Ատուրի

Ատուրին կամ Պարող բույսը (անգլ․՝ Telegraph plant, Dancing plant, Semaphore plant, ռուս․՝ Атури, լատ․՝ Codariocalyx motorius) ասիական, արևադարձային, 1-2 մ բարձրությամբ թուփ է, ինքնուրույն, արագ շարժվելուն ունակ սակավաթիվ բույսերից մեկն է, ինչպես Պատկառուկը (Mimosa pudica) և Վեներինա ճանճակալը (Venus flytrap):

Ատուրին հմայիչ բույս է, որը «պարում է»՝ պայծառ լույսի ներքո բարձրացնում և իջեցնում է տերևները: Արձագանքում է նաև ջերմությանը, բարձր հաճախականության ձայնային ալիքներին և հպմանը:

Լոբազգի այս ոչ խստապահանջ բույսը հեշտությամբ աճեցվում է սենյակային պայմաններում, իսկ բաց գրունտում գոյատևում է միայն ամենաջերմ կլիմայական պայմաններում:

Բույսի ծղխնևոր տերևները իրենց տեղափոխում են այնտեղ, որտեղ նրանք ավելի շատ ջերմություն և լույս կստանան: Որոշ բուսաբաններ կարծում են, որ շարժումը պայմանավորված է հատուկ բջիջներով, որոնք տերևներին ստիպում են շարժվել, երբ ջրի մոլեկուլները այտուցվում կամ նեղանում են: Իսկ Չարլզ Դարվինը, որը երկար տարիներ ուսումնասիրում էր բույսերը, հավատում էր, որ շարժումը բույսի միջոցն է ՝ անձրևից հետո տերևներից ջրի կաթիլները ազատելու համար:

Ինչպես աճեցնել ատուրին

Պարող բույսն աճեցնելը դժվար չէ, բայց համբերություն է անհրաժեշտ, քանի որ բույսը սերմից կարող է դանդաղ ծլել: Սերմերը տանը կարելի է ցանել տարվա ցանկացած եղանակին: Ծաղկամանի կամ այլ տարայի մեջ լցնում են պարարտ, փխրուն հողախառնուրդ և չափավոր խոնավացնում են: Սերմերը 1-2 օր թրջում են գոլ ջրի մեջ, ինչից հետո ցանում են 9-10 մմ խորությամբ ու ծածկում թափանցիկ պլաստիկով կամ ապակով: Ցանքը տեղադրում են ոչ շատ պայծառ լուսավորված, տաք տեղում, որտեղ օդի ջերմաստիճանը +23…+26°C տիրույթում է:

Ցանքի հողը միշտ չափավոր խոնավ են պահում։ Սերմերը սովորաբար ծլում են մոտ 30 օրում, բայց կարող են նաև 10 օրից ծլել: Ծլելուց հետո ցանքը բացում են և տեղափոխում պայծառ լույսի ներքո։

Սածիլների արմատավորվելուց հետո դրանք տեղափոխում են առանձին ծաղկամանների մեջ:

Խնամքը

  • Լուսավորությունը՝ պայծառ, ցրված լույս կամ մասնակի ստվեր;
  • Ջրելը՝ փափուկ ջրով, ամռանը շաբաթական 2-3 անգամ, հետո՝ 4-5 օրը մեկ;
  • Հողախառնուրդը՝ բույսերի համար նախատեսված պատրաստի, ունիվերսալ հողախառնուրդին ավելացնում են նույն քանակությամբ պեռլիտ;
  • Սնուցումը՝ տաք սեզոնին համալիր, հեղուկ պարարտանյութով՝ համաձայն փաթեթի վրա նշված չափաբաժինների;
  • Օդի ջերմությունը՝ +18°C և բարձր, +26…+30°C տիրույթում կարող է շարժել տերևները։

Հղումներ

Leave a Reply