Ծլեցրած սերմեր

Ծլեցրած սերմեր (Seed sprouts, Проростки семян) ուտելը տարածված բան է դիետա պահողների մոտ։ Սակայն դրանց օգտակարությունը շատ ավելին է։ Հայտնի է, որ սերմը ապագա բույսի առաջին օրերի աճի համար նախատեսված օգտակար նյութերի փոքրիկ պահեստ է։

Ծլելու պահին սերմի քիմիական կազմի մեջ փոփոխություններ են տեղի ունենում։ Բարդ սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը տրոհվում են ու դառնում պարզ և դյուրամարս տարրեր։ Ազատվում են բոլոր օգտակար նյութերը։

Արդյունքում, համեմատած չոր սերմի հետ, 4-5 անգամ ավելանում է վիտամինների քանակը։ Օրինակ, 50 գրամ ցորենի ծլած սերմերի մեջ նույնքան վիտամին C կա, որքան 1 լիտր նարնջի հյութի մեջ։

Ուտելու համար հիմնականում ծլեցվում են հետևյալ բույսերի սերմերը՝

  • Աշորա (Rye, Рожь, Secale cereale): Սերմը ծլում է 2-3 օրում։
  • Առվույտ (Alfaalfa, Люцерна, Medicago sativa)։ Սերմը ծլում է 5-7 օրում։
  • Արևածաղիկ (Black Sunflower, Подсолнечник, Helianthus annus): Սերմը ծլում է 6-10 օրում։
  • Բողկ (Radish, Редис, Raphanus sativus): Սերմը ծլում է 3-5 օրում։
  • Գանգրակաղամբ (Kale, Кале, Brassica oleracea, Acephala group): Սերմը ծլում է 2-5 օրում։
  • Երեքնուկ (Clover, Клевер, Trifolim pratense, T. incarntum): Սերմը ծլում է 4-6 օրում։
  • Կաղամբ (Cabbage, Капуста, Brasscia oleracea, Capitata group): Սերմը ծլում է 3-5 օրում։
  • Կանեփ (Hemp, Конопля, Cannabis) Սերմը ծլում է 2-3 օրում։
  • Կոտեմ (Cress, Кресс-салат, Lepidium sativum): Սերմը ծլում է 3-4 օրում։
  • Հացհամեմ (Fenugreek, Пажитник, Trigonella): Սերմը ծլում է 6-8 օրում։ Հացհամեմի ծլած սերմերի մասին կարող եք կարդալ նաև այստեղ ==>
  • Հնդկացորեն (Buckwheat, Гречневая крупа, Fagopyrum esculentum): Սերմը ծլում է 1-2 օրում։
  • Մանանեխ (Mustard, Горчица, Brassica nigra): Սերմը ծլում է 3-5 օրում։
  • Շաղգամ (Turnip, Репа, Brassica rapa, Rapifera group): Սերմը ծլում է 2-5 օրում։
  • Ոսպ (Lentil, Чечевица, Lens culinaris): Սերմը ծլում է 3-5 օրում։
  • Ոլոռ (Peas, Горох, Pisum sativum): Սերմը ծլում է 5-7 օրում։
  • Սեզատեև (Chives, Шнитт-лук, Allium schoenoprasum): Սերմը ծլում է 10-14 օրում։
  • Սիսեռ (Garbanzo, Chickpea, Нут бараний, Cicer arietinum): Սերմը ծլում է 2-4 օրում։
  • Սոյա (Soybean, Соя, Glycine max): Սերմը ծլում է 3-5 օրում։
  • Վիգնաներ՝
    • Աձուկի (Adzuki, Адзуки, Vigna angularis) Սերմը ծլում է 3-5 օրում։
    • Մաշ (Mung bean, Маш, Vigna radiata): Սերմը ծլում է 3-5 օրում։
  • Ցորեն (Wheat, Пшеница, Triticum spp.): Սերմը ծլում է 2-3 օրում։ Ցորենի ծլած սերմերի մասին կարող եք կարդալ նաև այստեղ ==>

Սկզբունքորեն, բոլոր ուտելի բույսերի սերմերն էլ կարելի է ծլեցնել և ուտել, բացառությամբ մորմազգիների՝ լոլիկ, սմբուկ, պղպեղ և այլն։ Բոլոր ծլեցված սերմերն էլ օգտակար են օրգանիզմի համար, սակայն տարբեր կիրառում կարող են ունենալ։ Այսպես՝

  • Ցորենի, աշորայի, վարսակի, արևածաղիկի և վուշի ծլած սերմերն արդյունավետ են աղեստամոքսային տրակտի համար;
  • Վարսակի ծլած սերմերը նպաստում են արյան նորացմանը և խթանում են վահանաձև գեղձի գործունեությունը;
  • Աշորայի ծլած սերմերը մաքրում են օրգանիզմը տոքսիններից ու րադիոնուկլիդներից;
  • Բրնձի ծլած սերմերը մաքրում են երիկամներն ու աղիները;
  • Ոսպի ծլած սերմերը ամրացնում են իմունային համակարգը;
  • Դդմի ծլած կորիզները կարող են օգտագործվել շագանակագեղձի հիվանդություններից խուսափելու կամ բուժվելու համար;
  • Հնդկացորենի և կունջութի ծլած սերմերը ամրացնում են սիրտն ու անոթները;
  • Կաթնափուշի ծլած սերմերը մաքրում են լյարդը;
  • Եգիպտացորենի ծլած սերմերը երիտասարդացնում են;
  • Բակլայի ծլած սերմերն ունեն հակաբորբոքային և վերքերը լավացնող հատկություն;
  • Ոլոռի ու լոբիների ծլած սերմերը նվազեցնում են արյան շաքարի մակարդակը;
  • Սոյան խթանում է մարմնի բջիջների վերարտադրությունը, արգելակում է ուռուցքների աճը։

Ինչպես ծլեցնել սերմերը

Սերմեր ծլեցնելու համար մի քանի տեսակի հատուկ ամաններ կան ստեղծված, սակայն դրանք կարելի է փոխարինել ձեռքի տակ եղածով։ Մասնավորապես ցանց-կափարիչը կարելի է մարլայով կամ այլ խիտ ցանցով փոխարինել։

Ծլեցնելու գործընթացը այսպիսին է՝

  1. Մեկ լիտրանոց ամանի կեսի չափով լցնում են գոլ ջուր և 1,5-2 ճաշի գդալ սերմ։ Սերմերը լավ ցնցելով ու խառնելով լվանում են և ջուրը թափում։
  2. Սերմերի վրա նոր, թարմ ջուր են լցնում և թողնում են, որ սերմերը 8-12 ժամ թրջվեն։
  3. Ջուրը և անջատված կլեպներն ու այլ մասնիկները թափում են, իսկ սերմերը լցնում են նախապես եռման ջրի մեջ կամ այլ եղանակով ստերիլիզացված ամանի մեջ ու փակում նույնքան ստերիլ ցանց-կափարիչով։
  4. Ցանցի միջով նորից ջուր են լցնում ամանի մեջ, սերմերը լավ ողողում ու ջուրը թափում են։
  5. Ցնցելով ձգտում են մեկ շերտով տարաբաշխել խոնավ սերմերը ամանի ողջ ներքին մակերեսով, ինչից հետո ամանը, ցանցը դեպի ներքև, տեղադրում են զով, լավ օդափոխվող, ստվերում կամ մութ վայրում։ Ծլեցնելու համար ամենահարմարավետ շրջակա օդի ջերմաստիճանը + 21°C է։
  6. 12 ժամ անց, օրը 2 անգամ պարբերականությամբ, կրկնում են սառը ջրով սերմերը ողողելու ու քամելու գործընթացը։ Սերմերը ամեն լվալ-քամելուց հետո պետք է հնարավորին չափ ցրրել ամանի ներքին պատերի վրա, քամելուց հետո լինեն խոնավ, ոչ թե թաց։ Լավ ջրահեռացումը կարևոր է սերմերի բորբոսնելուց ու նեխելուց խուսափելու համար։
  7. Սերմերը “բերքահավաքի” համար պատրաստ կլինեն վերևի ցանկում նշված ժամկետում՝ երբ կառանձնանան դրանց կաղապարները կամ կեղևները։ Ծլած հացահատիկները մնում են համարյա նույն չափսին, լոբազգիների սերմերը պետք է մոտ 5 սմ աճ տան, մյուսները՝ մոտ 2,5 սմ։
  8. Վերջին անգամ լվալ-քամելուց հետո, ծլած սերմերով ամանը 12 ժամով տեղադրում են արդեն լուսավոր տեղում, բայց ոչ արևի տակ, որպեսզի ծիլերը քլորոֆիլի ու կարոտինի առաջացման շնորհիվ մի քիչ կանաչեն։
  9. Հանելով ծլեցման ամանից, ծիլերը լցնում են խոր ամանի մեջ և վրան ջուր լցնում՝ այնքան որ ջրի երես դուրս գան սերմերից առանձնացած պատյաններն ու կլեպը։ Դրանք թափում են իսկ ծիլերը քամում են փլավքամիչով։ (Որոշ սերմերի պատյաններն էլ են ուտելի, բայց, օրինակ, արևածաղիկի սերմերի պատյանները անպայման պետք է հեռացնել)։
  10. Ծլած և մաքրված սերմերը պատրաստ են անմիջապես ուտելու կամ սառնարանում պահեստավորելու համար։ Օդափոխվող, պլաստիկ տուփի կամ տոպրակի մեջ, սառնարանում ծիլերը կարելի է առավելագույնը 7 օր պահել։

Ինչպես ուտել

Մարդու օրգանիզմը ամենից շատ վիտամիններ և օգտակար այլ նյութեր կստանա ծլած սերմերը անմիջապես, հում վիճակում ուտելուց։

Ջերմային մշակումը էականորեն քչացնում է դրանց օգտակարությունը, բայց երաշխավորում է վարակներից ու մանրեներից, որոնք կարող են հայտնվել ու բազմանալ խոնավ միջավայրում։ Ուստի սերմեր ծլեցնելիս շատ կարևոր է ստերիլ միջավայրում դա անելը և, ամեն դեպքում, թույլ օրգանիզմ և իմունային համակարգ ունեցողները պետք է խուսափեն հում ծիլեր ուտելուց։

Ծլեցված սոյայի և ոլոռի սերմերը ուտելուց առաջ պետք է մոտ 1 րոպե մշակել գոլորշիյով կամ եռման ջրի մեջ։

Որոշ սննդի մասնագետները խորհուրդ են տալիս ծլած սերմերն ուտել նախաճաշին, ընդորում, կարելի է դրանք ուտել առանձին, կամ որպես աղցանի, բրդուճի կամ բուտերբրեդի բաղադրիչ։ Կարելի է խառնել մեղրի հետ և հոյակապ աղանդեր ստանալ։ Կարելի է բլենդերով աղալ սերմերը և ավելացնել կոկտեյլներին կամ սմուզիներին։

Ոշադրություն

— Ցանելու համար նախատեսված սերմերը կարող են մշակված լինել քիմիկատներով, ուստի պիտանի չեն լինի ծլեցնելու և ուտելու համար։
— Ստամոքսի խոց ունեցողներին ծլեցված սերմեր ուտելը հակացուցված է։
— Խորհուրդ չի տրվում բակլազգիների ծիլերն ուտել կաթնամթերքի հետ։ Ընդհանրապես, շատ քիչ ծլած բակլա պետք է ուտեն թույլ մարսողական համակարգ ունեցողները։
— Բոլոր ծլած սերմերը պետք լավ ծամել։
— Խորհուրդ չի տրվում օրական մի բռաչափից ավել ծլած սերմ ուտել։

Աղցան
  • 50 գրամ ծլած սերմեր;
  • 1 քաղցր պղպեղ;
  • 1 լոլիկ;
  • 1 վարունգ;
  • 1 ավոկադո։

Ծիլերը լվալ սառը ջրով։ Մնացածը մանր կտրատել, խառնել ծիլերի հետ, վրան ցողել լիմոնի հյութ, բուսական ձեթ և կոճապղպեղի փոշի ցանել։

Հղումներ

  • Sprouting. From Wikipedia, the free encyclopedia․
  • Проращивание. Материал из Википедии — свободной энциклопедии․

Leave a Reply