Karapet Rubinyan-ի բոլոր գրառումները

Armenian politician.

Այծոտն

Այծոտնը կամ Չխիմ (անգլ․՝ Snow-on-the-mountain, Bishop’s weed, ռուս․՝ Сныть, լատ․՝ Aegopodium) համեմունքային բազմամյա բույս է, օգտագործում են մատղաշ տերևները, դալար ցողուններն ու նորաբաց ծաղիկները, համեմում են տարբեր կերակուրներ, աղցաններ։

Հղումներ

Կարբամիդ

Կարբամիդը (Միզանյութ, անգլ․՝ Urea, Carbamide, ռուս․՝ Мочевина, Карбамид) H2NCONH2 քիմիական միացություն է՝ ածխաթթվի երկամիդ: Արժեքավոր ազոտական պարարտանյութ է` պարունակում է 46.2% ազոտ։

Այս նյութը կարեւոր ազդեցություն ունի բույսերի զարգացման գործում։ Բջիջում սպիտակուցը ձեւավորվում է ազոտի մասնակցությամբ: Պարարտանյութը խթանում է կանաչ զանգվածի առատ աճը: Նյութը արագորեն ցնդում է հողից, և բույսերը միայն կեսն են հասցնում կլանել:

Բավարար քանակությամբ ազոտ ստացած բույսերը հարուստ ու փայլուն կանաչ զանգված են ունեում: Ազոտի պակասի դեպքում, բույսերի ընձյուղները նկատելիորեն դանդաղ են զարգանում, իսկ տերևները դեղնում են: Երբ բույսի ցողունն ուժեղ է, մեծ է լինում բողբոջների քանակը, արդյունքում՝ բերքը:

Հոգուտ կարբամիդի օգտագործման բերվում են հետևյալ փաստերը՝

  • Տերեւների հետ շփումը չի առաջացնում այրվածքներ;
  • Ազդեցությունը նկատելի է դառնում արդեն 2 օր հետո (բուսական սպիտակուցի մեջ ազոտի քանակն ավելանում է);
  • Արագ ներծծվում է հողի թթվայնության բարձրացման նկատմամբ զգայուն բույսերի կողմից;
  • Բացի պարարտանյութ լինելուց, այն հիվանդություններից և վնասատուներից պաշտպանելու ունակություն ունի;
  • Գարնանը բույսերը ցողելը դանդաղեցնում է ծաղկունքը, ինչը նվազեցնում է հնարավոր ցրտահարությունների դեպքում ծաղիկների վտամգը;
  • Բարձրացնում է բույսերի բերքատվությունը;
  • Արդյունավետ է․ 1կգ կարբամիդը պարունակում է նույն քանակությամբ սննդանյութեր, որքան 3 կգ նատրիումի նիտրատը կամ 2.25 կգ ամոնիումի սուլֆատը:

Բացասական է համարվում այն, որ՝

  • Կարբամիդի անգրագետ օգտագործումը հողի մեջ քիմիական ռեակցիաներ է առաջացնում` գազային ամոնիակի արտանետմամբ, որը վնասակար է ծիլերի համար;
  • Անհրաժեշտ են պահեստավորման և պահպանման հատուկ պայմաններ;
  • Վատ է համատեղվում մոխրի և կալցիումի, կրաքարի հիման վրա ստեղծված պարարտանյութերի հետ;
  • Հողի մեջ ավելցուկը նվազեցնում է սերմերի ծլողունակությունը:

Հղումներ

Կալիումի մոնոֆոսֆատ

Կալիումի մոնոֆոսֆատը (անգլ․՝ Monopotassium phosphate, ռուս․՝ Монофосфат калия) օգտագործվում է բաց գրունտում, ջերմոցներում և սենյակային պայմաններում աճեցվող բույսերի պարարտացման համար։ Հիանալի արտա-արմատային սնուցիչ է։

Կալիումի մոնոֆոսֆատը պարունակում է 33% կալիում և 52% ֆոսֆատ։ Այս պարարտանյութի բարձր արդյունավետությունը պայմանավորված է դրա պարունակած մաքուր քիմիական տարրերի բույսերի յուրացման մեծ ունակությամբ։ Այս պարարտանյութի կազմում բացակայում են վնասակար տարրերը՝ չկան ծանր մետաղներ, չկա նատրիում կամ քլոր։

Կալիումի մոնոֆոսֆատի դրական ազդեցությունը

  • Խթանում է բույսերի ծաղկելը;
  • Բարձրացնում է բերքատվությունը;
  • Պաշտպանում է շատ հիվանդություններից, բուժում է նույնիսկ ալրացողից (мученистая роса);
  • Բարելավում է պտուղների համը, քանի որ նպաստում է դրանցում քաղցրի ավելացմանը;
  • Երկարաձգում է բանջարեղենի պահպանման ժամկետները;
  • Կալիումի մոնոֆոսֆատով մշակված բույսերն ավելի դիմացկուն են դառնում ցրտի և այլ անբարենպաստ եղանակային պայմանների նկատմամբ։

Կալիումի մոնոֆոսֆատի կիրառման եղանակները

  • Արտաարմատային սնուցման համար պատրաստել 0.2% ջրային լուծույթ։ Այս եղանակով սնուցումն արվում է վաղ առավոտյան կամ երեկոյան։
  • Ծաղիկների և բանջարեղենի սածիլների սնուցման համար 10 լ ջրին խառնել 9 գրամ պարարտանյութ։ Առաջին սնուցումն անում են 3 իսկական տերևներ առաջանալուց հետո, երկրորդը՝ բաց գրունտ կամ առանձին ծաղկամաններ տեղափոխելուց 10-15 օր հետո։
  • Բանջարեղենի սնուցման համար 10 լ ջրին խառնել 6-15 գրամ պարարտանյութ։ Առաջին սնուցումն անում են երբ նոր նոր սկսում են ձևավորվել արմատապտուղներն ու պալարները, երկրորդը՝ 2-3 շաբաթ անց։
  • Հատապտղային թփերի և ծառերի սնուցման համար 10 լ ջրին խառնել 9-15 գրամ պարարտանյութ։ Առաջին սնուցումն արվում է անմիջապես ծաղկելն ավարտվելուց հետո, հաջորդը՝ 2-3 շաբաթ հետո և վերջինը հոկտեմբերին։ Սենյակային բույսերի համար այս սնուցումը երկարաձգում է կոկոնների կյանքը և շատ հարմար է ծաղկման շրջանում սնուցելու համար։ Աշնանային սնուցումը բույսերի ցրտադիմացկունությունը բարձրացնելու համար է։

Խորհուրդ չի տրվում վեգետացիոն շրջանում կալիումի մոնոֆոսֆատով բույսերը երկու անգամից ավել սնուցել։

Ինչպես ինքնուրույն պատրաստել կալիումի մոնոֆոսֆատ

Ինքնուրույն պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ կալիումի և ֆոսֆորի (լուսածին) աղբյուր։

Փայտի մոխիրը ալկալային ռեակցիայով կալիումի կարբոնատի լավ պաշար ունի, իսկ օրթոֆոսֆորական թթուն, որը որպես ֆլյուս լայնորեն օգտագործվում է արճիճով (անագ) զոդման համար, ֆոսֆորի լավ աղբյուր է։ Ուստի՝

  • 0.5 լիտր փայտի մոխրի վրա լցնում են 1 լիտր ջուր և թողնում են 24 ժամ թրմվի։ Այնուհետև ստացված թուրմը, առանց ցնցելու և նստվածքը բարձրացնելու, զգուշորեն լցնում են 3 լիտրանոց բանկայի մեջ։
  • Փոքր չափաքանակներով թուրմի վրա լցնում են օրթոֆոսֆորական թթուն՝ այնքան ժամանակ քանի դեռ արդյունքում ֆշշալով ածխաթթու գազ է արտազատվում։

Գործընթացը տևում է 15-20 րոպե և սպառվում է 60-120 մլ օրթոֆոսֆորական թթու։

Առանց հատուկ սարքավորման շատ դժվար է պարզել ստացված պարարտանյութի խտությունը։ Պարարտանյութի պատրաստման այս մեթոդի հեղինակները առաջարկում են 0.5-1.0 բաժակ լուծույթը բացել 10լ ջրով և անվտանգ սնուցել բույսերը։

Հղումներ

Ալբիցիա

Ալբիցիան (անգլ․՝ Silk tree, ռուս․՝ Альбиция, լատ․՝ Albizia) Ալբիզիան բակլազգիների (Fabaceae) ընտանիքի, հիմնականում արագ աճող մերձարևադարձային և արևադարձային, տերևաթափ ծառերի և թփերի ավելի քան 160 տեսակների ցեղ է:

Հանդիպում է Ասիայում, Աֆրիկայում, Մադագասկարում, Ամերիկայում և Ավստրալիայում, բայց հիմնականում Հին աշխարհի արևադարձային գոտիներում: Որոշ վայրերում որոշ տեսակներ համարվում են մոլախոտ:

Հայաստան ներմուծվել է և աճում է ցածրադիր վայրերում՝ չոր մերձարևադարձային շրջաններում (Մեղրի, Նոյեմբերյան, Իջևան), որտեղ և ամեն տարի առատ ծաղկում և պտղաբերում է։ Երևանի կանաչ տնկարկներում հանդիպում է հատուկենտ, դժվար է հարմարվում չորային և խիստ ցամաքային կլիմայի պայմաններին։ Երևանի բուսաբանական այգում, 1200 մ բարձրության վրա ցրտահարվում է։

Silk tree mimosa (Albizia julibrissin)

Ալբիցիայի խնամքը սենյակային պայմաններում

Լուսավորությունը

Ալբիցիան լավ, պայծառ լուսավորության կարիք ունի, բայց, միաժամանակ, երիտասարդ բույսերին կեսօրի արևի կզիչ ճառագայթներից պաշտպանելու կարիքը կա։ Ամռանը դուրս տանելը լավագույն լուծումն է բույսի համար։

Օդի ջերմաստիճանը

Վեգետացիոն շրջանում ալբիցիայի համար օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +20…+25°C է։ Ձմռանը բույսը պետք է տեղափոխել զով տեղ (+8…+10°C): +5°C-ից ցածր օդի ջերմաստիճանը կարող է մահաբեր լինել։

Օդի խոնավությունը

Ալբիցիան խոնավասեր չէ, սաղարթը ցողելու կամ շրջակա օդը խանավացնելու կարիք չկա։

Ջրելը

Վեգետացիոն շրջանում ջրում են, երբ ծաղկամանի հողի վերին շերտը չորանում է։ Ջրում են առատ՝ սենյակային ջերմաստիճանի, հնեցված ջրով։ Ձմռանը էականորեն քիչ են ջրում՝ չթողնելով որ հողն ամբողջ խորությամբ չորանա։

Սնուցումը

Վեգետացիոն շրջանում, 2-3 շաբաթը մեկ սնուցում են դեկորատիվ-սաղրթավոր բույսերի համար նախատեսված համալիր պարարտանյութով։

Տեղափոխումը

Մեկ այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման բույսը տեղափոխում են գարնանը։ Երիտասարդ ալբիցիաների տեղափոխման կարիքն առաջանում է ամեն տարի, իսկ մեծահասակներինը՝ 2-3 տարին մեկ։ Ալբիցիան արագաճ է, ուստի դրա համար ընտրում են խոր և լայն ծաղկամաններ։

Հողախառնուրդը

Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Ճմահող (3 մաս), տորֆ (2 մաս), ավազ (1 մաս)։ Ծաղկամանում պետք է լավ դրաժային շերտ լինի։

Բազմացումը

Ալբիցիան բազմացնում են սերմերով կամ տնկաշիվերով (կտրոններով)։

Ցանելուց առաջ սերմերը 24-48 ժամ թրջում են գոլ ջրի մեջ։ Դրանից հետո ցանում են տորֆից ու ավազից պատրաստված հողախառնուրդի մեջ։ Սերմը հողի մեջ քիչ են խորացնում։ Ցանքի հողը միշտ չափավոր խոնավ են պահում, ծածկում են ապակիյով կամ պլաստիկ թաղանթով։ Ծլելը կարող է մի քանի ամիս տևել։

Տնկաշիվերով բազմացնելու համար, կողային ճյուղերից կտրում են 10-15 սմ երկարությամբ, կիսափայտացած կտրոններ և տնկում են տորֆից ու ավազից պատրաստված հողախառնուրդի մեջ։ Ապահովում են մինիջերմոցային պայմաններ։

Հիվանդություններ և վնասատուներ

Սենյակում շատ չոր օդի պայմաններում ալբիցիան կարող է ենթարկվել սարդոստայնային տիզի հարձակմանը։

Հազվադեպ է հիվանդանում՝ հիմնականում վատ խնամքի հետևանքով։

Հնարավոր բարդություններ
  • Կոկոնների չորանալը։ Ծաղկամանի հողը շատ է չորացել։
  • Տերևների թոշնելը։ Ջրախեղդ է արվել, հողախառնուրդը թեթև ու փխրուն չէ կամ շատ է չորացել։
  • Տերևների գույնը խամրում է։ Լույսի պակաս։
  • Տերևների եզրերը չորանում ու շագանակագույն են դառնում։ Քիչ ջրելու կամ օդի չորության հետևանք։
  • Տերևների մակերեսին գոյանում են մուգ բծեր։ Բույսը տառապում է միջանցիկ քամիներից։

Հղումներ

Դանդուռ աֆրիկյան

Աֆրիկյան դանդուռը (անգլ․՝ Elephant bush, Dwarf Jade, լատ․՝ Portulacaria afra) մանր, հաստ տերևներով հարավաֆրիկյան սուկուլենտ է։ Իր հայրենիքում 2-6 մ բարձրությամբ թուփ է, որը փղերի սիրված ուտելիք է։ Դրանով է պայմանավորված

«փղի թուփ» անգլերեն անվանումներից մեկը։ Աֆրիկյան դանդուռ ուտում են նաև այծերն ու կրիաները: Այն նաև օգտագործվում է հարավաֆրիկյան խոհանոցում ՝ աղցաններին, ապուրներին կամ շոգեխաշած ուտեստներին թթվաշ համ տալու համար:

Աֆրիկյան դանդուռը սենյակային պայմաններում սովորաբար մինչև 1 մ բարձրության է հասնում և համարյա երբեք չի ծաղկում։ Գոյություն ունեն աֆրիկյան դանդուռի խայտաբղետ և գաճաճ ենթատեսակներ։

Աֆրիկյան դանդուռը բոնսայի համար կիրառվող ամենատարածված սուկուլենտն է

Աֆրիկյան դանդուռը, բացառությամբ էականորեն փոքր տերևներից, շատ նման է թանձրատերևուկին (Crassula ovata), և նույն խնամքի կարիքն ունի:

Աֆրիկյան դանդուռի խնամքը սենյակային պայմաններում

Աֆրիկյան դանդուռը սենյակային պայմաններում աճեցվում է որպես բոնսայ, որպես սովորական ծաղկամանային բույս կամ ամպելային՝ կախված աճող։

Լուսավորությունը։ Աֆրիկյան դանդուռի համար անհրաժեշտ է ապահովել շատ պայծառ լուսավորություն։ Այն չի վախենում արևի ուղիղ ճառագայթներից։

Օդի ջերմաստիճանը։ Եթե հնարավորություն կա, ապա ձմռան հանգստի համար, օդի ջերմաստիճանի ամենահարմարավետ տիրույթը +10…+16°C է։ +8°C-ից ներքև ջերմությունը չի կարելի իջեցնել։ Տաք սենյակում ձմեռացման դեպքում, ջերմաստիճանը չպետք է գերազանցի +22°C-ը։

Ամռանը շատ շոգը վնասակար է, լավագույն տիրույթը +22…+27°C է։

Օդի մաքրությունը։ Շատ կարևոր է որպեսզի աֆրիկյան դանդուռը միշտ թարմ օդ ունենա, ուստի սենյակը, որտեղ աճում է բույսը, պետք է հաճախակի օդափոխել։ Լավ կլինի, եթե տաք սեզոնը բույսը ամբողջությամբ դրսում անցկացնի։

Ջրելը։ Աֆրիկյան դանդուռը պետք է շատ չափավոր ջրել։ Գերխոնավությունը կարող է սպանել բույսին։ Ջրել պետք է երբ ոչ միայն ծաղկամանի հողի մակերեսն է չորացել, այլև համարյա ողջ հողը։

Օդի խոնավությունը։ Մյուս սուկուլենտ բույսերի պես, աֆրիկյան դանդուռը նույնպես չի վախենում չոր օդից։ Ոչ շրջակա օդի խոնավությունը բարձրացնելու, ոչ էլ բույսը ցողելու կարիք չկա։

Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում աֆրիկյան դանդուռին սնուցում են 15 օրը մեկ՝ հատուկ սուկուլենտների և/կամ կակտուսների համար նախատեսված պարարտանյութերով՝ պարարտանյութի փաթեթի վրա նշվածից երկու անգամ պակաս չափաբաժիններով։

Էտը։ Աֆրիկյան դանդուռը հանգիստ դիմանում է նույնիսկ շատ խոր էտին ու արագ վերականգնվում է, ընդորում, էտել կարելի է շուրջ տարին։ Անկանոն աճը զսպելու և սաղարթին ցանկալի ձև տալու համար, ակտիվ աճի շրջանում անհրաժեշտ է անընդհատ քշտել ճյուղերի ծայրերը։

Տեղափոխումը։ Այլ, մի փոքր ավելի մեծ ծաղկամանի մեջ բույսը տեղափոխում են միայն ակնհայտ անհրաժեշտության դեպքում՝ երբ արմատներն այլև աճի տեղ չունեն։ Սովորաբար, երիտասարդ բույսերի համար այդ անհրաժեշտությունը ծագում է 2 տարին մեկ, իսկ մեծահասակների համար՝ 4-5 տարին մեկ։

Նոր ծաղկամանը, կամ, բոնսայի դեպքում հատուկ տաշտակը, լավ դրենաժային շերտ պետք է ունենա։ Հողախառնուրդը պետք է լինի թեթև, փխրուն, ջրա և օդաթափանցիկ։ Կարելի է գնել սուկուլենտների և/կամ կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ։ Ինքնուրույն պատրաստելու համար, հավասար մասերով խառնում են մանր խիճ կամ խոշոր ավազ, կավային ճմահող, տերևային հումուս։ Հողախառնուրդի թթվայնությունը պետք է լինի 4,5-6,0 рН տիրույթում։ Բույսը տեղափոխելիս, բույսի աճը զսպելու համար, կարելի է մինչև 1/3-ով կարճեցնել արմատները։

Բազմացումը։ Աֆրիկյան դանդուռը ամենահեշտ բազմացվող բույսերից է։ Բազմացնում են կտրոններով։ Խորհուրդ է տրվում առնվազն 4 տերև ունեցող 6-7 սմ երկարությամբ կտրոններ դնել արմատակալման, սակայն փորձը ցույց է տալիս, որ շատ ավելի փոքր, 1-2 տերև ունեցող կտրոններն էլ են արմատակալում։

Տնկելուց առաջ կտրոնները մոտ 24 ժամ թողնում են (ոչ արևի տակ) որ կտրված տեղերը չորանան։ Տնկում են վերը նշված համամասնություններով կազմված հողախառնուրդում, հողը միշտ չափավոր խոնավ են պահում, տնկարկը դնում են պայծառ, ցրված լույսով լուսավորված տեղում, իսկ կտրոնները ծածկելու, ջերմոցային պայմաններ ստեղծելու կարիք չկա։

Հիվանդություններ և վնասատուներ։ Աֆրիկյան դանդուռը համեմատաբար կայուն է հիվանդությունների նկատմամբ։ Բայց վատ խնամքի, օրինակ, չափից շատ ջրելու կամ մաքուր օդից զրկելու դեպքում, կարող է վարակվել ալրացողով։

Վնասատուներից աֆրիկյան դանդուռի վրա կարող են հայտնվել՝

Տարածված բարդություններ են՝

  • տերևաթափ՝ վատ լուսավորության պատճառով;
  • ճյուղերի անհամաչափ ձգվածություն՝ վատ լուսավորության կամ գերխոնավացմն պատճառով;
  • տերևների դեղնում և թոշնում՝ գերխոնավացմն պատճառով։

Հղումներ

Զանտոքսիլում

Զանտոքսիլումը (անգլ․՝ Zanthoxylum, ռուս․՝ Зантоксилум, Жёлтодревесник, լատ․՝ Zanthoxylum) Rutaceae ընտանիքի մոտ 250 տեսակի տերևաթափ և մշտադալար ծառերի, թփերի և մագլցող լիանաների ցեղ է։

Զանտոքսիլումները բնիկ են ողջ երկրագնդի տաք, բարեխառն և մերձարևադարձային գոտիներում:

Հանրահայտ չինական Սիչուանի պղպեղ համեմունքը և դրա ճապոնական, կորեյական, հնդկական և այլ երկրների տարատեսակները պատրաստում են զանտոքսիլումի հետևյալ տեսակների պտուղների կեղևից՝

  • Չինական պղպեղ (անգլ․՝ Red Sichuan peppercorns, չին․՝ Honghuajiao 红花椒, լատ․՝ Zanthoxylum bungeanum)
  • Սիչուանի կանաչ պղպեղ (անգլ․՝ Green Sichuan peppercorns, Winged prickly ash, չին․՝ Qinghuajiao 青花椒, լատ․՝ Zanthoxylum armatum)
  • Ճապոնական պղպեղ (անգլ․՝ Japanese pepper, Japanese prickly-ash, Korean pepper, լատ․՝ Zanthoxylum piperitum) օգտագործում են Ճապոնիայում և Կորեյայում՝ որպես նմանատիպ համեմունք։
  • Մազտաքատերև փշոտ հացենի (անգլ․՝ Mastic-leaf prickly ash, լատ․՝Zanthoxylum schinifolium օգտագործում են Կորեյայում՝ որպես քիչ ավելի նվազ դառնություն ունեցող համեմունք։
  • Հնդկական փշոտ հացենի (անգլ․՝ Indian prickly ash, լատ․՝ Zanthoxylum rhetsa օգտագործում են Հնդկաստանի արևմուտքում՝ որպես նմանատիպ համեմունք

Զանտոքսիլումի տարբեր տեսակներ հաջողությամբ աճեցվում են սենյակային պայմաններում՝ թե՛ որպես գեղեցիկ դեկորատիվ սաղարթով բույս, թե՛ որպես բոնսայ։

Խնամքը սենյակային պայմաններում

Օդի ջերմաստիճանը։ Զանտոքսիլումը ջերմասեր է, ձմռանը սենյակի հարմարավետ ջերմաստիճանը պետք է +16…+18°C տիրույթում լինի, նվազագույնը՝ +10°C։ Շատ վատ է տանում ցրտահարությունն ու միջանցիկ քամիները:

Լուսավորությունը։ Ամռանը զանտոքսիլումը դնում են դրսում՝ բաց երկնքի տակ՝ մի փոքր ստվերում։ Սիրում է պայծառ ցրված լույսը նաև որոշ չափով արևի ուղիղ ճառագայթներ, բայց ոչ կեսօրի կիզիչ արևը:

Հողախառնուրդը։ 2 մաս ճմահող, 1 մաս տերևային հումուս, 1 մաս կենսահումուս, 1 մաս ավազ կամ վերմիկուլիտ: Կարելի է ցիտրուսայինների համար պատրաստի հողախառնուրդ գնել և ավելացնել խոշոր ավազ, կեռամզիտ կամ վերմիկուլիտ։

Ջրելը։ Վեգետացիոն շրջանում առատ են ջրում, ձմռանը շատ ավելի քիչ, բայց ծաղկամանի հողը չպիտի ամբողջովին չորանա: Չափից շատ ջրելու հետևանքով բույսի արմատները կարող են փտել, իսկ անբավարար ջրելուց տերևները թափվել։ Հողի լրիվ չորանալը կկործանի բույսը։ Անցանկալի է կոշտ ջրով ջրելը:

Օդի խոնավությունը։ Զանտոքսիլումը խոնավասեր է, ուստի սաղարթը պարբերաբար գոլ, հնեցված ջրով ցողելը պարտադիր է: Բույսը լավ կարձագանքի նաև ամենշաբաթյա տաք ցնցուղին։

Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում, 2 շաբաթը մեկ սնուցում են սենյակային բույսերի համար նախատեսված համալիր պարարտանյութով։

Բազմացումը։ Զանտոքսիլումը կարող է բազմացվել սերմերով, կտրոններով և անդալիսի միջոցով։

Նախքան ցանելը, սերմերը մինչև 90 օր ստրատիֆիկացնում են կամ ենթարկում սկարիֆիկացիայի։ Այնուհետև 24 ժամ թրջում են։ Ցանում են փխրուն սուբստրատի մակերեսին և ծածկում հողի բարակ շերտով: Ցանքը խոնավացնում են, ծածկում են ապակիյով կամ պլաստիկ թաղանթով և դնում լուսավոր տեղում՝ օդի +20…+24°C ջերմաստիճանի պայմաններում: Ցանքը պարբերաբար օդափոխում են: Սերմերը ծլում են 6-12 ամսում:

Հղումներ

Պատատուկ չինական

Չինական պատատուկը (անգլ․՝ Tuber fleeceflower, Chinese (climbing) knotweed, ռուս․՝ Горец многоцветковый, Фаллопия, չին․՝ 何首乌, լատ․՝ Reynoutria multiflora կամ Fallopia multiflora կամ Polygonum multiflorum) կենտրոնական և հարավային Չինաստանում

աճող, հդնկացորենազգիների ընտանիքին պատկանող, բազմամյա լիանա է։ Աճում է խոնավ հողով, արևոտ կամ փոքր-ինչ ստվերոտ վայրերում, լեռնալանջերին և ժայռաճեղքերում:

Փայտացած պալարից արագորեն աճում ու հասնում է 2-4 մ բարձրության։

Չինական պատատուկը մի հետաքրքիր առանձնահատկություն ունի։ Դրա արմատները երբեմն կրկնօրինակում են մարդու մարմինը, ընդորում, բոլոր մանրամասներով։

Մեկ այլ աղբյուր պնդում է, որ չինացիք հատուկ կաղապարներ են օգտագործում այդպիսի արմատներ ստանալու և թանկ վաճառելու համար։

Ծաղկելու շրջանում տերևանութերում հայտնվում են սպիտակ կամ կանաչավուն ծաղիկներ: Դրանք փոքր, խիտ ծաղկաբույլեր են կազմում: Ծաղիկները տարբեր սեռի են լինում:

Ծաղկունքը սկսվում է սեպտեմբերին, իսկ հոկտեմբերի վերջին սկսում են հասունանալ պտուղները՝ փոքրիկ ընկույզներ, փայլուն, շագանակագույն մակերեսով: Սովորաբար ընկույզներն ունեն երեք երես կամ շրջված ձվաձեւ են:

Սերմով բազմացնելը

Սերմերը ցանում են սուբստրատում, ծածկում են հողի բարակ շերտով, խոնավացվում են, ծածկում են ապակյա կամ պլաստիկ թաղանթով եւ դնում են լույսավոր տեղում, բայց ոչ արեւի տակ։ Օդի ջերմաստիճանը պետք է լինի +20…+25°C: Սածիլները պետք է պարբերաբար օդափոխել։ Անհրաժեշտ է խուսափել ցանքի հողի գերխանավացումից և չորանալուց։

Չինական պատատուկը որպես դեղաբույս

Չինական պատատուկը պաշտոնապես գրանցված է չինական ֆարմակոպեայում։ Չինաստանում և, ընդհանրապես, Արևելյան Ասիայում Խո շու վու (He shou wu) անվամբ հայտնի ու շատ տարածված դեղաբույս է: Մեկ այլ անով էլ է հայտնի՝ Ֆո տի (Fo-ti):

Որպես բուժիչ հումք օգտագործվում են երեք տարեկանից բարձր բույսի արմատները և ցողունները: Այս բույսն ավանդաբար համարվում է երիտասարդացնող։ Դրա բուժիչ հատկություններն արձանագրվում են հետևյալ 6 ոլորտներում՝

  • Արյան ճնշում։ Կանոնավորում է արյան ճնշումը, իջեցնում է տրիգլիցերիդների և խոլեստերինի քանակը։
  • Վերարտադրողականություն։ Սնուցում է օրգանիզմի վերարտադրողական համակարգը և բարձրացնում սեռական կենսունակությունը։
  • Մազերի առողջություն։ Բուժում է մազաթափությունը և վաղաժամ սպիտակելը։
  • Փորկապություն։ Օգնում է էմոդին պարունակելու շնորհիվ։
  • Թունազերծում։ Մաքրում է երիկամները, լյարդը և միզուղիները։
  • Կանանց առողջություն։ Օգնում է կարգավորել դաշտանային ցիկլերը:

Դեղանյութ պատրաստելու համար, ձևավորված կեղև և առնվազն մատիտի հաստություն ունեցող բույսի ցողունը (jiao teng) կտրում են ձմռանը: Պալարը (he shou wu) հավաքում են աշնանը:

Հղումներ

Եղեգնարմավ

Եղեգնարմավը (անգլ․՝ , ռուս․՝ Хамедорея, լատ․՝ Chamaedorea) արմավենազգիների ցեղ է, որն ընդգրկում է 107 տեսակի ցածրահասակ ծառեր, որոնք լայնորեն տարածված են Հարավային եւ Կենտրոնական Ամերիկաներում։ Դրանք համեմատաբար ցածրահասակ, 0.3-6 մ բարձրությամբ, եղեգնին նման, բարակ ճյուղերով արմավենիներ են։

Եղեգնարմավը սենյակային պայմաններում լավ աճող արմավենիներից է։ Նաև ընդգրկված է բնակարանի կամ աշխատասենյակի օդը մաքրող բույսերի ցանկում։

Եղեգնարմավի առավել հայտնի տեսակներն են՝

Եղեգնարմավ նրբագեղ (անգլ․՝ Neanta Bell palma, Salon palma, ռուս․՝ Хамедорея изящная, լատ․՝ Chamaedorea elegans)
Եղեգնարմավ Զեյֆրիցի (անգլ․՝ Bamboo palm, ռուս․՝ Хамедорея Зейфрица, լատ․՝ Chamaedorea seifrizii)

Խնամքը

Օդի ջերմաստիճանը։ Լավագույնը +16…+20°C տիրույթն է: Ձմռանը +12…+15°C: Բացասաբար է արձագանքում չափազանց բարձր եւ ցածր ջերմաստիճաններին: Եթե սենյակի օդը աստիճանաբար է սառչում, ապա արմավենու վրա դա քիչ է ազդում, նույնիսկ եթե օդի ջերմաստիճանը իջնի մինչեւ +10°C : Բույսի լիարժեք աճի եւ զարգացման համար անհրաժեշտ է օդի կանոնավոր օդափոխություն:

Օդի խոնավությունը։ Հարմարավետ է սենյակի օդի մոտ 50% խոնավությունը, սակայն իրեն վատ չի զգում նաև մի փոքր ավելի ցածր խոնավության դեպքում։ Ամռանն անհրաժեշտ է հնեցված ջրով պարբերաբար ցողել բույսը։

Լուսավորությունը։ Սիրում է պայծառ, ցրված լույս։ Արևի ուղիղ ճառագայթներից պետք է հեռու պահել։

Ջրելը։ Ամռանը ծաղկամանի հողը պետք է միշտ չափավոր խոնավ լինի։ Ջրել պետք է հողի վերին շերտի չորանալուց անմիջապես հետո։ Ձմռանը էականորեն քիչ են ջրում։

Հողախառնուրդը։ Կարելի է գնել սենյակային բույսերի համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ։ Ինքնուրույն պատրաստելու համար միմյանց, հավասար չափերով խառնում են փտած գոմաղբ, տորֆ, ավազ և ճմահող։

Սնուցումը։ Սնուցումն անհրաժեշտ է միայն ակտիվ աճի շրջանում։ Ամսկան երկու անգամ պետք է սնուցել հատուկ արմավենիների համար նախատեսված կամ ցանկացած այլ համալիր հանքային պարարտանյութով։

Տեղափոխումը։ Խորհուրդ է տրվում եղեգնարմավը այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ երբ արմատներն այնքան են մեծացել, որ դուրս են գալիս ծաղկամանի դրենաժային անցքերից։ Բույսի աճի դանդաղումը նույնպես կարող է դառնալ այդպիսի անհրաժեշտության ցուցիչ: Բավականին դժվար է մեծահասակ, մեծ բույսը տեղափոխելը։ Այն դառնում է ծանր ու մեծ: Նման դեպքերում տեղափոխելու փոխարեն կարելի է փոխել ծաղկամանի հողի վերին շերտը՝ այն չափով, որքան թույլ կտա արմատային համակարգը։

Տեղափոխման հրատապ անհրաժեշտություն կարող է առաջանալ բույսի հիվանդության կամ հողում մեծ թվով վնասատուների առկայության, ինչպես նաև շատ ջրելուց հողի թթվելու դեպքերում: Իսկ եթե ​​իրավիճակը կրիտիկական չէ, ապա պետք է սպասել և տեղափոխումն անել վաղ գարնանը՝ երբ բույսի ակտիվ աճը դեռ չի սկսվել:

Բազմացումը։ Խնամքի բոլոր կանոններին հետևելու դեպքում հնարավոր է հասնել եղեգնարմավի ծաղելուն և բազմաթիվ արմատամերձ «ձագուկներ» առաջանալուն։ Կենսունակ սերմեր ստանալու համար անհրաժեշտ է բույսի երկու սեռից էլ նույն սենյակում ունենալ, փոխարենը «ձագուկներին» առանձնացնելով կարելի է հեշտությամբ բազմացնել բույսը: Կարելի է նաև թուփը կիսելով բազմացնել եղեգնարմավը։

Սերմերով բազմացումն ամենաբարդն է, այդ դեպքում շատ կարևոր է, որ սերմերը թարմ լինեն: Սերմերը պետք է հավաքել և անմիջապես, մոտ հինգ օրով դնել թրջվելու աճի խթանիչի կամ սովորական ջրի մեջ: Հետո, յուրաքանչյուր սերմից վրայից զգուշորեն հանում են փափուկ կեղևը: Այդ փափուկ շերտի տակ կա նաև կոշտ շերտ, որի ամբողջականությունը պետք է փոքր-ինչ վնասել՝ սկարիֆիկացնել, օրինակ, օգտագործելով փոքրիկ, եռանկյունաձև խարտոց։ Դրանից հետո սերմերը ցանում են պատրաստված հողի մեջ և ծածկվում ապակիյով կամ թափանցիկ թաղանթով: Հողը պետք է պարբերաբար խոնավացվի, իսկ ցանքը օդափոխվի: Առաջին ծիլերը, կախված պայմաններից, հայտնվում են մեկից վեց ամիս անց:

Հիվանդություններ և վնասատուներ։ Լավ խնամքի դեպքում վնասատուները վտանգ չեն ներկայացնի, բացառությամբ դրանցից մեկի՝ սարդոստայնային տիզի, որը կարող է շատ խնդիրներ առաջացնել: Դրանց հայտնվելու դեպքում, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել։

Եղեգնարմավի տերևների ծայրերը կարող են չորանալ, ինչը օդի անբավարար խոնավության հետևանք կարող է լինել: Նոր տեղ տեղափոխված բույսի տերեւները կարող են սկսել դեղնել, ինչը կանցնի նոր տեղին հարմարվելուց հետո։ Աճին զուգընթաց, եղեգնարմավի ներքևի մասի տերևների չորանալն ու թափվելը բնական բան է:

Հղումներ

Նագեյա

Նագեյան (անգլ․՝ Nageia, ռուս․՝ Нагейя, լատ․՝ Nageia) Պոդոկարպ (Podocarpaceae) ընտանիքին պատկանող փշատերեւների ցեղ է, որն ընդգրկում է 1-54 մ բարձրությամբ մշտադալար թփեր և ծառեր:

The Plant List բույսերի տվյալների շտեմարանի տվյալներով (2021թ․ մայիսի դրությամբ) նշված է նագեյայի 6 տեսակ՝

  • Nageia fleuryi (Hickel) de Laub. Մինչեւ 30 մետր բարձրությամբ, բրգանման սաղարթով ծառ է։ Աճում է Կամբոջայում, Չինաստանում, Թայվանում, Լաոսում և Վիետնամում: Փայտը շատ արժեքավոր է, օգտագործվում է երաժշտական գործիքների, ուտելու փայտիկներ, ամանեղեն պատրաստելու համար:
  • Nageia formosensis (Dummer) C.N.Page Աճում է միայն Թայվանում։
  • Nageia maxima (de Laub.) de Laub. Աճում է միայն Մալայզիայում։
  • Nageia motleyi (Parl.) de Laub. Աճում է Բրունեյում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թաիլանդում։
  • Նագեյա Նագի (Asian bayberry, Nagi, Broadleaf Podocarpus) Nageia nagi (Thunb.) Kuntze Աճում է Չինաստանում, Թայվանում, Ճապոնիայում, լեռնալանջերին՝ 200-1200 մ բարձրության վրա։ Ցրտադիմացկունությամբ համապատասխանում է 9-11-րդ գոտիներին։ Նախկինում կոչվում էր Podocarpus nagi։
  • Nageia wallichiana (C.Presl) Kuntze It is a tree 10–54 մ բարձրությամբ ծառ է։ Աճում է Բրունեյում, Կամբոջայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Լաոսում, Մալայզիայում, Մյանմայում, Թաիլանդում և Վիետնամում։
Նագեյա Նագիի սերմերը

Կարող է աճել և՛ թեթև (ավազոտ), միջին (կավային) և ծանր (կավե) հողերում: Նախընտրում է խոնավ հողը: Հողի թթվայնությունը pH ՝ թթու, չեզոք և հիմնական (ալկալային) հողեր: Կարող է աճել կիսաստվերում (բաց անտառ) կամ արևի տակ:

Նագեյա Նագին Չինաստանումմ և Ճապոնիայում տնկում են պարտեզներում, զբոսայգիներում, արգելավայրերում և նույնիսկ որպես փողոցային ծառեր։ Այն նաև տարածված է որպես բոնսայի ծառ: Փայտն օգտագործվում է տներ և կամուրջներ կառուցելու, կահույք, սպասք և այլ իրեր պատրաստելու համար: Սերմերից ստացվում է ուտելի յուղ, որն օգտագործվում է նաև արդյունաբերության մեջ:

Նագեյա Նագիի խնամքը սենյակային պայմաններում

Նագեյան սենյակում առողջարար ազդեցություն ունի։ Այն ոչ միայն մեղմ բուրմունք ունի, այլև ֆիտոնիցիդներ է արտադրում, որոնք ճնշում են օդի միջի պաթոգեն միկրոֆլորային։

Նագեյան նաև բոնսայի համար ամենաշատ օգտագործվող փշատերևներից է։

Լույսը։ Նագեյան լուսասեր է, անհրաժեշտ է ապահովել պայծառ լուսավորություն, երկար լուսային օր, որից մի քանի ժամը արևի ուղիղ ճառագայթների ներքո։

Օդի ջերմաստիճանը։ Ձմռանը պետք է պահել զով միջավայրում՝ +10․․․+12°С ջերմաստիճանում։ Օդի ջերմաստիճանը +6С° չպիտի նվազի։

Օդի խոնավությունը։ Խոնավասեր է։ Անհրաժեշտ է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով պարբերաբար ցողել բույսը։

Ջրելը։ Ամռանը առատ, ցուրտ ամիսներին՝ չափավոր, այնպես որ ծաղկամանի հողը ամբողջովին չչորանա։

Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում բույսը պետք է ամիսը մեկ անգամ սնուցել համալիր պարարտանյութով։

Տեղափոխելը։ Այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխում են տարին մեկ անգամ, գարնանը։ Մեծահասակ բույսերը տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ 2-3 տարին մեկ։

Հողախառնուրդը։ Հարմար է փշատերի համար նախատեսվախ պատրաստի հողախառնուրդը։ Ինքնուրույն պատրաստելու համար միմյանց են խառնում՝

  • ճմահող — 2 մաս;
  • ավազ — մաս;
  • տերևային հումուս — մաս։

Հողախառնուրդը պետք է թեթև թթվայնություն ունենա։

Հիվանդություններ և վնասատուներ։ Նագեյան շատ հազվադեպ է հիվանդանում կամ ենթարկվում վնասատուների հարձակմանը։

Սերմերով բազմացումը

Նագեյայի սերմերը ցանելուց առաջ պետք է ստրատիֆիկացվեն։ Սերմերը փաթաթում են տորֆամամուռով (սֆագնում մամուռով), դնում են օդափոխման անցքերով պոլիէթիլենային տոպրակի մեջ ու պահում են սառնարանի ներքին, ամենատաք մասում (t=+2…+4ºС): 60 օր անց սերմերը հանում են, զգուշորեն առանձնացնում են մամուռից և ցանում են տորֆից, գետի ավազից և վերմիկուլիտից կազմված հողախարնուրդի մեջ՝ միմյանցից 5 սմ հեռու և 1 սմ խորությամբ։

Հնարավոր է, որ որոշ սերմեր ծլած լինեն ստրատիֆիկացման ընթացքում։ Այդ դեպքում, չվնասելու համար, դրանք ցանում են առանց մամուռից առանձնացնելու։

Ցանքը լավ խոնավացնում են, ծածկում են թափանցիկ թաղանթով կամ ապակով և դնում են տաք, լավ լուսավորված տեղում, հետագայում պարբերաբար օդափոխում ու խոնավացնում են։ Ծիլերը հայտնվում են 2-8 շաբաթ անց։

Հղումներ

Զմրուխտե ծառ

Զմրուխտե ծառը (անգլ․՝ China doll, Emerald tree, Serpent tree, ռուս․՝ Радермахера, լատ․՝ Radermachera sinica) բիգնոնիազգիների ընտանիքին պատկանող, մշտադալար ծառ է, որն աճում է Հարավային Չինաստանի եւ Թայվանի մերձարեւադարձային լեռնային շրջաններում:

Բնական պայմաններում այն կարող է հասնել մինչև 30 մ բարձրության, իսկ բնի տրամագիծը 1 մետրի։ Շատ բուրավետ, սպիտակ, շեփորաձև ծաղիկները բացվում են ընդամենը մեկ գիշերով և թոշնում են հաջորդ օրվա արևի տակ։

Սենյակային պայմաններում 1-1.5 մետրից չի բարձրանում և չի ծաղկում։

Խնամքը սենյակային պայմաններում

Լուսավորությունը

Զմրուխտե ծառին պայծառ, ցրված լույս է պետք: Լավ է աճում նաև մասնակի ստվերում, կարճ ժամանակով կարող է դիմակայել արևի ուժեղ ճառագայթներին։ Արևելքին կամ արևմուտքին նայող պատուհանի գոգը լավագույնս համապատասխանում է բույսի պահանջին։ Դեպի հարավ նայող պատուհանի գոգին դնելու դեպքում, լավ կլինի բույսը պաշտպանել կեսօրի արևից: Բույսի ճյուղերի չծռվելու և համաչափ աճ ապահովելու համար, անհրաժեշտ է պարբերաբար պտտել ծաղկամանը:

Օդի ջերմաստիճանը

Զմրուխտե ծառը բավականին ջերմասեր է, բայց խիստ շոգին դժվար է դիմանում։ Օդի սենյակային ջերմաստիճանը (+22․․․+25ºС) ամենահարմարն է։ Ձմռանը, բույսին հանգստի ժամանակ ապահովելու համար, ջերմաստիճանը կարելի է իջեցնել մինչև +16ºС։ +11 ºС -ից ցածր ջերմաստիճանը կարող է կործանարար լինել։

Օդի խոնավությունը

Զմրուխտե ծառը խոնավասեր է։ Անհրաժեշտ է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով հաճախակի ցողել բույսը: Ամռանը, ժամանակ առ ժամանակ, կարելի է գոլ ջրով ցնցուղի տակ լողացնել։

Ջրելը

Վեգետացիոն շրջանում առատ ջրելու կարիք ունի, բայց պետք է թույլ չտալ ջրի լճացում ու գերխոնավություն։ Չի կարելի նաև թույլ տալ, որ ծաղկամանի հողը ամբողջությամբ չորանա: Ջրում են հենց որ ծաղկամանի հողի վերին շերտը չորանա։

Աշնանը և ձմռանը ջրելու քանակը և ծավալը նվազեցնում են: Այդ ժամանակահատվածում ջրում են հողի վերին շերտի չորանալուց 2 օր անց։

Սնուցելը

Գարնանն ու ամռանը սնուցում են դեկորատիվ-սաղարթավոր բույսերի համար նախատեսված պարարտանյութերով։ Սեզոնի սկզբին բույսը սաղարթ աճեցնելու համար ազոտի գերակշռմամբ պարարտացման կարիք ունի, իսկ աշնանը պետք է կիրառել ֆոսֆոր-կալիումային պարարտանյութեր:

Պարարտանյութը պետք է տալ փաթեթի վրայի հրահանգին համապատասխան չափաբաժնով: Փորձառու այգեգործները խորհուրդ են տալիս նախքան սնոււցում տալը ջրել բույսը և մեկ-երկու ժամ հետո նոր պարարտացնել այն։

Զմրուխտե ծառը լավ է արձագանքում նաև սաղարթային սնուցմանը: Տերևները կարելի է ցողել պարարտանյութի կես չափաբաժնի լուծույթով: Այդպես սննդարար նյութերը շատ ավելի արագ են ներծծվում, իսկ սաղարթը ձեռք է բերում փայլուն զմրուխտի երանգ:

Էտը և սաղարթի ձևավորումը

Զմրուխտե ծառը կարելի է կամ որպես ծառ աճեցնել, կամ փարթամ թուփի տեսքով: Առաջին դեպքում, աճի սեզոնի ողջ ընթացքում բնի ստորին մասից հեռացնում են բոլոր կողային ճյուղերը: Իսկ որպեսզի փարթամ թփի ձև ստանա, քշտում են բոլոր ճյուղերի վերին բողբոջները՝ խթանելով դրանց ճյուղավորումը:

Տեղափոխելը

Այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխելու համար լավագույն ժամանակը գարնան սկիզբն է: Այդ ժամանակ է ծառը ձմեռային «հանգստից» հետո սկսում ակտիվորեն աճել: 5 տարեկանից երիտասարդ բույսերը տեղափոխելու կարիք է առաջանում համարյա ամեն տարի։ Մեծահասակ բույսերի ծաղկամանը փոխում են մոտ երեք տարին մեկ՝ եթե ծաղկամանում արդեն նեղվածք է և արմատները դուրս են եկել դրենաժային անցքերից։ Եթե ոչ, ապա կարելի է բավարարվել հողի վերին շերտը (4-5 սմ) փոխելով:

Զմրուխտե ծառի արմատները բավականին հզոր են, ուստի ծաղկամանը պետք է լինի լայն և խոր, բայց ոչ շատ մեծ։ Ծաղկամանի ծավալը պետք է մոտավորապես հավասար լինի արմատային համակարգի ծավալին, որպեսզի ծառի արագ աճը որոշ չափով զսպվի։

Ծաղկամանում լավ դրենաժ ապահովելը շատ կարևոր է։

Հողախառնուրդը

Հարմար է արմավենիների և/կամ ցիտրուսայինների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդը։ Ինքնուրույն պատրաստելու համար իրար են խառնում՝

Բազմացումը

Զմրուխտե ծառը բազմացնում են կտրոններով կամ անդալիսի միջոցով:

Կտրոնները արմատակալման դնելու լավագույն ժամանակը մայիսն է կամ հունիսի սկիզբը: Կտրոն ստանալու համար կտրում են ցողունի մի մասը՝ տերևով ու տերևային հանգույցով: Կտրած տեղը մշակում են ակտիվացված ածխի փոշիյով կամ արմատավորում խթանող դեղամիջոցով։ Այնուհետև կտրոնը 2-3 սմ խորությամբ խրում են տորֆի և ավազի խառնուրդ հանդիսացող սուբստրատի մեջ, լավ ջրում են ու ծածկում թափանցիկ թաղանթով։ Ցանքը դնում են տաք և լուսավոր տեղում, պարբերաբար օդափոխում են և խոնավացնում:
Կտրոնները բավականին արագ են արմատավորվում: Արդեն 1,5–2 ամիս անց երիտասարդ բույսերը կարելի է լինում տեղափոխել առանձին ծաղկամանի մեջ։

Անդալիսի միջոցով բազմացնելու համար, մայր բույսի երկար ճյուղերից մեկը մոտեցնում են հողին, հողին դիպչող հատվածը ազատում են տերևներից, այդ տեղում մի փոքր վնասում են կեղևը և թաղում հողի մեջ։ Գագաթը պետք է դրսում մնա։ Մեկ այլ տարբերակով, նույնն անում են օդի մեջ՝ տերևներից ազատված հատվածը պարուրում են հողով կամ մամուռով ու փաթաթում են ցելոֆանով։ Երկու դեպքում էլ այդ հատվածները մշտապես խոնավ պետք է պահվեն։ Արմատների առաջանալուց հետո, այդ հատվածը առանձնացնում են մայր բույսից և տնկում են նոր ծաղկամանում։

Հնարավոր բարդություններ

  • Ճյուղերը անբնական ձգվում են։ Սովորաբար դա տեղի է ունենում ձմռանը, երբ լույսի պակաս կա: Բույսը պետք է պահել զով տեղում և պայծառ լույսի ներքո: Կարելի է ցերեկային լույսով լրացնել լուսավորության ժամերը։
  • Տերևների ծայրերը չորանում են, տերևները կորցնում են իրենց ամրությունը և չորանում են։ Սենյակի օդը շատ չոր է կամ բույսը անբավարար է ջրարբիացվում: Նույնը կարող է տեղի ունենալ երբ լուսավորությունը չափազանց ուժեղ է: Այս դեպքում բույսը պետք է տեղափոխել մասնակի ստվերված վայր:
  • Նոր տերևները մանրանում են ու խամրած են։ Լույսի և/կամ սնունդի պակասից է: Անհրաժեշտ է ապահովել պայծառ, ցրված լույսով և/կամ սաղարթային պարարտացում անել։
  • Տերևները դեղնում են ու թափվում։ Լուսավորության պակասից է։

Հիվանդություններ և վնասատուներ

Զմրուխտե ծառը կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: Միայն վատ խնամքի դեպքում բույսը կարող է տառապել ֆուզարիոզից (արմատային փտախտ), ենթարկվել կարմիր սարդոստայնային տիզերի, ուտիճների և ալրատիզերի հարձակմանը։

Հղումներ