Հանքային պարարտանյութեր

Հանքային պարարտանյութերը ոչ օրգանական միացություններ են, որոնք պարունակում են բույսերի համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերը: Հանքային պարարտանյութերով բույսերի սնուցումը օգնում է բարելավել հողի բերրիությունը և առատ բերք աճեցնել:

Հանքային պարարտանյութեր օգտագործելիս պետք է ճշգրիտ պահպանել առաջարկվող չափաքանակները, հակառակ դեպքում վտանգ կա, որ վնաս կհասցվի ինչպես հողին, այնպես էլ բույսերին ու բերքին:

Հանքային պարարտանյութերի չարաշահումը  վտանգավոր է և հանգեցնում է բուսականության աղքատացման, ինչպես նաև հողի, բնական ու արհեստական ջրամբարների, մթնոլորտի աղտոտման, ուստի բնապահպանական տեսանկյունից առավել նպատակահարմար է օրգանական պարարտանյութերի կիրառումը:

Հանքային պարարտանյութերը կարելի է բաժանել 5 խմբերի՝

  1. Ազոտական պարարտանյութեր;
  2. Ֆոսֆորական պարարտանյութեր;
  3. Կալիումական պարարտանյութեր;
  4. Միկրոպարարտանյութեր;
  5. Համալիր պարարտանյութեր։

Ազոտական պարարտանյութերն են՝

  • Կարբամիդը (Միզանյութ, անգլ․՝ Urea, Carbamide, ռուս․՝ Мочевина, Карбамид) H2NCONH2 ամենաշատ ազոտ պարունակող (46.2%) պարարտանյութն է: Լավ լուծվում է ջրում, գործածվում է գարնանը՝ որպես հիմնական պարարտանյութ, ինչպես նաև արտարմատային լրացուցիչ սնուցման համար։ Անօգուտ է օդի ցածր դրական ջերմաստիճանի դեպքում։
  • Ամոնիակային բորակը (Ամոնիումի նիտրատ, անգլ․՝ Ammonium nitrate, ռուս․՝ Аммиачная селитра) NH4NO3 Հարմար չէ արտաաարմատային սնուցման համար՝ տերևները կարող են այրվածքներ ստանալ։ Ազոտի պարունակությունը՝ 33%։ Լավ լուծվում է ջրում և արագ ներգործում բույսերի վրա։ Նպաստում է հողի թթվեցմանը, ուստի նպատակահարմար է կիրառել կրացված հողերում։ Չի կարելի պարարտացնել ձմերուկը, սեխը, դդումը, դդմիկը, վարունգը, քանի որ դրանք նիտրատային ազոտ են կուտակում իրենց մեջ։
  • Կալցիումի բորակը (Կալցիումի նիտրատ, անգլ․՝ Calcium nitrate, ռուս․՝ Кальциевая селитра, Нитрат кальция) Ազոտի պարունակությունը՝ 14.9%
  • Ամոնիումի սուլֆատը (անգլ․՝ Ammonium sulfate, ռուս․՝ Сульфат аммония) Ազոտի պարունակությունը՝ 21%, լուծվում է ջրում։ Լավ պահպանվում է հողում, ուստի այն որպես հիմնական պարարտանյութ հող են ներմուծում աշնանը, իսկ բույսերի վեգետացիայի շրջանում օգտագործում են նաև արտաարմատային սնուցման ձևով։  Ամոնիումի սուլֆատը թթվեցնում է հողը, ուստի դրանով պարարտացնում են կրացված հողերը։

Ֆոսֆորական պարարտանյութերն են՝

  • Հասարակ սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատի ու կալցիումի սուլֆատի խառնուրդը);
  • Կրկնակի սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատ);
  • ֆոսֆորիտային ալյուրը: 

Կալիումային պարարտանյութերն են՝

  • Կալիումի քլորիդը ;
  • Կալիումական աղը [կալիումի քլորիդի և սիլվինիտի (NaCl+KCl) խառնուրդը];
  • Կալիումի սուլֆատը ;
  • Կալիումի բորակը :

Համալիր պարարտանյութերը հողին տալիս են գարնանը՝ բույսերի վեգետացիայի շրջանում՝ որպես օժանդակ սնուցում։ Դրանք են՝

  • Ամոֆոսը պարունակում է 44-52% յուրացվող ֆոսֆորական թթուներ և 10-11% ազոտ;
  • Նիտրոամոֆոսկան՝ 13-17% ազոտ, 17-19% ֆոսֆորական թթու և 17-19% կալիումի օքսիդ;
  • Նիտրոֆոսկան՝ 11% կալիումի օքսիդ։

Միկրոպարարտանյութերը պարունակում են բույսերին անհրաժեշտ միկրոտարրեր՝ բոր, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։ Դրանք կիրառվում են սերմերի նախացանքային մշակման, արտաարմատային և արմատային օժանդակ սնուցումների համար։

Հղումներ

Leave a Reply