Բորաժ

Բորաժը (անգլ․՝ Borage, ռուս․՝ Огуречная трава, լատ․՝ Borago officinalis L.) միամյա խոտաբույս ​​է Boraginaceae ծաղկավոր բույսերի ընտանիքում: Այն բնիկ է Միջերկրական ծովի տարածաշրջանում։

Բորաժն այժմ բարեհաջող աճում է Եվրոպայի մեծ մասի այգիներում: Տերևներն ու ծաղիկները ուտելի են, ունեն վարունգի համ։

Կիրառումը սննդի ոլորտում

Արևմտյան Եվրոպայում բորաժը մշակվում է որպես բանջարեղեն: Մատղաշ տերևներից թարմ վարունգի հոտ է գալիս, նրանց համը թարմացնող է՝ հիշեցնում է սոխի համով վարունգ: Ուտում են բորաժի թարմ տերևները, իսկ ծաղիկները թարմ կամ շաքարապատված։

Որպես վարունգի լավ փոխարինող, ավելացնում են վինեգրետներին, աղցաններին, սոուսներին (մանանեխ, լոլիկ, թթվասեր), խավարտներին, թանապուր են պատրաստում և այլն: Աշնանը հավաքված բորաժի արմատներից պատրաստում են կանաչ կարագ, որն ավելացնում են պանիրներին, կաթնաշոռին, թթվասերին, թուրմերին, գինիներին, սիրոպներին և այլ սառը ըմպելիքներին՝ համ տալու համար: Բորաժը հաճելի կծու համ է հաղորդում ձեթով տապակված մսին և ձկնեղենին:

Բորաժը նաև շատ է օգտագործվում որպես միկրոկանաչի:

Իրանում բորաժի չորացրած ծաղիկներից թեյ են պատրաստում։

Բորաժի տերևները հավաքում են մինչ ծաղկաընձյուղների աճելը։

Կիրառումը բժշկության մեջ

Ասում են, հին Հռոմում բորաժի տերևներն ու ծաղիկները գցում էին գինու մեջ և մարտից առաջ տալիս զինորներին՝ նրանց ավելի համարձակ դարձնելու համար: 15-րդ դարում էլ Եվրոպայում հավատում էին, որ բորաժի ծաղիկները նպաստում են ոգու հզորացմանը և վանում են տխրությունը: Անցյալում, բժշկելու համար բույսի տերևները թարմ կամ չոր վիճակում օգտագործում էին հոդային ռևմատիզմի, հոդատապի, մաշկային հիվանդությունների համար։ Կիրառում էին որպես հանգստացնող, մեղմ լուծողական, միզամուղ, դիֆորեզային և պարուրող միջոց:

Բորաժից պատրաստված վիտամինային աղցանը կանխում է երիկամների և աղիների բորբոքային պրոցեսները և նվազեցնում է նյարդային գրգռվածության զգացումը դյուրագրգիռ հիվանդների մոտ։ Բարենպաստ ազդեցություն ունի նյութափոխանակման վրա, ուստի խորհուրդ է տրվում կիրառել երիկամների, լյարդի, լեղապարկի և անոթային համակարգի հիվանդություններ ունեցողների դիետիկ սնունդի մեջ:

Ուշադրություն

Բորաժի հիման վրա պատրաստված միջոցները խորհուրդ է տրվում խմել ոչ ավել, քան 30 օր, հակառակ դեպքում կարող են առաջանալ լյարդի հետ կապված խնդիրներ: Այս խոտը պետք է չուտեն մարսողական համակարգի հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև բորաժի նկատմամբ ալերգիկ ​​անհանդուրժողականություն ունեցող մարդիկ:

Ինչպես աճեցնել

Բորաժը արագ է աճում, ցրտադիմացկուն է, հեշտությամբ բազմանում է ինքնացան եղանակով: Առանց հսկողության թողնելու դեպքում, բորաժը կարող տարածվել ողջ այգով: Ինքնացանից խուսափելու համար, բերքը հավաքում են նախքան սերմերի հասունանալը:

Բորաժը ցանում են գարնան սկզբին և ուշ աշնանը: Բայց ոչինչ չի խանգարում ողջ ամռան ընթացքում` յուրաքանչյուր երկու-երեք շաբաթը մեկ ցանելուն, եթե ձեզ հարկավոր են ոչ թե ծաղիկները և սերմերը, այլ միայն մատղաշ կանաչը:

Այս բույսը նախընտրում է թեթև, չեզոք և բերրի հողերը: Տնկելիս սերմերը թաղում են 1,5–2 սմ խորությամբ: Միջշարային հեռավորությունը 40–45 սմ: Սածիլները նոսրացնում են՝ բույսերի միջև թողնելով 15–20 սմ բացատներ:

Բորագոն գործնականում խնամքի կարիք չունի, միայն անհրաժեշտ է երբեմն քաղհանել մարգը և շատ չոր ամռանը ջրել բույսերը: Եթե ​​հողը շատ աղքատ է, ապա այն կարելի է պարարտացնել օրգանական կամ համալիր պարարտանյութերով:

Վեգետացիոն շրջանը տևում է 70–80 օր:

Բորաժը կարող է աճեցվել որպես սենյակային բույս։ Բույսի համար պետք է ապահովել լավ դրենաժով, առնվազն 31 սմ խորությամբ և լայնությամբ ծաղկաման և պարարտ հողախառնուրդ, փոքր-ինչ թթու հողով (pH of 6.6):

Հղումներ

Leave a Reply