Հալվեի հյութը որպես պարարտանյութ

Հալվեի (Անմահաթուփ, Ալոե, ռուս․՝ Алоэ, լատ.՝ Aloe) տարբեր տեսակների մասին կարող եք կարդոլ այստեղ ==>

Մեզանում ամենատարածվածն են Հալվե ծառանմանը և Հալվե վերան։

Հալվեի հյութն ունի մանրեասպան հատկություն, պարունակում է սաթի, խնձորի, դարչնի և կիտրոնի օրգանական թթուներ և բազմաթիվ այլ օգտակար տարրեր: Հալվեի տերևները և ցողունները պարունակում են հակաօքսիդիչներ (B, E և C վիտամիններ, բետա-կարոտին), կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր:

Այսպիսով, հալվեի հյութը աճի կենսածին խթանիչ է, որն արագացնում է բույսերի նյութափոխանակությունը և բջիջների վերականգնումը։ Հալվեի տերևներից պատրաստված թուրմը օրգանական է, թունավոր չէ, լավ է յուրացվում և չի առաջացնում բույսի կախվածություն այդ նյութից․ գործնականում, չունի ոչ մի թերություն:

Որպես օրգանական պարարտանյութ, հալվեից պատրաստված թուրմը հիմնականում օգտագործվում է թույլ և վատ աճող բույսերը ամրապնդելու և առողջացնելու համար։

Ուշադրություն

Չի կարելի գործածել հալվեի համապատասխան մշակում չանցած, թարմ հյութը, քանի որ հակառակ արդյունք կլինի`կդանդաղի առանց այդ էլ թուլացած բույսերի աճը և բույսը կարող է սպանվել:

Ինչպե՞ս ճիշտ կիրառել

Թուրմը պետք է պատրաստել առնվազն 4 տարեկան հալվեի տերևներից։ Հալվեի հին, ներքևի տերևները ավելի շատ սննդանյութեր են պարունակում, քան մատղաշները։

Սենյակային բույսերի աճի խթանիչ պատրաստելու համար պետք է՝

  1. Կտրել հալվեի ամենացածր տերեւներից մի քանիսը;
  2. Դնել կտրված տերեւները պլաստիկ տոպրակի մեջ և, մեկ շաբաթ պահել սառնարանում (ոչ սառցախցում);
  3. Հանել սառնարանից և մանրացնել տերևները բլենդերով կամ մսաղացով, ստացված հյութը մարլյայով զտել;
  4. Պատրաստել լուծույթ, խառնելով ստացված հյութի 1 թեյի գդալը 1,5 լիտր հնեցված ջրի հետ:

Պատրաստված լուծույթով, շաբաթը մեկ, երկու անգամ կարելի է սնուցել բույսերի արմատները։

Սենյակային բույսերը պարարտացնելու համար, հալվեի լուծույթը մեկ այլ ձևով է պատրաստվում՝

  1. Կտրում են առավել հասուն տերեւները;
  2. Կտրված տերևները դնում են խոր ափսեի մեջ և տրորում՝ միատարր կանաչ զանգված ստանալու համար;
  3. Ստացված զանգվածից մեկ ճաշի գդալը լավ խառնում են 200 մլ ջրի հետ, լցնում շշի կամ բանկայի մեջ, փակում բերանը և 7 օր պահում զով ու մութ տեղում;
  4. Կիրառելուց առաջ ստացված թուրմը բացում են 4,8 լիտր եռացրած, գոլ ջրով:

Այս ձևով պատրաստված լուծութը հարմար է թե՛ սենյակային բույսերի արմատային պարարտացման, թե՛ բույսի սաղարթը ցողելու համար:

Նույն լուծույթում կարելի է թրջել բույսերի սերմերը, սոխուկները, արմատակալման համար դրվելիք կտրոնները։ Հինգ ժամ լուծույթի մեջ պահելուց հետո, սերմերը, սոխուկները կամ կտրոնները, առանց լվանալու ցանում կամ տնկում են հողի մեջ։ Որպես կանոն, այս եղանակով մշակումից հետո ստացված բույսերը արագ են աճում և չեն հիվանդանում:

Փորձը ցույց է տվել, որ նույնիսկ ժամկետանց սերմերը, հալվեի հյութով լուծույթում թրջելուց հետո, սկսում են լավ ծլել։

Լոլիկի, սմբուկի, կաղամբի, բողկի, հազարի այն սերմերը, որոնք ցանելուց առաջ պահվել են հալվեից պատրաստված լուծույթի մեջ, լավ են ծլում և ավելի քիչ են ենթարկվում սնկային և այլ հիվանդություններին:

Ուշադրություն

Հալվեից պատրաստված լուծույթի մեջ չի կարելի թրջել դդմի, պղպեղի, սոխի, նեխուրի սերմերը։

Leave a Reply