Դիսխիդիա

Դիսխիդիան (անգլ․՝ Dischidia, ռուս․՝ Дисхидия, լատ․՝ Dischidia) եզակի, շատ նրբագեղ, էպիֆիտ բույս ​​է, որում բացի հմայիչ փոքր հիմնական տերևներից, ձևավորվում են նաև ջրամբարող «պղպջակներ»: Կանաչի նուրբ երանգները և մանր, վառ կարմիր կամ վարդագույն ծաղիկները, ճյուղերի ճկունությունն ու

էլեգանտությունը իսկական գեղեցկուհի են դարձնում դիսխիդիային:

Դիսքիդիաները կոմպակտ լիանաներ են, որոնք սենյակային պայմաններում կարող են աճեցվել երկու ձևով՝

  • կախովի զամբյուղում՝ որպես ամպելային բույս;
  • հենարանի վրա մագլցող բույսի ձևով՝ դնելով վանդակաճաղեր, դեկորատիվ, պողպատե կամ փայտե հենարաններ:

Դիսխիդիաները բավականին դանդաղ են աճում, բայց պահպանում են իրենց գրավչությունն ամբողջ տարվա ընթացքում: Բույսի առավելագույն բարձրությունը ավանդաբար սահմանափակվում է կես մետրով, չնայած, չափսերը կախված են աճեցման ձևից:

Դիսխիդիայի տեսակներ

Dischidia Pectenoides
Օդային արմատներով մագլցող լիանա է: Տերևների մի մասը փոքր, կանաչ և ձվաձև է: Մյուսները գնդիկաձև սափորներ են, որոնց երկարությունը հասնում է 5 սմ-ի: Արտաքին կողմը մուգ կանաչ է, ներքին կողմը ՝ աղյուսագույն: Պատշաճ խնամքի դեպաում, ծաղկում է տարին երկու անգամ։ Փոքրիկ ծաղիկները վարդագույն են։

Dischidia Ovata
Բազմաթիվ օդային արմատներով էպիֆիտ բույս է: Տերևները օվալաձեւ են, հաստ, հին տերևներն ունեն հարուստ կանաչ գույն, իսկ մատղաշներն ունեն բաց կարմիր երանգ: Մյուս տեսակներից տարբերվում է տերևների վրայի բաց լայն երակների առկայությամբ:

Dischidia Ruscifolia
Սենյակային պայմաններում աճեցնում են փոքր կախովի ծաղկամանների մեջ, մի փոքր թթվայնությամբ հողախառնուրդում: Տերեւները պայծառ կանաչ և սրտաձեւ են: Ճյուղերը կարճ են, ծաղիկները ՝ փոքր, սպիտակ զանգակների նման՝ մեղրի բույրով:

Տերեւների ձևի շնորհիվ բույսը ստացել է «հազարասրտիկ» (անգլ․՝ Million Hearts Plant) անվանումը:

Dischidia Vidalia
Սակավապահանջ, հատուկ խնամք չպահանջող բույս է: Ճյուղերը բարակ են, երկար, ծածկված բաց կանաչ գույնի կլոր տերևներով: Ծաղկում է փոքրիկ վարդագույն ծաղիկներով:

Խնամքը

Տեղը

Առավել հարմար են արեւմտյան կամ արեւելյան կողմին նայող պատուհանագոգերը, որտեղ կա բավարար լուսավորություն: Արևի ուղիղ ճառագայթները հակացուցված են, ինչպես նաև ստվերը:

Օդի ջերմաստիճանը

Օպտիմալը +25․․․+32°C տիրույթն է, սակայն ամռանը հանգիստ դիմակայում է ուժեղ շոգին։ Ձմռանը օդի ջերմությունը չպիտի նվազի +18°C-ից։

Օդի խոնավությունը

Օդի բարձր խոնավությունը անհրաժեշտություն է։ Դա կարելի է ապահովել հաճախակի ցողելով և/կամ ծաղկամանը ջրով և խճաքարով լի լայն տակդիրի վրա դնելով: Կարելի է նաև օդը խոնավացնող սարքեր օգտագործել։ Բոլոր դեպքերում օգտագործում են փափուկ ջուր, որը կարելի է ստանալ ծորակի ջուրը 3-4 օր հնեցնելով կամ եռացնելով։ Եթե հնարավորություն կա կուտակելու, ապա հալած ձյան ջուրն ու անձրևաջուրը լավագույնն են։

Ջրելը

Չափավոր։ Հաճախ ջրել պետք չէ: Խորհուրդ է տրվում սպասել մինչև ծաղկամանի հողի մակերեսը 2-3 սմ խորությամբ չորանա։ Ամռանը ստացվում է ամիսը մոտ 2-3 անգամ, ձմռանը՝ 22-31 օրը մեկ:

Սնուցելը

Ակտիվ աճի շրջանում, ամիսը մեկ սնուցում են հանքային պարարտանյութերով: Ավելի լավ է օգտագործել սուկուլենտների համար նախատեսվախ պարարտանյութերը՝ կիսով չափ կրճատված չափաբաժնով:

Տեղափոխումը

Էպիֆիդների մեծամասնության պես, դիսխիդիան շատ խիստ պահանջկոտ է հողի ընտրության հարցում: Ավելի լավ է այս տնային բույսը աճեցնել միայն խոլորձների կամ բրոմելիադների համար նախատեսված հատուկ սուբստրատում, հողում, որն ունի փխրունության և թելավորության բավարար աստիճան: Հողախառնուրդն ինքնուրույն պատրաստելու համար 2: 3: 1 հարաբերակցությամբ խառնում են տերևավային հումուսը կամ տորֆը, տորֆամամուռի (սֆագնում) և ավազի հետ:

Բույսը այլ ծաղկաման տեղափոխում են գարնանը, երբ ակտիվ աճի նշաններ են հայտնվում: Ամեն տարի տեղափոխում են միայն երիտասարդ բույսերը, բայց նույնիսկ այս դեպքում տեղափոխում են միայն ըստ անհրաժեշտության, երբ ծաղկամանը լի է արմատներով: Դիսխիդիայի համար ցանկացած տարայի ներքևում դրենաժի բարձր շերտ է ստեղծվում: Բույսը պետք է շատ ուշադիր տեղափոխվի, որպեսզի արմատները չվնասվեն:

Դիսխիդիան կարող է նաև աճել որպես էպիֆիտ կոճղերի և գերանների վրա:

Բազմացումը

Այս բույսը բազմանում է սերմերով կամ կտրոններով (արմատաշիվերով): Առաջին դեպքում սերմերը վերցնում են փոքր պատիճներից, որոնք հայտնվում են դիսխիդիայի ծաղկելուց հետո: Սերմերը շատ թեթև և քնքուշ են, մի փոքր հիշեցնում են խատուտիկի սերմերը: Դրանք պետք է ցանվեն ավազի և տորֆի խառնուրդի կամ այլ թեթև սուբստրատի մեջ, վերևից ծածկվեն սուբստրատի բարակ շերտով, ապա ծածկվեն պլաստիկ թաղանթով կամ ապակով: Եթե օդի ​​ջերմաստիճանը պահպանվում է +20․․․+26°C տիրույթում, սերմերը բավականին արագ են ծլում:

Կտրոններով բազմացնելիս կտրում են ճյուղերի գագաթային մասերը՝ առնվազն 8 սմ երկարությամբ: Խորհուրդ է տրվում կտրվածքները մշակել արմատակալման խթանիչով, օրինակ, Կորնևինով: Կտրոնները տնկում են խոնավ հողախառնուրդի մեջ և վերևից ծածկում են թափանցիկ տոպրակով կամ բաժակով: Օդի ջերմաստիճանը պետք է լինի մոտ +20°C աստիճան: Կտրոնները պետք է պարբերաբար օդափոխել:

Ջրի մեջ դիսխիդիայի կտրոնները արմատավորելու դեպքում դրանց փտելը շատ հավանական է:

Խնամքի առանձնահատկությունները

Դիսխիդիա աճեցնելիս պետք է պատրաստել հենարաններ՝ կամարի կամ սանդուղքի տեսքով: Բույսը ժամանակ առ ժամանակ կարիք ունի երկարած ճյուղերի կարճացման և չոր տերևների և ճյուղերի հեռացման:

Հնարավոր բարդություններ

Ոչ տիպիկ հիվանդություններ կարող են հետապնդել դիսխիդիաներին։

  • Ճյուղերն ու արմատները կարող են փտել ծաղկամանի հողի չափազանց խոնավության դեպքում;
  • Արևի ուղիղ ճառագայթներից տերևները կարմրում են;
  • Եթե գնդիկաձև տերևներ՝ չեն ձևավորվում, ուրեմն բույսը օդի խոնավության պակաս ունի:

Վնասատուները

Ուտիճ, ալրատիզ, սարդոստայնային տիզ։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

Leave a Reply