Հնդկեղեգ

Հնդկեղեգը կամ Բամբուկը (անգլ․՝ Bamboo, ռուս․՝ Бамбук, լատ․՝ Bambusa)  հացազգիների ընտանիքի բամբուկանմանների ենթաընտանիքի բազմամյա, սակավադեպ միամյա բույս է։ Հայտնի է հնդկեղեգի 1575 տեսակ։

Հնդկեղեգը երկրագնդի ամենաարագ աճող բույսն է, այն սննդի, հագուստի, էներգիայի և շինանյութի էկոլոգիապես մաքուր և կայուն աղբյուր է:

Երկու տիպի հնդկեղեգներ կան՝ թփի տեսքով աճող և վազողներ կամ ինվազիվներ, որոնց արմատները տարբեր ուղղություններով, անկառավարելի և արագ աճելու ունակություն ունեն, ինչի շնորհիվ բույսը տարբեր, երբեմն անսպասելի տեղերում նոր ծիլեր է տալիս։

Բաց գրունտում հնդկեղեգ աճեցնելը

Հայաստանի կլիմայական պայմաններում, բաց գրունտում կարելի է աճեցնել հնդկեղեգի ցրտադիմացկուն տեսակները։ Ցրտադիմացկուն հնդկեղեգի տասնյակ տեսակներ կան, դրանց մեծ մասը պատկանում է Phyllostachys, կամ Fargesia ցեղերին և կարող են դիմակայել օդի -23º…-29ºC ջերմաստիճանների:

Ցրտադիմացկուն վազող տիպի հնդկեղեգներ

  • Դեղին ակոսով բամբուկ (Phyllostachys aureosulcata) հեշտությամբ ճանաչելի է ճյուղերի վրայի դեղին շերտով, որը տեսանելի է տերևների մուգ կանաչ խորապատկերին։ Ծռմռված բամբուկ (Crookstem bamboo) անունով հայտնի ենթատեսակ ունի, որի ճյուղերը երբեմն զիգզագաձև են աճում: Տեսքով հետաքրքիր և գրավիչ այս տեսակը, նույնիսկ ցուրտ վայրերում, կարող է հասնել գրեթե 15 մետր բարձրության, սակայն, այն վայրերում, որտեղ ձմռանը պարբերաբար -23…-26ºC- ից ցածր ջերմաստիճան է լինում, հազիվ թե 3 մետրից ավել բարձրանա։
  • Phyllostachys heteroclada f. solida Ջրային բամբուկի այս ենթատեսակը սովորաբար հայտնի է որպես Կարծր բամբուկ, քանի որ այն սակավաթիվ տեսակներից է, որոնց ճյուղերը սնամեջ չեն: Այս ենթատեսակը նաև մի փոքր ավելի ցրտադիմացկուն է քան սովորական Ջրային բամբուկը՝ դիմանում է մինչև -23°C-ին:
  • Phyllostachys bissetii Շատ խիտ աճող, ստվար թփուտներ ձևավորող, ցրտադիմացկուն տեսակ է: 2.5 սմ տրամագծով ճյուղերը հասնում են մոտ 6 մետր բարձրության։ Դիմանում է -23°C ցրտին ու նույնիսկ -31°C` եթե լավ մուլչապատված լինի։
  • Phyllostachys nuda Շատ գրավիչ և ցրտադիմացկուն տեսակ է, որի ճյուղերն ունենում են 2.5-5 սմ տրամագիծ և 7-9 մ բարձրություն: Մատղաշ ճյուղերը շատ մուգ, գրեթե սեւ են լինում, հասունանալով դառնում են մուգ կանաչ, հանգույցների սպիտակ օղակներով:
  • Խնկի բամբուկ (Incense bamboo, Phyllostachys atrovaginata) Այս տեսակի վրա մոմաշերտ կա, որը շոգին կամ տրորելիս շատ հաճելի բուրմունք է արձակում: Շատ արագաճ է, ձևավորում է 7.5-8 սմ տրամագծով, մինչև 12 մ բարձրությամբ ճյուղեր։ Դիմանում է մինչև -23…26ºC ցրտին։
  • Phyllostachys parvifolia Այս տեսակի արմատներն էլ, ինչպես Ջրի բամբուկինը, լավ հարմարված են թաց հողին: Փոքրիկ տերևները ընդգծում են հաստ, մուգ կանաչ ցողունները, իսկ հանգույցների շուրջ սպիտակ օղակները ավելի մեծ առանձնահատկություն են հաղորդում: Այս տեսակի մատղաշ ընձյուղները շատ համեղ են: Հասուն ճյուղերը կարող են հասնել մինչև 12 մ բարձրության։ Դիմանում է մինչև -26°C ցրտին:
  • Bashania fargesii Խիտ, ամուր տերևափնջերով այս տեսակը շատ է օգտագործվում որպես քամուց կամ օտար աչքից պաշտպանող էկրան: Շատ արագ աճեցվողներից ու տարածվողներից է, պետք է զգույշ լինել: Հարավային Չինաստանի լեռների բնիկներից է այս տեսակը և դիմանում է մինչև -17°C ցրտին։ Հասուն ճյուղերն ունենում են մոտ 5 սմ տրամագիծ և 6-9 մ բարձրություն։

Թփի տեսքով աճող հնդկեղեգներ

  • Հովանոց բամբուկ (Umbrella bamboo, Fargesia murielae) Շատերը այս տեսակը դասում են ամենագեղեցիկ մշակվող բամբուկների շարքում: Նոր ճյուղերն ունեն բաց կապույտ երանգ՝ հասունանալով դառնում են մուգ կանաչ ու դեղին: Այս բամբուկը կիսաստվերում աճեցնելը կօգնի պահպանել դրա կապույտ երանգը: Բարակ ճյուղերը հասնում են 3.5 մ բարձրության և այն դիմանում են մինչև -28ºC ցրտին։
  • Կապույտ շատրվան բամբուկ (Blue fountain bamboo, Fargesia nitida) Անվանումը տեսքի հետ է կապված։ Մոտ 2.5 սմ տրամագծով ճյուղերը հասնում են 4.5 մ բարձրության և դիմանում են մինչև -29ºC ցրտին։
  • Վիշապի գլուխ բամբուկ (Dragon head bamboo, Fargesia dracocephala) Ունի հաստ ճյուղեր, որոնք աճում են մինչև 3 մ և ավարտվում են խոնարհված տերևային հովանոցով։ Կարող է լավ մեկուսիչ ցանկապատ ձևավորել։ Խորհուրդ չի տրվում տաք, խոնավ կլիմայական պայմաններում աճեցնել։ Դիմանում է մինչև -23ºC ցրտին։
  • Ռուֆա բամբուկ (Fargesia rufa) Կոմպակտ, խիտ և թփաշատ տեսակ է, որը նախընտրում է զով կլիմայական պայմաններ և կիսաստվեր՝ պաշտպանված կեսօրի կիզիչ արևից: Դիմանում է մինչև -26°C ցրտին։ Բարակ ճյուղերը հասնում են 3 մ բարձրության։
  • Fargesia sp. ‘Jiuzhaigou’: Այս տեսակը ներառում է մի շարք հետաքրքիր սորտեր, ներառյալ Կարմիր վիշապը (Red dragon) և Սև բալ (Black cherry) տեսակները։ Մոտ 3 մ բարձրությամբ բարակ ճյուղերով կոմպակտ բույս է, բայց դիմանում է մինչև -29ºC ցրտին։

Հողը

Հնդկեղեգը պահանջկոտ չէ հողի նկատմամբ և կարող է հարմարվել և՛ կավահողերին, և՛ ավազահողերին։ Ինչպես շատ այլ բույսեր, հնդկեղեգը շատ ավելի լավ է աճում օրգանական նյութերով հարուստ, պարարտ ու փխրուն հողում։

Լուսավորությունը

Հնդկեղեգի տեսակների մեծամասնության համար նախընտրելի է ողջ օրը արևի տակ աճելը։ Կան նաև ստվերադիմացկուն տեսակներ։

Քամին

Երկարատև, չոր քամին կարող է չորացնել խոնավասեր հնդկեղեգին։ Սա պետք է նկատի ունենալ մանավանդ բարձրահասակ տեսակները տնկելիս։

Տնկելը

Հնդկեղեգի տնկիները բաց գրունտ կարելի է տեղափոխել գարնանից մինչև աշուն, բայց ամենահարմարը ապրիլ-մայիսն են, որպեսզի բույսերը հասցնեն ամրանալ մինչև ձմռան ցրտերը։

Նաև ցուրտ ձմռան շեմին խորհուրդ է տրվում ջերմամեկուսացնել բույսերի արմատները, իսկ երկարատև, սառը, չոր քամիների վտանգի դեպքում նաև բույսերի վերին մասը։

Տնկին տեղափոխում և տնկում են մշտական տեղում առանց վնասելու արմատաներն ու հողագունդը։ Տնկելու համար նախապատրաստվող փոսը պետք է մոտ երկու անգամ խոր և լայն լինի տնկվող բույսի արմատագնդից։ Տնկիի առագ կպնելու ու աճի ապահովման համար, խորհուրդ է տրվում փոս լցվելիք հողը հարստացնել կոմպոստով կամ փտած գոմաղբով, իսկ թարմ գոմաղբ լցնելը վտանգավոր է՝ արմատները կարող են վնասվել։ Ինվազիվ, արագ տարածվող տեսակները տնկելիս, պետք է նաև պատնեշներ տեղադրել՝ բույսի ոչ ցանկալի ուղղություններով տարածվելու դեմ։

Ջրելը

Տնկելուց հետո առաջին մի քանի ամիսներին պետք է առատ ջրել՝ թույլ չտալով հողի չորացումը։ Բույսի կպնելուց հետո ջրում են շաբաթական 2-3 անգամ՝ զգուշանալով հողը ցեխ սարքելուց։

Հողի խոնավությունը պահպանելու համար կարելի է մոտ 2-5 սմ խորությամբ ցանքածածկ անել բույսերի շուրջ։

Պարարտացնելը

Հնդկեղեգը շատ արագաաճ բույս է և հաճախակի սնուցման կարիք ունի, ընդորում ազոտի պարունակությունը պետք է մեծ լինի (4- ազոտ, 3- ֆոսֆոր, 2- կալիում)։ Ամենաարդյունավետ սնուցում ապահովում են օրգանական պարարտանյութերը՝ կոմպոստը, գոմաղբը։

Հնդկեղեգների մեծ մասը սեզոնում ունենում է 2 վեգետացիոն փուլ։ Այդ փուլերին զուգահեռ, առաջին սնուցումն անում են գարնան սկզբին, երկրորդ անգամ՝ ամռան կեսին, երրորդ անգամ, ավելի քիչ ազոտի պարունակությամբ (2-4-4)՝ աշնանը:

Էտելը

Հնդկեղեգը կարելի է էտել և ձևավորել ձմռանից բացի բոլոր եղանակներին։ Խորհուրդ է տրվում առնվազն տարին մեկ անգամ հեռացնել ծերացրած և թույլ ճյուղերը։

Հնդկեղեգը սենյակային պայմաններում աճեցնելը

Սենյակային պայմաններում լավ աճող հնդկեղեգի քիչ տեսակներ կան։ Դրանցից են՝

Բուդդայի փոր (Buddha Belly, Живот Будды, Bambusa ventricosa) Հնդկեղեգի ամենատարածված տեսակներից է: Կա նաեւ գաճաճ տեսակը, որն ամենահարմարն է ծաղկամանում աճեցնելու համար։

Բամբուսա մուլտիպլեքս (Tiny fern striped, Bambusa multiplex) Ինչպես և մյուս հնդկեղեգները տաք պայմաններին սովոր բույս է։ Ինչպես անունն է հուշում (Tiny fern striped թարգմանվում է Փոքրիկ զոլավոր ձարխոտ), նրա նուրբ սաղարթը հիշեցնում է ձարխոտի տերևները:

Գաճաճ սպիտակաշերտ (Dwarf whitestripe, Многоцветочник Форчуна пестролистный, Pleioblastus fortunei), Սա վազող բամբուկ է, բայց կարճ է, թփուտավոր ու լավ է նայվում ծաղկամանում։

Մեքսիկական լացող հնդկեղեգ (Mexican Weeping Bamboo, Otatea acuminata) ավելի բարձրահասակ տեսակ է, ծաղկամանում աճելիս հասնում է մոտ 1.2 մետր բարձրության։ Աճում է որպես թուփ, ունի նուրբ տերևներ։

Հնդկեղեգ կուրիլյան (Бамбук курильский (курильская саза), Sasa kurilensis) Վազող տեսակ է, 30-100 սմ բարձրության է հասնում։

Ուտելի ընձյուղներ ունեցող հնդկեղեգներ

Հնդկեղեգի հայտնի 1575 տեսակից 110-ի մատղաշ ընձյուղներն ուտելի են։ Ամբողջական ցուցակը՝ համային որակների նշումներով, կարող եք տեսնել այստեղ։

Մատղաշ ընձյուղները հում են ուտում, դնում են աղցանների մեջ, կամ խաշելով, շոգեխաշելով, տապակելով տարբեր ուտեստներ են պատրաստում:

Հղումներ

Leave a Reply