Մանանեխ

Մանանեխը (անգլ․՝ Mustard, ռուս․՝ Горчица, լատ․՝ Sinapis) կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի (Sinapis և Brassica) ցեղի միամյա, ձիթատու, մեղրատու բույսերի անունն է։

Տարածված մանանեխներ են Սպիտակ մանանեխը (Sinapis alba), Կապտամոխրագույն մանանեխը (Brassica juncea) և Սև մանանեխը   (Brassica nigra)։ Ընդորում, վերջին երկուսը մանանեխ ցեղին չեն պատկանում։

Մանանեխի սերմեր

Մանանեխ աճեցնելը

Տնային պայմաններում մանանեխ կարող է աճեցնել նույնիսկ սկսնակ այգեպանը: Շատերն աճեցնում են որպես լավ համեմունք և աղցանի բաղադրիչ, կան նաև որպես սիդերատ ցանողներ՝ հողի կառուցվածքի բարելավման, ազոտ պարունակող նյութերի կուտակման եւ մոլախոտերի աճի կանխարգելման նպատակով:

Մանանեխի համար նախընտրելի է բերրի, չեզոք կամ թույլ ալկալինային հողը։ Այն հարմար է ցանել այնտեղ, որտեղ նախկինում աճում էին կարտոֆիլ եւ այլ բանջարեղեն, բայց ոչ կաղամբազգիներ: Հողը նախապատրաստում են աշնանը: Ոչ բերրի հողի հետ խառնում են փտած գոմաղբ կամ կոմպոստ, պարարտացնում են սուպերֆոսֆատով եւ կալիումային պարարտանյութով։ Նույնը կարելի է անել բերրի հողի հետ, բայց պարարտանյութերի շատ ավելի քիչ չափաքանակով։ Հողի բարձր թթվայնության դեպքում, կիր են խառնում հողի հետ։ Գարնանը հողը մինչեւ 10 սմ խորությամբ փխրեցնում են:

Տնամերձ հողամասում մանանեխը կարող է ցանվել առանձին մարգով կամ այլ վաղահաս կանաչեղենի հարեւանությամբ: Սեզոնի ընթացքում ցանել և բերք ստանալ կարելի է մի քանի անգամ։ Միայն խորհուրդ չի տրվում աճեցնել ամռան շոգին, քանի որ բույսն այդ պայմաններում արագ ընձյուղվում է: Սերմերը ցանում են ոչ ավել քան 2 սմ խորությամբ, միմյանցից 10 սմ հեռավորության վրա, միջշարային 30-40 սմ տարածք թողնելով։ Առաջին ծիլերը հայտնվում են 3-4 օրում՝ եթե օդի միջին ջերմաստիճանը պահպանվում է +20°С աստիճան: Շատ խիտ տնկարկը խորհուրդ է տրվում նոսրացնել, ինչը հնարավորություն կտա լավ բերք ստանալ:

Բույսերի սնուցումը կատարում են առաջին իսկական տերեւների առաջացումից հետո: Սնուցող լուծույթը պատրաստվում է միզանյութից (1 թեյի գդալ) եւ ջրից (10 լիտր): 1 քմ-ի համար պետք է նախատեսել 3 լիտր լուծույթ: Հետագա խնամքը մոլախոտերից ազատելն է և շաբաթական 2 անգամ առատ ջրելը: Եթե բույսի տերեւները կոշտանում և դառնանում են, պետք է ավելի հաճախ ջրել։

Պատուհանագոգին մանանեխ աճեցնելը

Մանանեխ կարելի է աճեցնել նաև պատուհանի գոգին։ Միայն շոգն ու տոթը կարող են խանգարել լավ աճին։ Նախքան սերմերը ցանելը, դրանք պետք է թրջել 1%-նոց կալիումի պերմանգանատի (марганцовка) լուծույթում: Նույն լուծույթով պետք է մշակել ծաղկաթաղարը։ Այնուհետև սերմերը պետք է ծլեցնել՝ կամ ծլեցման համար նախատեսված ամանում, կամ մշտապես խոնավ պահվող լաթի մեջ։ Որպես հողախառնուրդ կարելի է վերցնել այգու հողը, խառնել դրան կոկոսի մանրաթել/պերլիտ և հարստացնել կենսահումուսով կամ կոմպոստով։ Պետք չէ մոռանալ դրենաժային շերտի անհրաժեշտության մասին։

Սերմերը ցանում են 1-2 սմ խորությամբ, ցանքը լավ ջրում են և ծածկում ապակյա կամ պոլիէթիլենային ծածկով:

Ցրտադիմացկուն սորտերը ծլում են նույնիսկ + 1°С ջերմաստիճանին, բայց տնային պայմանների համար ավելի լավ է ընտրել ջերմասեր տեսակներ, ինչպիսիք են սեւ կամ ֆրանսիական մանանեխը։
Ծիլերի հայտնվելուց հետո թափանցիկ ծածկը հանում են:

Մանանեխի աճի եւ զարգացման համար օդի լավագույն ջերմաստիճանը + 23°С է: Եթե սենյակում շատ շոգ է, բույսը մատղաշ տերևներ ձևավորելու փոխարեն սկսում է ընձյուղվել:

Ուտելու կամ ճաշատեսակներին ավելացնելու համար, արդեն 3-րդ շաբաթից կարելի է կտրել բույսի ստորին տերեւները:

Ժամանակից շուտ ընձյուղվելը կանխելու համար անհրաժեշտ է բույսը ամեն օր առատ ջրել։

Մանանեխի սերմեր ծլեցնելը

  1. Հաշվի առնելով, որ թրջելուց հետո սերմերի զանգվածն ավելանալու է, վերցնում են հատիկների անհրաժեշտ քանակը, մաքրում են աղբից, լավ լվանում են, քամում, լցնում խոր ամանի մեջ և վրան 5-6 անգամ շատ ջուր լցնում։ Ամանը դնում են տաք, արևի ուղիղ ճառագայթներից հեռու տեղում և թողնում, որ սերմերը 6-12 ժամ թրջվեն։
  2. Թրջելն ավարտելուց հետո ջուրը թափում են կամ, հաշվի առնելով, որ այնտեղ տարալուծված կենսաակտիվ նյութեր կան, պահեստավորում են՝ այգու կամ սենյակային բույսերը ջրելու համար։
  3. Սերմերը լցնում են ծլեցման ամանի մեջ, նորից լավ լվանում են և լավ քամում, այնուհետև դնում են մութ տեղում՝ թեքությամբ, բերնքսիվայր, որպեսզի և՛ ջուրը քամվի, և՛ սերմերի համար օդափոխանակություն լինի։
  4. Օրական 2-3 անգամ, չհանելով ծլեցման ամանից, սերմերը 3-4 անգամ լավ ողողում և քամում են, այնուհետև դնում են նույն դիրքով։
  5. Երրորդ օրվանից սկսած ծլեցման ամանը հանում են մթից և դնում լուսավոր տեղում, բայց ոչ արևի տակ։
  6. Շարունակում են 4-րդ կետում գրվածն անել և, ծլեցման 5-6-րդ օրը, երբ փոքրիկ տերևներն արդեն բացված են և դրանց մեծ մասը կանաչել է, ծիլերը պատրաստ են ուտելու համար։

Մանանեխի ծլեցված սերմերը գրգռում են ախորժակը, ուժեղացնում են ստամոքսային հյութի արտադրությունը, ունեն հակաբորբոքային և հակասեպտիկ ազդեցություն, հիանալի հակացինոտինային միջոց են, օգտագործում են աղիների մաքրման համար, բուժում են հազը:

Մանանեխի ծլեցված սերմերն ուտում են հում վիճակում՝ առանձին կամ ավելացնելով աղցաններին:

Մանանեխի միկրոկանաչի աճեցնելը

  • Սաղր ամանի մեջ, 3-4 սմ բարձրությամբ, հող կամ այլ սուբստրատ (կտավատի կամ կոկոսի մատեր; արհեստական քեչա կամ հանքային բամբակ, ջուտի ծղոտ, վերմիկուլիտ, պեռլիտ, թղթյա անձեռոցիկներ կամ սրբիչներ) են լցնում և լավ խոնավացնում են:
  • Սերմերը հավասարապես բաշխում են սուբստրատի ողջ մակերեսով ու նորից ցողում են։
  • Ցանքը ծածկում են ոչ թափանցիկ կափարիչով կամ այլ հարմարեցված ծածկով՝ սերմերը խոնավ և մութ միջավայրում պահելու համար։
  • Երբ մանանեխի ծիլերի վրա սկսում են երևալ տերեւները, կափարիչը հեռացնում են եւ ցանքը տեղափոխում են լավ լուսավորված վայր:
  • Միկրոկանաչին պատրաստ է լինում 5-14 օր անց, երբ բույսերն ունեն 4- 8 սմ բարձրություն և 2 իսկական տերևները բացվել են։
  • Միկրոկանաչին մկրատով կամ սուր դանակով կտրում են հողից կամ սուբստրատից մի քանի միլիմետր բարձրության վրա։

Ըստ գիտական հետազոտությունների, զարգացման 2 իսկական տերև ձևավորած փուլում բույսը պարունակում է տասնյակ անգամ ավելի շատ վիտամիններ, հանքանյութեր եւ կենսաբանորեն ակտիվ նյութեր, քան նույն բույսի ծիլերն ու ավելի մեծահասակները: Հավաքված բերքը օգտագործվում է միայն թարմ տեսքով, միկրոկանաչու ջերմային մշակումը էականորեն նվազեցնում է դրա օգտակարությունը:

Մանանեխի միկրոկանաչին պարունակում է՝

  • այլ բույսերում հազվադեպ հանդիպող E եւ P վիտամիններ;
  • արժեքավոր հանքանյութեր (կալցիում, մագնեզիում, սելեն, ցինկ, ֆոսֆոր, մանգան);
  • մեծ քանակությամբ վիտամին C եւ ռուտին;
  • եթերային յուղեր;
  • սննդային մանրաթելեր;
  • օմեգա-3 եւ օմեգա-6 թթուներ:

Մանանեխի միկրոկանաչի ուտելը ամրացնում է օրգանիզմի իմունիտետը, բարձրացնում է կենսունակությունը, արագացնում է նյութափոխանակությունը: Մշտական օգտագործման դեպքում այն օգնում է ամրապնդել անոթների պատերը, կանխարգելում է ուռուցքային հիվանդությունների զարգացումը, մեղմացնում է կլիմաքսի ախտանիշները: Մանանեխի ծիլերն ունեն նաեւ հակասեպտիկ եւ հակաբորբոքային հատկություններ:

Մանանեխի միկրոկանաչին կարելի է ուտել առանձին կամ օգտագործել տարատեսակ սմուզիներ, վիտամինային կոկտեյլներ, աղցաններ պատրաստելիս։ Դրանք լավ խավարտ կլինեն մսով և ձկով ճաշերի համար։

Կարդացեք նաև “ՄԱՆԱՆԵԽԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ” հոդվածը ==>

Հղումներ

Leave a Reply