Ճմաշուշան

Ճմաշուշանը (անգլ․՝ Big blue lilyturf, Lilyturf, Border grass, Monkey grass, ռուս՝ Лириопе мускари, լատ․՝ Liriope muscari) շուշանազգիներին պատկանող, բազմամյա, հաճախ գրունտը ծածկելու հաար կիրարվող մեծ խոտաբույս է։

Բույսի կոճղարմատը կարճ է, կախված տերևները երկարավուն և նեղ են, իսկ վերևում դրանք փոքր-ինչ կորանում են: Ցողուն չունի, թփերը միջին չափսի են, նրանք ունեն մոտ 0,7 մ բարձրություն: Կան նաև ցածր աճող սորտեր, որոնք հասնում են մոտ 20 սմ բարձրության:

Խնամքը

Լուսավորությունը

Ճմաշուշանը առանձնանում է իր ստվերադիմացկունությամբ, այն հաճախ տնկում են ծառերի և բարձր թփերի ստվերում կամ, սիզամարգի ձևով՝ այն տեղերում, որտեղ Արևի ուղիղ ճառագայթներ ընդհանրապես չեն լինում։

Սակայն կան ճմաշուշանի սորտեր, որոնք լավ են աճում արևկող վայրերում։

Տեղն ընտրելը

Ճմաշուշանը շատ վատ է տանում քամիները, գերադասում է չեզոք կամ թեթև թթվայնություն ունեցող, փխրուն ու պարարտ գրունտ։

Ճմաշուշաններով սիզամարգ բնակելի տան նկուղային հարկում։ Չինաստան։

Տնկելը

Տնկելուց առաջ հողը փխրեցնում են, ավելացնում են ավազ և կոմպոստ։ Եթե հողի թթվայնությունը բարձր է, մի քիչ էլ կիր են ավելացնում։

Թփերը տնկում են վաղ գարնանը, վաղօրոգ պատրաստված փոսիկների մեջ, մոտ 40 սմ միմյանցից հեռու։

Ջրելը

Սովորական կանոններ են՝ շոգին շատ են ջրում, հովին քիչ, ջրախեղդ չեն անում։ Շոգ օրերին լավ ազդեցություն է ունենում երեկոյան ոչ սառը ջրով ցողելը։

Տեղափոխելը

Տնկելուց 3 տարի անց, թարմացնելու համար, խորհուրդ է տրվում տեղափոխել բույսը։ Հակառակ դեպքում թուփը ծերանում է և կարող է չորանալ կամ դադարել ծաղկել։

Տեղափոխումն անում են գարնանը։ Հողից հանված թուփը բաժանում են մի քանի մասերի և տնկում պատրաստված, նոր փոսիկներում։ Նոր տեղում ճմաշուշանի թուփը “կպնում է” 15օրյա ժամկետում։

Սնուցումը

Վեգետացիոն շրջանում ճմաշուշանին լրացուցիչ սնուցում են ամիսը երկու անգամ։ Կարելի է սնուցել ինչպես օրգանական, այնպես էլ ոչ օրգանական պարարտանյութերով։

Մինչև բույսի ծաղկելը գերադասելի են ազոտային պարարտանյութերը, իսկ ծաղկման շրջանում բույսը ավելի շատ ֆոսֆորի և կալիումի կարիք ունի։

Ծաղկելը

Ճմաշուշանը ծաղկում է աշնանը։ Տարբեր սորտեր ունենում են սպիտակ, մանուշակագույն կամ երկնագույն մանր ծաղիկներ։

Էտելը

Ճմաշուշանն էտում են միայն թուփը գեղեցկացնելու և թարմացնելու համար։ Կտրում և հեռացնում են ծաղկելն ավարտած ծաղկաբույլերը, ինչպես նաև դեղնած տերևները։

Ձմեռացումը

Եթե բավարար ձյան ծածկ կա և օդի ջերմաստիճանը չի նվազում -15°C, ճմաշուշանը ծածկելու անհրաժեշտություն չկա։ Հակառակ դեպքում բույսը ծածկում են չոր խոտով, տերևներով և/կամ պլաստիկ թաղանթով։

Բազմացման ձևերը

Ճմաշուշանը բազմացնում են սերմերով կամ թուբը բաժանելով։

Սերմով բազմացումը

Այգեգործները հազվադեպ են ճմաշուշանը սերմերով բազմացնում, քանի որ գործընթացը բարդ է և երկար ժամանակ խլող։ Ցանում են նախորդ աշնանը հավաքած սերմերը։ Դրանք մեկ օր թրջում են գոլ ջրի մեջ, այնուհետև ցանում բաց գրունտի մեջ՝ ոչ շատ խոր ակոսների մեջ, միմյանցից մոտ 10սմ հեռավորության վրա։ Ծլելուց հետո շարքը նոսրացնում են, հեռացնելով թույլ բույսերը։

Թփի բաժանումը

Թուփը բաժանելիս պետք է հավասար բաժանել արմատը և ամեն բաժանված մասի վրա թողնել ոչ պակաս քան 10 տերև։

Հիվանդություններ և վնասատուներ

Ճմաշուշանի վրա կարող են հայտնվել խխունջներ, ուտիճներ կամ վահանակիրներ։ Դրանց դեմ պայքարում են ինսեկտիցիդների միջոցով, օրինակ (Актеллика)։

Կարող են առաջանալ հետևյալ խնդիրները՝

  1. Ամեն տարի կամ ընդհանրապես չծաղկելը։ Տեղի է ունենում եթե հողը աղքատացել է և բույսին բավարար սնունդ չի հասնում։
  2. Տերևների ծայրերը չորանում են։ Խնդիրը կարող է առաջանալ ժամանակին չջրելու հետևանքով։
  3. Տերևները կորցնում են ամրությունը։ Խոնարված տերևները հուշում են, որ ջրախեղդ եղած արմատները նեխում են։

Ճիշտ տեղում տնկելու և լավ խնամքի դեպքում, ճմաշուշանը շատ հազվադեպ է հիվանդանում կամ ենթարկվում վնասատուների հարձակմանը։

Հղումներ

Leave a Reply