Չինական հասմիկ

Չինական հասմիկը (անգլ․՝ Chinese jasmine, ռուս․՝ Трахелоспермум жасминовидный, լատ․՝ Trachelospermum asiaticum) աճում է Ճապոնիայում, Չինաստանում և Կորեյաում։

Չինական հասմիկը բազմամյա մշտադալար թուփ է՝ ուղիղ, ճյուղավորվող ցողուններով։ Ցողունները տարիքի հետ փայտանում են եւ ծածկվում շագանակագույն կեղևով։ Վնասվելու դեպքում, ճյուղից կաթնային հեղուկ է ծորում։ Նշտարանման տերևները պարզ են, մուգ կանաչ, հաստ և փայլուն՝ 2-ից 8 սմ երկարությամբ։ Ներկայում կան խայտաբղետ՝ սպիտակ կամ վարդագույն բծեր ունեցող տերևներով սորտեր: Սպիտակ, դեղին կամ մանուշակագույն, 2,5 — 4 սմ տրամագծով ծաղիկները հայտնվում են ցողունների գագաթներին և հաճելի հոտ ունեն: Ծաղկելը առատ եւ երկարատեւ է։ Ծաղիկների բույրը ոչ բոլոր մարդիկ են լավ տանում, այնպես որ պետք է զգուշանալ ալերգիայից։

Բնական միջավայրում, չինական հասմիկը հասնում է մինչև 12 մ բարձրության, իսկ ծաղկամանում աճեցնելիս բարձրությունը էտելով են կարգավորում։

Խնամքը

Օդի ջերմաստիճանը։ Վեգետացիոն շրջանում հարմարավետ է +18…+24°C ջերմաստիճանային տիրույթը։ Ձմռանը պետք է տրամադրել զով հանգիստ՝ մոտ +10°C պայմաններում:

Լուսավորությունը: Անհրաժեշտ են ամենօրյա, 3-4 ժամ տևողությամբ արևային լոգանքներ՝ առավոտյան և երեկոյան։ Գարնան և ամռան կեսօրի կիզիչ արևից պաշտպանել է պետք։

Ջրելը և օդի խոնավությունը: Գարնանը եւ ամռանը առատ են ջրում՝ հենց որ չորանա հողի վերին շերտը։ Ձմռանը ոռոգման հաճախականությունը զգալիորեն կրճատում են: Օդի խոնավությունը պետք է բարձրացվի՝ հիմնականում վնասակար միջատների ներխուժումը կանխելու համար:

Էտելը: Ստվար սաղարթ ստանալու համար, ցողունների գագաթները պարբերաբար քշտում են, իսկ ծաղկելուց հետո ձևավորող էտ անում։

Հողը: Օրգանական նյութերով հարուստ, փխրուն, չեզոք կամ թեթև ալկալային pH ունեցող հողախառնուրդ է անհրաժեշտ։ Ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա, որպեսզի արմատներին ազատորեն օդ և խոնավություն հասնի։

Պարարտացումը։ Ակտիվ աճի շրջանում, ամիսը 1-2 անգամ սնուցում են հեղուկ պարարտանյութերով։ Աշնանը պարարտանյութեր տալը աստիճանաբար կրճատում են, իսկ ձմռանը դադարեցնում։

Բազմացումը: 15-20 սմ երկարությամբ ցողունային կտրոնները արմատակալման դնելով կամ անդալիսի միջոցով։

Հղումներ

Leave a Reply