Ֆիկուս գաճաճ

Գաճաճ ֆիկուսը (անգլ․՝ Creeping fig կամ Climbing fig, ռուս․՝ Фикус карликовый, լատ․՝ Ficus pumila)  թթազգիների ընտանիքի ֆիկուս ցեղի մշտադալար, մագլցող, ծաղկող բույսերի տեսակ է, որն աճում է Արեւելյան Ասիայում (Չինաստան, Ճապոնիա, Վիետնամ)։

Բույսն ունի բարակ, սողացող ցողուններ, որոնք շատ արագ են աճում և սողում գետնով կամ մագլցում ծառերի վրա։ Գաճաճ ֆիկուսը իր օդային արմատների օգնությամբ կառչում է ծառերի բներից եւ կարճ ժամանակում պարուրում է ողջ ծառը։ Սակայն, դեկորատիվ սորտերը այդքան չեն մեծանում:

Գաճաճ ֆիկուսը երկու տարբեր տեսակի տերևներ է ձևավորում՝ երիտասարդ և հասուն։ Երիտասարդ տերևները սրտի են նման՝ կլորին մոտ լինելուց մինչև երկարավուն, 2,5-4 սմ երկարությամբ եւ 2 սմ լայնությամբ։ Կարող են հարթ լինել, կամ կնճռոտ։

Հասուն տերեւներն առաջանում են հասունացած գաճաճ ֆիկուսի վրա, դրանք զգալիորեն ավելի մեծ են՝ հասնում են 10 սմ երկարության, ունեն կոշտ հյուսվածք և ստորին կողմում ունեն արտահայտված երակացանց։ Բնության մեջ, նման տերեւներով ճյուղերի վրա են հայտնվում գաճաճ ֆիկուսի պտուղները՝ սիկոնիաները։ Սիկոնիաները կլոր են կամ տանձանման, բաց կանաչ գույնի, իսկ երբ հասունանում են՝ նարնջագույն են: Դրանք ուտելի չեն, բայց օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ։

Տան պայմաններում աճեցվող, դեկորատիվ գաճաճ ֆիկուսները միայն երիտասարդ տերևներ են ունենում։

Գաճաճ ֆիկուսի տարատեսակներ և սորտեր

Գաճաճ ֆիկուս ավկոտսանգ (անգլ․՝ Awkeotsang creeping fig, ռուս․՝ Фикус карликовый авкотсанг, Ficus pumila var. awkeotsang):
Սրա պտուղներից Թայվանում դոնդող են պատրաստում։

Գաճաճ ֆիկուս կաղնանման (անգլ․՝ Oak leaf creeping fig, ռուս․՝ Фикус карликовый кварцифолия, լատ․՝ Ficus pumila var. quercifolia):

Գաճաճ ֆիկուս կնճռոտ (անգլ․՝ Curly creeping fig, լատ․՝ Ficus pumila ‘Curly’)

Գաճաճ ֆիկուս խայտաբղետ (անգլ․՝ Variegated creeping fig, Фикус карликовый пестролистный, լատ․՝ Ficus pumila ‘Variegata’)

Գաճաճ ֆիկուս «Կոալա» (անգլ․՝ Creeping fig “Coala”, ռուս․՝ Фикус карликовый Коала, լատ․՝ Ficus pumila ‘Coala’)

Գաճաճ ֆիկուս «Դորտի» (ռուս․՝ Фикус пумила «Дорте», լատ․՝ Ficus pumila dorty)

Գաճաճ ֆիկուս «Սպիտակ սաննի» (լատ․՝ Ficus pumila “White Sunny”)

Գաճաճ ֆիկուս «Մինիմա» (անգլ․՝ Creeping fig “Minima”, ռուս․՝ Фикуса карликовый Минима, լատ․՝ Ficus pumila Minima):
Շատ մանր՝ մինչև 7մմ երկարությամբ տերևներ ունի։

Գաճաճ ֆիկուս փաթիլատերև (լատ․՝ Ficus pumila ‘Snowflake’)

Գաճաճ ֆիկուս Ոսկյա սիրտ (լատ․՝ Ficus pumila ‘Gold Heart’)

Խնամքը

Ոչ բնական միջավայրում աճող գաճաճ ֆիկուսները թույլ արմատային համակարգով, նուրբ եւ լավ խնամքի կարիք ունեցող բույսեր են: Անհրաժեշտ խնամք ապահովելու համար պետք է ուշադրություն դարձնել մի քանի գործոնների վրա․

  • հողախառնուրդը;
  • լուսավորությունը;
  • օդի ջերմաստիճանն ու խոնավությունը;
  • ջրելը։

Կարելի է գնել բույսերի համար նախատեսված ունիվերսալ հողախառնուրդ կամ պատրաստել ինքնուրույն՝ հավասար չափերով խառնելով ճմահող, տերևային հումուս, տորֆ, խոշոր ավազ և մի քիչ փայտի մոխիր ավելացնելով։

Ինչպես ցանկացած բույս, գաճաճ ֆիկուսն էլ սնուցման կարիք ունի։ Կիրառելի են դեկորատիվ-սաղարթավոր բույսերի համար նախատեսված պարարտանյութերը։ Սնուցումն արվում է ողջ վեգետացիոն շրջանում՝ երկու շաբաթը մեկ անգամ: Աշնան սկզբին սնուցումը դադարեցվում է:

Գաճաճ ֆիկուսը լավ է իրեն զգում ինչպես արեւի լույսի տակ, այնպես էլ կիսաստվերում: Լուսավորությունն ավելի հարմար է լինի պայծառ ու ցրված, պետք է խուսափել ամռան արևի ուղիղ ճառագայթներից։ Անբավարար լույսի դեպքում, երկգույն տերեւներ ունեցող ֆիկուսները կորցնում են իրենց դեկորատիվ տեսքը եւ դառնում են միատարր կանաչ:

Սենյակում գաճաճ ֆիկուսի համար լավագույն տեղերը արեւելյան կամ արեւմտյան պատուհանագոգերն են։ Հարավային պատուհանագոգին տեղադրելիս, բույսին պետք կլինի մի փոքր ստվերել կամ տեղադրել պատուհանից որոշակի հեռավորության վրա:

Լուսավորության պակասը կարելի է փոխհատուցել ցերեկային լամպերի օգնությամբ:

Տաք սեզոնին օդի ամենահարմարավետ ջերմաստիճանը +20․․․+25°C է, իսկ ձմռանը՝ +10․․․+14°C։ Ամռանը, բույսը կարելի է հանել պատշգամբ կամ այգի, բայց ոչ կիզիչ արևի տակ։

Սենյակի չոր օդը կարող է գաճաճ ֆիկուսի հիվանդանալու պատճառ դառնալ, ուստի բույսը պետք է հաճախակի ցողել հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով։ Դա պետք է արվի ոչ միայն շոգին, այլև ձմռանը, մանավանդ երբ միացված են ջեռուցման սարքերը։ Շաբաթը մեկ անգամ գոլ ջրով ցնցուղն էլ միայն օգուտ կտա։

Լինելով խոնավասեր բույս գաճաճ ֆիկուսը շատ վատ է տանում երաշտը: Թույլ արմատային համակարգը միայն հողի մակերեսային շարտից կարող է ջուր ստանալ, այնպես որ, ծաղկամանի հողը պետք է միշտ չափավոր խոնավ լինի։

Բույսը պետք է ջրել հնեցված ջրով։ Ջրի լճացումից խուսափելու համար, ծաղկամանի հատակին պետք է դրենաժային լավ շերտ լինի։

Ջրելու հաճախականությունը կախված է տարվա եղանակից: Աամռանը՝ երեք օրը մեկ, աշնանը եւ ձմռանը ‘ շաբաթական 1-2 անգամ։ Գարնանը, աճի բուռն շրջանում, ջրելուն զուգընթաց նաև սնուցում կարելի է տալ:

Փարթամ սաղարթ ձեւավորելու համար, գարնանն անհրաժեշտ է մասնակի էտել բույսը, ինչպես նաեւ հեռացնել չոր ճյուղերն ու տերեւները:

Բազմացումը

Գաճաճ ֆիկուսը բազմացնում են կտրոններով, որոնք խոնավ հողի կամ ջրի մեջ շատ արագ արմատակալում են: Երբ արմատները հայտնվում են, բույսերը տեղափոխում են ծաղկամանի մեջ, բայց ոչ ավելի, քան վեց բույս մեկ ծաղկամանում: Հետագա խնամքը նույնն է, ինչ հասուն Ֆիկուսներինը։

Ծաղկամանը փոխելը

Երիտասարդ բույսերը այլ՝ քիչ ավելի մեծ ծաղկաման են տեղափոխում տարին մեկ անգամ, իսկ չորս տարեկանից մեծ բույսերը՝ ըստ արմատների աճից առաջացող պահանջի:

Ծաղկամանը պետք է լինի լայն ու ոչ շատ խոր։ Տեղափոխելիս պետք է հիշել որ գաճաճ ֆիկուսի արմատները շատ նուրբ են և հեշտությամբ պոկվում են, այնպես որ շատ զգույշ է պետք գործել։ Տեղափոխման լավագույն ժամանակը գարունն է։

Ծագող բարդությունները

Բույսի վիճակը կախված է պայմաններից, որոնցում այն գտնվում է եւ խնամքի որակից: Սխալ ջրելը, օդի խոնավության կամ լուսավորության պակասը էականորեն վնասում են բույսին։

Առավել հաճախ հանդիպող խնդիրներն են՝

  • Տերևները ոլորվում են, չորանում են։ — օդի չորություն;
  • Տերևները դեղնում են եւ թափվում։ — շատ կամ քիչ ջրելու հետևանք;
  • Նոր գոյացող տերեւներն ավելի փոքր են։ — տեղափոխել նոր, քիչ ավելի մեծ ծաղկաման;
  • Տերևաթափ։ — բույսը միջանցիկ քամու տակ է, ջերմաստիճանի կտրուկ անկում է եղել, ցածր լուսավորություն կամ ավելորդ խոնավություն;
  • Գույների խամրում կամ կորուստ — լույսի պակաս է կամ սթրես (նման տերեւները պետք է անմիջապես հեռացվեն, որպեսզի ամբողջ բույսը չփոխի գույնը):

Վատ օդփոխվող, չոր օդով սենյակներում գաճաճ ֆիկուսը կարող է ենթարկվել  սարդոստայնային տիզի հարձակմանը։ Այլ վտանգավոր վնասատուներ են վահանակիրները, թրիփսերը եւ ուտիճները։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

Ֆիկուսի այլ տեսակների մասին կարդացեք այստեղ ==>

Հղումներ

Leave a Reply