Լիմոնախոտ

Լիմոնախոտը (անգլ․՝ Lemongrass, ռուս․՝ Лимонная трава, լատ․՝ Cymbopogon) հացազգիների ընտանիքի, բարձր, բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Մոտ 55 տեսակներից հատկապես Արևմտահնդկական լիմոնախոտ (West Indian Lemon Grass, Челнобородник лимонный, Cymbopogon citratus) տեսակը լայնորեն աճեցվում է որպես համեմունք և դեղաբույս։

Լիմոնախոտի հայրենիքը Հարավ-Արեւելյան Ասիան է, այն լայնորեն մշակվում է Աֆրիկայի, Ասիայի եւ Ամերիկաների արեւադարձային գոտիներում:

Մեր կլիմայական պայմաններում բաց գրունտում աճեցնելու համար բույսը հարմարեցված չէ, սակայն կարելի է աճեցնել սենյակային պայմաններում:

Հետաքրքիր է, որ այս հացազգին մշակվում է ոչ թե հատիկների, այլ տերեւների եւ ցողունների համար: Լիմոնախոտը հայտնի համեմունք է։ Առավել հաճախ այն օգտագործում են ապուրների եւ հնդկական Curry-ի հետ կամ ավելացնում են թեյին։

Բացի այդ, լիմոնախոտը արժեքավոր դեղաբույս է։ Դրա տերեւները պարունակում են B, C եւ A խմբի վիտամիններ, ֆոլիաթթու, կալիում, կալցիում եւ այլ օգտակար հանքանյութեր: Լիմոնախոտի եթերային յուղը ունի հակասնկային, հակամակաբույծ ազդեցություն, օգնում է ստամոքսի խանգարման, մրսածության, գլխացավի դեպքում:

Տանը լիմոնախոտ աճեցնելը

Տան պայմաններում բացի Արևմտահնդկական լիմոնախոտ (West Indian Lemon Grass, Челнобородник лимонный, Cymbopogon citratus) տեսակից աճեցնում են նաև Արևելահնդկական լիմոնախոտը (Восточно-индийское лимонное сорго կամ Малабарская трава, Cymbopogon flexuosus) ու Կիտրոնելան (Citronella grass, Цитронелла, Cymbopogon nardus): Բոլորի խնամքը նույնն է։

Աճեցնելու տեղը

Արևադարձային բույսի համար, բնականաբար, պետք է ընտրել լուսավոր ու տաք տեղ՝ դեպի հարավ նայող պատուհանագոգը։ Լիմոնախոտն, ի տարբերություն շատ բույսերի, չի վախենում արևի ուղիղ ճառագայթներից։ Թույլատրելի է նաև ցրված, պայծառ լուսավորությունը՝ լուսավոր պատուհանից ոչ ավելի քան 1,5 մ հեռավորության վրա։

Ուշադրություն

Չարժե լիմոնախոտն աճեցնել տրանսպորտի կամ արտադրական արտանետումների համար բաց պատշգամբում։ Լիմոնախոտի տերեւները կլանում և իրենց մեջ կուտակում են այդ վնասակար տարրերը։

Ծաղկամանը

Բնական պայմաններում լիմոնախոտը հասնում է մինչև 1,8-2 մետր բարձրության։ Ծաղկամանում դա հնարավոր չէ։ Նորմալ աճի համար բավարար է 25-30 սմ տրամագծով ծաղկամանը։

Հողախառնուրդը

Կարևոր է որ հողը լինի պարարտ և փխրուն։ Կարելի է գնել որևէ համապիտանի հողախառնուրդ կամ պատրաստել ինքնուրույն՝ հավասար մասերով իրար խառնել կենսահումուս և գետի ավազ։ Փխրունությունն ավելացնելու համար լրացուցիչ պերլիտ կամ վերմիկուլիտ ավելացնել։ Լավ դրենաժային շերտն էլ պարտադիր է։

Օդի ջերմաստիճանն ու խոնավությունը

 Օդի նվազագույն ջերմաստիճանը +16оС է, իսկ ամենահարմարավետը +20…+25оС տիրույթն է։ Օդի խոնավությունը՝ չափավոր, սիրում է հաճախակի ցողվել մանր կաթիլներով։

Լիմոնախոտը տառապում է միջանցիկ քամիներից, դա կարող է բերել արմատների նեխելուն։ Ձմռանը, սենյակը օդափոխելիս, պետք է բույսը պաշտպանել սառը օդի հոսքերից։ Հնարավորության դեպքում, ամռանը օգտակար է լիմոնախոտը բաց երկնքի տակ պահել։

Խնամքը

Լիմոնախոտի խնամքը կանոնավոր ջրելն ու սնուցում տալն է։ Պետք է նաև ուշադրություն դարձնել օդի խոնավությանը եւ ջերմությանը: Խորհուրդ չի տրվում թփի շուրջը հողը փխրեցնել :

Ջրելը

Լիմոնախոտը խոնավություն սիրող բույս է։ Ամռանը պետք է առատ ջրել, բայց հողը ցեխ ու ճահիճ չդարձնել։ Ամռան խիստ շոգին կարելի է փոքր չափաբաժիններով օրական երկու և ավելի անգամ ջրել։

Ձմռանը ջրելը քչացնում են։ Ջրում են հողի մակերեսը չորանալուց հետո։

Սնուցումը

Սնուցումն արվում է ակտիվ աճի շրջանում՝ ապրիլից հոկտեմբեր: Հարմար է կիրառել համալիր հեղուկ պարարտանյութ: Դա արվում երկու շաբաթը մեկ, ջրելու ժամանակ։ Քանի որ լիմոնախոտը ակտիվորեն ավելացնում է կանաչ զանգվածը, այն հատկապես ազոտական պարարտանյութերի կարիք ունի, այդ թվում ‘ օրգանական:

Բազմացնելը

Լիմոնախոտը կարելի է բազմացնել սերմերով, թուփը բաժանելով և ցողունները արմատակալելու դնելով։

Սերմով բազմացնելը
  • Սածիլներ աճեցնելու համար նախատեսված կոնտեյները լցնում են բերրի հողով եւ լավ ցողում են ցողիչով:
  • Առանց խորացնելու, հողի մակերեսով բաշխում են սերմերը և վրան ծածկում 2-3 մմ հաստությամբ հողի կամ ավազի շերտով։
  • Ցանքը եւս մեկ անգամ լավ ցողում են։
  • Կոնտեյները ծածկում են պլաստիկ թաղանթով կամ ապակիով, դնում են ջերմ լուսավոր տեղ։ Օդի +18оС ջերմաստիճանի դեպքում ծիլերը հայտնվում են մոտ մեկ շաբաթ անց:
  • Ծիլերի հայտնվելուց հետո կոնտեյները բացում են: Հետևում են, որպեսզի հողը միշտ խոնավ լինի, ըստ անհրաժեշտության, պարբերաբար ցողում են հողը:
  • Մոտ 1-2 շաբաթից հասակ առած թփերը զգուշորեն տեղափոխում են առանձին ծաղկամանների մեջ:
Թուփը բաժանելը

Երբ լիմոնախոտի թուփը աճել եւ լցրել է ամբողջ ծաղկամանը, այն կարելի է հանել և բաժանել թուփը մի քանի մասերի: Գերադասելի է դա անել գարնանը կամ ամռան սկզբին։

Դուրս հանած թուփը զգուշորեն թափ տալով արմատներն ազատում են հողից, որպեսզի երևան տեղերը որտեղից կարելի է բաժանել թուփը։ Բաժանում են ձեռքերով կամ սուր դանակով, բաժանված թփերը տնկում են առանձին ծաղկամաններում և լավ ջրում։

Ցողունը արմատակալելու դնելը

Փորձը ցույց է տալիս, որ կարելի է նույնիսկ խանութից գնված լիմոնախոտի ցողունից արմատակալած տնկի ստանալ։ Դրա համար դրանք պետք է լինեն ամբողջական՝ ստորին հատվածը պահպանված։

  • Բաժակի մեջ 2-3 սմ հնեցված, գոլ ջուր են լցնում ու ցողունը դնում մեջը։ Անհրաժեշտ է, որ օդի ազատ հոսք լինի դեպի ձեւավորվող արմատները:
  • Բաժակը դնում է տաք, լուսավոր տեղ, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ։
  • Ջրի մակարդակը հաստատուն են պահում։
  • Մոտավորապես մեկ շաբաթ անց, ցողունի վրա երիտասարդ արմատներ են ձեւավորվում։
  • Չսպասելով արմատների երկարանալուն, բույսը տնկում են բերրի հողի մեջ և հետագայում ապահովում են սովորական խնամք։

Հիվանդություններ և վնասատուներ

Լիմոնախոտը մեծ քանակությամբ եթերային յուղեր է պարունակում։ Այն հազվադեպ է հիվանդանում և ենթարկվում վնասատուների հարձակմանը։ Որպես սարդոստայնային տիզի դեմ կանխարգելիչ միջոց, խորհուրդ է տրվում պարբերաբար ցողել բույսը նաև ձմռանը։

Բերքահավաքը

Ըստ անհրաժեշտության, թարմ տերեւները կտրում են երբ դրանք հասնում են 25-30 սմ երկարության: Ամբողջական բերքահավաք անում են ձմռանը, երբ տերեւները սկսում են չորանալ:

Կտրած տերևները մանրացնում են, 1-2 սմ երկարությամբ կտորները փռում են թղթի կամ կտորի վրա և չորացնում են։ Պահում են ապակե հերմետիկ տարայի մեջ։

Լիմոնախոտի ցողուններն էլ են ուտելի։ Երբ ցողունի տրամագիծը հասնում է 2-4 սանտիմետրի, այն կտրում են հողի մակարդակով եւ օգտագործում որպես սոուսների, ապուրների հավելում եւ մսային ճաշատեսակներում: Կտրված ցողունը կրկին աճում է:

Ուշադրություն

Լիմոնախոտի տերևների եզրերը շատ սուր են: Բերքահավաքը պետք է իրականացվի ձեռնոցներով:

Սխալներ

Անփորձ մշակողները կարող են հետեւյալ դժվարությունների հանդիպել՝

  • Բույսը չի աճում կամ մահանում է սածիլի փուլում: Հաճախ դա պայմանավորված է լինում հողի գերխոնավացմամբ։ Եթե ցանելիս հողը լավ խոնավ է եղել, այլևս մինչև սերմերի ծլելը ջրելն անհրաժեշտ չէ։ Հետագայում էլ չափից շատ ջրելը վնասակար է։
  • Բույսը լավ արմատներ է զարգացնում, բայց հետո դրանք նեխում են։ Խնդիրը կրկին կապված է չափից շատ ջրելու հետ։ Կարելի է փորձել ջրել ներքևից՝ տակդիրի միջից։
  • Որոշ մարդկանց մոտ բույսի եթերային յուղի մեջ պարունակվող նյութերը կարող են ալերգիա առաջացնել:

Հղումներ

Leave a Reply