրը նման է շաղգամի բույրին, բայց մի փոքր ավելի մեղմ է և քաղցրահամ է: Զուգորդում են մսի և բուսակերների համար ուտեստներ հետ:
  • Կոտեմ (Garden cress, Кресс-салат): Յուրահատուկ հոտով և մանանեխի կծվությամբ միկրոկանաչիները լավ հավելում են խավարտի, սոուսների և աղցանների համար: Շատ արագ է աճում՝ ցանելուց 5 օր անց կարելի է կտրել: Հարուստ է կարոտինով, B խմբի վիտամիններով, երկաթով և մագնեզիումով: Բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, օգնում է անքնության դեպքում, կարգավորում է արյան ճնշումը:
  • Կորեկ (Millet, Просо):
  • Կտավատ (Flax, Лён): Միկրոկանաչին չեզոք համ ունի` մի փոքր ընկույզային երանգով: Օգտագործվում է առողջությանը, երիտասարդությանը և գեղեցկությանը օժանդակելու, ինչպես նաև քաշը նվազեցնելու համար: Պարունակում է օմեգա -3 ճարպաթթուներ, որոնք հատկապես օգտակար են երեխաների և կանանց համար:
  • Կունջութ (Sesame, Кунжут):
  • Հազար (Lettuce, Латук): Առողջ սննդի և դիետայի հրաշալի տարր է: Ի տարբերություն հասուն բույսի, մատղաշ, հյութեղ տերևների համն ավելի նուրբ է: Հարմար է բուտերբրոդների, բանջարեղենային սմուզիների և ձկնային ճաշատեսակների համար:
  • Հաճար (Farro, Полба): Բարելավում է սրտի, արյան անոթների աշխատանքը, մարսողությունը, իմունիտետը և վերարտադրողական համակարգը: Այժմ հաճարը սկսել է հաճախակի հայտնվել առաջատար սննդաբանների առողջ սննդի առաջարկություններում:
  • Համեմ (Coriander, Cilantro, Кориандр): Ունի ընդգծված կծու համ և համեմունքային բուրմունք: Հիանալի լրացնում է մսային, հատկապես մանղալի վրա խորոված ուտեստները: Շատ օգտակար է սրտի և արյան անոթների աշխատանքի համար: Պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, ինչպես նաև ֆոսֆոր և կալիում:
  • Հավակատար (Amaranth, Амарант): Կարմրավարդագույն տերևներով կանաչի՝ ընկույզի նրբերանգային համով: Հավակատարի միկրոկանաչին հարուստ է վիտամիններով: Օգտագործվում է աղցաններ պատրաստելիս, հարմար է սմուզիներ պատրաստելու համար:
  • Հացհամեմ (Fenugreek, Пажитник, Trigonella): Շատ օգտակար է լյարդի եւ ստամոքսի դիսպեպսիայի բուժման համար, ինչպես նաեւ օգնում է կարգավորել արյան շաքարի մակարդակը: Հացհամեմի միկրոկանաչին պարունակում է նաեւ ինսուլինի արտադրության համար պատասխանատու ամինաթթու: Հացհամեմի միկրոկանաչի ուտելը օգտակար է նաև արյան մեջ որոշակի ճարպերի, այդ թվում, խոլեստերինի եւ տրիգլիցերիդի թույլատրելիից բարձր մակարդակի դեպքում։ Ավելին, այն նաեւ օգնում է նվազեցնել դաշտանի ցավերը եւ կանխարգելում է հաստ աղիքի քաղցկեղը։
  • Հնդկացորեն կանաչ (Green Buckwheat, Гречка зеленая): Միկրոկանաչի աճեցնելու համար ամենատարածված մշակաբույսերից մեկն է: Ի վիճակի է ամրացնել իմունիտետը, բարելավել մարսողական տրակտի աշխատանքը և օրգանիզմին մատակարարել օգտակար սննդանյութերով: Ավելացվում է բանջարեղենային կոկտեյլներին, աղցաններին, պատրաստվում է բուսական կաթնաշոռ:
  • Հնդկոտեմ (Nasturtium, Настурция) Հայտնի ծաղիկ է, բայց քչերը գիտեն, որ դրա ծիլերը շատ օգտակար են: Միկրոկանաչին շատ հաճելի հոտ և սուր համ ունի, որը նման է մանանեխի կամ կոտեմի համին: Ավելացվում են պանիրներին, բանջարեղենային աղցաններին և ձվով ուտեստներին:
  • Հոռոմ-սամիթ (Fennel, Фенхель): Միկրոկանաչին ունի շատ ավելի մեծ քանակությամբ օգտակար սննդանյութեր, քան հասուն բույսը: Հարմար է միսի, ձկնեղենի հետ, կարող է լինել ապուրների հիմնական բաղադրիչ: Կանոնավոր օգտագործելը բարելավում է նյարդային համակարգի վիճակը, աղեստամոքսային տրակտի աշխատանքը և օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը:
  • Ճարճրուկ (Rocket salad կամ Arugula, Руккола)։ Օգտակար է իմունային համակարգի ամրապնդման համար, քանի որ պարունակում է ասկորբինաթթու: Թեթևակի դառնահամ է, ուստի հարմար է մսով և ձկով ուտեստների համար՝ հատկապես սոուսների մեջ:
  • Մաղադանոս (Parsley, Петрушка): Ներդաշնակորեն համատեղում է բոլոր այն վիտամիններն ու հանքանյութերը, որոնք պայքարում են ալերգիայի, հիպերտոնիայի և տարբեր բորբոքումների դեմ: Օգտակար է ոսկրային հյուսվածքների և իմունային համակարգի ամրապնդման համար: Միկրոկանաչին ավելի նուրբ ու բուրավետ է, քան հասուն մաղադանոսը: Կարելի է ավելացնել ապուրների, բանջարեղենի և մսով ուտեստների մեջ:
  • Մանանեխ (Mustard, Горчица) Միկրոկանաչին սուր, կծու համ ունի: Հարմար է ձկնային ուտեստների և աղցանների համար: Մանանեխի միկրոկանաչին բարերար ազդեցություն է թողնում արյան անոթների վրա, բարելավում է արյան շրջանառությունը և ախորժակը:
  • Մեղվախոտ կամ Պատրինջ դեղատու (Lemon balm, Мелисса, Melissa officinalis):
  • Միզունա (Mizuna, Мизуна): Բուրավետ տերևներով ծիլեր, որոնք կարող են օգտագործվել աղցանների, բուտերբրոդների կամ խավարտների համը լավացնելու համար: Կարգավորում է մարմնի ջրային հաշվեկշիռը և մաքրում է անոթների պատերը:
  • Նեխուր (Celery, Сельдерей): Միկրոկանաչին ավելի շատ կալցիում, կալիում և վիտամին C է պարունակում, քան հասուն նեխուրի ցողուններն ու արմատները: Ունի աղի-քաղցր, թանձր համ: Լավ է վինեգրետի, բուտերբրոդների, ապուրների և շոգեխաշելու համար:
  • Շաղգամ (Turnip, Турнепс): Միկրոկանաչին հաճելի, մի փոքր կծու համ ունի: Հիանալի զարդ է տարբեր խավարտների, մակարոնեղենի, սոուսների, շոգեխաշած ուտեստների ու մսերի համար: Կարելի է ավելացնել նաև բանջարեղենային աղցաններին, ապուրներին և բուտերբրոդներին: Առողջարար է և վիտամինների լավ աղբյուր է։
  • Ոլոռ (Pea, Горох): Միկրոկանաչին մի փոքր քաղցրահամ է, ունի ընկույզի երանգ և հիշեցնում է մատղաշ կանաչ ոլոռի համը: Ուտելի են և՛ տերևները, և՛ ցողունները, և՛ բեղիկները: Պարունակում է թաղանթանյութ, սպիտակուցներ, բարդ ածխաջրեր: Իր խրթխրթան հյուսվածքի շնորհիվ այն լավ համադրվում է թարմ բանջարեղենի հետ և հիանալի զարդարանք է բանջարեղենային ապուրների համար:
  • Ոսպ (Lentil, Чечевица): Համեղ միկրոկանաչի է, օգտակար միկրոտարրերի յուրահատուկ հավաքածու (մագնեզիում, երկաթ և այլն): Խթանում է արյան շրջանառությունը և մաքրում անոթների պատերը: Հարմար է տաք և սառը ուտեստների համար։
  • Չիա (Chia, Чиа):
  • Պերիլա [Շիսո] (Shiso, Perilla, Перилла, Perilla frutescens):
  • Պրաս (Leek, Лук-порей): Բարակ, մուգ կանաչ տերևներ են ստացվում՝ նուրբ բույրով և թեթև քաղցրահամով: Պարունակում է բազմաթիվ հակաօքսիդիչներ, վիտամիններ և հանքանյութեր, ուստի այն առողջ սննդակարգի անփոխարինելի բաղադրիչներից է: Օգտագործվում է ուտեստները զարդարելու և դրանց համ հաղորդելու համար: Հիանալի է ապուրների, մսերի և ձավարեղենի հետ:
  • Ռեհան (Basil, Базилик): Պարունակում է կարոտին, ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ և եթերայուղեր: Լավ է ազդում մարսողական համակարգի գործունեության վրա: Հիանալի է բոլոր ուտեստների հետ, լավ հավելում է աղի կաթնաշոռի և ձվածեղի համար:
  • Սամիթ (Dill, Укроп): Բուրավետ նուրբ միկրոկանաչի է ստացվում, որը մեծ քանակությամբ վիտամին P է պարունակում: Ամրացնում է արյան անոթների պատերը և կանխարգելում է վարիկոզը:
  • Սեզատերև (Chives, Лук скорода): Հաճելի բույրով, սոխի համով ու գլխին սեւ սերմերը պահած նրբագեղ միկրոկանաչի է ստացվում: Պարունակում է եթերայուղեր, որոնք ունեն հակավիրուսային ազդեցություն: Իդեալական է նախուտեստների համար:
  • Սիսեռ (Chickpea, Cicer, Нут)։ Միկրոկանաչին կանխարգելում է մրսածութունը, գերազանց օժանդակում է քաշի նվազմանը և իջեցնում է արյան խոլեստերինի մակարդակը: Համը նման է մատղաշ ընկույզի համին, որը սիրում են երեխաները: Օգտագործվում է որպես առանձին ուտեստ կամ ավելացվում աղցաններին:
  • Սոխ գլուխ (Onion, Лук репчатый): Սերմից ստացված միկրոկանաչիի համը նման է մատղաշ կանաչ սոխի համին: Պարունակում է ասկորբինաթթու և E և B վիտամիններ: Ճնշում է բերանի և մարսողական համակարգի վնասակար բակտերիաներին: Կարող է ավելացվել ցանկացած ուտեստին և լավագույնս համակցվում է մսի և բանջարեղենի հետ:
  • Սոյա (Soybean, Соя): Միկրոկանաչին հարուստ է C և B խմբի վիտամիններով, երկաթով և ամինաթթուներով: Հանգստացնող ազդեցություն ունի օրգանիզմի վրա և նորմալացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Կարող է մատուցվել մսի կամ խավարտների հետ։
  • Սպանախ (Spinach, Шпинат)։ Նուրբ համով և կծու բույրով միկրոկանաչի է ստացվում: Պարունակում է ճարպեր, սպիտակուցներ, երկաթ և վիտամիններ: Կարգավորում է արյան շրջանառությունը, իջեցնում խոլեստերինը, հեռացնում տոքսինները: Լավ հավելում է բանջարեղենից խավարտների, աղցանների և մսային ձավարեղենի համար։
  • Սուսամբար (Marjoram, Майоран, Origanum majorana):
  • Վաղենակ (Marigold, Календула):
  • Վասաբի (Wasabi, Васаби):
  • Վարսակ (Oats, Овес):
  • Վիգնաներ՝
    • Աձուկի (Adzuki, Адзуки, Vigna angularis
    • Մաշ (Mung bean, Маш, Vigna radiata):
  • Տատսոյ (Tatsoi, Татцой):
  • Ցորեն (Wheat, Пшеница): Ցորենի միկրոկանաչին պարունակում է տասնյակ օգտակար տարրեր, մեծ թվով վիտամիններ։ Լավացնում է մարսողականությունը, օգնում է հաղթահարել մաշկային հիվանդությունները, հարթեցնում է թոքերի սպիները, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, լյարդից հեռացնում է տոքսինները, բարելավում է ուղեղի աշխատանքը, կարգավորում է արյան ճնշումը, ամրացնում է անոթների պատերը ․․․։
  • Քաշմ (Lovage, Любисток, Levisticum officinale):
  • Քեմոն (Caraway, Тмин): Միկրոկանաչին սուր բուրավետ է և հաճելիորեն քաղցրահամ։ Օգտագործվում է կերակրատեսակները զարդարելու, ինչպես նաև սուսներում, վինեգրետում, շոգեխաշած ու ապուրներ պատրաստելիս։ Կիրառվում է մարսողությունը բարելավելու, նիհարելու և արյան շաքարի նորմալ մակարդակը պահպանելու համար:
  • Քինոա (Quinoa, Киноа, Chenopodium quinoa):
  • Քրիզանթեմ (Chrysanthemum, Хризантема):

Ուշադրություն

Մորմազգիներից (լոլիկ, սմբուկ, պղպեղ և այլն) և կարտոֆիլից միկրոկանաչի ընդհանրապես չեն աճեցվում, քանի որ այս մշակաբույսերի ցողունները պարունակում են ալկալոիդներ՝ բնական թույններ:

Միկրոկանաչիի հնարավոր վնասը

Միկրոկանաչին շատ օգտակար է, բայց որոշ դեպքերում կարող են լինել հակացուցումներ: Օրինակ ՝ մաղադանոսի և սպանախի ծիլերը պարունակում են շատ եթերայուղեր և ֆլավոնոիդներ, որոնք կարող են ալերգիա ունեցողների մոտ մաշկի ցան առաջացնել:

Աղեստամոքսային տրակտի հետ խնդիրներ ունեցողները պետք է չուտեն բույսեր, որոնք կարող են փքվածություն առաջացնել (ոլոռ, սիսեռ, կաղամբ) կամ բարձրացնեն թթվայնությունը (թրթնջուկ, սոխ, մանանեխ):

Բարեբախտաբար, ընտրությունը շատ մեծ է և յուրաքանչյուր ոք կարող է ընտրել այն բույսը, որն իրեն հարմար է և օգուտ կտա:

Հղումներ

Ցրտադիմացկուն բանջարեղեն, որի սերմերը կարելի է վաղ գարնանը ցանել

Մաղադանոս

Մաղադանոս (անգլ․՝ Parsley, ռուս․՝ Петрушка, լատ․՝ Petroselinum crispum

Մաղադանոսի սերմերը սկսում են ծլել +3 — +4 ° C ջերմաստիճանում: Բայց սերմի մակերեսի եթերայուղերի պատճառով մաղադանոսը շատ երկար է ծլում: Նույնիսկ օպտիմալ ջերմաստիճանում (18-20 ° C) առաջին ծիլերը հայտնվում են երկու շաբաթվա ընթացքում և որքան ցուրտ է, այնքան երկար են սերմերը ծլում: Ծլելը կարելի է արագացնել սերմերը տաք ջրի մեջ թրջելով կամ խոնավ կտորի վրա պահելով: Սածիլները առանց վնասվելու դիմանում են մինչև -9 ° C ցրտին: Մաղադանոսի հասուն թուփը կարող է դիմանալ իրական ցրտահարություններին (-10-12 ° C): Մաղադանոսի թե՛ արմատները, թե՛ տերեւները լավ են ձմեռում ձյան տակ: Եվ գարնան սկզբին նրանք ուրախացնում են առաջին ուտելի կանաչիով:

Սամիթ

Սամիթ (անգլ․՝ Dill, ռուս․՝ Укроп, լատ․՝ Anethum graveolens):

Մաղադանոսի մշտական ​​ուղեկիցը `սամիթը, ամենալավն աճում է զով եղանակին, դրա աճի հարմարավետ ջերմաստիճանը + 16-17 ° С է: Նույնիսկ այն դեպքում, երբ ջերմությունը տատանվում է + 5 ° C և + 8 ° C միջակայքում, սամիթի տերևները շարունակում են դանդաղ աճել: Բայց շոգ եղանակին այս մշակաբույսը արագորեն կորցնում է իր հյութեղությունը, կոպտանում է, չի աճում, ձգտում է ավելի արագ հովանոցներ բաց թողնել: Սամիթի սերմերը նույնպես դանդաղ են ծլում: Նույնիսկ + 12-15 ° C ջերմաստիճանում նրանք կարող են մնալ հողում մինչև 20 օր, ուստի սերմերի նախնական պատրաստումն անհրաժեշտություն է: Սամիթի սերմերը սովորաբար 2-3 օր թրջում են, ընթացքում յուրաքանչյուր 6-8 ժամ ջուրը փոխելով: Դրանից հետո սերմերը չորացնում և ցանում են մարգում:

Նեխուր

Նեխուր (անգլ․՝ Apium, ռուս․՝ Сельдерей, լատ․՝ Apium

Չնայած այն հանգամանքին, որ նեխուրը լավ ցրտադիմացկուն է, այն սովորաբար աճեցնում են սածիլավորելով: Եվ դա այն պատճառով, որ նեխուրը երկար ժամանակ է աճում ՝ 80-ից 210 օր: Սածիլներ աճեցնելու համար, սերմերը ցանում են փետրվարին: Լավ սածիլներ աճեցնելու համար պահանջվում է օդի ջերմաստիճանը ապահովել + 18-25 ° С սահմաններում: Մինչև չորրորդ իսկական տերևի հայտնվելը, նեխուրի սածիլները պահվում են զով ՝ + 15-20 ° C ջերմաստիճանում: Սածիլները կարող են տեղափոխվել բաց գրունտ, երբ օդի միջին օրական ջերմաստիճանը ցածր չէ + 10 ° C- ից և ոչ մի դեպքում ավելի վաղ: Նեխուրի տնկիները գոյատևում են -4 ° C ջերմաստիճանում, բայց, այնուամենայնիվ, ցածր ջերմաստիճանի երկարատև ազդեցությունը պատճառ է դառնում առաջին տարում բույսի ծաղկելուն։ Մեծահասակ բույսերը չեն վախենում կարճաժամկետ աշնանային ցրտահարություններից մինչև -7 ° C, և բարձր ձյան շերտի տակ նրանք ձմեռում են գետնին ու գարնանը արագ տալիս է նոր կանաչ: Բոլոր տեսակի նեխուրների աճի և զարգացման համար օպտիմալ ջերմաստիճանը + 15-22 ° C է:

Գանգրակաղամբ

Գանգրակաղամբ կամ Քեյլ (անգլ․՝ Kale, Leaf cabbage, ռուս․՝ Кале, լատ․՝ Brassica oleracea)։

Գանգուր տերևներով այս աներևակայելի օգտակար բույսը ռեկորդակիր է ցրտադիմացկուն մշակաբույսերի միջև: Այն կարող է դիմակայել մինչև -18 ° C ցրտահարություններին: Ավելին, գանգրակաղամբի ցրտահարված տերևները դառնում են էլ ավելի նուրբ և համեղ:

Գանգրակաղամբի սերմերը ծլում են հողի + 4-5 ° C ջերմաստիճանում, սակայն, ծլելու և սածիլների զարգացման համար օպտիմալ ջերմաստիճանը + 16-18 ° C է: Որպես կանոն, սերմերը ցանում են բաց գրունտում, դրանք 1-2 սանտիմետրով թաղելով հողի մեջ: Կախված տեսակից, գանգրակաղամբի առաջին բերքը կտրում են ծլելուց 2-3 ամիս անց: Որքան փոքր են տերևները, այնքան համեղ են դրանք:

Կոտեմ մշակովի

Կոտեմ (անգլ․՝ Garden cress, ռուս․՝ Кресс-салат, լատ․՝  Lepidium sativum)

Կոտեմը շատ ցրտադիմացկուն բույս է: Այն կաճի նույնիսկ + 2-3 ° С ջերմաստիճանում, սակայն դանդաղ, բայց հաստատուն: Օպտիմալ պայմաններում (մոտ + 16-18 ° С) կոտեմը վաղահասության հրաշքներ է ցույց տալիս. այն ծլում է 2-3 օրվա ընթացքում: Բույսը լավ է հանդուրժում լույսի պակասը: Որպես կանոն, կոտեմն ուտում են մատղաշ վիճակում:

Ճարճրուկ

Ճարճրուկ (անգլ․՝ Rocket salad, ռուս․՝ Руккола, լատ․՝ Eruca vesicaria)

Ճարճրուկը ոչ միայն ցրտադիմացկուն, այլև վաղահաս կանաչի է։ Այն գնահատվում է իր անսովոր համի համար, որը ցանկացած աղցան վերափոխում է համեղ միջերկրածովյան ուտեստի: Գարնանը, ճարճռուկ կարելի է ցանել մարտ ամսից: Միշտ բերք ունենալու համար, խորհուրդ է տրվում մինչև ամառվա կեսը, երկու շաբաթը մեկ նոր ցանք անել: Սերմերը ծլում են + 9-10 ° C օդի ջերմաստիճանում: + 17-23 ° C համարվում են իդեալական պայմաններ լավ սածիլներ ստանալու համար: Ճարճրուկը պիտանի է նաև աշնանացանի համար: Սերմերը ցանվում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ ջերմաչափը այլևս չի բարձրանում զրոյից: Սերմերը թաղված են հողում 2-4 սմ խորությամբ: Ցանկալի է բույսերի միջև պահպանել 8-10 սմ հեռավորություն:

Մանանեխ աղցանի

Մանանեխ աղցանի (ռուս․՝ Листовая горчица)

Աղցանի մանանեխի սերմերը ծլում են + 1–3 ° С ջերմաստիճանի պայմաններում, իսկ + 18–20 ° C ջերմաստիճանում այն ​​բարձրանում է գրեթե ակնթարթորեն՝ 3 օրվա ընթացքում: Սածիլները դիմանում են կարճաժամկետ ցրտահարություններին: Աղցանի մանանեխի ցանքն իրականացվում է ինչպես գարնանը (մարտ-ապրիլ-մայիս), այնպես էլ ամռանը (հուլիս-օգոստոս): Երկար օրվա բույս ​​է. ամռանը ծաղկում է: Թփերի միջեւ պետք է լինի առնվազն 10-12 սմ բացատ:

Սոխ

Գլուխ սոխ (անգլ․՝ Onion, ռուս․՝ Лук-чернушка, լատ․՝ Allium cepa

Բոլոր տեսակի սոխերը բավականին ցրտադիմացկուն բույսեր են, բայց գարնանը գլուխ սոխի սերմերը ցանում են առաջինը: Հողը, ձյան հալվելուց ու չորանալուց հետո, պատրաստ է սոխի սերմերն ընդունելու։ Նվազագույն ջերմաստիճանը, երբ սոխի սերմերը սկսում են ծլել՝ + 5-10 ° C է: Բայց, այդ պայմաններում սածիլներին պետք կլինի երկար սպասել: Իսկ 18-20 ° C ջերմաստիճանում առաջին ծիլերը կարող են հայտնվել տնկելուց մեկ շաբաթ անց: Սոխը ցանում են ակոսների մեջ `1-1,5 սանտիմետր խորությմբ: Հասուն սոխի տերևը հեշտությամբ հանդուրժում է մինչև -2 ° C ցրտահարությունները: Բազմամյա սոխերը և պրասը չեն վախենում ջերմաստիճանի մինչև -5 ° C իջեցնելուց:

Ոլոռ

Ոլոռ (անգլ․՝ Pea, ռուս․՝ Горох, լատ․՝ Pisum sativum

Ոլոռին շատ ջերմություն պետք չէ: Դրա սերմերի արթնացման նվազագույն ջերմաստիճանը + 1–2 ° С է: + 4-5 ° C բավարար է ծիլների բնականոն զարգացման և սածիլների ձևավորման համար: Իսկ մինչև + 10 ° C տաքացած հողում ոլոռը ծլում է բառացիորեն 3-7 օրվա ընթացքում: Ոլոռի սածիլները կարող են գոյատևել -4 ° C-6 ° C ջերմաստիճանում: Այնուամենայնիվ, սառնամանիքները թուլացնում են բույսերը և զգալիորեն նվազեցնում դրանց բերքը:

Սպանախ

Սպանախ (անգլ․՝ Spinach, ռուս․՝ Шпинат, լատ․՝ Spinacia oleracea)

Սպանախը սկսում է աճել + 2-3 ° C ջերմաստիճանում: Սա ծլելու համար նվազագույն ջերմաստիճանն է, նման պայմաններում արագ ծլելը ակնկալել պետք չէ։ Բայց, + 15-20 ° C ջերմաստիճանում, ցանելուց տասն օր անց, առաջին տերևները կհայտնվեն: Ի դեպ, ծլելը կարելի է արագացնել սերմերը 48 ժամ ջրում թրջելով: Երիտասարդ տնկիները հեշտությամբ են դիմանում կարճաժամկետ ցրտահարություններին՝ մինչև -6 ° С: Սպանախի բնականոն աճի և զարգացման համար անհրաժեշտ է + 15-18 ° C ջերմաստիճան: Սպանախը պետք է ցանել գարնան սկզբին և միշտ լավ ջրել: Խոնավության պակասն ու շոգը հանգեցնում են բույսի վաղաժամ ծաղկելուն:

Բակլա

Բակլա (անգլ․՝ Broad bean, Fava bean կամ Faba bean, ռուս․՝ Боб садоый, լատ․՝ Vicia faba):

Բակլան ցանում են մարտի վերջին կամ ապրիլին: Սերմերը ծլում են 4-8 ° C ջերմաստիճանում, և սածիլները կարող են դիմակայել մինչև -6 ° C ցրտահարություններին : Այնուամեայնիվ, ցուրտ եղանակի երկարատև ազդեցությունը դանդաղեցնում է ցողունների և տերևների աճը: Իսկ “մրսած” բույսերի բերքատվությունն ընկնում է 30% -ով։

Գազար

Գազար (անգլ․՝ Carrot, ռուս․՝ Морковь, լատ․՝ Daucus):

Գազարը մեկ այլ ցրտադիմացկուն բույս է, որը միշտ փորձում են որքան հնարավոր է վաղ ցանել։ Չնայած սերմերի ծլելու համար օպտիմալ ջերմաստիճանը +17-ից 20 ° C սահմաններում է, դրանք սկսում են ծլել նույնիսկ սառը հողում (+ 4-5 ° C): Գազարի ծիլերը սովորաբար հայտնվում են ցանելուց 14-16 օր հետո: Այս ժամկետը կարող է կրճատվել սերմերի հատուկ մշակմամբ: Սերմերը ցանում են փխրուն հողի մեջ ՝ մինչև 3 սանտիմետր խորությամբ ակոսներում։

Ճակնդեղ

Ճակնդեղ (անգլ․՝ Beet, ռուս․՝ Свекла, լատ․՝ Beta vulgaris):

Գազարի համեմատ, ճակնդեղը փափկասուն է, բայց, այն նաև ջերմասեր չէ: Ճակնդեղի սերմերը սկսում են ծլել + 4-6 ° C ջերմաստիճանում, բայց դա ծլելու նվազագույն ջերմաստիճանն է, այսինքն, ծիլերը 20 օրից շուտ չեն հայտնվի: Խորհուրդ է տրվում ճակնդեղի սերմերը ցանել +6-8 աստիճան տաքացած հողում: Ճակնդեղի սածիլներին անհրաժեշտ է առնվազն +15 ° C ջերմաստիճան, ցուրտն ու սառնամանիքները կործանարար են դրանց համար: Բայց, 4-6 իսկական տերևներ ձևավորելուց հետո ճակնդեղը պակաս ցավոտ է արձագանքում եղանակի վատթարացմանը:

Ամսաբողկ

Ամսաբողկ (անգլ․՝ Radish, ռուս․՝ Редис, լատ․՝ Raphanus sativus)

Ամսաբողկի սերմերը սկսում են ծլել արդեն + 2-4 ° C ջերմաստիճանում, իսկ եթե ջերմաստիճանը մոտ է իդեալականին (+ 15-17 ° C), առաջին ծիլերը կհայտնվեն ցանքից 4-6 օր հետո: Ծլելն արագացնելու համար, ցանելուց առաջ սերմերը պետք է 24 ժամ թրջել: Ամսաբողկի սածիլները կարող են դիմանալ մինչև -2-3 ° C կարճաժամկետ ցրտահարություններին: Մեծահասակ բույսերը նույնիսկ ավելի դիմացկուն են՝ չեն վախենում -5-6 ° C ցրտահարություններից: Ամասաբողկը, ընդհանուր առմամբ, գերադասում է զովությունը, առավել համեղ և հյութալի արմատապտուղներ առաջանում են + 16-20 ° C ջերմաստիճանում: Ավելի բարձր ջերմաստիճանում պտուղը դառնում է դառը և կոպիտ, իսկ երկարատև շոգը բերում է բույսի ցողունավորման:

Կարտոֆիլ

Կարտոֆիլ, Փաթաթես (անգլ․՝ Potato, ռուս․՝ Картофель, լատ․՝ Solanum

Կարտոֆիլի պահանջները օդի և հողի ջերմաստիճանի նկատմամբ կախված են բույսի զարգացման փուլից: + 5 ° C ջերմաստիճանի պայմաններում պալարներում արդեն սկսվում է աչքերի արթնացումը: Բայց, ցանկալի է, որ սերմացու կարտոֆիլը սկսի ավելի տաք պայմաններում ծլել (+ 12-15 ° C): Հակառակ դեպքում կարտոֆիլի բնական իմունիտետը հիվանդությունների նկատմամբ նվազում է: Պալարները կարելի է տնկել մինչև + 7-8 ° C տաքացած հողի մեջ: Որքան բարձր լինի հողի ջերմաստիճանը, այնքան արագ առաջին ծիլերը կհայտնվեն: Կարտոֆիլի տերևները դժվարությամբ, բայց դիմանում են մինչև -2 ° C ցրտահարություններին: + 21-25 ° C օդի ջերմաստիճանում (իսկ հողինը ՝ + 16-19 ° C), ինտենսիվորեն ձեւավորվում են նոր պալարներ: Ուստի ամենամեծ բերքը միշտ ստացվում է չափավոր տաք ամռանը:

Վայրի գազար

Վայրի գազար կամ պաստինակ (անգլ․՝ Parsnip, ռուս․՝ Пастернак, լատ․՝ Pastinaca sativa

Վայրի գազարը ոչ միայն ցրտադիմացկուն է, այլեւ ձմռանը հանգիստ ձմեռում է ձյան տակ: Գարնան սկզբին այն տալիս է առաջին թարմ արմատապտուղները: Միայն թե պետք է արմատապտուղը մինչև աճը սկսելը հողից հանել։ Աճի երկրորդ տարում վայրի գազարը ծաղկում է, իսկ արմատապտուղը կորցնում է համը։

Վայրի գազարը ցանում են գարնան սկզբին։ Սերմերի ծլելու համար նվազագույն ջերմաստիճանը + 2–3 ° С է, օպտիմալը ՝ + 16–18 ° С: Սերմերը դժվարությամբ են ծլում, առաջին ծիլերը հայտնվում են 20-25 օրից, հետեւաբար, մինչև ցանելը ձեռնարկվում են ծլելն արագացնող մշակումներ։ Երիտասարդ բույսերը կարող են դիմակայել մինչև -5 ° C ցրտահարություններին, իսկ հասունները՝ մինչև -8 ° C: Վայրի գազարը լավ է աճում զով եղանակին (+ 18-20 ° C), լավ խոնավացրած հողում:

Կաղամբներ

Կաղամբներ (ռուս․՝ Капусты, լատ․՝ Brassica oleracea

Կաղամբի բազմաթիվ սորտերից բոլորի սածիլներն էլ կարող են դիմանալ կարճատև ցրտահարությանը: Կաղամբի սածիլները դիմանում են կարճաթև -3 ° C ցրտին, իսկ պեկինյան կաղամբը, ծաղկակաղամբը կամ բրոկկոլին -2 °C ին։ Սակայն, ցրտահարված սածիլներն ավելի ցածր բերք են տալիս:

Կաղամբի սածիլներն ավելի հարմար է ջերմոցում աճեցնել, քան տանը, որտեղ ջեռուցման համակարգեր կան: Եթե ​​արագ աճի համար սածիլներին պետք է ապահովել օդի + 15-20 ° C ջերմաստիճան, ապա ծլելու առաջին օրերին + 7-10 ° C էլ բավարար է: Հակառակ դեպքում բույսերը ուժեղ ձգվում են, իսկ կաղամբի համար դա աղետ է: Բոլոր կաղամբներին անհրաժեշտ է մեծ քանակությամբ լույս, լավ օդափոխություն և զովություն՝ 12 ° C- ից մինչև 24 ° C, կախված տեսակից: Լավ կաղամբի ձևավորման համար կատարյալ պայմաններն են + 13-18 ° С: Շոգը դանդաղեցնում է կաղամբի աճը և կանխում կաղամբի գլուխների առաջացումը:

Հասունացած կաղամբները ցրտադիմացկուն են, դիմանում են մինչև -7 ° C, մինչդեռ ուշ հասունացող սորտերը կարող են դիմակայել մինչև -9 ° C:

Ծաղկակաղամբը պակաս ցրտադիմացկուն է, այն չի դիմանում -2 ° С- ից ուժեղ ցրտերին: Դրա զարգացման համար առավել բարենպաստ ջերմաստիճանը ցերեկը՝ 15-18 ° C է, իսկ գիշերը՝ 10-12 ° C: Աշնանը + 10 ° C- ից ցածր ջերմաստիճանում ծաղկաբույլերը դանդաղ են զարգանում, և + 5 ° C ջերմաստիճանում դրանք դադարում են ընդհանրապես աճել:

Պեկինյան կաղամբի գլուխները չեն կորցնում իրենց համը նույնիսկ աշնանային ցրտահարություններից հետո՝ -4-5 ° C ջերմաստիճանում: Իսկ կանաչ բրոկկոլիի ծաղկաբույլերը կարող են գոյատևել մինչև -7 ° C ցրտահարությունից հետո:

Բանջար

Շվեյցարական մանգոլդ (անգլ․՝ Swiss chard, ռուս․՝ Мангольд, լատ․՝ Beta vulgaris subsp. vulgaris

Շվեյցարական մանգոլդը, կամ թփավոր ճակնդեղը նույնպես վաղ ցանվող մշակաբույսերից է: Խորհուրդ է տրվում այն ​​ցանել բաց գրունտում`ապրիլի սկզբին՝ սերմերը մեկ օր թրջելուց հետո: Սերմերի ծլելու համար նվազագույն թույլատրելի ջերմաստիճանը + 4-5 ° C է: Ցանքն իրականացվում է 2-2,5 սանտիմետր խորությամբ: Բանջարի տերևները դիմանում են թեթև, կարճաժամկետ ցրտերին (մինչև -3 ° C): Հյութալի կոթուններ ու տերևներ ստացվում են + 18-20 ° C ջերմաստիճանում:

Շաղգամ

Շաղգամ (անգլ․՝ , ռուս․՝ Репа, լատ․՝ Brassica rapa

Շաղգամը լավ է տանում ինչպես ցուրտը, այնպես էլ շոգը: Այն ցանվում է շատ վաղ ՝ մարտ — ապրիլին: Սերմերը սկսում են ծլել + 1-3 ° C ջերմաստիճանում, բայց տերևները կհայտնվեն + 5-6 ° C-ին: Շաղգամի երիտասարդ սածիլները կարող են դիմակայել մինչև -3-4 ° C ցրտահարություններին:

Բողկի նման, շաղգամը հաճախ ցանում են նաև ամռան վերջին (հուլիսի կեսերին): Աշնանը բույսերը կարողանում են գոյատևել մինչև -5-6 ° C ջերմաստիճանի անկումին: Այնուամենայնիվ, ցրտահարված արմատապալարները լավ չեն պահպանվում պահեստավորելիս և ավելի վատ համ ունեն:

Շաղգամի աճի և զարգացման համար օպտիմալ ջերմաստիճանը 15-20 ° C է:

Գոնգեղ

Գոնգեղ (անգլ․՝ Rutabaga, ռուս․՝ Брюква, լատ․՝ )

Շաղգամի բարեկամ գոնգեղը նույնպես առանձնանում է ցածր ջերմաստիճանի նկատմամբ հանդուրժողականությամբ: Գոնգեղի սերմերի ծլելու համար նվազագույն ջերմաստիճանը + 1-2 ° C է, բայց դա, իհարկե, բավարար չէ արագ և որակյալ սածիլներ ստանալու համար: + 8-10 ° C ջերմաստիճանում գոնգեղը ծլում է 4-5 օրում: Սածիլները դիմանում են կարճաժամկետ, մինչև -6-8 ° C ցրտահարություններին: Հասուն բույսերը նույնպես ի վիճակի են դիմակայել նման ցրտահարություններին, բայց ցրտահարված պալարները, ինչպես շաղգամինը, ունեն պահեստում պահպանման խնդիր և որակի նվազում:

Որպեսզի գոնգեղը լավ աճի, ցերեկային ժամերին օդի + 25 ° C ջերմաստիճան է անհրաժեշտ, իսկ գիշերային ժամերին + 17 ° C։ Հողի ջերմաստիճանը պետք հասած լինի +15 ° C-ի: