Զանտոքսիլում

Զանտոքսիլումը (անգլ․՝ Zanthoxylum, ռուս․՝ Зантоксилум, Жёлтодревесник, լատ․՝ Zanthoxylum) Rutaceae ընտանիքի մոտ 250 տեսակի տերևաթափ և մշտադալար ծառերի, թփերի և մագլցող լիանաների ցեղ է։

Զանտոքսիլումները բնիկ են ողջ երկրագնդի տաք, բարեխառն և մերձարևադարձային գոտիներում:

Հանրահայտ չինական Սիչուանի պղպեղ համեմունքը և դրա ճապոնական, կորեյական, հնդկական և այլ երկրների տարատեսակները պատրաստում են զանտոքսիլումի հետևյալ տեսակների պտուղների կեղևից՝

  • Չինական պղպեղ (անգլ․՝ Red Sichuan peppercorns, չին․՝ Honghuajiao 红花椒, լատ․՝ Zanthoxylum bungeanum)
  • Սիչուանի կանաչ պղպեղ (անգլ․՝ Green Sichuan peppercorns, Winged prickly ash, չին․՝ Qinghuajiao 青花椒, լատ․՝ Zanthoxylum armatum)
  • Ճապոնական պղպեղ (անգլ․՝ Japanese pepper, Japanese prickly-ash, Korean pepper, լատ․՝ Zanthoxylum piperitum) օգտագործում են Ճապոնիայում և Կորեյայում՝ որպես նմանատիպ համեմունք։
  • Մազտաքատերև փշոտ հացենի (անգլ․՝ Mastic-leaf prickly ash, լատ․՝Zanthoxylum schinifolium օգտագործում են Կորեյայում՝ որպես քիչ ավելի նվազ դառնություն ունեցող համեմունք։
  • Հնդկական փշոտ հացենի (անգլ․՝ Indian prickly ash, լատ․՝ Zanthoxylum rhetsa օգտագործում են Հնդկաստանի արևմուտքում՝ որպես նմանատիպ համեմունք

Զանտոքսիլումի տարբեր տեսակներ հաջողությամբ աճեցվում են սենյակային պայմաններում՝ թե՛ որպես գեղեցիկ դեկորատիվ սաղարթով բույս, թե՛ որպես բոնսայ։

Խնամքը սենյակային պայմաններում

Օդի ջերմաստիճանը։ Զանտոքսիլումը ջերմասեր է, ձմռանը սենյակի հարմարավետ ջերմաստիճանը պետք է +16…+18°C տիրույթում լինի, նվազագույնը՝ +10°C։ Շատ վատ է տանում ցրտահարությունն ու միջանցիկ քամիները:

Լուսավորությունը։ Ամռանը զանտոքսիլումը դնում են դրսում՝ բաց երկնքի տակ՝ մի փոքր ստվերում։ Սիրում է պայծառ ցրված լույսը նաև որոշ չափով արևի ուղիղ ճառագայթներ, բայց ոչ կեսօրի կիզիչ արևը:

Հողախառնուրդը։ 2 մաս ճմահող, 1 մաս տերևային հումուս, 1 մաս կենսահումուս, 1 մաս ավազ կամ վերմիկուլիտ: Կարելի է ցիտրուսայինների համար պատրաստի հողախառնուրդ գնել և ավելացնել խոշոր ավազ, կեռամզիտ կամ վերմիկուլիտ։

Ջրելը։ Վեգետացիոն շրջանում առատ են ջրում, ձմռանը շատ ավելի քիչ, բայց ծաղկամանի հողը չպիտի ամբողջովին չորանա: Չափից շատ ջրելու հետևանքով բույսի արմատները կարող են փտել, իսկ անբավարար ջրելուց տերևները թափվել։ Հողի լրիվ չորանալը կկործանի բույսը։ Անցանկալի է կոշտ ջրով ջրելը:

Օդի խոնավությունը։ Զանտոքսիլումը խոնավասեր է, ուստի սաղարթը պարբերաբար գոլ, հնեցված ջրով ցողելը պարտադիր է: Բույսը լավ կարձագանքի նաև ամենշաբաթյա տաք ցնցուղին։

Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում, 2 շաբաթը մեկ սնուցում են սենյակային բույսերի համար նախատեսված համալիր պարարտանյութով։

Բազմացումը։ Զանտոքսիլումը կարող է բազմացվել սերմերով, կտրոններով և անդալիսի միջոցով։

Նախքան ցանելը, սերմերը մինչև 90 օր ստրատիֆիկացնում են կամ ենթարկում սկարիֆիկացիայի։ Այնուհետև 24 ժամ թրջում են։ Ցանում են փխրուն սուբստրատի մակերեսին և ծածկում հողի բարակ շերտով: Ցանքը խոնավացնում են, ծածկում են ապակիյով կամ պլաստիկ թաղանթով և դնում լուսավոր տեղում՝ օդի +20…+24°C ջերմաստիճանի պայմաններում: Ցանքը պարբերաբար օդափոխում են: Սերմերը ծլում են 6-12 ամսում:

Հղումներ

Leave a Reply