Մանրադրամախոտ

Մանրադրամախոտը (անգլ․՝ Coin grass, Lysimachia, չին․՝ 铜钱草, լատ․՝ Lysimachia christinae Alias) բազմամյա, սողացող, ջրային խոտաբույս է և շատ տարածված սենյակային բույս Չինաստանում։

Բնության մեջ աճում է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Սենյակային պայմաններում աճեցվում է ինչպես զուտ ջրային միջավայրում (հիդրոպոնիկ), այնպես էլ հողում, կամ միաժամանակ կիսով չափ հողի և կիսով չափ ջրի մեջ։

Հայերեն անվանումը պաշտոնական չէ, Պարտիզակի տվածն է և պայմանավորված է թե՛ բույսի կլոր, մանրադրամի չափսի տերևների տեսքով, թե՛ դրա անգլերեն անվանումներից մեկով։ Կարելի է անվանել նաև Չինական փոխի խոտ, Լումայախոտ և այլն։

Կենսականորեն անհրաժեշտ խոնավություն և սնունդ ապահովելու դեպքում, մանրադրամախոտը շատ արագաճ, սողացող բույս է։

Նկարում՝ մանրադրամախոտի աճեցումը կիսով չափ հողի և ջրի մեջ։

Միայն հողի մեջ աճեցնելիս, հողը պետք է միշտ խոնավ լինի, բայց, միևնույն ժամանակ, ցեխ չդառնա։ Շոգին ամեն օր ջրելու կարիք կլինի։

Մանրադրամախոտ աճեցնելու համար օգտագործվող, ինչպես նաև ջրելու ու ցողելու ջուրը պետք է հնեցված լինի՝ ազատ քլորից։ Հին ջուրը փոխելիս, թափում և թարմ ջրով լրացնում են հին ջրի 2/3-ը։ Ջուրը փոխելու անհրաժեշտությունն առաջանում է ամռանը՝ 3-5 օրը մեկ, գարնանն ու աշնանը՝ 5-7 օրը մեկ և ձմռանը՝ 10-15 օրը մեկ։

Ջուրը փոխելուց հետո, կախված ջրի ծավալից, մի քանի կաթիլ պարարտանյութ են ավելացնում ջրին և ցնցում ծաղկամանը, որպեսզի լավ խառնվի։

Շատ կարևոր է չմոռանալ բույսը պարբերաբար սնուցելու մասին։ Վեգետացիոն շրջանում, բույսը պետք է սնուցել հավասարակշռված NPK — ով, համալիր, հեղուկ պարարտանյութով։ Միայն հողի մեջ աճեցվող բույսերը սնուցում են ամիսը մեկ անգամ։

Նկարում` ծաղկած մանրադրամախոտն է։ Ընդհանրապես այս բույսն աճեցնում են գողեցիկ տերևների համար, իսկ ծաղկելը բույսին ամենևին չի գեղեցկացնում։

Ուստի, եթե սերմեր ստանալու մտադրություն չկա, ծաղիկները պետք է անմիջապես կտրել։ Դա կխնայի բույսի ուժերը և պարարտանյութ կխնայի։

Մանրադրամախոտը մշտապես պայծառ, ցրված լույսի կարիք ունի, իսկ ձմռանը բույսը նույնիսկ արևի ուղիղ ճառագայթների ներքո կարելի է դնել։

Մանրադրամախոտը ջերմասեր է, օդի ջերմաստիճանը չպետք է իջնի +5C-ից, իսկ ամենահարմարավետը +16…+24C տիրույթն է։

Մանրադրամախոտը անհրաժեշտ է պարբերաբար նոսրացնել՝ հեռացնել դեղնած ու ծերացած տերևները։ Արդյունքում կբարելավվի բույսի օդափոխությունը և, լավ սնուցման դեպքում, տերևներն ավելի խոշոր և փարթամ կլինեն։

Բույսի ծաղկամանը պետք է պարբերաբար պտտել, որպեսզի տերևները մի կողմ թեքված չաճեն։

Մանրադրամախոտը բազմացնում են սերմերով կամ թուփը բաժանելով։ Քանի որ թուփը բաժանելով բազմացման եղանակը շատ դյուրին է, սերմերով բազմացումը համարյա չի կիրառվում։

Մանրադրամախոտը շատ կայուն է հիվանդությունների նկատմամբ և չի վախենում վնասատուներից։ Ջրի կամ կես հող, կես ջուր միջավայրում աճեցնելիս պետք է զգուշանալ մոծակների ձվադրումից ջրի մեջ։

Ըստ որոշ տեղեկությունների մանրադրամախոտը նաև ուտում են, ինչպես նաև օգտագործում չինական բժշկությունում։

Leave a Reply