Մանդարին

Մանդարինը (անգլ․՝ Mandarin, ռուս․՝ Мандарин, լատ․՝ Citrus reticulata)  սապատազգիների ընտանիքի ցիտրուս ցեղի մշտադալար, ոչ մեծ ծառ է։ Աճում է արևադարձային և մերձարևադարձային այն շրջաններում,

որտեղ ձմռանը օդի ջերմաստիճանը -8 °C-ից ցածր չի լինում։ Բերք է տալիս տնկելուց 3-4 տարի անց։ Ապրում է 30-40 տարի։ Բազմանում է աչքապատվաստով, ինչպես նաև կտրոններով։ Որպես պատվաստակալ օգտագործվում է վայրի պոնցիրուս եռատերևը (Citrus trifoliata)։ Վեգետացիայի ընթացքում կարող է տալ 3-4 աճ։

Գենետիկական ուսումնասիրությունների համաձայն,՝ մանդարինը բնօրինակ ցիտրուսային 4 տեսակներից մեկն է։ Արհեստական կամ բնական հիբրիդացման միջոցով այն շատ հիբրիդային ցիտրուսային սորտերի նախահայրն է: Կիտրոնի և պոմելոյի հետ մանդարինի հայտնի հիբրիդներ են քաղցր և թթու նարինջները, թուրինջները, շատ տեսակի լիմոններ ու լայմեր:

Սենյակային պայմաններում մանդարին աճեցնելը

Մանդարինը ցիտրուսայիններից ամենաքիչ պահանջկոտն է, տնային պայմաններում այն աճեցնելը ավելի հեշտ է քան լայնորեն տարածված լիմոնը։

Սերմից աճեցնելը

Ցանելու համար վերցնում են հասած մանդարինի թարմ սերմեր: Սերմերը արագ են կորցնում ծլողունակությունը. անհրաժեշտ քանակի ծիլեր ստանալու համար ցանում են եռակի, քառակի ավել սերմեր:

Ցանելուց առաջ սերմերը 10-12 ժամով թրջում են «Էպին-էքստրա» կամ «Ցիրկոն» աճի խթանիչների լուծույթի մեջ: Դա ուժեղացնում է ապագա բույսերի ուժը, խթանում արմատային համակարգի զարգացումը:

Ցանելու ճիշտ ժամանակը հունվարի վերջ-փետրվարի սկզբն է, երբ ցերեկային ժամերը սկսում են երկարել:

Ցանում են փխրուն, սննդարար, ֆոսֆորի բարձր պարունակությամբ հողի մեջ: Հենց ֆոսֆորն է կարևոր դեր խաղում աճի սկզբում: Մեծ քանակությամբ ֆոսֆոր պարունակվում է հումուսում և կոմպոստում:

Սերմերը կամ միանգամից ցանում են առանձին տարաների մեջ, կամ էլ մեկ, ընդհանուր տարայի մեջ՝ հետագայում սածիլելու նպատակով։ Սերմը հողի մեջ ցանելու խորությունը 1 սմ է: Ցանքը լավ խոնավացվում է և ծածկվում պլաստիկով կամ ապակիյով` ջերմոցային միկրոկլիմա ապահովելու համար: Սկզբնական փուլում սածիլի համար լույսը կարևոր չէ, հիմնականը `ջերմությունն է: Ծլեցման համար անհրաժեշտ է օդի 20-25 ° C տաքություն: Ցանքը պարբերաբար ջրում են և օդափոխում: 3-4 շաբաթ անց հայտնվում են առաջին ծիլերը և ցանքը տեղափոխում են լուսավոր տեղ:

Երկու իսկական տերևներ հայտնվելուց հետո սածիլները կարելի է տեղափոխել առանձին ծաղկամանների մեջ: Հենց որ արմատները լցնեն ծաղկամանի ողջ ծավալը, բույսը տեղափոխում են քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ։

Խնամքը

Լուսավորությունը

Բոլոր ցիտրուսայինների նման, մանդարինը սիրում է պայծառ, ցրված լուսավորությունը: Ամենահարմար տեղը արևելյան լուսամուտի գոգին է: Առավոտյան կանուխ այն կլուսավորվի տաք, բայց ոչ կիզիչ արևի լույսով:

Օդի խոնավությունը

Բնության մեջ մանդարինն աճում է խոնավ կլիմայով մերձարևադարձային գոտիներում: Բնակարանում դժվար է ապահովել 90-95% խոնավություն, բայց տանը մանդարինն իրեն հիանալի կզգա նույնիսկ 60-65% խոնավությամբ օդում:

Խոնավության բարձրացման պարզ և բյուջետային միջոց է ծաղկամանի մոտ կամ տակը ջրով լի, բաց տարաների տեղադրումը: Երբ ջուրը գոլորշիանում է, պարբերաբար ավելացնում են: Բայց խոնավոացնելու լավագույն և հուսալի մեթոդը ժամանակակից խոնավեցնող սարքերի օգտագործումն է:

Պետք չէ մոռանալ մի կարևոր կանոնի մասին՝ մանդարինը պետք է հեռու պահել օդը չորացնող ջեռուցման սարքերից:

Օդի ջերմաստիճանը

Ակտիվ աճի շրջանում օդի օպտիմալ ջերմաստիճանը 18-25 ° C է: Աշնանն ու ձմռանը մանդարինը կարող է պահվել ավելի սառը պայմաններում `13-15 ° C ջերմաստիճանում:

Եթե ​​մանդարինը ձմռանը մնում է պատուհանագոգին, ապա պետք է համոզվել, որ ճյուղերը չեն դիպչում պատուհանի սառը ապակիներին և պաշտպանել բույսը ցրտաշունչ օդից:

Հողը

Հողախառնուրդը պետք է լինի թեթև, բերրի և չեզոք թթվայնություն ունենա, այդ պատճառով տորֆ չեն օգտագործում խառնուրդում: Վաճառքում կան ցիտրուսայինների համար նախատեսված պատրաստի խառնուրդներ: Ինքնուրույն պատրաստելու համար հավասար չափերով խառնում են ճմահողը, տերևային հումուսը, փտած գոմաղբը և կոմպոստը:

Ոռոգում

Մանդարինը պետք է ջրել անձրևաջրով կամ ծորակի հնեցված ջրով։ Սառը ջուրը տաքացնում են սենյակային ջերմաստիճանի՝ 20-25 ° C: Ամռանից մինչև աշուն ջրում են հաճախ և առատ, բայց առանց հողը ճահճացնելու։ Ձմռանը ավելի հազվադեպ են ջրում՝ ուշադրություն դարձնելով հողի վերին շերտի խոնավությանը։ Եթե ​​այդ ժամանակահատվածում մանդարինը պտուղներ ունիի, ապա պետք չէ կտրուկ կրճատել ջրելը:

Էտը

Մանդարինը առանց էտելու էլ կաճի, բայց գեղեցիկ բույս, առանց ձևավորման, չի ստացվի: Լավ ձևավորված ծառը պետք է լինի ճյուղավորված և հովհարաձև: Դրա շնորհիվ այն կկարողանա առավելագույնի հասցնել արևի լույսի կլանումը՝ աճի և զարգացման համար:

Ճիշտ կլինի բույսի աճը կարգավորել հենց սկզբից ՝ ավելորդ ճյուղերը քշտելով ու կտրելով։ Գարնանը հասունացած հիմնական ճյուղը էտում են մոտ 15 սմ բարձրության վրա, վերեւում թողնելով մի քանի բողբոջ, որպեսզի կողային ճյուղերը սկսեն դրանցից աճել: Ապագա ծառի հիմնական կմախքային 3-4 ճյուղերը քշտում են 25 սմ երկարության վրա։ Երկրորդ կարգի աճող ճյուղերը քշտում են 10 սմ երկարությամբ: Հետագա 3-րդ և 4-րդ կարգի ճյուղերին թողնում են 5 սմ: Այդպիսով, 2-3 տարի հետո ձևավորվում է կոկիկ, փոքրիկ ծառ: Որպեսզի այն հավասարաչափ աճի, յուրաքանչյուր 10-14 օրը մեկ այն պետք է աստիճանաբար և զգուշորեն շրջվի դեպի լույսը տարբեր կողմերով:

Սնուցում

Մանդարինը սնուցում են 10-12 օրը մեկ անգամ՝ ցիտրուսայինների համար նախատեսված համալիր հանքային և օրգանական պարարտանյութերով: Որպես օրգանական պարարտանյութեր կարելի է օգտագործվել ցածր խտության գոմաղբի կամ խոտերի թուրմեր։

Ձմռանը մանդարինները չեն սնուցում: Այդ ժամանակ բույսի ակտիվությունը կրճատվում է, և արմատները չեն կլանում սննդանյութերը: Արդյունքում, պարարտանյութերը կուտակվում են հողի մեջ` նորմայից ավել խտությամբ:

Ծառը այլ, ավելի մեծ ծաղկաման տեղափոխելուց հետո նույնպես որոշ ժամանակով դադարեցնում են սնուցումը։ Չէ որ նոր հողի մեջ բույսի համար 1-2 ամսվա սնունդ կա:

Տեղափոխում

Մանդարինը այլ ծաղկամանի մեջ տեղափոխում են աճելուն զուգընթաց: Մինչև 7 տարեկան բույսերը անհրաժեշտ է լինում տարին մեկ անագամ տեղափոխել, իսկ ավելի մեծերը ՝ 5 տարին մեկ:

Տեղափոխումն անում են ձմռան վերջին կամ գարնան սկզբին: Նոր ծաղկամանի տրամագիծը չպետք է գերազանցի նախորդի չափսը 3-5 սմ-ից ավելի:

Տեղափոխելիս աշխատում են բույսին նվազագույն վնաս հասցնել՝ պահպանել արմատն իր հողակույտով: Տեղափոխելուց առաջ և հետո բույսը ջրում են: Նոր ծաղկամանը լավ դրենաժային շերտ պետք է ունենա:

Կոշտ ջրով ջրելու դեպքում, ժամանակի ընթացքում հողի մակերեսին կարող է առաջանալ սպիտակ աղերով աղտոտված շերտ: Ցանկալի է տարեկան 2 անգամ փոխարինել այդ 2-2,5 սմ խորությամբ շերտը նոր հողով:

Հաճախակի տրվող հարցեր

Ինչպե՞ս արագացնել մանդարինի բերքատու դառնալը

Դրա համար կան մի շարք միջոցառումներ՝

  • Ցանելուց առաջ սերմերի մշակում խթանիչ նյութերով։ Օրինակ սրանցով՝ «Эпин-экстра», «Циркон», гумат натрия, «Гетероауксин» Այս խթանիչները վաղ տարիքից բույսերին օգնում են հարմարվել չոր օդին և լուսավորության պակասին:
  • Ամենաուժեղ, առողջ տնկիների ընտրությամբ։ Ծուռ ճյուղեր չունենան, խոշոր տերևներ և ձիգ տեսք ունենան:
  • Հավասարակշռված սնուցում։ Ֆոսֆոր-կալիումի պարարտանյութերով կանոնավոր սնուցումը այլ միկրոտարրերով սնուցելու հետ միսաին խթանում է պտղաբերությունը:
  • Կմախքային ճյուղերի ծայրերի քշտելը (կտրելը) խնայում է բույսի ուժը և օգնում բույսին պտղաբեր կարճ ճյուղերով սաղարթ կազմել:
  • Ակոսումն ու օղակումը հին մեթոդներ են, որոնք թույլ են տալիս վերաբաշխել սննդանյութերի հոսքը սաղարթին և դրանով արագացնել պտղատու բողբոջների ձևավորումը:
  • Պատվաստումը։ Պատվաստացուն՝ գարնան սկզբին կտրված մանդարինի մատղաշ կտրոնը պատվաստվում է ցանկացած ցիտրուսայինի սերմից աճեցված պատվաստակալի վրա: 2-3 տարի անց ձեւավորվում է մեկ բույս, որը սկսում է ծաղկել ու պտուղ տալ:

Ինչու են մանդարինի ծաղիկները թափվում

  • Եթե ​​բույսը չունի բավարար ուժ և էներգիա բոլոր ծաղիկները պտղի վերածելու համար, կրճատում է դրանց քանակը:
  • Սենյակի օդի բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում ծաղիկների ձևավորման վրա: Ջերմության պատճառով ծաղիկներն ու բողբոջները թափվում են կամ ծաղկման գործընթացը հետաձգվում է ավելի ուշ ժամկետի:
  • Այդպես մանդարինը կարող է արձագանքել անկանոն ջրելուն, օրինակ, երբ ծաղկամանի հողը թողնում են իսպառ չորանա, այնուհետև շատ առատ ջրում են:
  • Ազոտի ավելցուկը սնուցման մեջ հանգեցնում է բույսի կանաչ զանգվածի մեծացմանը և քիչ ծաղիկներ են առաջանում, որոնք շուտով սկսում են թափվել:

Ինչու են մանդարինի տերևները դեղնում և թափվում

Պատճառներից մեկը ազոտի և երկաթի պակասը կարող է լինել։ Ազոտի պակասի դեպքում դեղնելը սկսվում է բույսի ստորին տերեւներից և տարածվում ամբողջ բույսի վրա: Որպես բուժում բույսը ցողում են միզանյութի կամ բորի թթվի լուծույթով `1 գ, 1 լիտր ջրին:

Քլորոզոի՝ երկաթի պակասի պատճառով առաջացած հիվանդության դեպքում, սկզբում մատղաշ տերևները դառնում են բաց դեղնավուն, ապա հին տերևներն են փոխում գույնը: Քլորոզի համար մանդարինը ամսական մեկ անգամ ցողում են երկաթի խելատով:

Բացի նշված պատճառներից, տերևները կարող են դեղնել և թափվել ՝ պայմանավորված հետևյալով՝

  • չոր օդ սենյակում;
  • միջանցիկ քամիներ;
  • հողի գերպարարտացում;
  • տեղի փոփոխություն։

Տերևաթափ կարող է լինել նաև բնական պատճառներով. աշուն-ձմեռ ժամանակահատվածում հանգստի ռեժիմի անցնելիս:

Վնասատուները

Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

  • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
  • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
  • Սպիտակաթևիկ (Белокрылка);
  • Ուտիճը (Aphid, Тля)։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Հղումներ

Leave a Reply