Վերմիկուլիտ

Վերմիկուլիտը (անգլ․՝ Vermiculite, ռուս․՝ Вермикулит, լատ․՝ Vermiculus) հիդրոփայլարների խմբի հանքանյութ է։ Օգտագործվում է բացառապես ջերմային մշակումից (փքեցումից) հետո:

Վերմիկուլիտը ամենալայն տարածումն է գտել բույսերի աճեցման ոլորտում, որտեղ այն օգտագործվում է տարատեսակ հողախառնուրդներ պատրաստելիս և հիդրոպոնիկայում։

Վերմիկուլիտը բացի այն, որ շատ լավ փխրեցնում է հողը, ունի մեծ քանակությամբ ջուր կլանելու ունակություն։ 100 գ վերմիկուլիտը կլանում է 400-530 մլ ջուր: Այն հեշտությամբ կլանում է խոնավությունը և նույնքան հեշտությամբ ազատում է այն ՝ ստեղծելով օպտիմալ խոնավ միջավայր բույսերի արմատների համար:

Սննդային առումով, վերմիկուլիտը որոշ չափով կարելի է համարել նաև միկրոպարարտանյութ ու նույնիսկ աճի խթանիչ: Սակայն, դրա կազմի տարրերի ամբողջությունը մեծապես տատանվում է` կախված արդյունահանման վայրից, և, օրինակ, այն կարող է չպարունակել երկաթ կամ գերհագեցած լինել պղինձով: Այնպես որ, լիովին փոխարինել պարարտանյութերը վերմիկուլիտը չի կարող։

Այգեգործներին գրավում են վերմիկուլիտի հետևյալ դրական հատկությունները՝

  • քիմիական իներտությունը;
  • չեզոք թթվայնությունը (pH = 7);
  • կենսաբանական կայունությունը (չի քայքայվում);
  • հոսունությունը, հոսկանությունը և թեթևությունը;
  • սեփական քաշի համեմատ մոտ հինգ անգամ ավելի ջուր կլանելու ունակությունը։

Որակյալ հողախառնուրդներ կազմելիս, մինչև 40% վերմիկուլիտ են հավելում։ Այն լավ աէրացնում է հողը, միաժամանակ դարձնում այն ​​փխրուն ու խոնավություն կլանող, կանխում է հողի մակերեսի ճաքճքելը։ Ջրելուց հետո վերմիկուլիտի մասնիկները ջուրը կլանելով փքվում են, իսկ հետո, աստիճանաբար տալիս են պաշարված ջուրն արմատներին: Արդյունքում, բույսերը կարելի է ավելի ուշ-ուշ ջրել ՝ միաժամանակ խնայելով ջուրը, որը չի վատնվում գոլորշիացման վրա:

Վերմիկուլիտը հաճախ օգտագործում բույսերի կտրոնները արմատակալման դնելիս։ Կտրոնը տնկում են կամ մաքուր վերմիկուլիտի մեջ, կամ վերմիկուլիտը հավասար մասերով խառնում են տորֆի կամ ավազի հետ:

Հավասարաչափ ցանք ստանալու համար, հարմար է մանր սերմերը խառնել մանր վերմիկուլիտի հետ, հետո ցանել։ Նաև օգտակար է վերմիկուլիտի բարակ շերտով ծածկել ցանված սերմերը՝ պաշտպանելով դրանք չորանալուց և բորբոսնելուց։

Բացի վերը թվարկածից, վերմիկուլիտը օգտագործվում է ձմռան ընթացքում բույսերի սոխուկները, պալարները և այլ տնկանյութեր պահպանելու համար: Դրանք թաղում են վերմիկուլիտի մեջ և պահում օդի համապատասխան ջերմաստիճան ունեցող վայրում:

Հղումներ

Leave a Reply