Նապաստակի պոչ

Նապաստակի պոչը (անգլ․՝ Bunny Tail Grass, ռուս․՝ Зайцехвост, լատ․՝ Lagurus) հացազգիների ընտանիքի բույսերի տեսակ է, որն աճում է միջերկրածովյան ավազանում եւ հարակից շրջաններում՝ Ազորյան և Կանարյան կղզիներից մինչեւ Ղրիմ ու Սաուդյան Արաբիա:

Նապաստակի պոչը նաև նատուրալիզացվել է Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Իռլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ Ամերիկյան մայրցամաքի տարբեր վայրերում։

Նապաստակի պոչ ձվաձևը (Lagurus ovatus) միակ հայտնի տեսակն է։ Այն, իր գրավիչ, նապաստակի պոչ հիշեցնող կատարի շնորհիվ, աճեցվում է որպես դեկորատիվ բույս։

Նապաստակի պոչ աճեցնելը

Նապաստակի պոչը բազմանում են սերմերով: Սերմերը հավաքում են աշնանը, երբ հասկերը հասունանում են և չորանում: Երբ բույսը սկսում է դեղնել և չորանալ, փափուկ պոչիկները կտրում են և չորացնում են լավ օդափոխվող, չոր, ստվերում: Սերմերը, ձեռքերով տրորելուց հետո, հեշտությամբ առանձնանում են բամբակյա մասից: Այնուհետեւ սերմերը քամհարում են՝ փչելով վրաները, թափում են 30-40 սմ բարձրությունից, որպեսզի փափուկ մասերը մի կողմ թռչեն:

Սածիլներ ստանալու համար ցանելը

Ցանում են փետրվար-մարտ ամիսներին, 0,5-1 սմ խորությամբ, պարարտ, փխրուն հողախառնուրդով փոքր ծաղկամանների կամ այլ տարայի մեջ, միմյանցից 3-4 սմ հեռավորության վրա: Ցանքի համար ստեղծում են ջերմոցային պայմաններ, տեղադրում են պայծառ լուսավորված վայրում, ըստ անհրաժեշտության, պարբերաբար խոնավացնում են։

Աճած սածիլները, մինչև բաց գրունտ տեղափոխելը, ցերեկները դուրս հանելով, մի քանի օր կոփում են։ Բաց գրունտ տեղափոխում են երբ գիշերային ցրտահարությունների վտանգն անցնում է։ Տնկում են միմյանցից 10-15 սմ հեռավորության վրա։

Անմիջապես բաց գրունտում ցանելը

Սերմերը մանր են, կարելի է խառնել ավազի հետ։ Ցանում են շարքերով, կամ խառը՝ 2-3 սմ խորությամբ, միմյանցից 10-15 սմ հեռավորություն վրա։ Ծիլերը հայտնվում են 10-12 օրից։

Նկատվել է, որ տաք ձմեռներից հետո, բույսից թափված սերմերից կարող են հայտնվել նոր ծիլեր։ Ուստի, կարելի է փորձել նաև աշնանացան անել աշնան վերջին օրերին, երբ բավականաչափ ցուրտ է, որ սերմերը չծլեն մինչեւ գարուն:

Հետագա խնամքը

Նապաստակի պոչը հողի նկատմամբ պահանջկոտ չէ, ցանկացած հողում լավ կաճի: Սիրում է լույսը, թույլատրելի է մի փոքր ստվերը: Այս հացահատիկը կարելի է աճեցնել և՛ պարտեզում, և՛ պատշգամբում: Այն երաշտադիմացկուն է, բայց ամռան շոգին պետք է ամեն օր ջրել, հատկապես սենյակային պայմաններում աճեցնելիս:

Հողի փխրեցում և ցանքածածկում

Սեզոնի ընթացքում մի քանի անգամ անհրաժեշտ է քաղհան անել և փխրեցնել հողը բույսերի շուրջը: Կարելի է նաև պարբերաբար հումուսային ցանքածածկ ավելացնել՝ դրանով միաժամանակ պարարտացնելով հողը և պաշտպանելով ավելորդ գոլորշիացումից:

Սնուցումը

Սածիլների ակտիվ աճի ժամանակ, յուրաքանչյուր 10 օրը մեկ հողը պարարտացնում են գոմաղբի 1:10 լուծույթով։ Վեգետացիոն շրջանում նապաստակի պոչը կարելի է երկու անգամ պարարտացնել համալիր հանքային պարարտանյութով:

Կտրելը

Եթե ​​բույսն աճեցվում է բնապատկերը գեղեցկացնելու համար, ապա խորհուրդ է տրվում կտրել խունացած ծաղկաբույլերը՝ նորերի աճը խթանելու համար: Եթե ​​աճեցվում է չոր ծաղիկներ ստանալու համար, ապա հասկերը կտրում են մինչև դրանց լիովին հասունանալը, մինչև ծաղկաբույլերը փոխեն իրենց գույնը:

Հիվանդություններ և վնասատուների դեմ պայքարը

Նապաստակի պոչը լավ իմունիտետ ունի հիվանդությունների և վնասատուների նկատմամբ, ուստի հարկավոր չէ անհանգստանալ այս մշակաբույսի առողջության համար:

Նապաստակի պոչի կիրառումը բնապատկեր ձևավորելիս

Այս միջին չափսի խոտը լավ է դիտվում քարքարոտ լանդշաֆտների և եզրաքարերի ուրվագծման համար: Քարքարոտ այգին զարդարելու համար նապաստակի պոչը խումբ-խումբ են տնկում:

Նապաստակի պոչի օգնությամբ կարելի է լրացնել ծաղկող, գունագեղ միամյա բույսերի և թփերի միջև եղած բացատները։ Լավ կարելի է օգտագործել վարդերի այգին կամ մրգատու թփերի տարածքները զարդարելիս։

Որպես նապաստակի պոչի լավ հարևան ընտրում են հողի նկատմամբ ոչ պահանջկոտ բույսեր: Պայծառ ծաղիկները լավ են դիտվում աճող նապաստակի պոչի մեղմ կանաչի խորապատկերին։ Այն նաև շատ լավ զուգորդվում է ավելի մուգ կանաչ սաղարթ ունեցող բազմամյա խոտաբույսերի հետ, օրինակ, Հարատևուկ սողացողը (Bugle, Живучка ползучая, Ajuga reptans), Պատենենին (անգլ.՝ Coleus, ռուս.՝  Колеус, լատ.՝ Coleus), Հերբստի արնատերևը (Herbst’s bloodleaf, Ирезине хербста, Iresine herbstii):

Նապաստակի պոչի կիրառումը ծաղկեփնջեր կազմելիս

Նապաստակի պոչը շատ լավ է դիտվում ծաղկեփնջերի մեջ: Մատղաշ հասկերը կտրում են չսպասելով դրանց ամբողջական հասունացմանը, տերևները հեռացնում են և կատարները փոքր կապոցներով, գլխիվայր կախում են լավ օդափոխվող սենյակում՝ չորացնելու համար: Որոշ ֆլորիստներ նաև ներկում են հասկերը տարբեր գույներով։

Հղումներ

Leave a Reply