Ճարճրուկ

Ճարճրուկը (անգլ․՝ Arugula, Garden rocket, ռուս․՝ Рукола, Гусеничник посевной, լատ․՝ Eruca vesicaria) խաչածաղկավորների ընտանիքին պատկանող, միամյա, համեմունքային խոտաբույս է, որն ունենում է 20-100 սմ բարձրություն։

Ճարճրուկ կարելի է աճեցնել ինչպես բաց գրունտում, այնպես էլ պատշգամբում կամ տանը՝ ծաղկամանի մեջ։ Պետք է հաշվի առնել, որ ճարճրուկը զով եղանակի բույս է և շատ ավելի լավ կաճի գարնանն ու աշնանը։

Ցանել պետք է վերջին ցրտերի ավարտից մինչև մեկ ամիս առաջ, երբ հողը տաքանա +4,5…+13°C աստիճան, մոտ 6 մմ խորությամբ և 2,5 սմ միմյանցից հեռու: Պետք չէ ճարճրուկ ցանել այնտեղ, որտեղ մինչ այդ կախամբի որևէ տեսակի բույս է աճել։

Ծլելուց հետո պետք է նոսրացնել ցանքը, բույսերի միջև թողնելով մոտ 15 սմ տարածություն։ Ավելորդ ծիլերը կարելի է վերատնկել կամ ուտել որպես միկրոկանաչի։

Եթե անընդհատ բերք ունենալու ցանկություն կա, ապա պետք է 2-3 շաբաթը մեկ նոր ցանք կատարել։

Ինչ է անհրաժեշտ ծաղկամանում ճարճրուկ աճեցնելու համար

Ծաղկաման։ Մեկ բույսի համար պետք է տրամադրել առնվազն 20 սմ խորությամբ և 15 սմ տրամագծով ծաղկաման։ Ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա։
Հող։ Չնայած որ ճարճրուկը հարմարվում և աճում է տարատեսակ հողերում, լավագույն արդյունք ստացվում է օրգանական, պարարտ և փխրուն հողում:
Արևի լույս։ Ճարճրուկին անհրաժեշտ է օրական առնվազն վեց ժամ արևի ուղիղ լույս ստանալ: Կարևոր է նաև նշել, որ ճարճրուկը ճնշվում է կեսօրի կիզիչ արևից, ուստի լավագույնն այն է, որ ծաղկամանը տեղադրվի այնտեղ, որտեղ մինչև կեսօր արևի տակ կլինի, հետո կիսաստվերում:

Ցանելը

Սերմերը թաղում են 5-6 մմ խորությամբ և և զգուշորեն ջրում են: Եթե հողը միշտ խոնավ է պահվում, առաջին ծիլերը հայտնվում են 3-10 օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում մի ծաղկամանի մեջ մի քանի սերմ ցանել, իսկ ծլելուց հետո թողնել միայն ամենաուժեղը աճի:

Ջրելը

Չնայած, որ ճարճրուկի հողը միշտ խոնավ պետք է մնա, պետք է խուսափել հողը ճահճացնելուց և բույսը ջրախեղդ անելուց, այլապես բույսի արմատները սկսում են նեխել։

Բերքահավաքը

Լավ խնամքի դեպքում ճարճրուկը 30 օրվա ընթացքում պատրաստ կլինի հավաքելու համար: Եթե ցանկություն կա քիչ-քիչ, բայց երկար ժամանակ օկտագործել բերքը, ապա պետք է զգուշորեն կտրել ճարճրուկի կողային տերևները՝ թողնելով, որ կենտրոնական մասը շարունակի աճել։ Իսկ եթե պետք է մեկ անգամ բերքահավաք արվի, ապա դա արվում է ցանելուց 40-50 օր հետո՝ կտրելով հասունացած բույսն ամբողջությամբ։

Հղումներ

Leave a Reply