Կարգերով պահոցներ՝ Դեղաբույսեր

Լիմոնախոտ

Լիմոնախոտը (անգլ․՝ Lemongrass, ռուս․՝ Лимонная трава, լատ․՝ Cymbopogon) հացազգիների ընտանիքի, բարձր, բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Մոտ 55 տեսակներից հատկապես Արևմտահնդկական լիմոնախոտ (West Indian Lemon Grass, Челнобородник лимонный, Cymbopogon citratus) տեսակը լայնորեն աճեցվում է որպես համեմունք և դեղաբույս։

Լիմոնախոտի հայրենիքը Հարավ-Արեւելյան Ասիան է, այն լայնորեն մշակվում է Աֆրիկայի, Ասիայի եւ Ամերիկաների արեւադարձային գոտիներում:

Մեր կլիմայական պայմաններում բաց գրունտում աճեցնելու համար բույսը հարմարեցված չէ, սակայն կարելի է աճեցնել սենյակային պայմաններում:

Հետաքրքիր է, որ այս հացազգին մշակվում է ոչ թե հատիկների, այլ տերեւների եւ ցողունների համար: Լիմոնախոտը հայտնի համեմունք է։ Առավել հաճախ այն օգտագործում են ապուրների եւ հնդկական Curry-ի հետ կամ ավելացնում են թեյին։

Բացի այդ, լիմոնախոտը արժեքավոր դեղաբույս է։ Դրա տերեւները պարունակում են B, C եւ A խմբի վիտամիններ, ֆոլիաթթու, կալիում, կալցիում եւ այլ օգտակար հանքանյութեր: Լիմոնախոտի եթերային յուղը ունի հակասնկային, հակամակաբույծ ազդեցություն, օգնում է ստամոքսի խանգարման, մրսածության, գլխացավի դեպքում:

Տանը լիմոնախոտ աճեցնելը

Տան պայմաններում բացի Արևմտահնդկական լիմոնախոտ (West Indian Lemon Grass, Челнобородник лимонный, Cymbopogon citratus) տեսակից աճեցնում են նաև Արևելահնդկական լիմոնախոտը (Восточно-индийское лимонное сорго կամ Малабарская трава, Cymbopogon flexuosus) ու Կիտրոնելան (Citronella grass, Цитронелла, Cymbopogon nardus): Բոլորի խնամքը նույնն է։

Աճեցնելու տեղը

Արևադարձային բույսի համար, բնականաբար, պետք է ընտրել լուսավոր ու տաք տեղ՝ դեպի հարավ նայող պատուհանագոգը։ Լիմոնախոտն, ի տարբերություն շատ բույսերի, չի վախենում արևի ուղիղ ճառագայթներից։ Թույլատրելի է նաև ցրված, պայծառ լուսավորությունը՝ լուսավոր պատուհանից ոչ ավելի քան 1,5 մ հեռավորության վրա։

Ուշադրություն

Չարժե լիմոնախոտն աճեցնել տրանսպորտի կամ արտադրական արտանետումների համար բաց պատշգամբում։ Լիմոնախոտի տերեւները կլանում և իրենց մեջ կուտակում են այդ վնասակար տարրերը։

Ծաղկամանը

Բնական պայմաններում լիմոնախոտը հասնում է մինչև 1,8-2 մետր բարձրության։ Ծաղկամանում դա հնարավոր չէ։ Նորմալ աճի համար բավարար է 25-30 սմ տրամագծով ծաղկամանը։

Հողախառնուրդը

Կարևոր է որ հողը լինի պարարտ և փխրուն։ Կարելի է գնել որևէ համապիտանի հողախառնուրդ կամ պատրաստել ինքնուրույն՝ հավասար մասերով իրար խառնել կենսահումուս և գետի ավազ։ Փխրունությունն ավելացնելու համար լրացուցիչ պերլիտ կամ վերմիկուլիտ ավելացնել։ Լավ դրենաժային շերտն էլ պարտադիր է։

Օդի ջերմաստիճանն ու խոնավությունը

 Օդի նվազագույն ջերմաստիճանը +16оС է, իսկ ամենահարմարավետը +20…+25оС տիրույթն է։ Օդի խոնավությունը՝ չափավոր, սիրում է հաճախակի ցողվել մանր կաթիլներով։

Լիմոնախոտը տառապում է միջանցիկ քամիներից, դա կարող է բերել արմատների նեխելուն։ Ձմռանը, սենյակը օդափոխելիս, պետք է բույսը պաշտպանել սառը օդի հոսքերից։ Հնարավորության դեպքում, ամռանը օգտակար է լիմոնախոտը բաց երկնքի տակ պահել։

Խնամքը

Լիմոնախոտի խնամքը կանոնավոր ջրելն ու սնուցում տալն է։ Պետք է նաև ուշադրություն դարձնել օդի խոնավությանը եւ ջերմությանը: Խորհուրդ չի տրվում թփի շուրջը հողը փխրեցնել :

Ջրելը

Լիմոնախոտը խոնավություն սիրող բույս է։ Ամռանը պետք է առատ ջրել, բայց հողը ցեխ ու ճահիճ չդարձնել։ Ամռան խիստ շոգին կարելի է փոքր չափաբաժիններով օրական երկու և ավելի անգամ ջրել։

Ձմռանը ջրելը քչացնում են։ Ջրում են հողի մակերեսը չորանալուց հետո։

Սնուցումը

Սնուցումն արվում է ակտիվ աճի շրջանում՝ ապրիլից հոկտեմբեր: Հարմար է կիրառել համալիր հեղուկ պարարտանյութ: Դա արվում երկու շաբաթը մեկ, ջրելու ժամանակ։ Քանի որ լիմոնախոտը ակտիվորեն ավելացնում է կանաչ զանգվածը, այն հատկապես ազոտական պարարտանյութերի կարիք ունի, այդ թվում ‘ օրգանական:

Բազմացնելը

Լիմոնախոտը կարելի է բազմացնել սերմերով, թուփը բաժանելով և ցողունները արմատակալելու դնելով։

Սերմով բազմացնելը
  • Սածիլներ աճեցնելու համար նախատեսված կոնտեյները լցնում են բերրի հողով եւ լավ ցողում են ցողիչով:
  • Առանց խորացնելու, հողի մակերեսով բաշխում են սերմերը և վրան ծածկում 2-3 մմ հաստությամբ հողի կամ ավազի շերտով։
  • Ցանքը եւս մեկ անգամ լավ ցողում են։
  • Կոնտեյները ծածկում են պլաստիկ թաղանթով կամ ապակիով, դնում են ջերմ լուսավոր տեղ։ Օդի +18оС ջերմաստիճանի դեպքում ծիլերը հայտնվում են մոտ մեկ շաբաթ անց:
  • Ծիլերի հայտնվելուց հետո կոնտեյները բացում են: Հետևում են, որպեսզի հողը միշտ խոնավ լինի, ըստ անհրաժեշտության, պարբերաբար ցողում են հողը:
  • Մոտ 1-2 շաբաթից հասակ առած թփերը զգուշորեն տեղափոխում են առանձին ծաղկամանների մեջ:
Թուփը բաժանելը

Երբ լիմոնախոտի թուփը աճել եւ լցրել է ամբողջ ծաղկամանը, այն կարելի է հանել և բաժանել թուփը մի քանի մասերի: Գերադասելի է դա անել գարնանը կամ ամռան սկզբին։

Դուրս հանած թուփը զգուշորեն թափ տալով արմատներն ազատում են հողից, որպեսզի երևան տեղերը որտեղից կարելի է բաժանել թուփը։ Բաժանում են ձեռքերով կամ սուր դանակով, բաժանված թփերը տնկում են առանձին ծաղկամաններում և լավ ջրում։

Ցողունը արմատակալելու դնելը

Փորձը ցույց է տալիս, որ կարելի է նույնիսկ խանութից գնված լիմոնախոտի ցողունից արմատակալած տնկի ստանալ։ Դրա համար դրանք պետք է լինեն ամբողջական՝ ստորին հատվածը պահպանված։

  • Բաժակի մեջ 2-3 սմ հնեցված, գոլ ջուր են լցնում ու ցողունը դնում մեջը։ Անհրաժեշտ է, որ օդի ազատ հոսք լինի դեպի ձեւավորվող արմատները:
  • Բաժակը դնում է տաք, լուսավոր տեղ, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ։
  • Ջրի մակարդակը հաստատուն են պահում։
  • Մոտավորապես մեկ շաբաթ անց, ցողունի վրա երիտասարդ արմատներ են ձեւավորվում։
  • Չսպասելով արմատների երկարանալուն, բույսը տնկում են բերրի հողի մեջ և հետագայում ապահովում են սովորական խնամք։

Հիվանդություններ և վնասատուներ

Լիմոնախոտը մեծ քանակությամբ եթերային յուղեր է պարունակում։ Այն հազվադեպ է հիվանդանում և ենթարկվում վնասատուների հարձակմանը։ Որպես սարդոստայնային տիզի դեմ կանխարգելիչ միջոց, խորհուրդ է տրվում պարբերաբար ցողել բույսը նաև ձմռանը։

Բերքահավաքը

Ըստ անհրաժեշտության, թարմ տերեւները կտրում են երբ դրանք հասնում են 25-30 սմ երկարության: Ամբողջական բերքահավաք անում են ձմռանը, երբ տերեւները սկսում են չորանալ:

Կտրած տերևները մանրացնում են, 1-2 սմ երկարությամբ կտորները փռում են թղթի կամ կտորի վրա և չորացնում են։ Պահում են ապակե հերմետիկ տարայի մեջ։

Լիմոնախոտի ցողուններն էլ են ուտելի։ Երբ ցողունի տրամագիծը հասնում է 2-4 սանտիմետրի, այն կտրում են հողի մակարդակով եւ օգտագործում որպես սոուսների, ապուրների հավելում եւ մսային ճաշատեսակներում: Կտրված ցողունը կրկին աճում է:

Ուշադրություն

Լիմոնախոտի տերևների եզրերը շատ սուր են: Բերքահավաքը պետք է իրականացվի ձեռնոցներով:

Սխալներ

Անփորձ մշակողները կարող են հետեւյալ դժվարությունների հանդիպել՝

  • Բույսը չի աճում կամ մահանում է սածիլի փուլում: Հաճախ դա պայմանավորված է լինում հողի գերխոնավացմամբ։ Եթե ցանելիս հողը լավ խոնավ է եղել, այլևս մինչև սերմերի ծլելը ջրելն անհրաժեշտ չէ։ Հետագայում էլ չափից շատ ջրելը վնասակար է։
  • Բույսը լավ արմատներ է զարգացնում, բայց հետո դրանք նեխում են։ Խնդիրը կրկին կապված է չափից շատ ջրելու հետ։ Կարելի է փորձել ջրել ներքևից՝ տակդիրի միջից։
  • Որոշ մարդկանց մոտ բույսի եթերային յուղի մեջ պարունակվող նյութերը կարող են ալերգիա առաջացնել:

Հղումներ

Հացհամեմ

Հացհամեմը (անգլ․՝ Trigonella, ռուս․՝ Пажитник, լատ․՝ Trigonella) բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին պատկանող, մինչև 80 սմ բարձրությամբ ցողունով, միամյա, հազվադեպ՝ բազմամյա,

կումարինի սուր հոտով խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 95, Հայաստանում՝ 17 տեսակ՝ Հացհամեմ երկնագույն (Trigonella caerulea), Այծառվույտ (Trigonella foenum-graecum), Հացհամեմ գլխիկավոր (Trigonella capitata), Հացհամեմ թրաձեվ (Trigonella gladiata), Հացհամեմ բարակ (Trigonella tenuis), Հացհամեմ աստղաձև (Trigonella astroides) և այլն։ Տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, թփուտներում, կավահողերում, ճամփեզրերին և այլն։

Հացհամեմը օգտագործվում է սննդի, համեմունքների, կոսմետիկայի, օճառի, բորբոքումների բուժման եւ նույնիսկ մարսողության բարելավման եւ խոլեստերինի իջեցման համար:

Որպես համեմունքային բույսեր մշակության մեջ տարածված են հացհամեմի երկու տեսակները՝ Այծառվույտ, Հունական խոտ կամ Շամբալա (Fenugreek, Пажитник сенной, Trigonella foenum-graecum), Հացհամեմ երկնագույնը (Пажитник голубой, Trigonella caerulea)։

Այծառվույտ (Trigonella foenum-graecum)
Հացհամեմ երկնագույն (Trigonella caerulea)

Ինչպես հացհամեմ աճեցնել

Սերմերը։ Լավ կլինի ստուգված մատակարարից թարմ, ծլողունակությունը չկորցրած սերմեր ձեռք բերել։

Որտեղ ցանել։ Հացհամեմ կարելի է աճեցնել ինչպես դաշտում կամ այգում, այնպես էլ, առնվազն 30 սմ խորությամբ, ծաղկամանում։ Հացհամեմը սիրում է աճել արևկող տեղերում, սակայն դա չի նշանակում, որ կհրաժարվի աճել կիսաստվերում։

Հողը, որտեղ ցանում են, պետք է փխրուն լինի և լավ դրենաժային հատկություն ունենա։ Մի փոքր թթվայնությունը (PH 6,4) գերադասելի է, սակայն 6,0 — 7,0 PH տիրույթն էլ նորմալ է։

Հացհամեմը տաք հող է սիրում, սերմերը ցանում են անմիջապես իր տեղում։ Նախապես սածիլներ աճեցնել կարելի է, սակայն այնպիսի տարայում, օրինակ տորֆի բաժակներում, որ հետո առանց արմատները վնասելու հիմնական տեղում տնկել լինի։

Ինչպես ցանել։ Ցանելուց առաջ հացհամեմի սերմերը մեկ գիշեր թրջում են գոլ ջրի մեջ, այնուհետև մի փոքր չորացնում են և ցանում՝ ամենևին չհետևելով սերմերի հավասարապես բաշխմանը հողի մակերեսին։ Ցանելուց հետո սերմերը պետք է ծածկել մոտավորապես 0,5 սմ բարձրությամբ հողի շերտով։

Ջրելը։ Ցանելուց հետո ցանքը լավ ջրում են։ Հետագա 3-5 օրերին էլ, մինչև առաջին ծիլերի հայտնվելը, հողը միշտ խոնավ պետք է լինի։

Բերքահավաքը։ Եթե հացհամեմն աճեցվում է տերևների համար, ապա ցանելուց 3-4 շաբաթ անց, երբ բույսերը հասնեն մոտ 14 սմ բարձրության, կարելի է արմատից մի փոքր վերև կտրել թփերն ու հավաքել։ Սերմեր ստանալու համար պետք է սպասել այնքան, մինչև սերմով պատիճները հասունանան և դեղնեն ու հավաքել դրանք մինչև բացվելը։

Հացհամեմի սերմերը

Թեյ հացհամեմի սերմերից

Օգտակարությունը

  • Բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը;
  • Բուժում է արտրիտը, հոդատապը (պոդագրան) և այլ բորբոքումները;
  • Խթանում է կերակրող մայրերի կաթի արտադրությունը, հարստացնում է կաթը մագնիումով և վիտամիններով;
  • Երկաթի բարձր պարունակության շնորհիվ, օգնում է արյան պակասության դեպքում (անեմիա);
  • Կարգավորում է արյան ճնշումը, իջեցնում է շաքարի և խոլեստերինի մակարդակը;
  • Մեղմում է դաշտանային ցավերը;
  • Միզամուղ է, օգնում է արագ դետոքսիկացնել օրգանիզմը;
  • Ամրացնում է օրգանիզմի իմունային համակարգը։

Հակացուցումներ

Հացհամեմի սերմերի թեյը անվտանգ է, բացառությամբ հացհամեմի, սոյայի, առախիսի նկատմամբ ալերգիա ունեցողների համար։ Նրանց մոտ կարող են առաջանալ որոշակի բարդություններ, ինչպիսիք են ստամոքս-աղիքային խանգարում, սրտխառնոց, փսխում, դեմքի այտուցում եւ հազ։

Հացհամեմի սերմերի թեյ խորհուրդ չի տրվում խմել հղիներին և շաքարախտից բուժվողներին։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ թեյը նվազեցնում է արյան մակարդելությունը, ինչը լավ է սրտի աշխատանքի համար, բայց կարող է վտանգավոր լինել այլ հիվանդությունների դեպքում։

Ամեն դեպքում

Հացհամեմի սերմերի թեյ ամեն օր խմելու հարցով անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։

Ինչպես պատրաստել

  • Աղացած կամ հավանգի մեջ տրորած 1 թեյի գդալ (11 գ) հացհամեմի սերմերը լցնել 1 բաժակ (240 մլ) եռման ջրի մեջ, բաժակը ծածկել և թրմել 5-6 րոպե։ Հացհամեմի սերմերի հետ միասին կարելի է այլ խոտեր (նանա, ուրց և այլն) կամ թեյ գցել։
  • Մեկ այլ տարբերակով ամբողջական կամ հավանգի մեջ տրորած սերմերը լցնում են 1 բաժակ (240 մլ) տաք ջրով կաթսայի մեջ, և եռացնում 5-6 րոպե։
  • Թեյքամիչով քամել թեյը մեկ այլ բաժակի մեջ և խմել՝ տաք կամ սառը վիճակում։

Հացհամեմի սերմեր ծլեցնելը

Հացհամեմի ծլած սերմերը սննդարար շատ տարրեր են պարունակում, որոնցից հիմնականներն են սպիտակուցները (29%), կալիումը, օսլան, շաքարը, եթերային յուղը, A, C և B վտամինները և Ֆերմենտները (էնզիմները)։ Բացի այդ, առկա են բոլոր անփոխարինելի ամինաթթուները։

Մեկ թեյի գդալ սերմերի էներգետիկ արժեքը 12 կիլոկալորիա է։

Հացհամեմի 100 գամ սերմերը պարունակում են՝

  • Ճարպեր՝ 6,4 գ;
  • Սպիտակուցներ՝ 23 գ;
  • Ածխաջրեր՝ 58,4 գ, այդ թվում հյուսվածքներ (клетчатка)` 10 գ;

Հանքանյութերի պարունակությունը՝

  • Կալիում՝ 770 մգ;
  • Կրածին՝ 176 մգ;
  • Մագնիում՝ 191 մգ;
  • Երկաթ՝ 33,5 մգ;
  • Ֆոսֆոր՝ 296 մգ;
  • Նատրիում՝ 67 մգ;
  • Ցինկ՝ 2,5 մգ։

Վիտամինների պարունակությունը՝

  • С՝ 3 մգ;
  • В1՝ 0,32 մգ;
  • В2՝ 0,3 մգ;
  • В9 (ֆոլացին, ֆոլին, ֆոլինաթթու)՝ 57 մգ;
  • РР՝ 1,6 մգ։

Ինչպես ծլեցնել

  • Ծլեցնելու համար նախատեսված սերմերը լավ լվանում են և քամում։
  • Սերմերը լցնում են ծլեցման համար նախատեսված ամանի կամ սովորական բանկայի մեջ, որի բերանը հետո փակում են մարլայով ու կապում։
  • Այնուհետև սերմերի վրա լցնում են 1-2 օր հնեցված ջուր ու 8–14 ժամ թողնում, որ թրջվեն։
  • Թրջլուց հետո սերմերը լավ քամում են և դնում բերնքսիվայր։
  • Մոտավորապես 12 ժամը մեկ սերմերը նորից ողողում են ջրով, լավ քամում են ու նորից դնում բերնքսիվայր։
  • Երբ 3–5 օր անց սերմերի ծիլերի երկարությունը հավասարվի սերմի երկարությանը, դրանք պատրաստ են օգտագործման համար։ Ավելի շատ ծլեցնելու դեպքում սերմերը կարող են դառնանալ։

Հացհամեմի ծլեցված սերմերն ուտում են փոքր չափաբաժիններով՝ օրական 1 թեյի գդալի չափ՝ ճաշի հետ կամ ճաշից 5-10 րոպե առաջ։ Ծիլերը լավ են համատեղվում բանջարեղենի, բրնձի հետ, կարելի է մատուցել մրգերի, խաշած կարտոֆիլի, սենդվիչների եւ աղցանների հետ։

Հացհամեմի միկրոկանաչի

Սովորաբար հացհամեմի միկրոկանաչին որպես համեմունք օգտագործվում է աղցանների մեջ եւ հնդկական խոհանոցի շատ ճաշատեսակներում: Այն շատ օգտակար է լյարդի եւ ստամոքսի դիսպեպսիայի

բուժման համար, ինչպես նաեւ օգնում է կարգավորել արյան շաքարի մակարդակը: Հացհամեմի միկրոկանաչին պարունակում է նաեւ ինսուլինի արտադրության համար պատասխանատու ամինաթթու: Հացհամեմի միկրոկանաչի ուտելը օգտակար է նաև արյան մեջ որոշակի ճարպերի, այդ թվում, խոլեստերինի եւ տրիգլիցերիդի թույլատրելիից բարձր մակարդակի դեպքում։ Ավելին, այն նաեւ օգնում է նվազեցնել դաշտանի ցավերը եւ կանխարգելում է հաստ աղիքի քաղցկեղը։

Ինչպես աճեցնել հացհամեմի միկրոկանաչին

  • Միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված սերմերը նախ, վերը նկարագրված ձևով ծլեցնում են։
  • Պատրաստում են հողախառնուրդ՝
    • այգու հող՝ 50%;
    • կոմպոստ՝ 30%;
    • ավազ՝ 20%:
    • Հողախառնուրդը, 3-4 սմ շերտով լցնում են սաղր, դրենաժային անցքեր ունեցող ամանի մեջ և լավ խոնավացնում։
  • Ծլեցված սերմերը մեկ շերտով, հավասարաչափ բաշխում են հողի մակերեսին, ծածկում են նույն հողի բարակ, 0,5 սմ շերտով, այնուհետև լավ ջրում ցողիչով։
  • Ցանքը դնում են լուսավոր տեղում, ամեն օր զննում են և, ըստ անհրաժեշտության, ցանկալի է վաղ առավոտյան կամ երեկոյան, ցողում են։ Հողը միշտ պետք է չափավոր խոնավ մնա, գերխոնավությունը բորբոսնելու է հանգեցնում։
  • Ցանելուց 9-12 օր անց կարելի է սկսել բերքահավաքը։ Կարելի է աստիճանաբար կտրել և ուտել միկրոկանաչին կամ հավաքել բերքը անմբողջությամբ, պլաստիկ տուփի կամ տոպրակի մեջ պահել սառնարանում։

Հղումներ

Չաման, շամբալա, այծառվույտ, հացհամեմ, հունական խոտ… անվանումները՝ բազում, իսկ օգուտը՝ անվիճելի

Այս անհավանական օգտակար բույսն ունի բազում անվանումներ. շամբալա, չաման, այծառվույտ, հացհամեմ, հունական խոտ: Ամբողջ աշխարհում գնահատվում են այս բույսի պտուղները, որոնք ոսկեգույն փոքրիկ հատիկներ են:

Չինական և այուրվեդայական բժշկությունը հին ժամանակներից օգտագործում է չամանի սերմերն ընդհանուր բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Արաբ գեղեցկուհիները պարբերաբար սննդի մեջ օգտագործում են այս բուժիչ բույսի պտուղները:

Չամանի սերմերի օգուտը

1. Մարսողություն

Չամանի պտուղները դրական ազդեցություն են գործում աղեստամոքսային տրակտի վրա, բարձրացնում են ախորժակը և բարելավում են մարսողության գործընթացը: Խորհուրդ է տրվում ծլած սերմերն օգտագործել լյարդի ֆունկցիաների թուլացում ունեցող հիվանդներին:

2. Շաքարային դիաբետ

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ շամբալայի սերմերը տեսանելի ազդեցություն են ունենում արյան մեջ շաքարի նվազեցման վրա: Լավ էֆեկտի համար խորհուրդ է տրվում ամեն օր ընդունել 2 թ/գ մանրացրած հատիկներ՝ նախապես խառնելով կաթի հետ:

3. Առողջ մաշկ

Չամանի պտուղներից պատրաստված մածուկը ցուցաբերում է հակաբորբոքիչ և հանգստացնող ազդեցություն, առաջացնում է ռեգեներացիայի գոծընթաց: Դրա համար այն լայնորեն օգտագործվում է քերծվածքների, վերքերի և մաշկային խոցերի բուժման ժամանակ:

4. Խոլեստերինի հսկողություն

Բույսը շատ օգտակար է նրանց համար, ովքեր ունեն ավելորդ քաշ, սրտի և անոթների հիվանդություններ: Տարբեր ուտեստների մեջ ավելացրեք չաման, օգտագործեք ծլեցրած սերմերը, խմեք հատիկներից պատրաստված թուրմը և դուք լավ ծառայություն կմատուցեք ձեր օրգանիզմին՝ իջեցնելով խոլեստերինի մակարդակն անոթներում:

5. Շնչուղիների հիվանդություն

Շամբալայի պտուղներից պատրաստված կաթնային եփուկն իսկական փրկություն է չոր հազի ժամանակ: Իսկ եթե ձեզ տանջում է կոկորդի ցավը, ահա գերազանց բաղադրատոմս ողողումներ կատարելու համար. 2 ճ/գ սերմը 30 րոպե եփել 1 լ ջրի մեջ: Այդ թուրմով պարբերաբար ողողեք կոկորդը:

6. Կանացի առողջություն

Չամանի պտուղների օգտագործումը գործում է՝ որպես էստրոգենների արտադրման բնական խթանիչ: Կերակրող մայրերի մոտ չամանը խթանում է լակտացիան: Այսպես. եթե կրծքի կաթը չի բավականացնում, օրը 3 բաժակ եփուկ խմեք (2 թ/գ պտուղը՝ 1 բաժակ տաք կաթի համար):

Պատրաստեց Անի Գաբուզյանը, 168.am

Բորաժ

Բորաժը (անգլ․՝ Borage, ռուս․՝ Огуречная трава, լատ․՝ Borago officinalis L.) միամյա խոտաբույս ​​է Boraginaceae ծաղկավոր բույսերի ընտանիքում: Այն բնիկ է Միջերկրական ծովի տարածաշրջանում։

Բորաժն այժմ բարեհաջող աճում է Եվրոպայի մեծ մասի այգիներում: Տերևներն ու ծաղիկները ուտելի են, ունեն վարունգի համ։

Կիրառումը սննդի ոլորտում

Արևմտյան Եվրոպայում բորաժը մշակվում է որպես բանջարեղեն: Մատղաշ տերևներից թարմ վարունգի հոտ է գալիս, նրանց համը թարմացնող է՝ հիշեցնում է սոխի համով վարունգ: Ուտում են բորաժի թարմ տերևները, իսկ ծաղիկները թարմ կամ շաքարապատված։

Որպես վարունգի լավ փոխարինող, ավելացնում են վինեգրետներին, աղցաններին, սոուսներին (մանանեխ, լոլիկ, թթվասեր), խավարտներին, թանապուր են պատրաստում և այլն: Աշնանը հավաքված բորաժի արմատներից պատրաստում են կանաչ կարագ, որն ավելացնում են պանիրներին, կաթնաշոռին, թթվասերին, թուրմերին, գինիներին, սիրոպներին և այլ սառը ըմպելիքներին՝ համ տալու համար: Բորաժը հաճելի կծու համ է հաղորդում ձեթով տապակված մսին և ձկնեղենին:

Բորաժը նաև շատ է օգտագործվում որպես միկրոկանաչի:

Իրանում բորաժի չորացրած ծաղիկներից թեյ են պատրաստում։

Բորաժի տերևները հավաքում են մինչ ծաղկաընձյուղների աճելը։

Կիրառումը բժշկության մեջ

Ասում են, հին Հռոմում բորաժի տերևներն ու ծաղիկները գցում էին գինու մեջ և մարտից առաջ տալիս զինորներին՝ նրանց ավելի համարձակ դարձնելու համար: 15-րդ դարում էլ Եվրոպայում հավատում էին, որ բորաժի ծաղիկները նպաստում են ոգու հզորացմանը և վանում են տխրությունը: Անցյալում, բժշկելու համար բույսի տերևները թարմ կամ չոր վիճակում օգտագործում էին հոդային ռևմատիզմի, հոդատապի, մաշկային հիվանդությունների համար։ Կիրառում էին որպես հանգստացնող, մեղմ լուծողական, միզամուղ, դիֆորեզային և պարուրող միջոց:

Բորաժից պատրաստված վիտամինային աղցանը կանխում է երիկամների և աղիների բորբոքային պրոցեսները և նվազեցնում է նյարդային գրգռվածության զգացումը դյուրագրգիռ հիվանդների մոտ։ Բարենպաստ ազդեցություն ունի նյութափոխանակման վրա, ուստի խորհուրդ է տրվում կիրառել երիկամների, լյարդի, լեղապարկի և անոթային համակարգի հիվանդություններ ունեցողների դիետիկ սնունդի մեջ:

Ուշադրություն

Բորաժի հիման վրա պատրաստված միջոցները խորհուրդ է տրվում խմել ոչ ավել, քան 30 օր, հակառակ դեպքում կարող են առաջանալ լյարդի հետ կապված խնդիրներ: Այս խոտը պետք է չուտեն մարսողական համակարգի հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև բորաժի նկատմամբ ալերգիկ ​​անհանդուրժողականություն ունեցող մարդիկ:

Ինչպես աճեցնել

Բորաժը արագ է աճում, ցրտադիմացկուն է, հեշտությամբ բազմանում է ինքնացան եղանակով: Առանց հսկողության թողնելու դեպքում, բորաժը կարող տարածվել ողջ այգով: Ինքնացանից խուսափելու համար, բերքը հավաքում են նախքան սերմերի հասունանալը:

Բորաժը ցանում են գարնան սկզբին և ուշ աշնանը: Բայց ոչինչ չի խանգարում ողջ ամռան ընթացքում` յուրաքանչյուր երկու-երեք շաբաթը մեկ ցանելուն, եթե ձեզ հարկավոր են ոչ թե ծաղիկները և սերմերը, այլ միայն մատղաշ կանաչը:

Այս բույսը նախընտրում է թեթև, չեզոք և բերրի հողերը: Տնկելիս սերմերը թաղում են 1,5–2 սմ խորությամբ: Միջշարային հեռավորությունը 40–45 սմ: Սածիլները նոսրացնում են՝ բույսերի միջև թողնելով 15–20 սմ բացատներ:

Բորագոն գործնականում խնամքի կարիք չունի, միայն անհրաժեշտ է երբեմն քաղհանել մարգը և շատ չոր ամռանը ջրել բույսերը: Եթե ​​հողը շատ աղքատ է, ապա այն կարելի է պարարտացնել օրգանական կամ համալիր պարարտանյութերով:

Վեգետացիոն շրջանը տևում է 70–80 օր:

Բորաժը կարող է աճեցվել որպես սենյակային բույս։ Բույսի համար պետք է ապահովել լավ դրենաժով, առնվազն 31 սմ խորությամբ և լայնությամբ ծաղկաման և պարարտ հողախառնուրդ, փոքր-ինչ թթու հողով (pH of 6.6):

Հղումներ

Կաթնափուշ

Կաթնափուշը (անգլ․՝ Milk thistle), ռուս․՝ Расторопша, լատ․՝ Silybum) Asteraceae ընտանիքի խոտաբույսերի ցեղ Է։

Կաթնափուշը ամենաարդյունավետ հակաօքսիդանտ հատկությամբ դեղաբույսն է, ունի զարմանալի թերապևտիկ հատկություններ: Այն պաշտպանում և մաքրում է օրգանիզմը տոքսիններից: Ապացուցված է, որ կաթնափուշի սերմերը հզոր միջոց են քաղցկեղի դեմ ( քրքումի հետ): Սերմերը կարող են օրգանիզմից, մասնավորապես լյարդից դուրս բերել տոքսինները, պաշտպանել մահացու թունավորումներից: Ավիցենան գտնում էր, որ կաթնափուշը կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը, կանգնացնում է արյունահոսությունը, ցավազրկող է, ունի հակամիկրոբային ազդեցություն: Սերմերից ստացված յուղը առաջատարն է բոլոր այն դեղամիջոցների միջև, որոնք օգտագործվում են լյարդի բուժման համար (հեպատիտ, ցիրրոզ, անբավարարություն, լեղուղիների դիսկինեզիա, լեղաքարային հիվանդություն):

Կաթնափուշ աճեցնելը

Լույսը

Կաթնափուշը լավագույնս կաճի ինչպես արևկող տեղում, այնպես էլ մասամբ ստվերում:

Օդի ջերմաստիճանն ու խոնավությունը

Կաթնափուշը շատ դիմացկուն է և աճում է համարյա բոլոր եղանակային պայմաններում։ Դրա սերմերը կարող են ծլել օդի 0…+30°C աստիճան ջերմաստիճանում։

Ցանելը

Ցանել կարելի է բաց գրունտում՝ և՛ աշնանը, և՛ գարնանը։ Կարելի է նաև սածիլներ աճեցնել։ Ցանելու տեղը վաղօրոք պարարտացնում են՝ 1 ք.մ․-ին 40-60 գ համալիր հանքային պարարտանյութով, խառնած 4 կգ կոմպոստի և 1-2 բաժակ փայտի մոխրի հետ: Կաթնափուշը վատ է աճում ծանր կավահողի կամ ճահճացած հողի վրա: Մարգը 3-5 սմ խորությամբ փխրեցնում են, ինչը թույլ կտա տարածքը մաքրել մոլախոտերից և մի քիչ չորացնել հողը:

Ցանելուց առաջ սերմերը 2 ժամ թրջում են քլորազերծ ջրի մեջ, որից հետո ցանում են 1,5 – 2 սմ խորությամբ ու թեթևակի տափանում։ Սերմերի միջև հեռավորությունը պետք է լինի 5-10 սմ, շարքերի միջև՝ 50 սմ: Առաջին ծիլերը հայտնվում են 7-10 օր հետո: Ծլելուց հետո ցանքի նոսրացում է կատարվում, բույսերի միջև թողնելով 40 սմ:

Ամռան սկզբին կաթնափուշը հասնում է իր առավելագույն բարձրությանը և ծաղկում է:

Ոռոգելն ու սնուցելը

Չմնայած կաթնափուշի երաշտադիմացկունությանը, ամռան շոգին լավ կլինի պարբերաբար խոնավացնել հողը: Դա կօգնի բույսին ավելի երկար պահպանել տերևների հյութեղությունն ու թարմությունը: Որպես սնուցում, հարմար են թե՛ օրգանական, օրինակ փայտի մոխիրը, թե՛ համալիր պարարտանյութերը:

Բերքհավաք և պահեստավորում

Սեզոնի ավարտին ծաղկացողունները կարելի է չորացնել և օգտագործել այլ ծաղիկներով ծաղկեփնջեր պատրաստելիս: Իսկ արժեքավոր սերմերը հավաքվում են աստիճանաբար, հասունանալուն զուգահեռ՝ օգոստոսի վերջից հոկտեմբեր: Ավելի լավ է սերմերը հավաքել, երբ ծաղկազամբյուղները սկսում են չորանալ, դրանք դեղնում են, և հայտնվում է սպիտակ փափկամազ, ինչից հետո դրանք կտրում են, չորացնում և կալսում: Սերմերը կարող են 2-3 տարի պահվել չոր տեղում։

Բույսի արմատներն ու տերևները հավաքում են աշնանը՝ ծաղկելն ավարտվելուց հետո: Արմատները լվանում են հոսող ջրի տակ, չորացնում և մանրացնում են: Արմատները կարելի է պահեստավորել ոչ ավել քան 1 տարի՝ ապակե փակ տարաներում:

Ծաղկամանում աճեցնելը

Բուսական կամ բուժիչ նպատակներով կաթնափուշ աճեցնելու համար այն հաճախ ցանում և աճեցնում են տնային կամ ջերմոցային պայմաններում։ Սա նաև օգնում է, որ, ըստ էության, մոլախոտ հանդիսացող կաթնափուշը չզավթի ողջ այգին:

Տան պայմաններում կաթնափուշի սերմերը ցանում են սովորական հողախառնուրդով, մեծ ծաղկամանի մեջ և, մինչև ծլելը, ծածկում են ապակիյով կամ պլաստիկ թաղանթով։ Ցանելուց հետո, մինչև սերմերի ծլելը, ծաղկամանը պահում են օդի +15…+16°C աստիճանում և պարբերաբար խոնավացնում են հողը։

Կաթնափուշի ծլեցված սերմեր և միկրոկանաչի

Ծլեցված սերմերի մասին կարդացեք այստեղ ==>
Միկրոկանաչիների մասին կարդացեք այստեղ ==>

Կաթնափուշի սերմերը ծլեցնելու համար անում են հետևյալը՝

  • Սերմերը մաքրում ու լվանում են հոսող, սառը ջրով, այնուհետև քամում են։
  • Քամված սերմերի վրա լցնում են սենյակային ջերմաստիճանի, 1-2 օր հնեցված, սերմերի ընդհանուր ծավալից 4-5 անգամ շատ ջուր, որի մեջ մոտ 12 ժամ թրջում են սերմերը։
  • 12 ժամ անց ջուրը թափում են իսկ քամված սերմերը հարթ շերտով լցնում են ոչ խոր, լայն ամանի հատակին ու ծածկում խոնավ կտորով կամ մի քանի տակ ծալած մարլայով։
  • 12 ժամը մեկ սերմերը լվանում են, քամում ու նորից ծածկում խոնավ կտորով։
  • Սերմերը ծլում են 6-7 օրում։

Կաթնափուշի ծլեցված սերմերի ամենօրյա ուտելը բարելավում է լեղապարկի աշխատանքը, պաշտպանում է լեղապարկը տոքսիններից և վարակներից։

Ուշադրություն

Կաթնափուշը ուժեղ ազդեցությամբ դեղաբույս է, ուստի շատ ուտել չի կարելի։ Չափահաս մարդու օրական չափաբաժինը 7 հատն է։
Կաթնափուշի ծլեցված սերմերը կարելի է սառանարանում մինչև 10 օր պահել։

Հղումներ

Կաթնափուշի բացառիկ կարևորությունը լյարդի համար

Կաթնափուշը կամ նույնն է` մարեմփուշը (Silybum) երկամյա խոտաբույս է։ Տերևները խոշոր են, կանաչ գույնի, բազմաթիվ ճերմակ պուտերով և դրանց միջև անցնող միջնապատերի ցանցով։ Արտաքուստ հիշեցնում է մարմարը։ Տերևաթիթեղի անհարթ եզրերի վրա կան սուր, դեղին փշեր։ Պտուղները փուփուլիկ ունեցող սեմիկներ են, փայլուն դեղին գույնի, մուգ երկարավուն բծերով։ Ծաղկում է հուլիսից մինչև աշուն։ Ծաղկակիր ցողունն ունի 60-150 սմ բարձրություն։ Ծաղիկները խոշոր են, բաց մանուշակամորեգույն կամ ծիրանագույն, դրանք հավաքված են զամբյուղների մեջ։
Սերմը պարունակում է մինչև 32 % ճարպայուղ, 0,1% եթերային յուղ, խեժ, լորձանյութ, ֆլավոնոիդներ, թիրամին, հիստամին և այլն։

Որպես բուժահումք են ծառայում սերմերը, որոնցից ստացված պատրաստուկներն ի զորու են վերականգնել լյարդի վնասված բջիջները։ Նման առաքելություն տրված է հավանաբար միայն այս բույսին։ Դեղատներում վաճառվում է սերմը, յուղը։
Հեպատիտ. 3 ճ/գ սերմը լցրեք 500 մլ եռջրի մեջ, եփեք ջրային բաղնիքի վրա` մինչև հեղուկի կեսը գոլորշիանա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 10-15 անգամ, 1-ական ժամ ընդմիջումներով։
Հեպատիտ, խոլեցիստիտ. Փոշիացրեք սերմը։ Խմեք 3-ական գ` օրը 2-3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ` 20-30 մլ ջրով։ Կատարեք 1 ամիս։

Աղբյուրը՝ https://168.am/2014/09/25/409508.html

Զոպա

Զոպան (անգլ․՝ Hyssop, ռուս․՝ Иссоп, լատ․՝ Hyssopus officinalis) մինչև 80 սմ բարձրությամբ, բազմամյա կիսաթուփ է, վայրի բնությունում աճում է Ղրիմում, Միջերկրական և Կասպից ծովերի շրջակայքում։

Հոտավետ մեղրակիր է, ծաղկում է հունիսից մինչև հոկտեմբեր։ Դեղաբույս է՝ լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկությունում։

Զոպայի տերևները, մատղաշ ճյուղերը և բողբոջները հարուստ են շաքարներով և եթերայուղերով, պարունակում են հիսոփին գլյուկոզիդ, սապոնիններ, տանիններ, խոլին և անուշաբույր իմբրին նյութ, որն ունի նուրբ, եղեսպակի բույր և հաճելի դառը համ: Զոպան նաև պարունակում է վիտամին C և պրովիտամին A. Զոպայի թարմ կամ չորացրած կանաչին ավելացնում են աղցաններին, ապուրներին, մսով և բանջարեղենով կերակրատեսակներին, օգտագործում են սոուսներ և թթուներ համեմելու համար:

Աճեցնելը

Զոպա աճեցնելը բավականին հեշտ է: Այս բույսը չափազանց ոչ պահանջկոտ է և լավ է աճում նույնիսկ ոչ շատ բերրի հողի վրա:

Զոպան բազմանում է սերմերով, կտրոններով և թուփը բաժանելով: Դժվար չէ սերմերից զոպա աճեցնել, ուղղակի մի քանի նրբություններ կան: Սերմերը կարելի է ցանել անմիջապես բաց գրունտում կամ սկզբում սածիլներ ստանալ տաք միջավայրում։ Երբ սածիլները մեծանում են, և ցրտահարության սպառնալիքն անցնում է, զոպայի սածիլները տնկում են մշտական տեղերում: Տնկելու տեղի հողը նախապես փորում են կամ փխրեցնում:

Զոպայի հետագա խնամքը շատ դյուրին է։ Պարզապես անհրաժեշտ է պարբերաբար վերացնել մոլախոտերը, ջրել, փխրեցնել հողը և, մանավանդ առաջին ամիսներին, սնուցել պարարտանյութով:

Եթե ​​զոպայի աճը դանդաղ է, խորհուրդ է տրվում այն ​​սնուցել օրգանական կամ համալիր պարարտանյութերով (10 լիտր ջրի դիմաց 20-30 գ):

Նույն տեղում, զոպան կարող է լավ աճել մինչև 4-5 տարի: Այն նույնիսկ ծածկ չի պահանջում ձմռան համար:

Զոպայի խնամքը սենյակային պայմաններում

Զոպան լուսասեր և խոնավասեր է, դիմացկուն է երաշտի ու ցրտի նկատմամբ: Լավ է աճում թեթև կրաքարային և չափավոր խոնավ հողերի վրա:

Պատուհանի գոգին զոպան աճեցնում են հնարավորին չափ մեծ ծաղկամանում։ Ամենահարմարավետ պայմաններ կունենա մոտ 36 սմ խորություն և լայնք ունեցող ծաղկամանի մեջ։

Բազմացնում են սերմերով, կտրոններով, ինչպես նաև թուփը բաժանելով (երեքից չորս տարեկան բույսերը)։ Սերմերը ցանում են գարնանը՝ տերևային հումուսից, ճմահողից, տորֆից և կոմպոստից (2:2:1:2) կազմված հողախառնուրդի մեջ: Ցանքի խորությունը 0.3-1 սմ։ Մինչև ծլելը ցանքը ծածկում են ապակիյով կամ ցելոֆանով: Երբ ծիլերը հայտնվում են, իսկ դա տեղի է ունենում ցանելուց 8-14 օր հետո, բույսերը տեղադրվում են լույսին ավելի մոտ ՝ իջեցնելով ջերմաստիճանը +14 … +16 ° C: Մեկ շաբաթ անց ջերմաստիճանը հասցվում է +18 … +20 ° C: Առաջին իսկական տերևի փուլում բույսերը տեղափոխում են 5×5 կամ 6×6 սմ չափի ծաղկամաններ, իսկ բողբոջումից 25-30 օր հետո `12-14 սմ տրամագծով ամանների մեջ:

Ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա, դրենաժային շերտի վրա կարելի է լցնել տորֆամամուռ կամ փայտի ածուխ, հետո հողը: Բույսի առմատային մասը, իր հողագնդով, այնպես է դրվում ծաղկամանի մեջ, որպեսզի արմատների վերին մասը մեկ սանտիմետրով ցածր լինի ծաղկամանի եզրից։ Տեղափոխելուց հետո զոպան լավ ջրում են գոլ ջրով և լավ կլինի մեկ-երկու օր բույսը կիսաստվերում մնա։

Զոպայի խնամքը ներառում է գոլ, հնեցված ջրով ջրելը, պարբերական սնուցումը (10-15 օրը մեկ) համալիր հանքային պարարտանյութերի լուծույթով (3-5 գ մեկ 1 լիտր ջրին) կամ գոմաղբի լուծույթով (1:10):

Երբ զոպան հասնում է 15 սմ բարձրության, քշտում են են գագաթը, արդյունքում բույսը ավելի լավ է ճյուղավորվում: Հետագայում, ըստ անհրաժեշտության, կտրում են ոչ միայն տերեւները, այլեւ մատղաշ ճյուղերը:

Կտրոնով բազմացման համար, ամռանը կտրում են 12-15 սմ երկարության ճյուղեր: Ստորին մասի տերևները հեռացվում են և կտրոնը դնում են ջրի մեջ: Սպիտակ արմատների հայտնվելուց հետո, կտրոնը տնկում են հողի մեջ:

Թուփը բաժանելով բազմացնում են աշնանը։ Բույսը հանում են հողից և սուր դանակով բաժանում են մի քանի մասի, բայց այնպես, որ յուրաքանչյուր մասը ճյուղի վրա ունենա երկու կամ երեք աչք և արմատներ: Բաժանված բույսն անմիջապես տնկում են՝ 2-3 սմ ցածր, քան նախկինում էր աճում: Վերջում բույսը առատորեն ջրում են և դնում տաք տեղում: Երկու շաբաթ անց նոր կանաչ ճյուղեր են սկսում աճել: Հետագա խնամքը նույնն է։

Հղումներ

Պերիլա

Պերիլան (անգլ․՝ Perilla, ռուս․՝ Перилла, լատ․՝ Perilla) Շրթնածաղիկների ընտանիքին պատկանող, գեղեցիկ, փարթամ տերևներով բազմամյա խոտաբույս է։

Այն կարող է գեղեցկացնել ցանկացած այգի, բացի այդ օգտագործվում է խոհանոցում՝ որպես համեմունք, ժողովրդական բժշկության մեջ, կոսմետոլոգիայում։ Հայրենիքը Չինաստանն է, բայց այժմ մշակվում է բազմաթիվ այլ երկրներում, ընդորում սառը ձմեռ ունեցող երկրներում՝ որպես միամյա բույս։

Ունենում է 35-60 սմ, երբեմն մինչև 1 մետր բարձրություն։ Տերևները կարող են լինել կանաչ, կարմիր կամ խայտաբղետ։

Բազմացումը

Հիմնական բազմացման եղանակաը սերմերովն է։ Ցանում են կամ միանգամից բաց գրունտում՝ ուշ աշնանը կամ գարնանը, կամ ձմռան վերջում սածիլներ են սկսում աճեցնել։ Սածիլներ ստանալու համար, ցանելուց առաջ սերմերը երկու օր թրջում են մի քիչ կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) պարունակող, գոլ ջրի մեջ, այնուհետև, 5 մմ խորությամբ ցանում են ավազատորֆային խոռնուրդի մեջ։ Ցանքը ծածկում են ապակով կամ ցելոֆանով, տեղադրում են տաք տեղում։

Առաջին ծիլերը հայտնվում են 2-3 շաբաթից։ Երկու իսկական տերև ձևավորած սածիլները պատրաստ են բաց գրունտ տեղափոխելուն։

Ուշ աշնանը պերլայի ցողունները կարելի է կտրել և, սենյակային, տաք պայմաններում աճեցնելու համար, դնել արմատակալման՝ ջրի կամ պարարտ հողի մեջ։ Որպես սենյակային բույս պերիլան կշարունակի աճել և կարող է երկրորդ անգամ ծաղկել։

Բաց գրունտում աճեցնելու համար ընտրում են քամիներից պաշտպանված, բաց, արևկող տեղ։ Հողը, որտեղ աճեցվելու է պերիլան, խորհուրդ է տրվում նախապատրաստել աշնանը՝ փորել կամ փխրեցնել, պարարտացնել կոմպոստով կամ սիդերացնել։ Հողը պետք է լինի փխրուն և օդի համար թափանցիկ։

Բաց գրունտ սածիլները կարելի է տեղափոխել երբ միջին օրական ջերմաստիճանը +10…+12°C կդառնա։ Սածիլների միջև թողնում են 20-30 սմ ազատ տարածք։

Պերիլան լավ է աճում սիսեռից, լոբուց և այլ լոբազգիներից հետո։ Գարնանը սածիլը տնկելուց, լավ կլինի ամեն փոսիկի մեջ լռացուցիչ պարարտանյութ դնել։

Պերիլան խնամելը հեշտ է, պետք է պարբերաբար ջրել, սնուցել պարարտանյութերով և քաղհան անել մարգերը։

Օդի +18…+27°C ջերմաստիճանը պերիլայի լավագույն աճի պայմանն է։ Ուժեղ շոգին էլ է պերիլան դիմանում, պարզապես պետք է հաճախ ջրել։

Ցրտերն ընկնելուն պես պերիլան արագ թոշնում է, ավելի երկար պահպանելու համար այն պետք է վերատնկել ջերմոցում կամ տանը։

Հղումներ

Քրքում

Քրքումը (անգլ․՝ Turmeric, ռուս․՝ Куркума, լատ․՝ Curcuma) բազմամյա, մինչև 0,9 մ բարձրությամբ, արևադարձային խոտաբույս է ։ Կոճապղպեղի (իմբիր) հետ նույն ընտանիքի անդամ են։ Ցավոք, հաճախ քրքում են անվանում նաև զաֆրանը կամ շաֆրանը (Crocus sativus), ինչը շփոթ է առաջացնում։ Քրքումի կոճղեզները լայն կիրառություն ունեն որպես համեմունք կամ դեղամիջոց։

Քրքումի հայրենիքը Հնկաստանն է, որտեղից էլ այն մեծ քանակությամբ արտահանվում է որպես համեմունք։ Եվրոպայի այգիներում քրքումը հայտնվեց 19-րդ դարավերջին։Քրքումի չորացրած կոճղեզներից աղալով ստանում են փոշի համեմունք։ Քրքումի տերևներն ու ծաղիկներն էլ են օգտագործվում թաիլանդական ու ինդոնեզիական խոհանոցներում։

Սակայն շատ ավելի նշանակալի են քրքումի բժշկող որակները, որոնց մասին անհիշելի ժամանակներից գիտեն Հնդկաստանում ու Չինաստանում։ Քրքումը ամենահզոր բնական հակաբորբոքային միջոց է ու հակաօքսիդանտ։ Օգտագործվում է նաև որպես հակադեպրեսանտ, քաղցկեղը ու ալցհեյմերի հիվանդությունը կանխարգելող միջոց։

Այլ աղբյուրներում նշվում են քրքումի հակավիրուսային, հակամանրէ, հակահելմինտային, հականեխիչ, իմունախթան, օրգանիզմի տոնուսը բարձրացնող հատկությունները։

Հաշվառված է քրքումի ավելի քան 90 տեսակ, սակայն հիմնականում մշակվում է “երկար կամ դեղին քրքում” կոչվող (Curcuma longa) տեսակը։

Աճեցման պայմանները

  1. Ծաղկելը. Սկսում է հուլիսից և շարունակվում է մինչև հոկտեմբեր ամիսը;
  2. Տնկելը. Կոճղեզի կտրոնները բաց գրունտում տնկում են մարտին կամ ապրիլին;
  3. Լուսավորությունը. Աճում է ինչպես պայծառ արևի տակ, այնպես էլ կիսաստվերում;
  4. Գրունտը. Պարարտ ավազային կամ կավային հողեր;
  5. Ջրելը. Ջրում են հաճախ և առատ;
  6. Պարարտացումը. Առաջին անգամ սնուցում են կոկոնների առաջացման պահին, հետո ծաղկել սկսելու պահին, այնուհետև ծաղկելն ավարտելուց կես ամիս հետո;
  7. Բազմացումը. Կոճղեզի կտրոններով կամ սերմերով;
  8. Վնասատուները. Սարդոստայնային տիզը;
  9. Հիվանդությունները. Արմատների փտելը, տերևների բծերը։

Քրքումն աճեցնում են ինչպես բաց գրունտում, այնպես էլ սենյակային պայմաններում, ընդորում աճեցնում են թե՛ կոճղեզներ ստանալու, թե՛ գեղեցիկ ու բուրավետ ծաղիկների համար։

Պետք է նկատի ունենալ, որ առաջին ծիլերի հայտնվելուց հետո պետք է 8-10 ամիս անցնի որպեսզի կոճղեսները հասունանան։ Այս պատճառով բաց երկնքի տակ քրքումը հնարավոր է աճեցնել միայն մեր երկրի ցածրադիր ու ջերմ կլիմա ունեցող գոտիներում։

Մինչև կոճղեզների կտրոնները տնկելը անհրաժեշտ է նախապատրաստել հողը՝ փորել առնվազն 20 սմ խորությամբ և փխրեցնել։ Կոճղեսները տնկելու համար պատրաստվում են հորեր 15 սմ խորությամբ և միմյանցից 15-20 սմ հեռու։ Այդ հորերից յուրաքանչյուրի մեջ տեղադրում են 2 կամ 3 կոճղեսի կտրոն, որի վրա կա առնվազն 1-2 պտուկ և այդ պտուկները պետք է դեպի վեր նայեն։

Հողով ծածկելիս, կոճղեսի վրա պետք է առնվազն 2 սանտիմետրոնաց հողի ծածկ ապահովել։ Այնուհետև տնկարկը ջրում են։

Բերքահավաքը

Քրքումի կոճղեսները հանում են հողից մինչև ցրտերը սկսելը, երբ բույսի վերգետնյա մասը սկսում է դեղնել ու թոշմել։ Կտրում են կոճղեսի վերին մասը, մաքրում են այն հողի մնացորդներից ու մանր արմատներից։

Իրացման համար նախատեսված կոճղեսները 60 վայրկյանով ընկղմում են եռացող ջրի մեջ, ինչի շնորհիվ դրանք դեղին գույն են ստանում։ Այնուհետև լավ օդափոխվող վայրում դնում են 7-15 օրյա չորացման։

Ինչպես պահպանել քրքումը

Պահպանման համար քրքումի կոճղեսները տեղադրում են խոնավ ավազի մեջ, ընդորում օդի ջերմաստիճանը պետք է լինի +10 — +12 աստիճան։

Աղացած քրքումը պահպանում են սառնարանում կամ այլ զով, մութ տեղում՝ պինդ փակված, ապակյա տարայի մեջ։ Նման պայմաններում այն կդիմանա մինչև 3 տարի։ Բաց վիճակում պահվող քրքումի փոշին հեշտությամբ օտար հոտեր է կլանում իր մեջ։

Քչերին է հայտնի, որ քրքումի դրական ազդեցությունը տասնապատկվում է եթե այն կիրարվում է սև պղպեղի հետ համատեղ՝ վերջինիս մեջ պարունակվող պիպերինը օգնում է քրքումի կլանմանը։

Ինչպես սենյակային պայմաններում քրքում աճեցնել

Ծաղկամանը

Քրքում աճեցնելու համար անհրաժեշտ է առնվազն 30,5 սմ խորությամբ և 30,5 -46 սմ լայնությամբ ծաղկաման կամ ծաղկաթաղար։ Այդ չափսի ծաղկամանում կարելի է տնկել 1-2 կոճղեսի կտրոն։

Քրքումը ծաղկաթաղարի հողի թթվայնության (pH) նկատմամբ պահանջկոտ չէ՝ կարող է աճել թույլ թթվայինից մինչև թույլ ալկալային հողում։ Հողը պետք է պարարտ լինի և փխրուն։ Ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա։

Քրքումը տնկելը

Քրքում տնկելու լավագույն ժամանակը գարունն է կամ ամառը, երբ օդի ջերմաստիճանը դառնում է +12 C-ից բարձր։

Մեծ կոճղեսները մանրեցնում են այնպես, որ յուրաքանչյուր կտրոնի վրա մնա 2-3 պտուկ։ Կտրոնները տնկում են այնպես, որ պտուկները վեր նայեն և ծածկված լինեն մոտ 5 սմ հողի շերտով։

Տնկելուց հետո լավ ջրում են։

Ծաղկամանի մեջ աճող քրքումի խնամքը

Դիրքը

Բույսը պետք է պաշտպանված լինի միջանցիկ քամիներից և աճի ջերմ ու խոնավ միջավայրում։ Իր բնական պայմաններում քրքումն աճում է կիսաստվերում և չի սիրում ողջ օրը լինել արևի ուղիղ ճառագայթների տակ։ Բայց սենյակային պայմաններում բույսին պետք է հատկացնել ամենալուսավոր տեղը։

Ջրելը

Հողը միշտ չափավոր խոնավ վիճակում պետք է լինի։ Օդի ցածր խոնավության դեպքում, տերեևները ամենօրյա ցողման կարիք ունեն։

Եթե ձմռանն էլ նույն տաք ու խոնավ միջավայրն ապահովելու հնարավորություն կա, ապա ջրում են նույն ռեժիմով։

Օդի ջերմաստիճանը

Օդի ամենահարմարավետ ջերմաստիճանը +20 — +35 C է։ +10 C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում բույսը տառապում է։

Ձմեռացումը

Ձմռանը, եթե համապատասխան ջերմություն ու խոնավություն հնարավոր չէ ապահովել, կամ հանում ու պահում են կոճղեսը հաջորդ գարնանը տնկելու համար, կամ էլ կտրում են բույսի վերգետնյա մասը և ծաղկամանը պահում մոտ 18 C օդի ջերմության պայմաններում։

Պարարտացումը

Բույսը սնուցում են ամսական մեկ անգամ՝ աճի ողջ շրջանում։ Սնուցման համար կարելի է օգտագործել ինչպես օրգանական պարարտանյութերի լուծույթներ, այնպես էլ խանութից գնված կոմպլեքս պարարտանյութեր։

Վնասատուներ և հիվանդություններ

Քրքումը լուրջ թշնամիներ ու հիվանդություններ չունի, բայց կարող է ենթարկվել կարմիր սարդոստայնային տիզի և վահանակիրների հարձակմանը։ Հիվանդություններից կարելի է նշել կոճղեսի փտելն, ինչի պատճառ կարող են լինել շատ ջրելն ու վատ դրենաժը ու տերևների բծախտը։

Հղումներ

Ինչպես սենյակային պայմաններում սխտոր աճեցնել

Ծաղկամանում սխտոր աճեցնելը բարդ չէ։ Ձեր խոհանոցը կապահովեք սխտորի թարմ ցողուններով ու նույնիսկ պճեղներով։

Երբ սկսել

Սովորաբար դրսում սխտոր տնկում են ուշ աշնանը կամ գարնանը, սակայն սենյակային պայմաններում կարելի է սկսել ցանկացած պահի։

Որտեղ, ինչ և ոնց տնկել

Ծաղկաթաղարը պետք է ունենա լավ դրենաժ և առնվազն 21 սմ խորություն։ Լցնում են պարարտ, փխրուն հողախառնուրդ, որի հետ ի սկզբանե կարելի է օրգանական պարարտանյութներ խառնել։

Տնկելիս սխտորի պճեղները չեն կլպում, տնկում են 5-7 սմ խորությամբ` այնպես, որ պճեղի վրա մոտ 2,5 սմ հողի շերտ մնա։ Եթե միայն սխտորի ցողուններ եք ուզում աճեցնել, պճեղները կարող եք իրար շատ մոտ տնկել, իսկ լիարժեք բերք ստանալու համար պճեղները տնկում են միմյանցից 10 սմ հեռու։

Տնկելու համար կարելի է խանութից սխտոր գնել, սակայն պետք է նկատի ունենալ, որ պահեստներում երկար պահված և/կամ հեռուներից բերված սխտորը այնքան էլ լավ տնկանյութ չէ։ Հնարավորության դեպքում պետք է գնել կամ վերցնել տեղական, օրգանական, թարմ սխտոր։

Խնամքը

Աճեցման տեղը

Լավագույն տեղը հարավ կամ արևմուտք նայող պատուհանի գոգն է, որտեղ օրական առնվազն 6 ժամ արևի ուղիղ լույս կլինի։ Բնականաբար, ավելի վատ պայմաններում կարող եք լրացուցիչ, արհեստական լուսավորություն ապահովել։

Ջրելը

Աշխատեք ծաղկաթաղարի հողը մշտապե չափավոր խոնավ վիճակում պահել։

Պարարտացումը

Սխտորը պետք է լավ պարարտացնել՝ թե՛ դրսում, թե՛ տանը աճեցնելիս։ Ամսական երկու անգամ պետք է սնուցել բույսը հնարավորին չափ բալանսավորված, օրգանական պարարտանյութերով։

Բերքահավաքը

Ցողունները պոկելը

Առաջին ծիլերը ծլում են մոտավորապես մեկ շաբաթից։ Երբ մոտ երկու շաբաթից ցողունները 10-15 սմ բարձրանան, կարող եք սկսել պոկել դրանք։ Պոկել պետք է թողնելով 2,5 սմ ցողուն՝ որպեսզի նոր աճ տեղի ունենա։

Սոխուկները հավաքելը

Սխտորի լիարժեք սոխուկները հասունանում են 8-10 ամսում։ Հասունացման մասին վկայում է ցողունների դեղնելը կամ շագանակագույն դառնալը։ Հասունացած բույսերը հանում են հողից, մաքրում հողի մնացուկներից ու մեկ շաբաթ թողնում են չորանա լավ օդափոխվող ստվերում։

Նյութի բնագիրն այստեղ է։

Տես նաև սխտորը բաց գրունտում աճեցնելու մասին հոդվածը ==>

Հղումներ

Եզան լեզու

ezan_lezu_1Եզան լեզուն (անգլ.՝ Plantains, ռուս.՝ Подорожник, լատ.՝ Plantago) ջրախոտազգիների ընտանիքին պատկանող միամյա, երկամյա, բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ է։ Հայտնի է մոտ 260 (այլ տվյալներով 150) տեսակ:

Հայաստանում աճում է եզան լեզվի 10 տեսակ՝

  • Եզան լեզու մեծ (Plantago major),
  • Եզան լեզու նշտարատերև (Plantago lanceolata),
  • Եզան լեզու անհարթ (Plantago scabra),
  • Եզան լեզու ծովափնյա (Plantago maritima),
  • Եզան լեզու սևացող (Plantago atrata) և այլն։

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ:

Հայտնի է, որ նախկինում մարդիկ այն կիրառում էին վերքերը բուժելու և որպես օձի կծածի դեմ միջոց. արդյունավետությունը կարծես թե գիտականորեն հիմնավորված է:

Կիրառվում է բրոնխիտների, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, թոքերի պալարախտի, գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների (ցածր կամ բարձր թթվայնության պայմաններ) դեպքում։ Բույսի ջրաթուրմը և թարմ հյութը օգնում են վերքերի արագ մաքրմանը և սպիացմանը։ Թարախային վերքերի, չիբանների ժամանակ լավ լվացված, թարմ տերևը օգտագործվում է թրջոցի ձևով:

Հղումներ

Ձիաձետ

EquisetopsidaՁիաձետ (անգլ.՝ Horsetail, ռուս.՝ Хвощ, լատ.՝ Equisetum), ձիաձետազգիների ընտանիքի սպորակիր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 30-32 տեսակ։ Բազմամյա, շատերը մշտադալար, բարձրակարգ սպորավոր խոտաբույսեր են։ Կոճղարմատը խիստ ճյուղավորված է. դրանից առանձնանում են վերգետնյա երկայնակի ակոսավոր ընձյուղներ, որոնք, ինչպես և կոճղարմատը, մասնատված են կանոնավոր հերթագայվող հանգույցների և սնամեջ միջհանգույցների։ Հանգույցներում ամփոփված են թերզարգացած տերևափնջերը։ ճյուղերը դասավորված են փնջաձև և դուրս են գալիս հանգույցներից։ Ձիաձետը կատարում են կանաչ ցողունները և ճյուղերը։ Բազմանում են սպորներով։ Հայտնի է Զիաձետի 30 տեսակ։ Տարածված է ամենուրեք (բացառությամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի)։ Մեծ մասի ցողունը բարակ է և ոչ բարձր՝ մինչև 1 մ, միայն արևադարձային հարավա-ամերիկյան սողացող հսկա (Egiganteum) ունի 12 մ բարձրություն և 3 սմ հաստություն։

Հղումներ