Ցորեն

Ցորենը (անգլ․՝ Wheat, ռուս․՝ Пшеница, լատ․՝ Triticum) դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի, հիմնականում միամյա, խոտաբույսերի ցեղ է, ընդգրկում է 25-ից ավելի վայրի և մշակովի տեսակ։ Հայաստանում տարածված է 13 տեսակ։

Ցորենի հատիկներից ստացվող ալյուրն օգտագործվում է հացի, ձավարի, մակարոնեղենի, հրուշակեղենի, վիսկիի, օղու, գարեջրի արտադրության մեջ։ Ցորենն օգտագործվում է նաև որպես անասնակեր։

Ցորենի ծլած սերմեր

Ցորենի ծլած սերմերը (Wheat sprouts, Проростки пшеницы) վիտամինների իսկական շտեմարան են։ Ցորենի սերմը պարունակում է B5, E, C, D, P վիտամիններ, ինչպես նաև կրածին, կալիում, քրոմ, պղինձ,

սիլիցիում, սելեն, ցինկ, երկաթ, յոդ, ֆոլիաթթու։

Ծլելու պահին սերմի քիմիական կազմի մեջ փոփոխություններ են տեղի ունենում։ Բարդ սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը տրոհվում են ու դառնում պարզ և դյուրամարս տարրեր։ Ազատվում են բոլոր օգտակար նյութերը։

Արդյունքում, համեմատած չոր սերմի հետ, 4-5 անգամ ավելանում է վիտամինների քանակը։ Օրինակ, 50 գրամ ցորենի ծլած սերմերի մեջ նույնքան վիտամին C կա, որքան 1 լիտր նարնջի հյութի մեջ։

Եթե չծլած ցորենի սերմում կա 20% սպիտակուցներ, 2,2% ճարպեր, 64% ածխածիններ, ապա ծլածում կա 26% սպիտակուցներ, 10% ճարպեր, 34% ածխածիններ:

Ցորենի ծլած սերմերի ներառումը սննդակարգում մաքրում է օրգանիզմը, բարելավում է նյութափոխանակությունը, բարձրացնում է դիմադրողականությունը։ Կարգավորվում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը։ Լավանում է ալերգիայից տառապողների ինքնազգացողությունը։

Ցորենի սերմ ծլեցնելը

Ցորենի սերմերը պետք է ձեռք բերել վստահելի աղբյուրներից, որպեսզի վստահ լինեք, որ սերմերը ծլողունակ են և թունաքիմիկատներով չեն մշակվել։

Սերմերը ծլեցնելու տարբեր ձևեր կան։ Մեր կայքի “Ծլած սերմեր” հոդվածում կարող եք գտնել ձևերից մեկի նկարագրությունը։ Մեկ այլ տարբերակ ներկայացնում ենք ստորև։

  • Ցորենի սերմերը հոսող ջրի տակ լավ լվանում են, ջրի մակերեսին հայտնված սերմերն ու թեփուկները թափում են։
  • Սերմերը մոտ 12 ժամ թողնում են ջրի մեջ, ինչից հետո ջուրը թափում են, սերմերը նորից լվանում են և թողնում ջրի մեջ ևս 12 ժամով։
  • Կրկին ջուրը թափում են, սերմերը լվանում են ու լավ քամում։
  • Քամված սերմերը լցնում են ոչ շատ խոր, լայն ափսեի մեջ, հարթեցնում են, որպեսզի առաջանա 2-2,5 սմ բարձրությամբ շերտ և վրան փռում են 2-3 տակ ծալված մարլա։
  • Ափսեն դնում են արևի ուղիղ ճառագայթներից հեռու, օդի սենյակային ջերմաստիճան ունեցող տեղում։
  • Ջրցողիչով պարբերաբար ցողում են մարլան՝ այնպես, որ միշտ խոնավ մնա։
  • Ծլեցումը տևում է մոտ 2 օր, սերմերի վրա առաջանում են 1-2 մմ երկարությամբ ծիլեր։

Եթե սերմերը 2 օրից չեն ծլում, սևանում են կամ բորբոսնում, ուրեմն դրանք ուտելի չեն, պետք է թափել։

Ցորենի սերմեր պետք է ծլեցնել փոքր չափաբաժիններով, որպեսզի թարմ ուտվի և պահպանման խնդիր չառաջանա։ Սառնարանում ծիլերը կարելի է պահել 48 ժամից ոչ ավել։

Ծիլերը կարելի է ուտել այնպես, ինչպես կան, լավ ծամելով հատիկները։ Կարելի է նաև դրանք աղալ և խառնել բանջարեղենի կամ մրգային աղցանների և այլ ուտեստների հետ։ Շատ համեղ է մեղրի և ընկույզի հետ խառնած, մածունի հետ և այլն։

Հակացուցումներ

Ցորենի սերմերի ծիլեր ուտելը հակացուցված է ստամոքսի խոց և աղեստամոքսային այլ հիվանդություններ ունեցողների համար։

Խորհուրդ չի տրվում ուտել նաև հետվիրահատական շրջանում գտնվողներին և մինչև 12 տարեկան երեխաներին։

Առողջ մարդիկ էլ, երբ նոր են սկսում ուտել ծիլերը, կարող են կարճատև ստամոքսային խանգարումներ ունենալ։ Եթե խանգարումները կարճ ժամանակից չեն դադարում, պետք է դադարեցնել ուտելը։

Ցորենի միկրոկանաչի

Ցորենի միկրոկանաչին (անգլ․՝ Wheatgrass, ռուս․՝ Ростки пшеницы կամ Витграсс) սերմի ծլելուց 7-10 օր հետո լրիվ հասունության չհասած կանաչ զանգվածն է։

Համացանցը լի է ցորենի միկրոկանաչու օգտակարության մասին հոդվածներով ու դրանք ամենևին անհիմն չեն։ Առանձնակի տարածում է գտել ցորենի միկրոկանչիու թարմ հյութի ամենօրյա օգտագործումը:

Ցորենի միկրոկանաչու օգտակար հատկությունները

  • Ցորենի միկրոկանաչին սննդարար է և լի է մասնավորապես ՝ A, C և E վիտամիններով, ինչպես նաև պարունակում է 8 հիմնական ամինաթթուներ, որոնք մեր օրգանիզմը չի արտադրում և դրանք պետք է ներմուծվեն։ Հարուստ է նաև երկաթով, կալցիումով և մագնեզիումով։
  • Պպարունակում է տարբեր հակաօքսիդանտներ։ որոնք կանխում են բջիջների վնասումը և նվազեցնում օքսիդատիվ սթրեսը, ինչպես նաև, մեծ հավանականությամբ, պաշտպանում են սրտի հիվանդություններից, քաղցկեղից և առողջության հետ կապված տարբեր այլ խնդիրներից:
  • Քլորոֆիլի լավագույն աղբյուրներից է։ Մասնավորապես, թար, նոր կտրած ցորենի միկրոկանաչու հյութի մոտ 70% քլորոֆիլ է: Քլորոֆիլն առկա է բոլոր կանաչ բույսերի մեջ և ունի առողջության համար օգտակար բազմաթիվ ու բազմազան հատկություններ: Սկսած բորբոքային պրոցեսները նվազեցնելուց, մինչև օրգանիզմից տոքսինների հեռացումը: Քլորոֆիլի մոլեկուլն ունի նույն կառուցվածքը, ինչ հեմոգլոբինի մոլեկուլը, ուստի այն ակտիվորեն օժանդակում է թթվածնի շրջանառությանը: Իրականում, ցորենի միկրոկանաչու օգուտների մեծ մասը գալիս է քլորոֆիլից:
  • Կարող է օգնել արյան մեջ շաքարի կարգավորմանը։ Չնայած գիտական ուսումնասիրությունների մեծ մասը, ցավոք, վերաբերվել է կենդանիներին և ոչ թե մարդկանց:
  • Կարող է նվազեցնել խոլեստերինը. Ինչպես նաև բարձրացնում է «լավ» HDL խոլեստերինի մակարդակը:
  • Կարող է օգնել նիհարելուն։ Ցորենի միկրոկանաչու միջի թիլակոիդները օգնում են շուտ կշտանալուն:

Եվ սա դեռ ամենը չէ։ Ցորենի միկրոկանաչու օգտագործումը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը, իր հակաբակտերիալ և հակասեպտիկ հատկությունների շնորհիվ օգնում է բարելավել շնչառական ֆունկցիան (ներառյալ սինուսների խնդիրները), ազատվել պզուկներից և սպիերից, հանգստացնել կոկորդը, կարգավորել աղիների աշխատանքը։ Քիմիաթերապիա ստացող հիվանդներին օգնում է հաղթահարել դրա բացասական կողմնակի ազդեցությունները:

Ինչպես աճեցնել

  • Ցորենի սերմերը հոսող ջրի տակ լավ լվանում են, ջրի մակերեսին հայտնված սերմերն ու թեփուկները թափում են։
  • Սերմերը մոտ 12 ժամ թողնում են ջրի մեջ, ինչից հետո ջուրը թափում են, սերմերը նորից լվանում են և թողնում ջրի մեջ ևս 12 ժամով։
  • Կրկին ջուրը թափում են, սերմերը լվանում են ու լավ քամում։
  • Քամված սերմերը լցնում են ոչ շատ խոր, լայն ափսեի մեջ, հարթեցնում են, որպեսզի առաջանա 2-2,5 սմ բարձրությամբ շերտ և վրան փռում են 2-3 տակ ծալված մարլա։
  • Ափսեն դնում են արևի ուղիղ ճառագայթներից հեռու, օդի սենյակային ջերմաստիճան ունեցող տեղում։
  • Ջրցողիչով պարբերաբար ցողում են մարլան՝ այնպես, որ միշտ խոնավ մնա։
  • Ծլեցումը տևում է մոտ 2 օր, սերմերի վրա առաջանում են 1-2 մմ երկարությամբ ծիլեր։
  • Ծլեցնելուց հետո, սերմերով ափսեն բացում և տեղափոխում են լուսավոր տեղ։
  • 5-7 օրից կանաչ զանգվածը հասնում է 7-10 սմ բարձրության և արդեն կարելի է բերքահավաք սկսել։ Այդ օրերի ընթացքում պետք է սերմերը մշտապես խոնավ վիճակում լինեն, բայց ոչ ջրի մեջ։ Դրա համար օրական երկու անագամ կամ ցողում են սերմերը կամ էլ առատ ջրում ու 5 րոպե անց ջուրն ամբողջությամբ քամում։

Ինչպես օգտագործել

Ամենահզոր ու արդյունավետ կիրառման միջոց համարվում է ամեն առավոտ, նախաճաշից մեկ ժամ առաջ 60 մլ ցորրենի թարմ միկրոկանաչու հյութ խմելը։ Դա կոչվում է “wheatgrass shot”:

Սակայն, ցորենի միկրոկանաչին կարող է օգտագործվել նաև որպես այլ հյութերի, սմուզիերի, տարբեր այլ ըմպելիքների, ինչպես նաև աղցանների, սոուսներ կարևոր բաղադրիչ:

Ուշադրություն

Առաջին անգամ սննդակարգի մեջ ցորենի միկրոկանաչի ներգրավելը կարող է մի փոքր անհանգստացնել ստամոքսին, քանի որ օրգանիզմը դեռ սովոր չէ այդ սնունդի հզոր թունազերծող հատկությանը: Դրանից խուսափելու համար, պետք է սկսել 1/2 դոզայից (30 մլ): Կարող են նաև այլ կողմնակի բարդություններ առաջանալ, ինչպիսիք են գլխացավը, սրտխառնոցը և հոգնածությունը:

Այլ բույսերից ստացվող միկրոկանաչիների մասին կարդացեք այստեղ ==>

Հղումներ

Leave a Reply