Ծնեբեկ աղվեսի պոչ

Ծնեբեկ աղվեսի պոչը (անգլ․՝ Foxtail fern, Asparagus fern, Plume asparagus, ռուս․՝ Спаржа густоцветковая, լատ․՝ Asparagus densiflorus) հարավաֆրիկյան, բազմամյա, աղվեսի պոչ հիշեցնող, փափկամազ ճյուղերով, մշտադալար թուփ է:

Հասուն թուփն ունենում է 60-90 սմ բարձրություն և լայնք։ Բաց գրունտում կարող է աճել 9-11-րդ ցրտադիմացկունության գոտիներում։

Ծաղկում է փոքրիկ, սպտակ ծաղիկներով, ինչից հետո գոյանում են սիրունիկ, փոքրիկ, կարմիր, բայց մարդու և կենդանիների համար թունավոր պտուղները։

Աղվեսի պոչը հրաշալի գեղեցկացնում է ինչպես պարտեզը, այնպես էլ սենյակային բույսերի հավաքածուն: Լայնորեն օգտագործվում է ծաղկեփնջեր կազմելիս։ Կտրելուց հետո ճյուղերի թարմ տեսքը պահպանվում է երկու-երեք շաբաթվա ընթացքում:

Խնամքը

Չնայած նուրբ տեսքին, Աղվեսի պոչը բավականին դիմացկուն բույս է: Խնամքը դյուրին է: Իրականում անհրաժեշտ է ապահովել միայն պայծառ, ցրված լուսավորություն և լավ ջրահեռացում ապահովող հող: Եթե նաև աճի համար ազատ տարածք լինի և պարբերաբար կտրվեն չորացած ճյուղերը, շատ գեղեցիկ, թփուտավոր բույս կստացվի:

Աղվեսի պոչն ունի ջուր կուտակող պալարային արմատներ՝ ինչի շնորհիվ երաշտադիմացկուն է:Ուժեղ արմատային համակարգի պատճառով, այն կարող է նեղել կողքին աճող ավելի փոքր, նուրբ բույսերին:

Ծաղկամանում պահվող Աղվեսի պոչը հիանալի սենյակային բույս է։ Այն կարելի է ձմռանը սենյակում պահել, իսկ տաքերն ընկնելուն պես դուրս բերել պատշգամբ կամ այգի։

Լույսավորությունը

Աղվեսի պոչը սիրում է փափուկ լույս, գերադասելի է մի քիչ ստվերոտ տեղերում: Լուսաբացի արևը լավ է, պարզապես պետք է համոզվել, որ բույսը պաշտպանված կլինի կեսօրի կիզիչ արևից:

Սենյակային պայմաններում աճեցնելիս, ծաղկամանը պետք է տեղադրել պայծառ, ցրված լուսավորության մեջ: Շատ ուժեղ լույսը կարող է այրել տերևները:

Հողը

Աղվեսի պոչը լավ է աճում հողի տարբեր տեսակների մեջ, քանի դեռ հողը լավ ջրահեռացում ունի՝ արմատների փտման հետ կապված խնդիրներից խուսափելու համար: Այն նախընտրում է մի փոքր թթվային հողը (5,5pH–7,5pH), բայց դա պարտադիր պահանջ չէ:

Ջրելը

Ջրում են առատ՝ հողի վերին շերտը չորանալուց հետո։ Աղվեսի պոչը սիրում է խոնավ, բայց ոչ թաց հողը։

Օդի ջերմաստիճանը և խոնավությունը

Հարավային Աֆրիկայում աղվեսի պոչը աճում է օդի բարձր խոնավության և ջերմաստիճանի պայմաններում: Սենյակոմ պահվող բույսի ծաղկամանը տեղադրում են ջրով և խիճով լի, լայն, սաղր տակդիրի վրա։ Այս բույսը նաև լավ է արձագանքում ջրով ցողելուն:

Աճի համար ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +20…+22°C է։ Բույսը պետք է հեռու պահել սառը միջանցիկ քամիներից։

Պարարտացումը

Աղվեսի պոչը աճի ողջ շրջանում սնուցում են 15 օրը մեկ անգամ։ Կես չափաբաժնով կարելի է սնուցել ինչպես հեղուկ, համալիր պարարտանյութերով, այնպես էլ դանդաղ քայքայվող կարծրներով։ Կոմպոստը և փայտի մոխիրը նույնպես լավ տարբերակներ են։

Բազմացումը

Աղվեսի պոչի բազմացման ամենադյուրին ճանապարհը թուփը բաժանելն է: Դա անելու լավագույն ժամանակը գարունն է:

Թուփը բաժանելիս պետք է միշտ սուր դանակ օգտագործել: Պետք է նաև համոզվել, որ յուրաքանչյուր բաժանված մասն ունի առողջ սաղարթ և արմատներ: Վերատնկելուց հետո պետք է առատ ջրել:

Սերմերով ու կտրոններով բազմացնում են ջերմոցային պայմաններ ստեղծելով։ 10-15 սմ երկարությամբ կտրոնները մինչև տնկելը մշակում են արմատակալման խթանիչով (Clonex, Fitoclon, Корневин, Հետերոաուկսին)։

Տեղափոխելը

Խորհուրդ չի տրվում մեծ ծաղկաման ընտրել աղվեսի պոչի հաար։ Ավելորդ հողը կարող է պահել ավելորդ ջուր և նեխել: Քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխելու ժամանակը գալիս է երբ արմատներն այնքան են զարգանում, որ սկսում են հողից դուրս գալ։

Վնասատուները

Ամենից հաճախ բուսի վրա կարող են հայտնվել վահանակիրները և սարդոստայնային տիզը: Վահանակիրներին ձեռքով հավաքում և ոչնչացնում են, իսկ հետո բույսը մշակում են Actellik-ով: Այս դեղը օգնում է նաև սարդոստայնային տիզի դեմ: Վնասատուիներից բույսը պաշտպանելու համար այն պետք է հաճախ դնել գոլ ցնցուղի տակ՝ հողը պաշտպանիչ թաղանթով ծածկելով։

Հնարավոր բարդություններ

  • Շատ ջրելու, վատ սնուցելու կամ թույլ լուսավորության պատճառով Աղվեսի պոչը կարող է թափել տերևներն ու բողբոջները։
  • Վատ լուսավորության պատճառով բույսի գույնը կարող է խամրել։
  • Չափից ավել լույսի կամ ժամանակին չջրելու հետևանքով տերևների ծայրերը կարող են դեղնել։
  • Ներքևի տերևները կարող են թափվել թե՛ բնական ծերացման հետևանքով, թե՛ սնուցման պակասից կամ հողի գերխոնավությունից։

Տես նաև ԾՆԵԲԵԿ ՍՏԵՒԱԽԻՏ հոդվածը ==>

Հղումներ

Leave a Reply