Ֆիտոնիա

Ֆիտոնիան (անգլ․՝ Nerve plant, Fittonia, ռուս․՝ Фиттония, լատ․՝ Fittonia) ականթավորների ընտանիքի, հարվամերիկյան (Պերու) ծաղկող բույսերի ցեղ է, որն ընդգրկում է 4 տեսակ՝ մի տեսակը ուղղահայց աճող է, մյուս

երեք տեսակները փռվում են գետնին և տարածվում են սողացող ընձյուղներով։

Հայաստանի կլիմայում ֆիտոնիան աճեցվում է որպես սենյակային բույս, իսկ ամենատարածված տեսակն է Ֆիտոնիա սպիտականոթը (Fittonia albivenis)։ Դրա սորտերից են՝

Ֆիտոնիա արծաթափայլը (Silver Nerve Plant, Фиттония серебристая): Մանր տերևները պատված են մոխրագույսն ցանցով;

Ֆիտոնիա կարմիրը (фиттония красная): Տերևների վրայի ցանցը կարմիր, վարդագույն կամ մանուշակագույն է։

Ֆիտոնիա Ջոսան (Fittonia Josan, Фиттония джосан): Տերևները ալիքավոր եզրերով են և պատված են վարդագույն ցանցով և պարուրված են մուգ կանաչ շերտով։ Տերևների կենտրոնն ավելի բաց գույն ունի։

Ֆիտոնիա “Սպիտակ Աննա” (Fittonia “White Anne”, фиттония Уайт Анна)։ Մուգ կանաչ տերեւները, որոնց կենտրոնն ավելի բաց գույնի է, ծածկված են արծաթափայլ շատ բարակ ցանցով։

Խնամքը

Ֆիտոնիաները տարբեր գույնի, շատ գեղեցիկ տերևներ են ունենում, բայց բոլորի խնամքը նույնն է։

Նախ պետք է իմանալ, որ Ֆիտոնիան օրական գոնե մի քանի րոպե ուշադրություն պահանջող բույս է։ Թողնել ծաղիկն առանց հսկողության ու ճամփորդել չի հաջողվի։

Լուսավորությունը։ Ֆիտոնիան դնում են վառ, ցրված լուսավորությամբ տեղում։ Դա կարող է լինել արևելյան կամ արևմտյան պատուհանագոգը։ Հարավային պատուհանի գոգին, ամռան կեսօրին, տերեւները պետք է ստվերել, որպեսզի այրվածքներ չստանան: Ձմռանը կամ հյուսիսային պատուհանագոգին աճեցնելիս հավելյալ արհեստական լուսավորություն են ապահովում։

Օդի ջերմաստիճանը։ Ֆիտոնիան ջերմասեր է: Ջերմաստիճանային լավագույն տիրույթը + 22…+ 25°C է: Ձմռանը օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչեւ +18°C: Եթե ամռանը շատ շոգ է, անհրաժեշտ է ավելի հաճախ օդափոխել սենյակը: Ծաղիկը փողոցում դնել խորհուրդ չի տրվում։ Հայաստանի կլիմայում օդի ջերմաստիճանի գիշերային անկումը շատ ցավոտ կլինի բույսի համար։ Միջանցիկ քամիները նույնպես կարող են մահացու լինել։

Օդի խոնավությունը։ Ֆիտոնիային անհրաժեշտ է օդի բարձր խոնավություն։ Անհրաժեշտ է ամեն օր ցողել բույսի տերևները հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով կամ ծաղկամանը տեղադրել սաղր, լայն, խճաքարով ու ջրով լի տակդիրի վրա՝ այնպես, որ տակդիրի ջուրը չհասնի ծաղկամանին։

Ջրելը։ Ամռանը ֆիտոնիան հաճախ եւ առատորեն են ջրում: Միայն հողի մակերեսը պետք է հասցնի չորանալ։ Սակայն ջրի լճացում էլ թույլ տալ չի կարելի։ Օդի ջերմաստիճանի անկմանը զուգահեռ կրճատում են նաև ջրելու հաճախականությունը։

Սնուցումը։ Վեգետացիոն շրջաննում, ամիսը երկու անգամ ֆիտոնիային սնուցում են համալիր պարարտանյութով: Ընդորում կիրառում են պարարտանյությ փաթեթի վրա նշված չափաբաժնի կեսի չափով։

Էտելը։ Ժամանակի ընթացքում ֆիտոնիայի ճյուղերը կարող են շատ երկարել և մերկանալ ներքեւի մասում։ Բույսի լավ տեսքը պահպանելու համար, պարբերաբար քշտում են ճյուղերի գագաթները։ Գարնանը ավելի խոր էտ կարելի է անել, սակայն պետք է հաշվի առնել, որ բույսի ծավալի չափազանց կրճատումը կարող է դանդաղեցնել աճը։

Տեղափոխումը։ Բույսը տեղափոխելու համար ընտրում են քիչ ավելի մեծ, հաստ դրենաժային շերտով, սաղր ծաղկաման։ Հողախառնուրդը կազմում են հավասար մասերով խառնելով ավազ, ճմահող կամ այգու հող, տերևային հումուս և տորֆ։ Կարելի է գնել պատրաստի ունիվերսալ հողախառնուրդ։

Ֆիտոնիան արագ է աճում և կարող է ամեն տարի տեղափոխման անհրաժեշտություն առաջանալ։ Հաճախ, 2-3 տարի անց բույսն ամբողջովին երիտասարդացնում են:

Բազմացումը։ Ֆիտոնիան լավ և հեշտ է բազմանում վեգետատիվ եղանակով։ Բազմացնելու լավագույն ժամանակը գարունն ու ամառն են՝ երբ լուսային օրվա տևողությունը մեծ է։

Նոր բույս ստանալու համար հարկավոր է 8 սմ երկարությամբ կտրոն կտրել ճյուղի գագաթից։ Կտրոնի վրա պետք է լինի/մնա 3-5 առողջ տերեւ: Կտրոնի արմատակալումը կատարվում է խոնավ ավազի կամ ջրի մեջ՝ օդի +26…+28°C ջերմաստիճանում: Արմատակալման դրված կտրոնը անհրաժեշտ է ծածկել ապակիյով կամ պլաստիկ շշով/թաղանթով։ Շաբաթը մի քանի անգամ ծածկը բացում են և հեռացնում կոնդենսատը։ Գործընթացը տեւում է 1,5-2 ամիս:

Քանի որ ֆիտոնիայի ճյուղերը հողի վրա գտնվելով կարող են ինքնուրույն արմատավորվել, անդալիսի միջոցով բազմացումն ավելի հեշտ է։ Պարզապես պետք է նույն կամ մեկ այլ ծաղկամանի հողին ամրացնել երկարած ճյուղի մեջտեղի մասը՝ գագաթը թողնելով դրսում։

Ծաղկամանը փոխելիս, խիտ աճած թուփը կարելի է բաժանել մի քանի մասերի: Բույսը հանում են ծաղկամանից և արմատները զգուշությամբ ազատում են հողից։ Նվազագույն վնաս հասցնելով, սուր դանակով թուփը բաժանում են մասերի եւ անմիջապես տնկում տարբեր ծաղկամաններում։

Ծագող դժվարությունները

Առավել հաճախ ֆիտոնիան սնկային հիվանդություններով է վարակվում՝ արմատի փտաղտ, փոշոտ շաղ, տերեւների մոզաիկա։ Դրանք առաջանում են հողի անորակ սուբստրատի, այլ վարակված բույսերի հետ շփման, ինչպես նաեւ սխալ ջրելու եւ սենյակում օդի ցածր ջերմաստիճանի դեպքում:

Վնասատուներն են վահանակիրները, սրդոստայնային տիզը, ալրատիզը։ Այդ մակաբույծներին հավաքում և հեռացնում են ձեռքով կամ բույսը մշակում են ինսեկտիցիդներով («Актара», «Актеллик»):

Սխալ խնամքի արդյունքում ֆիտոնիայի արտաքին տեսքը զգալիորեն վատանում է, բայց իրավիճակը կարելի է շտկել, եթե շտկվի ագրոտեխնիկան: Ահա հիմնական խնդիրները՝

  • Տերևները չորանում են և ոլորվում եզրից։ Օդի ցածր խոնավություն։
  • Թոշնող, շագանակագույն տերեւներ։ Պարարտանյութերի պակաս։
  • Տերեւները թառամում են և շրջվում։ Ջրելու պակաս։
  • Ճյուղերն ու տերևակոթունները փտում են։ Միջանցիկ քամիներ կամ օդի ցածր ջերմաստիճան։
  • Տերեւը բարակում է և թոշնում։ Չափազանց պայծառ լույս ։

Հղումներ

Leave a Reply