Միկրոկանաչի․ Ի՞նչ աճեցնել․ օգուտն ու վնասը

Միկրոկանաչեղեն (անգլ․՝ Microgreens, ռուս․՝ Микрозелень) են անվանում տարատեսակ բանջարեղենի և կանաչեղենի 2,5–7,5 սմ բարձրությամբ, մատղաշ ծիլերը։ Դրանք ունենում են նուրբ, անուշ համ ու հոտ և, ըստ էության վիտամինների գանձանակ են։

Փոքրիկ, մատղաշ ծիլերն աճեցվում են հատուկ պայմաններում, դրանք պարունակում են մեծ քանակությամբ օգտակար սննդանյութեր, վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ և այլն:

Առանձին կամ այլ ուտեստների հետ միկրոկանաչի ուտելը ամրացնում է մարդու օրգանիզմը, կենսական էներգիա է տալիս և օգնում է մաքրել մարմինը:

Երբեմն միկրոկանաչեղենը շփոթում են ծլեցրած սերմերի հետ, որոնք նույնպես շատ օգտակար են: Իրականում դրանք տարբեր զարգացման աստիճանում գտնվող բույսեր են: Միկրոկանաչիները բույսերի զարգացման այն փուլում են, երբ հայտնվում են առաջին երկու տերևները՝ շաքիլատերևները:

Միկրոկանաչիներն աճում են առանց որևէ պարարտանյութի կամ աճի խթանիչի: Սերմերի միջի սննդանյութերը բավարար են դրանց աճի համար: Այդպիսով, արդյունքում առաջացած միկրոկանաչեղենը էկոլոգիապես մաքուր է և օրգանական։ Աճի այդ կարճ ժամանակահատվածում դրանք չեն հասցնում նաև օդից վնասակար նյութեր կուտակել։

Միկրոկանաչիները շատ հարուստ են լինում բետա-կարոտինով: Դրա օգտակար հատկությունների մասին կարելի է երկար գրել, բայց գլխավորն այն է, որ այն արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթները՝ պաշտպանելով մաշկը, մազերը և եղունգները շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից:
 Կանաչ ծիլերը պարունակում են շատ բուսական սպիտակուցներ, վիտամիններ (C, B, K, E), կարոտինոիդներ, հանքային նյութեր և այլ օգտակար տարրեր (կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, յոդ, ծծումբ), ինչպես նաև եթերայուղեր: Այս բաղադրիչներից յուրաքանչյուրը դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա:
 Ֆոլաթթուն անհրաժեշտ է արյան նոր բջիջների ձևավորման համար, ինչը հատկապես կարևոր է այն կանանց համար, ովքեր պատրաստվում են հղիանալ: Վիտամին C-ն լավագույն հակաօքսիդիչն է: Կարոտինոիդները նպաստում են ավելի լավ իմունային ֆունկցիային: Ռուտինը կանխում է տրոմբի առաջացումը և ունի հակաբորբոքային ազդեցություն: Քլորոֆիլը հայտնի հակաօքսիդիչ է՝ հակաուռուցքային հատկություններով:
 Միկրոկանաչեղենի կանոնավոր օգտագործման դեպքում դուք կարող եք բարելավել սրտանոթային, մարսողական, նյարդային, վերարտադրողական և էնդոկրին համակարգերի աշխատանքը: Այս հրաշք ծիլերը երկարացնում են երիտասարդությունը, բարելավում են մաշկի, եղունգների և մազերի վիճակը ու, միաժամանակ, դիետիկ սնունդ են՝ նվազագույն կալորիականությամբ։

Որպես միկրոկանաչի աճեցվող տարածված բույսերի ցանկ

  • Առվույտ (Medick, Люцерна): Խրթխրթան և թարմ միկրո կանաչի է, այգուց նոր քաղած վարունգի համ ունի: Օգտակար է երկաթի պակաս ունեցողների համար: Պարունակում է նաև մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ինչպես նաև C, K, A, E վիտամիններ: Անուշահոտ հավելում է ձկնեղենի, ձվի, աղցանների և նախուտեստների համար:
  • Արևածաղիկ (Sunflower, Подсолнечник) Արեւածաղկի սերմերի համով, խրթխրթան և հյութալի միկրոկանաչի է ստացվում: Շատ օգտակար է, քանի որ պարունակում է յոդ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում և ցինկ, ինչպես նաև E և K վիտամիններ, ֆոլաթթու: Օգնում է պայքարել հոդացավերի դեմ և օգտակար է թթու-հիմնային հաշվեկշիռը կարգավորելու համար: Կարող է մատուցվել մսով և բանջարեղենով ուտեստների հետ:
  • Բազուկ (Beet, Свёкла): Մուգ կանաչ տերևներով հյութալի կարմիր ծիլերը կզարդարեն ապուրները, աղցանները կամ բուտերբրոդները: Մի փոքր քաղցր են, համը հիշեցնում է բազուկի համը: Օգտակար է իր՝ օրգանիզմի տոնուսը բարձրացնող և իմունային համակարգը ամրապնդող հատկությամբ:
  • Բանջար (Chard, Мангольд): Անուշ բույրով միկրոկանաչին ունի մորեգույն ցողուններ և վառ կանաչ տերևներ: Տեսքի շնորհիվ այն ռեստորանային ուտեստներ զարդարելու առաջատարներից է: Բարելավում է նյարդային և մարսողական համակարգերի աշխատանքը, ամրացնում է արյան անոթների պատերը և ամրացնում է մազերը, եղունգներն ու ատամները:
  • Բոկ-չոյ (Bok-choy, Бок-чой)։ Միկրոկանաչին մի քանի անգամ ավելի օգտակար է, քան հասուն բույսը: Առավելագույն օգուտ քաղելու համար, պետք է ուտել թարմ աղցանների, բուտերբրոդների, սմուզիների մեջ կամ որպես մսով և ձկով ուտեստների զարդարանք:
  • Բորաժ (Borage, Огуречная трава): Միկրոկանաչին թարմ վարունգի համ ու հոտ ունի: Ուժի աղբյուր է, օգնում է թեթեւացնել սթրեսը, արագացնում է նյութափոխանակությունը և նույնիսկ ամրացնում է իմունային համակարգը։ Հիանալի կլրացնի թարմ բանջարեղենով աղցանը:
  • Բողկ (Garden radish, Редис): Միկրոկանաչին մի փոքր խրթխրթան է ու կծու՝ նման է բուն բուսական արմատին: Կատարյալ համեմունք է աղցանների և մսով ուտեստների համար: Օգտակար է մարսողությունը բարելավելու համար՝ պայմանավորված այն հանգամանքով, որ պարունակում է հանքանյութեր, միկրոտարրեր և եթերայուղեր:
  • Բրքուկ (Broccoli, Брокколи): Հիանալի բուժիչ և հակաքաղցկեղային հատկություններ ունի: Խրթխրթան միկրոկանաչիները մեղմ համ ունեն և թեթև դառնություն: Լավ համակցվում է բանջարեղենային աղցանների, ապուրների և, որպես խավարտ, մսի կամ ձկան հետ:
  • Գազար (Carrot, Морковь) Այո, գազարի սերմից էլ է միկրոկանաչի աճում և դրանք հինգ անգամ ավելի շատ վիտամին C են պարունակում, քան գազարը, բացի այդ, շատ կալիում և կալցիում է պարունակում: Ունի քաղցր գազարի համ և մեղմ հոտ: Օգտագործվում է որպես կանաչի, ավելացվում է աղցաններին, բրնձին և ձկնեղենին, լավ է համակցվում սոուսների հետ:
  • Գանգրակաղամբ (Kale, Кале): Միկրոկանաչին պարունակում է հսկայական քանակությամբ շատ արժեքավոր վիտամիններ և հանքանյութեր: Առանց ջերմային մշակման, օգտագործվում է աղցանների և կոկտեյլների մեջ: Համը լավ համադրվում է թարմ բանջարեղենի և խոտաբույսերի հետ:
  • Դայկոն (Daikon, Дайкон). Բողկի տեսակ է։ Պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ, որն անհրաժեշտ է օրգանիզմի ընդհանուր ամրապնդման, մաշկի վիճակի բարելավման և մազերի աճի համար: Կծու համի և խրթխրթան հյուսվածքի շնորհիվ, լավ է համակցվում ապուրների հետ:
  • Եգիպտացորեն (Maize, Кукуруза): Պայծառ, դեղին ծիլերը հաճելի քաղցր համ ունեն․ կզարդարեն ցանկացած ուտեստ: Արմատներին մոտ գտնվող մասում ծիլերը խրթխրթան են և դառնաքաղցրահամ: Պարունակում է վիտամիններ և հանքանյութեր: Հարմար է տարբեր աղցանների և նախուտեստների համար։
  • Երեքնուկ (Clover, Клевер): Միկրոկանաչին հարուստ է սպիտակուցներով, A, B, C, E, K վիտամիններով և այլ օգտակար տարրերով: Օգնում է օրգանիզմին հիվանդությունից հետո արագ վերականգնվել, հեռացնում է տոքսինները և մաքրում է արյունը: Ավելացվում է վինեգրետներին և կերակրալցուկներին:
  • Թրթնջուկ (Dock, Щавель): Նուրբ, լիմոնի համ հիշեցնող, թթվաշ տերեւներ ունի։ Միկրոկանաչին հարուստ է հանքանյութերով և վիտամիններով: Շատ լավ բարձրացնում է տոնուսը, լավ համադրվում է ձվով ուտեստների, պանրի, աղցանների և սոուսների հետ:
  • Կաթնափուշ (Milk thistle, Расторопша, Silybum): Եվս մեկ սուպեր սնունդի աղբյուր, որը դեռ չի ստացել իր արժանի ժողովրդականությունը: Ի վիճակի է հեռացնել տոքսինները լյարդից, պաշտպանել քաղցկեղի զարգացումից, վերահսկել արյան շաքարը և իջեցնել խոլեստերինը: Կանխում է երիկամների և լեղապարկի քարերի ձեւավորումը, դանդաղեցնում է ծերացման գործընթացը, բարելավում է ուղեղի աշխատանքը:
  • Կաղամբ կարմիր (Red cabbage, Капуста красная): Միկրոկանաչի նուրբ, կարմիր ծիլերը հենց կաղամբի համ ունեն։ Կարմիր կաղամբից աճեցվածը մի քանի անգամ ավելի կարոտին և վիտամին C է պարունակում, քան սպիտակ կաղամբինը: Օգտակար է մարսողության համար և օգնում է ամրապնդել իմունային համակարգը: Լավ է համակցվում ցանկացած աղցանի հետ:
  • Կաղամբ սավոյան (Капуста савойская, Savoy cabbage): Արժեքավոր դիետիկ սնունդ է: Միկրոկանաչին հարուստ է հակաօքսիդիչներով և այլ օգտակար հատկություններով: Այն ունի մեղմ համ ու հոտ: Օգտագործվում է աղցանների, ապուրների և բուտերբրոդների մեջ: Հիանալի խավարտ կամ զարդարանք է մսով ճաշատեսակների համար:
  • Կերբելուկ մոմատերև (Chervil, Кервель): Հոտավետ բույս է, որը աճեցվում է ոչ միայն խոհարարական, այլ նաև բժշկական նպատակներով: Միկրոկանաչիները օժտված են կծու համով և անիսոնի բույրով: Հիանալի լրացնում է սոուսները, ապուրները, ձուն, կարտոֆիլը, ձկնամթերքը և թռչնամիսը:
  • Կոլրաբի (Kohlrabi, Кольраби): Այս կաղամբին, վիտամին C-ի մեծ պարունակության համար, կոչում են «հյուսիսային կիտրոն»: Շատ գեղեցիկ ծիլեր ունի՝ մանուշակագույն ցողուն և կանաչ տերևներ, այդ պատճառով շատ պոպուլյար է ռեստորաններում: Բույրը նման է շաղգամի բույրին, բայց մի փոքր ավելի մեղմ է և քաղցրահամ է: Զուգորդում են մսի և բուսակերների համար ուտեստներ հետ:
  • Կոտեմ (Garden cress, Кресс-салат): Յուրահատուկ հոտով և մանանեխի կծվությամբ միկրոկանաչիները լավ հավելում են խավարտի, սոուսների և աղցանների համար: Շատ արագ է աճում՝ ցանելուց 5 օր անց կարելի է կտրել: Հարուստ է կարոտինով, B խմբի վիտամիններով, երկաթով և մագնեզիումով: Բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, օգնում է անքնության դեպքում, կարգավորում է արյան ճնշումը:
  • Կտավատ (Flax, Лён): Միկրոկանաչին չեզոք համ ունի` մի փոքր ընկույզային երանգով: Օգտագործվում է առողջությանը, երիտասարդությանը և գեղեցկությանը օժանդակելու, ինչպես նաև քաշը նվազեցնելու համար: Պարունակում է օմեգա -3 ճարպաթթուներ, որոնք հատկապես օգտակար են երեխաների և կանանց համար:
  • Հազար (Lettuce, Латук): Առողջ սննդի և դիետայի հրաշալի տարր է: Ի տարբերություն հասուն բույսի, մատղաշ, հյութեղ տերևների համն ավելի նուրբ է: Հարմար է բուտերբրոդների, բանջարեղենային սմուզիների և ձկնային ճաշատեսակների համար:
  • Հաճար (Farro, Полба): Բարելավում է սրտի, արյան անոթների աշխատանքը, մարսողությունը, իմունիտետը և վերարտադրողական համակարգը: Այժմ հաճարը սկսել է հաճախակի հայտնվել առաջատար սննդաբանների առողջ սննդի առաջարկություններում:
  • Համեմ (Coriander, Кориандр): Ունի ընդգծված կծու համ և համեմունքային բուրմունք: Հիանալի լրացնում է մսային, հատկապես մանղալի վրա խորոված ուտեստները: Շատ օգտակար է սրտի և արյան անոթների աշխատանքի համար: Պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, ինչպես նաև ֆոսֆոր և կալիում:
  • Հավակատար (Amaranth, Амарант): Կարմրավարդագույն տերևներով կանաչի՝ ընկույզի նրբերանգային համով: Հավակատարի միկրոկանաչին հարուստ է վիտամիններով: Օգտագործվում է աղցաններ պատրաստելիս, հարմար է սմուզիներ պատրաստելու համար:
  • Հնդկացորեն կանաչ (Green Buckwheat, Гречка зеленая): Միկրոկանաչի աճեցնելու համար ամենատարածված մշակաբույսերից մեկն է: Ի վիճակի է ամրացնել իմունիտետը, բարելավել մարսողական տրակտի աշխատանքը և օրգանիզմին մատակարարել օգտակար սննդանյութերով: Ավելացվում է բանջարեղենային կոկտեյլներին, աղցաններին, պատրաստվում է բուսական կաթնաշոռ:
  • Հնդկոտեմ (Nasturtium, Настурция) Հայտնի ծաղիկ է, բայց քչերը գիտեն, որ դրա ծիլերը շատ օգտակար են: Միկրոկանաչին շատ հաճելի հոտ և սուր համ ունի, որը նման է մանանեխի կամ կոտեմի համին: Ավելացվում են պանիրներին, բանջարեղենային աղցաններին և ձվով ուտեստներին:
  • Հոռոմ-սամիթ (Fennel, Фенхель): Միկրոկանաչին ունի շատ ավելի մեծ քանակությամբ օգտակար սննդանյութեր, քան հասուն բույսը: Հարմար է միսի, ձկնեղենի հետ, կարող է լինել ապուրների հիմնական բաղադրիչ: Կանոնավոր օգտագործելը բարելավում է նյարդային համակարգի վիճակը, աղեստամոքսային տրակտի աշխատանքը և օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը:
  • Ճարճրուկ (Rocket salad կամ Arugula, Руккола)։ Օգտակար է իմունային համակարգի ամրապնդման համար, քանի որ պարունակում է ասկորբինաթթու: Թեթևակի դառնահամ է, ուստի հարմար է մսով և ձկով ուտեստների համար՝ հատկապես սոուսների մեջ:
  • Մաղադանոս (Parsley, Петрушка): Ներդաշնակորեն համատեղում է բոլոր այն վիտամիններն ու հանքանյութերը, որոնք պայքարում են ալերգիայի, հիպերտոնիայի և տարբեր բորբոքումների դեմ: Օգտակար է ոսկրային հյուսվածքների և իմունային համակարգի ամրապնդման համար: Միկրոկանաչին ավելի նուրբ ու բուրավետ է, քան հասուն մաղադանոսը: Կարելի է ավելացնել ապուրների, բանջարեղենի և մսով ուտեստների մեջ:
  • Մանանեխ (Mustard, Горчица) Միկրոկանաչին սուր, կծու համ ունի: Հարմար է ձկնային ուտեստների և աղցանների համար: Մանանեխի միկրոկանաչին բարերար ազդեցություն է թողնում արյան անոթների վրա, բարելավում է արյան շրջանառությունը և ախորժակը:
  • Միզունա (Mizuna, Мизуна): Բուրավետ տերևներով ծիլեր, որոնք կարող են օգտագործվել աղցանների, բուտերբրոդների կամ խավարտների համը լավացնելու համար: Կարգավորում է մարմնի ջրային հաշվեկշիռը և մաքրում է անոթների պատերը:
  • Նեխուր (Celery, Сельдерей): Միկրոկանաչին ավելի շատ կալցիում, կալիում և վիտամին C է պարունակում, քան հասուն նեխուրի ցողուններն ու արմատները: Ունի աղի-քաղցր, թանձր համ: Լավ է վինեգրետի, բուտերբրոդների, ապուրների և շոգեխաշելու համար:
  • Շաղգամ (Turnip, Турнепс): Միկրոկանաչին հաճելի, մի փոքր կծու համ ունի: Հիանալի զարդ է տարբեր խավարտների, մակարոնեղենի, սոուսների, շոգեխաշած ուտեստների ու մսերի համար: Կարելի է ավելացնել նաև բանջարեղենային աղցաններին, ապուրներին և բուտերբրոդներին: Առողջարար է և վիտամինների լավ աղբյուր է։
  • Ոլոռ (Pea, Горох): Միկրոկանաչին մի փոքր քաղցրահամ է, ունի ընկույզի երանգ և հիշեցնում է մատղաշ կանաչ ոլոռի համը: Ուտելի են և՛ տերևները, և՛ ցողունները, և՛ բեղիկները: Պարունակում է թաղանթանյութ, սպիտակուցներ, բարդ ածխաջրեր: Իր խրթխրթան հյուսվածքի շնորհիվ այն լավ համադրվում է թարմ բանջարեղենի հետ և հիանալի զարդարանք է բանջարեղենային ապուրների համար:
  • Ոսպ (Lentil, Чечевица): Համեղ միկրոկանաչի է, օգտակար միկրոտարրերի յուրահատուկ հավաքածու (մագնեզիում, երկաթ և այլն): Խթանում է արյան շրջանառությունը և մաքրում անոթների պատերը: Հարմար է տաք և սառը ուտեստների համար։
  • Պրաս (Leek, Лук-порей): Բարակ, մուգ կանաչ տերևներ են ստացվում՝ նուրբ բույրով և թեթև քաղցրահամով: Պարունակում է բազմաթիվ հակաօքսիդիչներ, վիտամիններ և հանքանյութեր, ուստի այն առողջ սննդակարգի անփոխարինելի բաղադրիչներից է: Օգտագործվում է ուտեստները զարդարելու և դրանց համ հաղորդելու համար: Հիանալի է ապուրների, մսերի և ձավարեղենի հետ:
  • Ռեհան (Basil, Базилик): Պարունակում է կարոտին, ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ և եթերայուղեր: Լավ է ազդում մարսողական համակարգի գործունեության վրա: Հիանալի է բոլոր ուտեստների հետ, լավ հավելում է աղի կաթնաշոռի և ձվածեղի համար:
  • Սամիթ (Dill, Укроп): Բուրավետ նուրբ միկրոկանաչի է ստացվում, որը մեծ քանակությամբ վիտամին P է պարունակում: Ամրացնում է արյան անոթների պատերը և կանխարգելում է վարիկոզը:
  • Սեզատերև (Chives, Лук скорода): Հաճելի բույրով, սոխի համով ու գլխին սեւ սերմերը պահած նրբագեղ միկրոկանաչի է ստացվում: Պարունակում է եթերայուղեր, որոնք ունեն հակավիրուսային ազդեցություն: Իդեալական է նախուտեստների համար:
  • Սիսեռ (Cicer, Нут)։ Միկրոկանաչին կանխարգելում է մրսածութունը, գերազանց օժանդակում է քաշի նվազմանը և իջեցնում է արյան խոլեստերինի մակարդակը: Համը նման է մատղաշ ընկույզի համին, որը սիրում են երեխաները: Օգտագործվում է որպես առանձին ուտեստ կամ ավելացվում աղցաններին:
  • Սոխ գլուխ (Onion, Лук репчатый): Սերմից ստացված միկրոկանաչիի համը նման է մատղաշ կանաչ սոխի համին: Պարունակում է ասկորբինաթթու և E և B վիտամիններ: Ճնշում է բերանի և մարսողական համակարգի վնասակար բակտերիաներին: Կարող է ավելացվել ցանկացած ուտեստին և լավագույնս համակցվում է մսի և բանջարեղենի հետ:
  • Սոյա (Soybean, Соя): Միկրոկանաչին հարուստ է C և B խմբի վիտամիններով, երկաթով և ամինաթթուներով: Հանգստացնող ազդեցություն ունի օրգանիզմի վրա և նորմալացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Կարող է մատուցվել մսի կամ խավարտների հետ։
  • Սպանախ (Spinach, Шпинат)։ Նուրբ համով և կծու բույրով միկրոկանաչի է ստացվում: Պարունակում է ճարպեր, սպիտակուցներ, երկաթ և վիտամիններ: Կարգավորում է արյան շրջանառությունը, իջեցնում խոլեստերինը, հեռացնում տոքսինները: Լավ հավելում է բանջարեղենից խավարտների, աղցանների և մսային ձավարեղենի համար։
  • Ցորեն (Wheat, Пшеница): Ցորենի միկրոկանաչին պարունակում է տասնյակ օգտակար տարրեր, մեծ թվով վիտամիններ։ Լավացնում է մարսողականությունը, օգնում է հաղթահարել մաշկային հիվանդությունները, հարթեցնում է թոքերի սպիները, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, լյարդից հեռացնում է տոքսինները, բարելավում է ուղեղի աշխատանքը, կարգավորում է արյան ճնշումը, ամրացնում է անոթների պատերը ․․․։
  • Քեմոն (Caraway, Тмин): Միկրոկանաչին սուր բուրավետ է և հաճելիորեն քաղցրահամ։ Օգտագործվում է կերակրատեսակները զարդարելու, ինչպես նաև սուսներում, վինեգրետում, շոգեխաշած ու ապուրներ պատրաստելիս։ Կիրառվում է մարսողությունը բարելավելու, նիհարելու և արյան շաքարի նորմալ մակարդակը պահպանելու համար:

Ուշադրություն

Մորմազգիներից (լոլիկ, սմբուկ, պղպեղ և այլն) և կարտոֆիլից միկրոկանաչի ընդհանրապես չեն աճեցվում, քանի որ այս մշակաբույսերի ցողունները պարունակում են ալկալոիդներ՝ բնական թույններ:

Միկրոկանաչիի հնարավոր վնասը

Միկրոկանաչին շատ օգտակար է, բայց որոշ դեպքերում կարող են լինել հակացուցումներ: Օրինակ ՝ մաղադանոսի և սպանախի ծիլերը պարունակում են շատ եթերայուղեր և ֆլավոնոիդներ, որոնք կարող են ալերգիա ունեցողների մոտ մաշկի ցան առաջացնել:

Աղեստամոքսային տրակտի հետ խնդիրներ ունեցողները պետք է չուտեն բույսեր, որոնք կարող են փքվածություն առաջացնել (ոլոռ, սիսեռ, կաղամբ) կամ բարձրացնեն թթվայնությունը (թրթնջուկ, սոխ, մանանեխ):

Բարեբախտաբար, ընտրությունը շատ մեծ է և յուրաքանչյուր ոք կարող է ընտրել այն բույսը, որն իրեն հարմար է և օգուտ կտա:

Հղումներ

Leave a Reply