Ռապիս

Ռապիսը կամ Բամբուկանման արմավենին (անգլ․՝ Lady palm, ռուս․՝ Бамбуковая пальма рапис, լատ․՝ Rhapis) մոտ 10 տեսակի փոքր արմավենիների ցեղ է, որոնք բնիկ են հարավ-արևելյան Ասիայում ` Հարավային Ճապոնիայից և Հարավային Չինաստանից հարավ մինչև Սումատրա կղզի:

Այս բույսերն ունեն բարակ ցողուններ, որոնք աճում են 3-4 մ բարձրությամբ, ճյուղավորվում են հիմքում, կազմում են թփեր և երկսեռ են, արական և իգական ծաղիկներով։

Որպես սենյակային բույսեր տարածված են ռապիսի երկու տեսակները՝

  • Ռապիս բարձրահասակը (անգլ․՝ Broadleaf lady palm, Bamboo palm, ռուս․՝ Рапис высокий, լատ․՝ Rhapis excelsa).
  • Ռապիս ցածրահասակը (անգլ․` Slender Lady Palm, Рапис низкий, լատ․՝ Rhapis humilis).

Ռապիս բարձրահասակը ավելի մեծ չափեր և ավելի շատ կանաչ զանգված ունի: Հասնում է մինչև 3 մ բարձրության և ավելի քիչ շիվեր է տալիս, քան ցածրահասակ ռապիսը: Շիվերը նման են բամբուկի շիվերին, հոդակապված են, մինչև 4 սմ տրամագծով: Ճյուղերի վրա պարզ երեւում են ցանցաձև մանրաթելեր, որոնք թաքցնում են մահացող տերևների կոճղերը: Այս արմավենին 5-10 մատներով, ոչ այնքան խորքից մասնատվող տերևներ ունի (ավելի կարճ և լայն, քան ցածր աճող ձևերը):

Ռապիս ցածրահասակը շատ ավելի խիտ է աճում և կոմպակտ է: Այս տեսակի առավելագույն բարձրությունը սահմանափակվում է 1,5 մետրով, բայց առավել հաճախ բույսերը չեն գերազանցում մեկ մետր բարձրությունը: Ցողունները բազմաթիվ են, շատ բարակ, ընդամենը 2 սմ տրամագծով, մանրաթելերով ծածկված շատ ավելի հաստ, քան բարձրահասակ ռապիսինը: Տերևների 7-8 մատները բաժանված են գրեթե հիմքից, կոշտ, սուր ծայրերով, փայլուն մակերևույթով, կատարյալ ուղիղ տեսքով: Երկարությամբ, տերևի մատները հասնում են 20-25 սմ-ի և մինչև 2 սմ լայնություն են ունենում:

Սենյակային պայմաններում այս երկու տեսակներն էլ գործնականում չեն ծաղկում:

Ռապիսները իրավամբ դասվում են հեշտ աճեցվող բույսերի շարքում: Նույնիսկ անփորձները չպետք է վախենան այս բույսն ունենալուց: Ռապիսի հիմնական առավելությունը բարձր հարմարվողականությունն է: Չնայած այն հանգամանքին, որ բույսը նախասիրություններ ունի օդի ջերմաստիճանի և լուսավորության հետ կապված, ժամանակի ընթացքում այն հարմարվում է առկա պայմաններին:

Խնամքը

Լուսավորությունը

Ռապիսի համար ամենահարմարավետը պայծառ, ցրված լույսն է, սակայն այն հեշտությամբ հարմարվում է նաև կիսաստվերին։ Բույսի համար վտանգ են ներկայացնում կեսօրի Արևի ուղիղ ճառագայթները, դրանք կարող են տերևների այրվածքներ առաջացնել։

Բույսի համաչափ աճը ապահովելու համար, անհրաժեշտ է շաբաթը մեկ փոքր ինչ պտտել ծաղկամանը, որպեսզի բոլոր կողմերը հավասարաչափ լույս ստանան։

Օդի ջերմաստիճանը

Ձմռանը ռապիսի համար նախընտրելի է +8-ից +12 աստիճան օդի ջերմություն: Միևնույն ժամանակ, զով ձմեռումը բոլորովին էլ միակ հնարավոր տարբերակը չէ այս արմավենու աճեցման համար: Ռապիսը հիանալի կերպով հարմարվում է ինչպես սենյակի նորմալ ջերմաստիճանին, այնպես էլ թեթև զովությանը`10-ից 16 աստիճան:

Ամռանը Ռապիսի համար նախընտրելի է օդի 20-ից 25 աստիճան ջերմությունը: Ավելի շոգին էլ է դիմանում, սակայն ավելի կախված է դառնում մաքուր ու խոնավ օդի մշտական հասանելիությունից:

Ամռան ընթացքում ռապիսը իրեն հիանալի կզգա դրսում՝ պատշգամբում կամ այգում:

Ջրելը և օդի խոնավությունը

Ամռանը, հատկապես շոգ օրերին ռապիսը պետք է առատորեն ջրել հենց որ հողի վերին շերտը չորանա: Բայց աշնանը և ձմռանը, հատկապես սառը պայմաններում պահելիս, ջրելը պետք է լինի ոչ միայն չափավոր, այլ նաև հնարավորինս զգույշ: Ջրել պետք է հողի վերին շերտի ամբողջությամբ չորանալուց 1-2 օր անց։ Ռապիսը, ինչպես և բույսերի մեծամասնությունը չի սիրում ջրախեղդ լինել և չի սիրում երբ հողն ամբողջությամբ չորանում է։

Շատ կարեւոր է, որ ռապիսը ջրվի լավ հնեցված, փափուկ ու գոլ ջրով:

Ինչ վերաբերում է օդի խոնավությանը, ապա ռապիսը այնքան էլ զգայուն չէ դրա նկատմամբ, այն հանդուրժում է բնակարանների սովորական չոր օդը նույնիսկ ցուրտ սեզոնում, երբ գործում են ջեռուցման համակարգերը: Բայց, միեւնույն ժամանակ, ռապիսը երախտագիտությամբ կարձագանքի ջրով ցողմանը, ինչը լավացնում է տերևների դեկորատիվ տեսքը:

Ցողելը պարտադիր է դառնում երբ օդի ջերմաստիճանը +25-ից բարձր է:

Ռապիսի տերևները պետք է պարբերաբար սրբել խոնավ սպունգով կամ կտորով ՝ կուտակված փոշին հեռացնելու համար։ Ձմռանը զով տեղում պահելիս ավելի լավ է չթրջել տերևները, այլ չոր եղանակով սրբել փոշին:

Պարարտացումը

Ռապիսը սնուցում են միայն գարնանը և ամռանը, ակտիվ աճի շրջանում: Այս բույսի համար 2-3 շաբաթը մեկ սնուցում տալը բավարար է: Ռապիսի համար նախընտրելի են միկրոէլեմենտներով հարուստ, համալիր պարարտանյութերը, որոնք նախատեսված են դեկորատիվ, տերևավոր բույսերի համար, բայց կարելի է նաև օգտագործել պարարտանյութերի հատուկ խառնուրդներ: Այս բույսի համար ցանկալի է սնուցումն անել ջրելու միջոցով, օգտագործելով հեղուկ պարարտանյութեր: Երկարաժամկետ գործող պարարտանյութերը ճնշող ազդեցություն են ունենում ռապիսի վրա:

Հողախառնուրդը, տեղափոխումը, ծաղկամանը

Ռապիսի համար հարմար են մի փոքր թթվայնություն ունեցող կամ առնվազն չեզոք հողախառնուրդները։ Այս բույսի համար ամենալավն այն է, որ օգտագործեք արմավենու համար նախատեսված պատրաստի հողախառնուրդներ, բայց կարող եք նաև ինքներդ կազմել հողախառնուրդը՝ հավասար չափերով խառնելով տորֆ, ճմահող, տերևային հումուս, կոմպոստ և ավազ:

Այս բույսը, նույնիսկ շատ երիտասարդ տարիքում, այլ ծաղկաման տեղափոխում են միայն անհրաժեշտություն առաջանալու դեպքում: Տեղափոխելիս պետք է խուսափել արմատները վնասելուց ու պահպանել արմատամերձ հողակույտը։

Տեղափոխելիս անհրաժեշտ է նոր ծաղկամանում ապահովել լավ դրենաժային շերտ։

Տեղափոխման փոխարեն կարելի է փոխել ծաղկամանի հողի վերին շերտը: Այս մեթոդը հատկապես լավ է գործում մեծահասակ բույսերի համար։

Չնայած այն հանգամանքին, որ այս արմավենին հզոր արմատային համակարգ ունի, այն գործնականում մակերեսային է: Ուստի ռապիսի համար հարմար են լայն, բայց ոչ շատ խոր տարաներ կամ մեծ դրենաժային շերտով կոմպենսացնել տարայի խորությունը։ Շատ խոր տարայի մեջ տնկելը մեծացնում է հողում ջրի լճացման վտանգը, դժվարացնում է արմատի օդամատակարարումը և վտանգում բույսի արմատային համակարգը:

Ռապիսի հիվանդություններն ու վնասատուները

Ռապիսը ամենակայուն սենյակային բույսերից է։ Այս բույսը վախենում է միայն հողի ճահճացումից, ինչի հետևանքով արմատը կարող է փտել։

Սենյակի չոր, ոչ խոնավ օդի դեպքում մեծանում է այնպիսի վնասատուների հարձակման վտանգը, ինչպիսիք են սարդոստայնային տիզը, վահանակիրները։ Վահանակիրները, հարևան վարակված բույսերից կարող են տարածվել ռապիսի մատղաշ կանաչի վրա։

Հաճախ ծագող խնդիրներ․

  • արևի ուղիղ ճառագայթներից կարող են առաջանալ դեղին բծեր՝ արևայրուքներ;
  • շոգին և շատ չոր օդի պայմաններում տերևների կանաչը դառնում է անհարթ և խայտաբղետ;
  • շոգ եղանակին բույսը չցողելու հետևանքով կարող են չորանալ տերևների ծայրերը;
  • ցրտի և արմատների փտելու պատճառով մատղաշ տերևները բացվում են բնական չափերի չհասնելով;
  • ցրտի պատճառով տերևները թոշնում են ու մուգ կանաչ գույն ստանում;
  • ժամանակին չջրելու հետևանքով թոշնում են տերևները։

Ռապիսի բազմացումը

Ամենապարզ մեթոդը վեգետատիվն է ՝ բույսը բաժանելը: Ավելի երիտասարդ բույսերը կարելի է առանձնացնել մեծահասակների թփից (ոչ թե մեկ-մեկ, այլ փոքր խմբերով) ՝ փորձելով նվազագույնի հասցնել արմատի վնասվածքները: Բայց պետք է հիշել, որ ցանկացած բաժանումից հետո աճը դանդաղելու է և թե՛ մեծահասակ մասը, թե՛ երիտասարդ փունջը երկար ժամանակ հետո “խելքի կգան”։ Թուփը բաժանելու լավագույն սեզոնը գարունն է։

Սերմերից ռապիս ստանալը բավականին երկար գործ է։ Սերմերը բավականին երկար ժամանակ պահպանում են իրենց ծլողունակությունը: Սերմերը ոչ շատ խորը ցանում են խոնավ, բարձրորակ, սննդարար սուբստրատում։ Ցանքը ծածկում են պլաստիկով կամ ապակով ու տեղադրում են պայծառ, լուսավոր տեղում։ Սերմերը ծլում են 2-3 ամիս հետո: Երիտասարդ ծիլերը պետք է հնարավորինս շուտ տեղափոխվել անհատական ​​տարաներ ՝ ամանները փոխելով ավելի մեծերի՝ արմատի աճին համընթաց:

Հղումներ

Leave a Reply