Բոկ չոյ և Պակ չոյ

Բոկ չոյը (անգլ․՝ Bok Choy, Buk Choy, Chinese chard, Chinese white cabbage, Mustard cabbage, ռուս․՝ Бок-чой, լատ․՝ Brassica rapa subsp. chinensis) Չինաստանում, Հարավ-Արևելյան Ասիայում, այժմ նաև աշխարհի շատ այլ երկրներում լայնորեն տարածված կաղամբազգի մշակաբույս է։

Չինարենի Կանտոնի բառբառով “Բոկ չոյ” նշանակում է սպիտակ բանջար։ Այս բանջարի հարյուրավոր տեսակներ կան։ Այն տեսակը, որը կոչվում է Baby Bak Choy իրականում ոչ թե դեռահաս Բոկ չոյն է, այլ Բոկ չոյի գաճաճ տեսակը։

Պակ չոյ է (անգլ․՝ Pak Choy, Baby buk choy, ռուս․՝ Пак чой, լատ․՝ Brassica rapa subsp. chinensis, green stemmed variety) կոչվում Բոկ չոյի կանաչ կոթուններով տեսակը, բայց կան նաև որոշ տարբերություններ բուրմունքի և տեքստուրայի առումով։

Բաց գրունտում Բոկ չոյ/Պակ չոյ աճեցնելը

  • Հասունացման ժամկետը՝ 100 օր
  • Ցրտադիմացկունության գոտի՝ 1-9
  • Ցանելու խորությունը՝ 1սմ
  • Հեռավորությունը միմյանցից՝ 30-60 սմ
  • Միջշարային տարածությունը՝ 75 սմ
  • Աճի ուղղությունը՝ ուղղահայաց
  • Հողը՝ Խոնավ, կոմպոստով հարուստ
  • Օդի նախընտրելի ջերմությունը՝ զով
  • Լուսավորությունը՝ արևկող, բայց շոգ ամռան կեսօրին ստվերը օգտակար է
  • Վնասատուներ/հիվանդություններ՝ կարող է ենթարկվել ուտիճների և թրթուրների հարձակմանը

Խորհուրդ է տրվում տաք միջավայրում Բոկ չոյի/Պակ չոյի սածիլներ աճեցնել եւ մեկ ամիս անց տնկել դրանք բաց գրունտում։ Լավագույն արդյունքի հասնելու համար, սածիլները, մինչև դրսում տնկելը, մեկ շաբաթ պետք է կոփել՝ օրեցօր ավելացնելով դրսում գտնվելու ժամանակը։ Բույսերի գլուխները ձևավորվում ու պնդանում են մոտ 70 օրվա ընթացքում: Այդ պահից դրանք կարելի է հավաքվել։ Հողն առողջ պահելու համար, բերքահավաքի ժամանակ հողից հեռացնում են ողջ բույսը՝ ներառյալ արմատները։ Բոկ չոյի/պակ չոյի գլուխները կարող են մինչև երեք ամիս թարմ մնալ։

Բոկ չոյի/Պակ չոյի միկրոկանաչի աճեցնելը

Բոկ չոյի/Պակ չոյի միկրոկանաչիները շատ ավելի հարուստ են օգտակար նյութերով քան դրանց սերմերն ու հասուն բույսերը։

Մինչև ցանելը թրջելը Պետք չէ
ՀամըՄատղաշ չինական կաղամբի, թեթևակի քաղցր
ԳույնըՄեղմ կանաչ տերևներ, սպիտակ ցողուն
Օգտակար նյութերը Վիտամիններ C, K եւ E, բետա-կարոտին եւ երկաթ
Հատկությունը Ցածր կալորիականության շնորհիվ կարող է օգտագործվել նիհարելու դիետայի մեջ: Կանխարգելում է փորկապությունը, նվազեցնում է խոլեստերինը, նպաստում է աղիների մաքրմանը տոքսիններից։ Պարունակում է գլյուկոզինոլատներ, որոնք ազատ են արձակում իզոտիոցինատներ, որոնք իրենց հերթին քաղցկեղածիններին ճնշելով կարող են կանխել քաղցկեղի զարգացումը։
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար) 28-29 գրամ
Մթության մեջ պահելը 2-3 օր
Ծլելը 2-3 օրից
ԼույսըՊայծառ, ցրված արևի լույս կամ արհեստական՝ 14-16 ժամ միացած, 8-10 ժամ անջատած։
Բերքահավաքը 8-12 օրից
Օգտագործելը Ավելացնում են մսային և ձկնային ուտեստներին, բանջարեղենին, ծովամթերքին և սմուզիներին։ Արդյունավետ օգտագործվում է որպես աղցանների հիմնական բաղադրիչ։

Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։

Աճեցնելը՝ քայլ առ քայլ

  1. Ձեռք բերել որակյալ, ցանկալի է օրգանական, սերմեր։ Համոզվել, որ սերմերը չեն ենթարկվել կենսաքիմիական մշակման։
  2. Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
  3. Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մոտ 10% պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց հետ խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
  4. Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ցողել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
  5. Սերմերը մեկ շերտով, խիտ ու հավասարաչափ բաշխել հողի մակերեսին, այնուհետև ցողել հեղուկացիրով։
  6. Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
  7. Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել ու դնել նույն տեղում:
  8. Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, սովորաբար ցանելուց հետո չորրորդ օրը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
  9. Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
  10. Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 5-7 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանգ առնել։

Հղումներ

Leave a Reply