Կոկոսի սուբստրատ

Կոկոսի սուբստրատը կամ Կոկոսային տորֆը (անգլ․՝ Coconut substrate, Cocopeat, Coconut Coir, ռուս․՝ Кокосовый субстрат, Кокосовый торф) ողջ աշխարհում, լայնորեն օգտագործվում է

սենյակային և այլ բույսեր, սածիլներ, տնկիներ, սունկ, միկրոկանաչի աճեցնելու, բույսերի կտրոններ արմատակալման դնելու համար պատրաստվող հողախառնուրդների մեջ, հիդրոպոնիկայում, ինչպես նաև հողը ցանքածածկելու համար։

Կոկոսի սուբստրատը պատրաստում են կոկոսի կեղևը և դրա մանրաթելերը աղալով։ Ստացվում է թեթև, փխրուն,օրգանական, շատ ուշ քայքայվող, չեզոք թթվայնությամբ, լավ խոնավություն կլանող ու պահող զանգված։

Կոկոսի սուբստրատը հիմնականում վաճառվում է մամլած աղյուսների տեսքով, ինչը շատ հարմար է տեղափոխման համար, իսկ օգտագործելուց առաջ այն պարզապես թրջում են և ստացվում է շատ ավելի մեծ, պատրաստի զանգված։

Մոտ 4 կգ սեղմված կոկոսի սուբստրատից (աղյուսի չափը 30x30x10 սմ) ստացվում է մոտ 60 լիտր պատրաստի սուբստրատ:

Կոկոսի սուբստրատի առավելությունները

Փորձված այգեգործները, գիտեն, որ բույսի համար շատ կարևոր է արմատային համակարգի զարգացումը: Եթե ​​արմատները զարգանում են փխրուն, թեթև հողում, ապա զարգացումն ավելի արագ է ընթանում, քան կարծր կավահողի մեջ: Բացի այդ, արմատներին անհրաժեշտ է խոնավություն և թթվածնի ազատ ներհոսք:

Նշված պայմաններն ապահովելու համար, հողախառնուրդներ կազմելիս, ավելացնում են տարբեր փխրեցնող, խոնավություն պահեստավորող հավելանյութեր՝ տորֆ, տորֆամամուռ, վերմիկուլիտ, ագրոպերլիտ և այլն: Այս նյութերից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:

Ինչ վերաբերում է կոկոսի սուբստրատին, ապա այն ունի՝

  • ծակոտկեն կառուցվածք և կարող է մեծ քանակությամբ խոնավություն պահել իր մեջ ՝ այն աստիճանաբար տալով բույսերին: Միևնույն ժամանակ, այն նաև ապահովում է թթվածնի հասանելիությունը արմատներին:
  • չեզոք pH թթվայնություն, ինչը թույլ է տալիս այն օգտագործել գրեթե բոլոր բույսերի համար: Հարմարեցնելով յուրաքանչյուր բույսի տեսակին, կոկոսի սուբտրատին համապատասխան բաղադրիչ ավելացնելով, կարելի է փոխել հողախառնուրդի թթվայնությունը: Օրինակ, հողախառնուրդի թթվայնությունն ավելացնելու համար կարելի է ավելացնել վերնատորֆ (թթվային), իսկ փոքր-ինչ ալկալային հողախառնուրդ ստանալու համար ՝ կրաքար:
  • բացի խոնավությունից, նաև ջրի մեջ լուծված սննդարար տարրերը իր մեջ պահելու, այնուհետեւ աստիճանաբար բույսերին տալու հատկություն:
  • բազմակի օգտագործման հնարավորություն (մինչև 5 տարի):

Կոկոսի սուբստրատը օրգանական նյութ է։ Աստիճանաբար, մոտ 5 տարի անց, կոկոսի սուբստրատը ամբողջովին քայքայվում է և դառնում հողի հումուսի մաս:

Կոկոսի սուբստրատի կիրառման եղանակները

Սենյակային բույսեր աճեցնելը

Սենյակային կամ դրսի՝ կոնտեյներային բույսեր աճեցնելու համար կոկոսի սուբստրատը կարելի է օգտագործել կամ մաքուր վիճակում՝ բույսին հաճախ և անընդհատ սնուցում տալով, կամ հողախառնուրդի ձևով՝ սուբստրատին ավելացնելով այլ բաղադրիչներ՝ ճմահող, տերևային հումուս, կոմպոստ, փտած գոմաղբ, ավազ և այլն:

Սածիլներ աճեցնելը

Քանի որ սուբստրատը ստերիլ է, սածիլներն աճեցնելիս սուբստրատի կիրառումը, ամենայն հավանականությամբ, կազատի մի շարք հիվանդություններից և խնդիրներից (սեւ ոտք, միջատներ և մոլախոտեր):

Ինքնին, մաքուր կոկոսի սուբստրատը գործնականում չունի սննդային որևէ արժեք, ինչը նշանակում է, որ կա՛մ այն ​​սերմեր ցանելուց առաջ պետք է հատուկ պարարտացվի, կամ, առաջին իսկական տերևները հայտնվելուց առաջ, պարարտացվի հեղուկ պարարտանյութերով:

Ընդհանուր ցանքից առանձնացնելուց հետո սածիլների և տնկիների աճեցնելը

Առանձնացվող բույսերը տնկում են կոկոսի սուբստրատի և պարտեզի ախտահանված հողի (1:1) խառնուրդի մեջ: Պարարտ և փխրուն հողախառնուրդ է ստացվում, իսկ սածիլները «մանկությունից» վարժվում են այգու հողի առանձնահատկություններին:

Բույսերի (տնկիների) տնկելը բաց գրունտում

Եթե տնկելուց առաջ ​​տնկափոսի մեջ լցվի այգու հողի և կոկոսի սուբստրատի խառնուրդ (մոտավորապես 1:1), ապա բույսի հարմարվելը նոր տեղին ավելի դյուրին և արագ տեղի կունենա, ավելի արագ կաճեն նոր արմատները։

Հողը ցանքածածկելը

Կոկոսի սուբստրատը կարող է օգտագործվել որպես ցանքածածկ կամ որպես բույսերի արմատները ցուրտ եղանակներին ջերմամեկուսացնելու միջոց:

Ինչպես ճիշտ նախապատրաստել կոկոսի մամլած սուբստրատը

Մամլած աղյուսը պետք է դնել որևէ ամանի մեջ և վրան ջուր, իսկ անհրաժեշտության դեպքում միանգամից պարարտանյութ պարունակող լուծույթ լցնել: Ասենք, 4 կիլոգրամանոց աղյուսի վրա լցվում է մոտ 25 լիտր ջուր, և, մեկ ժամ անց, ստացվում է մոտ 60 լիտր (6 դույլ) պատրաստի սուբստրատ: Եթե ​​միանգամից այդպիսի զանգվածի կարիքը չկա, ապա կարելի է սղոցով կտրել և օգտագործել աղյուսի մի մասը:

Կոկոսի սուբստրատի թերությունները

Ցավոք, այս աշխարհում ամեն ինչի մեջ միշտ ինչ-որ թերություններ կան: Ինչ վերաբերում է կոկոսի սուբստրատին, դրանք են՝

  • Համեմատաբար բարձր գինը Հայաստանում: Սա որոշ չափով սահմանափակում է դրա օգտագործումը՝ մանավադ բացօթյա օգտագործումը ցանքածածկ անելու համար։
  • Օգտագործելուց առաջ կոկոսի սուբստրատը պետք է թրջել և որոշ ժամանակ սպասել սուբստրատի պատրաստ լինելուն:
  • Կոկոսի արմավենիները հիմնականում աճում են ծովափերին և, վատ մշակման դեպքում, սուբստրատը կարող է ծովի աղ պարունակել։ Ապահով լինելու համար, օգտագործելուց առաջ պետք է ստուգել սուբստրատը և, կարիքն առաջանալու դեպքում, լվանալ այն։ Կանանց, սովորական նեյլոնե զուգագուլպաներըշատ հարմար են սուբստրատը ողողելու համար:
  • Վերջապես, գլխավորը. ցավոք, երբեմն վաճառքում հայտնվում են կոկոսի անորակ, ոչ ստերիլ և բույսերին վնասող նյութեր պարունակող սուբստրատներ: Պետք է գնել ստուգված արտադրողների ապրանքը։

Leave a Reply