Արախիս

Արախիսը կամ գետնընկույզը (անգլ․՝ Peanut, ռուս․՝ Арахис, լատ․՝ Arachis hypogaea) լոբազգիների ընտանիքին պատկանող, 25-40 սմ բարձրությամբ, միամյա խոտաբույս է, որը լայնորեն մշակվում է իր արժեքավոր պտղի՝ գետնի տակ գոյացող գետնընկույզի համար։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է, սակայն այժմ տարածված է ողջ աշխարհում։

Արախիսը սիրում է ջերմություն, արև և չափավոր խոնավություն: Կախված տեսակից և եղանակային պայմաններից, արախիսի հասունացման շրջանը՝ տնկելուց մինչ բերքահավաքը, տևում է 120-160 օր:

Ինչպես արախիս աճեցնել ու բերք ստանալ

Որտեղ կարելի է աճեցնել

Արախիս աճեցնելու համար պետք է ընտրել օրվա ընթացքում առնվազն 8 ժամ արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվող վայր՝ շատ փխրուն, պարարտ և լավ դրենաժ ունեցող հող։ Եթե առկա հողը կարծր է, խիստ կավային է, այն փխրեցնելու համար, պետք է դրա հետ խառնել կոմպոստ, տերևային հումուս և/կամ ավազ:

Սերմերի նախապատրաստում

Արախիսի 1 բաժակ հասուն, հում, խոշոր պտուղները պետք է գոլ ջրով մանրակրկիտ լվանալ, տեղավորել մեծ բանկայի մեջ ու վրան լցնել 3 բաժակ սառը ջուր։ Թողնել այդպես մնա մոտ 12 ժամ՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու, մոտ 21 ° C ջերմաստիճան միջավայրում, օդփոխվող տարածքում։

Այնուհետև պետք է ողողել և չորացնել սերմերը։ Եվս 12 ժամ անց պետք է կրկնել թրջելու ընթացակարգը: Երրորդ անգամ, նույն ձևով թրջել-չորացնելուց հետո սերմերը կսկսեն ծլել:

Ցանելը

Ծլած սերմերը կարելի է ցանել բաց գրունտում կամ որպես սածիլ աճեցնել։ Ժամանակ շահելու համար ճիշտ կլինի ցրտերն անցնելու ժամկետից մոտ 30 օր շուտ սերմերը ցանել տորֆից բաժակների մեջ և սենյակային կամ ջերմոցային պայմաններում սածիլներ աճեցնել, իսկ երբ բաց գրունտի ջերմությունը հասնի 18,5°C, պատրաստի սածիլներն իրենց բաժակներով տնկել մշտական տեղում։

Բաց գրունտում ցանելիս, 2-3 սերմեր թաղում են 5-7 սմ խորությամբ փոսիկների մեջ՝ 2-3 սմ խորությամբ։

Սերմերը պետք է լինեն միմյանցից 15-20 սմ հեռավորության վրա, իսկ հետագայում տնկարկը նոսրացնում են այնպես, որպեսզի բույսերի միջև 45-46 սմ ազատ տարածք լինի:

Հետագա խնամքը

Արախիսը, ցանելուց 30-ից 40 օր հետո ծաղկում է փոքրիկ դեղին ծաղիկներով: Յուրաքանչյուր ծաղկից դեպի գետին աճում է շյուղ, որը մտնում է հողի մեջ՝ այնտեղ, պատիճի մեջ, արախիսի նոր պտուղներ ձևավորելու համար։

Երբ թուփը մոտ 30 սմ բարձրության է հասնում, բույսի բնի շուրջը 3-4 սմ բուկլից պետք է արվի։ Հետագայում բուկլից է արվում ամեն ջրելուց հետո։

Ճիշտ ջրելը արախիսի հաջող աճեցման բանալին է: Տնկելուց հետո սերմերը և երիտասարդ բույսերը պետք է խոնավության մեջ պահել մինչև բողբոջելը: Այդ ժամանակից մինչև ծաղկելը, բույսերին ամեն շաբաթ անհրաժեշտ է մոտ 2,5 սմ տեղումներ՝ անձրևի կամ ջրելու միջոցով:

Ջրելիս պետք է խուսափել բույսի տերևները թրջելուց։

Քանի որ արախիսի արմատները մակերեսային են, հայտնվող մոլախոտերը պետք է ձեռքով հեռացնել: Երբ ծաղիկներից իջնող շյուղերը սկսում են աճել, բույսի շուրջը, խոնավությունը պահպանելու և մոլախոտերը նվազեցնելու համար, 2-5 սմ բարձրությամբ ցանկածածկ են փռում։

Բերքահավաքը

Երբ արախիսի սաղարթը սկսում է դեղնել, բույսի տակի հողը փոցխով կամ բահով զգուշորեն բացում ու թուլացնում են: Ձեռքով քաշում հանում են բույսն իր արմատներով ու պատիճներով, թափահարելով ազատում են հողից և գլխիվայր թողնում են գետնին, որպեսզի շյուղերի ծայրին կպած պատիճները մոտ մեկ շաբաթ չորանան։ Անձրևային եղանակի դեպքում չորացումը կազմակերպվում է այլ տեղում՝ ծածկի տակ։

Չորացման առաջին շրջանից հետո արախիսի պատիճները առանձնացնում են շյուղերից և մեկ շերտով փռում սառը, չոր տեղում՝ ևս երկու-երեք շաբաթ չորանալու համար: Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել պատիճների վիճակը՝ համոզվելու համար, որ բորբոս չկա: Բորբոսնած պտուղները հեռացնում են, դրանք ուտելի չեն, բորբոսը կարող է թունավոր լինել:

Չորացման երկրորդ շրջանից հետո արախիսի պատիճները կարող են կճպվել և պտուղները բովվել կամ իրենց պատյաններում մի քանի ամիս պահվել ցանցից տոպրակի մեջ, զով, չոր տեղում կախված:

Տանը, ծաղկամանի մեջ աճեցնելը

Տանը արախիս աճեցնելու առավել բարենպաստ տեղը հարավ կամ արեւելք նայող պատուհանի գոգն է: Այլ տեղում անհրաժեշտ կլինի լրացուցիչ արհեստական լուսավորություն ապահովել։

Ծաղկամանը պետք է ունենա 30-40 սմ տրամագիծ և առնվազն 30 սմ խորություն։

Հողախառնուրդը կազմում են ավազի և փտած գոմաղբի հավասար մասերից։ Այն պետք է չեզոքին մոտ թթվայնություն ունենա (pH 6 – 6.5)։

Աճի համար օդի հարմարավետ ջերմաստիճանը + 20․․․+27°C է: +35°C-ից բարձր և +15°C-ից ցածր լինելը կարող է հանգեցնել բույսի մահվանը:

Ամռանը խորհուրդ է տրվում առավոտյան և երեկոյան, սենյակային ջերմաստիճանի ջրով ցողել բույսը։ Յուրաքանչյուր ցողելուց հետո հողը պետք է փխրեցվի, որպեսզի թթվածնով հագեցած լինի:

Հղումներ

Leave a Reply