Եղեգնարմավ

Եղեգնարմավը (անգլ․՝ , ռուս․՝ Хамедорея, լատ․՝ Chamaedorea) արմավենազգիների ցեղ է, որն ընդգրկում է 107 տեսակի ցածրահասակ ծառեր, որոնք լայնորեն տարածված են Հարավային եւ Կենտրոնական Ամերիկաներում։ Դրանք համեմատաբար ցածրահասակ, 0.3-6 մ բարձրությամբ, եղեգնին նման, բարակ ճյուղերով արմավենիներ են։

Եղեգնարմավը սենյակային պայմաններում լավ աճող արմավենիներից է։ Նաև ընդգրկված է բնակարանի կամ աշխատասենյակի օդը մաքրող բույսերի ցանկում։

Եղեգնարմավի առավել հայտնի տեսակներն են՝

Եղեգնարմավ նրբագեղ (անգլ․՝ Neanta Bell palma, Salon palma, ռուս․՝ Хамедорея изящная, լատ․՝ Chamaedorea elegans)
Եղեգնարմավ Զեյֆրիցի (անգլ․՝ Bamboo palm, ռուս․՝ Хамедорея Зейфрица, լատ․՝ Chamaedorea seifrizii)

Խնամքը

Օդի ջերմաստիճանը։ Լավագույնը +16…+20°C տիրույթն է: Ձմռանը +12…+15°C: Բացասաբար է արձագանքում չափազանց բարձր եւ ցածր ջերմաստիճաններին: Եթե սենյակի օդը աստիճանաբար է սառչում, ապա արմավենու վրա դա քիչ է ազդում, նույնիսկ եթե օդի ջերմաստիճանը իջնի մինչեւ +10°C : Բույսի լիարժեք աճի եւ զարգացման համար անհրաժեշտ է օդի կանոնավոր օդափոխություն:

Օդի խոնավությունը։ Հարմարավետ է սենյակի օդի մոտ 50% խոնավությունը, սակայն իրեն վատ չի զգում նաև մի փոքր ավելի ցածր խոնավության դեպքում։ Ամռանն անհրաժեշտ է հնեցված ջրով պարբերաբար ցողել բույսը։

Լուսավորությունը։ Սիրում է պայծառ, ցրված լույս։ Արևի ուղիղ ճառագայթներից պետք է հեռու պահել։

Ջրելը։ Ամռանը ծաղկամանի հողը պետք է միշտ չափավոր խոնավ լինի։ Ջրել պետք է հողի վերին շերտի չորանալուց անմիջապես հետո։ Ձմռանը էականորեն քիչ են ջրում։

Հողախառնուրդը։ Կարելի է գնել սենյակային բույսերի համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ։ Ինքնուրույն պատրաստելու համար միմյանց, հավասար չափերով խառնում են փտած գոմաղբ, տորֆ, ավազ և ճմահող։

Սնուցումը։ Սնուցումն անհրաժեշտ է միայն ակտիվ աճի շրջանում։ Ամսկան երկու անգամ պետք է սնուցել հատուկ արմավենիների համար նախատեսված կամ ցանկացած այլ համալիր հանքային պարարտանյութով։

Տեղափոխումը։ Խորհուրդ է տրվում եղեգնարմավը այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ երբ արմատներն այնքան են մեծացել, որ դուրս են գալիս ծաղկամանի դրենաժային անցքերից։ Բույսի աճի դանդաղումը նույնպես կարող է դառնալ այդպիսի անհրաժեշտության ցուցիչ: Բավականին դժվար է մեծահասակ, մեծ բույսը տեղափոխելը։ Այն դառնում է ծանր ու մեծ: Նման դեպքերում տեղափոխելու փոխարեն կարելի է փոխել ծաղկամանի հողի վերին շերտը՝ այն չափով, որքան թույլ կտա արմատային համակարգը։

Տեղափոխման հրատապ անհրաժեշտություն կարող է առաջանալ բույսի հիվանդության կամ հողում մեծ թվով վնասատուների առկայության, ինչպես նաև շատ ջրելուց հողի թթվելու դեպքերում: Իսկ եթե ​​իրավիճակը կրիտիկական չէ, ապա պետք է սպասել և տեղափոխումն անել վաղ գարնանը՝ երբ բույսի ակտիվ աճը դեռ չի սկսվել:

Բազմացումը։ Խնամքի բոլոր կանոններին հետևելու դեպքում հնարավոր է հասնել եղեգնարմավի ծաղելուն և բազմաթիվ արմատամերձ «ձագուկներ» առաջանալուն։ Կենսունակ սերմեր ստանալու համար անհրաժեշտ է բույսի երկու սեռից էլ նույն սենյակում ունենալ, փոխարենը «ձագուկներին» առանձնացնելով կարելի է հեշտությամբ բազմացնել բույսը: Կարելի է նաև թուփը կիսելով բազմացնել եղեգնարմավը։

Սերմերով բազմացումն ամենաբարդն է, այդ դեպքում շատ կարևոր է, որ սերմերը թարմ լինեն: Սերմերը պետք է հավաքել և անմիջապես, մոտ հինգ օրով դնել թրջվելու աճի խթանիչի կամ սովորական ջրի մեջ: Հետո, յուրաքանչյուր սերմից վրայից զգուշորեն հանում են փափուկ կեղևը: Այդ փափուկ շերտի տակ կա նաև կոշտ շերտ, որի ամբողջականությունը պետք է փոքր-ինչ վնասել՝ սկարիֆիկացնել, օրինակ, օգտագործելով փոքրիկ, եռանկյունաձև խարտոց։ Դրանից հետո սերմերը ցանում են պատրաստված հողի մեջ և ծածկվում ապակիյով կամ թափանցիկ թաղանթով: Հողը պետք է պարբերաբար խոնավացվի, իսկ ցանքը օդափոխվի: Առաջին ծիլերը, կախված պայմաններից, հայտնվում են մեկից վեց ամիս անց:

Հիվանդություններ և վնասատուներ։ Լավ խնամքի դեպքում վնասատուները վտանգ չեն ներկայացնի, բացառությամբ դրանցից մեկի՝ սարդոստայնային տիզի, որը կարող է շատ խնդիրներ առաջացնել: Դրանց հայտնվելու դեպքում, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել։

Եղեգնարմավի տերևների ծայրերը կարող են չորանալ, ինչը օդի անբավարար խոնավության հետևանք կարող է լինել: Նոր տեղ տեղափոխված բույսի տերեւները կարող են սկսել դեղնել, ինչը կանցնի նոր տեղին հարմարվելուց հետո։ Աճին զուգընթաց, եղեգնարմավի ներքևի մասի տերևների չորանալն ու թափվելը բնական բան է:

Հղումներ

Leave a Reply