Ֆիկուս եռանկյունատերև

Ֆիկուս եռանկյունատերևը (անգլ․՝ Triangle ficus, ռուս՝ Фикус треугольный, լատ․՝ Ficus triangularis) ծագումով Արեւմտյան Աֆրիկայից, մշտադալար ծառանման թուփ է: Տերեւների անսովոր` դեպի կոթունը նեղացող ձեւի շնորհիվ է կոչվում եռանկյունատերև ֆիկուս:

Իր հայրենիքում, բնական միջավայրում, հասնում է մինչև 30 մ բարձրության, իսկ սենյակում 1 մետրից չի անցնում։ Ֆիկուս եռանկյունատերևը առանձնանում է երիտասարդ ճյուղերի արագ աճով։ Բարենպաստ պայմաններում մեկ տարվա ընթացքում 10-15 սմ աճ է լինում։ Այս պատճառով բույսը ամեն տարի ձեւավորող էտի են ենթարկում։

Ծաղիկները փոքր, շագանակագույն են, նման են փոքր, խավամազապատ գնդիկների։ Ծաղկելուց հետո ձևավորվում են բաց դեղնավուն պտուղներ, որոնք հետո մուգ կարմիր են դառնում ու նոր հմայք են հաղորդում ծառին։

Այժմ ստացված են եռանկյունատերև ֆիկուսի խայտաբղետ տերևներով բազմաթիվ սորտեր։

Նկարում՝ Ֆիկուս եռանկյունատերև խայտաբղետ (Ficus triangularis variegata

Խնամքը

Օդի ջերմաստիճանը: Վեգետացիոն շրջանում լավագույն ջերմաստիճանային տիրույթը +20…+25°C է, իսկ ձմռանը՝ +16…+17°C։

Օդի խոնավությունը: Խոնավասեր է։ Անհրաժեշտ է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով պարբերաբար ցողել բույսի տերևները։ Բույսի շրջակա օդի խոնավությունը կարելի է ավելացնել, եթե ծաղկամանը տեղադրել ջրով ու խճով լի, սաղր տակդիրի վրա՝ այնպես, որ ջուրը չհասնի ծաղկամանին։

Ջրելը: Երբ ծաղկամանի հողը 1-2 սմ խորությամբ չորացել է, ուրեմն հասել է ջրելու պահը։ Ջրել պետք է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով։ Ամռանը, կախված օդի ջերմաստիճանից, շաբաթական 1-2 անգամ է ստացվում, իսկ ձմռանը՝ 7-10 օրը մեկ։

Ավելորդ խոնավությունը արմատների փտման պատճառ կարող է դառնալ։

Լուսավորությունը: Չնայած արևադարձային գոտուց ծագմանը, եռանկյունատերև ֆիկուսը բավականին ստվերադիմացկուն է և կարող է լավ աճել նույնիսկ հյուսիսային պատուհանի գոգին։ Այնուամենայնիվ, մանավանդ խայտաբղետ սորտերի համար, ցրված, պայծառ լուսավորությունը գերադասելի է։ Արևի ուղիղ ճառագայթները այրվածքներ են պատճառում բույսին։

Սնուցումը: Վեգետացիոն շրջանում բույսը պարարտացնում են ամիսը 2 անգամ։ Լավ կլինի հաջորդաբար օրգանական և համալիր պարարտանյութերով հեղուկ սնուցում արվի։

Ձմռանը սնուցելու կարիք չկա։

Տեղափոխությունը: Քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխությունն ավելի լավ է անել գարնանը։ 1-2 սանտիմետրով ավելի լայն ծաղկամանի հատակին սկզբում դրենաժային շերտ են լցնում, ապա հողախառնուրդը։ Հատուկ ֆիկուսների համար հողախառնուրդ կարելի է գնել, կամ պատրաստել ինքնուրույն՝ հավասար չափերով խառնելով ճմահող, ավազ, տորֆ և տերևային հումուս։

Երիտասարդ բույսերը, որպես կանոն, ամենամյա տեղափոխման կարիք են ունենում, իսկ 5 և ավելի տարեկանները՝ 2 տարին մեկ։

Բազմացումը: Եռանկյունատերև ֆիկուսը կարելի է բազմացնել կտրոններով, անդալիսի միջոցով և սերմերով։

Կտրոններով բազմացնելու համար 15-18 սմ երկարությամբ կտրոնների վրա թողնում են 3-4 զույգ տերևներ։ Կտրոնի վերին մասը սուր դանակով կամ նշտարով կտրում են ուղիղ, իսկ ներքևի մասը թեքությամբ։

Կաթնանյութից ազատելու համար, կտրոնները 1-2 ժամ թրջում են ջրում, այնուհետև դնում են արմատակալման՝ ջրի կամ պարարտ հողի և ավազի խառնուրդի մեջ։ Ջերմոցային միջավայր ստանալու համար, արմատակալման դրված կտրոնները ծածկում են թափանցիկ ծածկով։ Այդպիսի միկրոջերմոցում կտրոններն արմատակալում են 3-4 շաբաթում։

Անդալիսի միջոցով բազմացնելու համար, մայր բույսի երկար ճյուղերից մեկը մոտեցնում են հողին, հողին դիպչող հատվածը ազատում են տերևներից, այդ տեղում մի փոքր վնասում են կեղևը և թաղում հողի մեջ։ Գագաթը պետք է դրսում մնա։ Մեկ այլ տարբերակով, նույնն անում են օդի մեջ՝ տերևներից ազատված հատվածը պարուրում են հողով կամ մամուռով ու փաթաթում են ցելոֆանով։ Երկու դեպքում էլ այդ հատվածները մշտապես խոնավ պետք է պահվեն։ Արմատների առաջանալուց հետո, այդ հատվածը առանձնացնում են մայր բույսից և տնկում են նոր ծաղկամանում։

Սերմերով բազմացում հազվադեպ է արվում։ 3-5 սմ հողաշերտի վրա հավասարապես բաշխում են սերմերը, նույն հողախառնուրդի շատ բարակ շերտով ծածկում են ցանքը և լավ խանավացնում։ Ցանքը ծածկում են ապակյա կամ պլաստկ թաղանթով ու այդպես թողնում 2-8 շաբաթ՝ մինչև ծիլեր հայտնվեն։

Ցանքը 2-3 օրը մեկ օդափոխում են։

Հիվանդություններ և վնասատուներ: Գերխոնավացման հետևանքով, եռանկյունատերև ֆիկուսը կարող է վարակվել սնկային հիվանդություններով՝ ալրացող, գորշ փտախտ (мученистая роса, серая гниль): Վնասատուներն են վահանակիրները, թրիփսերը, սարդոստայնային տիզը, ուտիճը:

Ֆիկուսի այլ տեսակների մասին կարող եք կարդալ այստեղ ==>

Leave a Reply