Թալ

Թալը (Թաղթ, Մոխրաթելուկ, անգլ․՝ Saltbush, Orache, ռուս․՝ Лебеда, լատ․՝ Atriplex) թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի կամ թփերի ցեղ է։ Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 225), Հայաստանում՝ 12 տեսակ։

Հայաստանում, որպես մոլախոտ, տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, գետերի հովիտներում, լճափերին, աղուտներում, բանջարանոցներում և այլն։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են, սերմերը պարունակում են սապոնիններ, մոխիրը՝ պոտաշ։

Թալի շատ տեսակներ ուտելի են: Բայց, հիմնական ուտելի տեսակը Պարտեզի թալն է (Atriplex hortensis), որն օգտագործվել է ոչ միայն պատերազմների ու սովի տարիներին, այլև շատ երկրներում մինչ այժմ՝ որպես աղցանների համար խոտ:

Պարտեզի թալն աճում է Եվրոպայում և Ասիայում, տեղայնացված է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում։

Թալը գործնականում համ ու հոտ չունի: Դրա տերևները, ինչպես սպանախի տերևները, եփում են, պատրաստում են բանջարեղենային կոտլետներ, ավելացնում են թրթնջուկով ու կաղամբով ապուրներին, աղցաններին: Բույսը օգտագործվում է նաև ժողովրդական բժշկության մեջ՝ որպես ստամոքսի բուժման միջոց, իսկ թարմ տերևները դնում են վերքերի վրա: Բացի այդ, կան դեկորատիվ սորտեր՝ մանուշակագույն, կարմիր, խայտաբղետ տերևներով:

Թալ աճեցնելը բոլորովին դժվար չէ: Այն ցրտադիմացկուն է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, դիմացկուն է երաշտին (սակայն, երկարատև երաշտի հետ մեկտեղ, նրա տերևները դառնում են փոքր և կոպիտ):

Այս միամյա բույսն աճում է բավականին արագ: Սերմերը ցանում են գարնան սկզբին, բաց գրունտում, այնուհետև կրկին ցանում են երկու շաբաթ ընդմիջումներով, որպեսզի ամռան ընթացքում միշտ ձեռքի տակ թարմ կանաչի լինի: Ցանքը նոսրացնում են 3-4 իսկական տերևների փուլում ՝ բույսերի միջև թողնելով 25-30 սմ հեռավորություն:

Թալի խնամքը բաղկացած է հողի փխրեցումից, քաղհանից ու ջրելուց: Բերքը հավաքվում է 20-25 օր հետո՝ կամ տերևները կտրելով, կամ ամբողջ բույսը հանելով։ Բերքահավաքն արվում է մինչև սերմերի հասունաcw6my՝ կանխելով սերմերի անվերահսկելի տարածումը:

Հղումներ

Leave a Reply