Ալբիցիա

Ալբիցիան (անգլ․՝ Silk tree, ռուս․՝ Альбиция, լատ․՝ Albizia) Ալբիզիան բակլազգիների (Fabaceae) ընտանիքի, հիմնականում արագ աճող մերձարևադարձային և արևադարձային, տերևաթափ ծառերի և թփերի ավելի քան 160 տեսակների ցեղ է:

Հանդիպում է Ասիայում, Աֆրիկայում, Մադագասկարում, Ամերիկայում և Ավստրալիայում, բայց հիմնականում Հին աշխարհի արևադարձային գոտիներում: Որոշ վայրերում որոշ տեսակներ համարվում են մոլախոտ:

Հայաստան ներմուծվել է և աճում է ցածրադիր վայրերում՝ չոր մերձարևադարձային շրջաններում (Մեղրի, Նոյեմբերյան, Իջևան), որտեղ և ամեն տարի առատ ծաղկում և պտղաբերում է։ Երևանի կանաչ տնկարկներում հանդիպում է հատուկենտ, դժվար է հարմարվում չորային և խիստ ցամաքային կլիմայի պայմաններին։ Երևանի բուսաբանական այգում, 1200 մ բարձրության վրա ցրտահարվում է։

Silk tree mimosa (Albizia julibrissin)

Ալբիցիայի խնամքը սենյակային պայմաններում

Լուսավորությունը

Ալբիցիան լավ, պայծառ լուսավորության կարիք ունի, բայց, միաժամանակ, երիտասարդ բույսերին կեսօրի արևի կզիչ ճառագայթներից պաշտպանելու կարիքը կա։ Ամռանը դուրս տանելը լավագույն լուծումն է բույսի համար։

Օդի ջերմաստիճանը

Վեգետացիոն շրջանում ալբիցիայի համար օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +20…+25°C է։ Ձմռանը բույսը պետք է տեղափոխել զով տեղ (+8…+10°C): +5°C-ից ցածր օդի ջերմաստիճանը կարող է մահաբեր լինել։

Օդի խոնավությունը

Ալբիցիան խոնավասեր չէ, սաղարթը ցողելու կամ շրջակա օդը խանավացնելու կարիք չկա։

Ջրելը

Վեգետացիոն շրջանում ջրում են, երբ ծաղկամանի հողի վերին շերտը չորանում է։ Ջրում են առատ՝ սենյակային ջերմաստիճանի, հնեցված ջրով։ Ձմռանը էականորեն քիչ են ջրում՝ չթողնելով որ հողն ամբողջ խորությամբ չորանա։

Սնուցումը

Վեգետացիոն շրջանում, 2-3 շաբաթը մեկ սնուցում են դեկորատիվ-սաղրթավոր բույսերի համար նախատեսված համալիր պարարտանյութով։

Տեղափոխումը

Մեկ այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման բույսը տեղափոխում են գարնանը։ Երիտասարդ ալբիցիաների տեղափոխման կարիքն առաջանում է ամեն տարի, իսկ մեծահասակներինը՝ 2-3 տարին մեկ։ Ալբիցիան արագաճ է, ուստի դրա համար ընտրում են խոր և լայն ծաղկամաններ։

Հողախառնուրդը

Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Ճմահող (3 մաս), տորֆ (2 մաս), ավազ (1 մաս)։ Ծաղկամանում պետք է լավ դրաժային շերտ լինի։

Բազմացումը

Ալբիցիան բազմացնում են սերմերով կամ տնկաշիվերով (կտրոններով)։

Ցանելուց առաջ սերմերը 24-48 ժամ թրջում են գոլ ջրի մեջ։ Դրանից հետո ցանում են տորֆից ու ավազից պատրաստված հողախառնուրդի մեջ։ Սերմը հողի մեջ քիչ են խորացնում։ Ցանքի հողը միշտ չափավոր խոնավ են պահում, ծածկում են ապակիյով կամ պլաստիկ թաղանթով։ Ծլելը կարող է մի քանի ամիս տևել։

Տնկաշիվերով բազմացնելու համար, կողային ճյուղերից կտրում են 10-15 սմ երկարությամբ, կիսափայտացած կտրոններ և տնկում են տորֆից ու ավազից պատրաստված հողախառնուրդի մեջ։ Ապահովում են մինիջերմոցային պայմաններ։

Հիվանդություններ և վնասատուներ

Սենյակում շատ չոր օդի պայմաններում ալբիցիան կարող է ենթարկվել սարդոստայնային տիզի հարձակմանը։

Հազվադեպ է հիվանդանում՝ հիմնականում վատ խնամքի հետևանքով։

Հնարավոր բարդություններ
  • Կոկոնների չորանալը։ Ծաղկամանի հողը շատ է չորացել։
  • Տերևների թոշնելը։ Ջրախեղդ է արվել, հողախառնուրդը թեթև ու փխրուն չէ կամ շատ է չորացել։
  • Տերևների գույնը խամրում է։ Լույսի պակաս։
  • Տերևների եզրերը չորանում ու շագանակագույն են դառնում։ Քիչ ջրելու կամ օդի չորության հետևանք։
  • Տերևների մակերեսին գոյանում են մուգ բծեր։ Բույսը տառապում է միջանցիկ քամիներից։

Հղումներ

Leave a Reply