Զոպա

Զոպան (անգլ․՝ Hyssop, ռուս․՝ Иссоп, լատ․՝ Hyssopus officinalis) մինչև 80 սմ բարձրությամբ, բազմամյա կիսաթուփ է, վայրի բնությունում աճում է Ղրիմում, Միջերկրական և Կասպից ծովերի շրջակայքում։

Հոտավետ մեղրակիր է, ծաղկում է հունիսից մինչև հոկտեմբեր։ Դեղաբույս է՝ լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկությունում։

Զոպայի տերևները, մատղաշ ճյուղերը և բողբոջները հարուստ են շաքարներով և եթերայուղերով, պարունակում են հիսոփին գլյուկոզիդ, սապոնիններ, տանիններ, խոլին և անուշաբույր իմբրին նյութ, որն ունի նուրբ, եղեսպակի բույր և հաճելի դառը համ: Զոպան նաև պարունակում է վիտամին C և պրովիտամին A. Զոպայի թարմ կամ չորացրած կանաչին ավելացնում են աղցաններին, ապուրներին, մսով և բանջարեղենով կերակրատեսակներին, օգտագործում են սոուսներ և թթուներ համեմելու համար:

Աճեցնելը

Զոպա աճեցնելը բավականին հեշտ է: Այս բույսը չափազանց ոչ պահանջկոտ է և լավ է աճում նույնիսկ ոչ շատ բերրի հողի վրա:

Զոպան բազմանում է սերմերով, կտրոններով և թուփը բաժանելով: Դժվար չէ սերմերից զոպա աճեցնել, ուղղակի մի քանի նրբություններ կան: Սերմերը կարելի է ցանել անմիջապես բաց գրունտում կամ սկզբում սածիլներ ստանալ տաք միջավայրում։ Երբ սածիլները մեծանում են, և ցրտահարության սպառնալիքն անցնում է, զոպայի սածիլները տնկում են մշտական տեղերում: Տնկելու տեղի հողը նախապես փորում են կամ փխրեցնում:

Զոպայի հետագա խնամքը շատ դյուրին է։ Պարզապես անհրաժեշտ է պարբերաբար վերացնել մոլախոտերը, ջրել, փխրեցնել հողը և, մանավանդ առաջին ամիսներին, սնուցել պարարտանյութով:

Եթե ​​զոպայի աճը դանդաղ է, խորհուրդ է տրվում այն ​​սնուցել օրգանական կամ համալիր պարարտանյութերով (10 լիտր ջրի դիմաց 20-30 գ):

Նույն տեղում, զոպան կարող է լավ աճել մինչև 4-5 տարի: Այն նույնիսկ ծածկ չի պահանջում ձմռան համար:

Զոպայի խնամքը սենյակային պայմաններում

Զոպան լուսասեր և խոնավասեր է, դիմացկուն է երաշտի ու ցրտի նկատմամբ: Լավ է աճում թեթև կրաքարային և չափավոր խոնավ հողերի վրա:

Պատուհանի գոգին զոպան աճեցնում են հնարավորին չափ մեծ ծաղկամանում։ Ամենահարմարավետ պայմաններ կունենա մոտ 36 սմ խորություն և լայնք ունեցող ծաղկամանի մեջ։

Բազմացնում են սերմերով, կտրոններով, ինչպես նաև թուփը բաժանելով (երեքից չորս տարեկան բույսերը)։ Սերմերը ցանում են գարնանը՝ տերևային հումուսից, ճմահողից, տորֆից և կոմպոստից (2:2:1:2) կազմված հողախառնուրդի մեջ: Ցանքի խորությունը 0.3-1 սմ։ Մինչև ծլելը ցանքը ծածկում են ապակիյով կամ ցելոֆանով: Երբ ծիլերը հայտնվում են, իսկ դա տեղի է ունենում ցանելուց 8-14 օր հետո, բույսերը տեղադրվում են լույսին ավելի մոտ ՝ իջեցնելով ջերմաստիճանը +14 … +16 ° C: Մեկ շաբաթ անց ջերմաստիճանը հասցվում է +18 … +20 ° C: Առաջին իսկական տերևի փուլում բույսերը տեղափոխում են 5×5 կամ 6×6 սմ չափի ծաղկամաններ, իսկ բողբոջումից 25-30 օր հետո `12-14 սմ տրամագծով ամանների մեջ:

Ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա, դրենաժային շերտի վրա կարելի է լցնել տորֆամամուռ կամ փայտի ածուխ, հետո հողը: Բույսի առմատային մասը, իր հողագնդով, այնպես է դրվում ծաղկամանի մեջ, որպեսզի արմատների վերին մասը մեկ սանտիմետրով ցածր լինի ծաղկամանի եզրից։ Տեղափոխելուց հետո զոպան լավ ջրում են գոլ ջրով և լավ կլինի մեկ-երկու օր բույսը կիսաստվերում մնա։

Զոպայի խնամքը ներառում է գոլ, հնեցված ջրով ջրելը, պարբերական սնուցումը (10-15 օրը մեկ) համալիր հանքային պարարտանյութերի լուծույթով (3-5 գ մեկ 1 լիտր ջրին) կամ գոմաղբի լուծույթով (1:10):

Երբ զոպան հասնում է 15 սմ բարձրության, քշտում են են գագաթը, արդյունքում բույսը ավելի լավ է ճյուղավորվում: Հետագայում, ըստ անհրաժեշտության, կտրում են ոչ միայն տերեւները, այլեւ մատղաշ ճյուղերը:

Կտրոնով բազմացման համար, ամռանը կտրում են 12-15 սմ երկարության ճյուղեր: Ստորին մասի տերևները հեռացվում են և կտրոնը դնում են ջրի մեջ: Սպիտակ արմատների հայտնվելուց հետո, կտրոնը տնկում են հողի մեջ:

Թուփը բաժանելով բազմացնում են աշնանը։ Բույսը հանում են հողից և սուր դանակով բաժանում են մի քանի մասի, բայց այնպես, որ յուրաքանչյուր մասը ճյուղի վրա ունենա երկու կամ երեք աչք և արմատներ: Բաժանված բույսն անմիջապես տնկում են՝ 2-3 սմ ցածր, քան նախկինում էր աճում: Վերջում բույսը առատորեն ջրում են և դնում տաք տեղում: Երկու շաբաթ անց նոր կանաչ ճյուղեր են սկսում աճել: Հետագա խնամքը նույնն է։

Հղումներ

Leave a Reply