ԳԱՆԳՐԱԿԱՂԱՄԲ (ՔԵՅԼ)

Գանգրակաղամբը (Քեյլը)(անգլ․՝ Kale, ռուս․՝ Кале, Кудрявая капуста, լատ․՝ Brassica oleracea var. sabellica)

Գանգրակաղամբը պարունակում է մեծ քանակությամբ մսամթերքին համարժեք սպիտակուցներ (4,3 %), փոխարինելի և անփոխարինելի ամինաթթուներ: Գանգրակաղամբի թարմ տերևներում գերակշռող ամինաթթուներն են՝ գլուտամինաթթուն (ընդհանուր ամինաթթուների պարունակության 12 %), պրոլինը
(12 %) և ասպարագինաթթուն (10 %): Լեյցինի, լիզինի, վալինի, արգինինի և ալանինի բաժնեմասը 6-8%-ի սահմաններում են, իսկ թիրոզինի, ֆենիլալանինի, տրեոնինի, հիստիդինի, սերինի և գլիցինի
բաժնեմասը տատանվում է 3-5% սահմաններում: Ամենափոքր բաժինը կազմում են ծծումբ պարունակող ամինաթթուներ ցիստինը (1.6%) և մեթիոնինը (2 %) [16]:

Գանգրակաղամբը հարուստ է նաև օմեգա-3 ճարպաթթվով, վիտամիններով (A, C, K, PP, B և այլն), հեշտ յուրացվող Ca-ով (120-150 մգ), Mg-ով (34-47 մգ) և այլ հանքային տարրերով (K, P, Na, Fe, Zn, Se, Mn, Cu և այլն): Բույսում առկա լյուտեինի շնորհիվ, մարդու աչքը պաշտպանվում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Գանգրակաղամբի հաճախակի օգտագործումը սննդակարգում պաշտպանում է մարդու օրգանիզմը մի շարք հիվանդություններից, մասնավորապես՝ շաքարախտից, սրտանոթային, աղեստամոքսային համակարգերի, աչքի (գլաուկոմա) հիվանդություններից, չարորակ ուռուցքներից և այն:

Գանգրակաղամբը պարունակում է 45 տարբեր տեսակի ֆլավոնոիդներ (սուլֆորաֆան, ինդոլ-3-կարբինոլ և այլն), որոնք ևս ապահովում են այդ մշակաբույսի հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկությունները, բարձրացնում է օրգանիզմի
դիմադրողականությունը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Կարգավորելով գլյուկոզի մակարդակը, նպաստում է քաշի իջեցմանը: Բույսում պարունակվող մեծ քանակությամբ կալցիումը (2 անգամ ավելի շատ է, քան կաթում) ազդում է ոսկրային բջիջների առաջացման ու թարմացման վրա՝ դրանով իսկ կանխարգելով ռախիտը, օստեոպորոզը, ատամների փխրունությունը:

Այժմ գանգրակաղամբը լայն տարածում ունի ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում, Ճապոնիայում և մի շարք այլ երկրներում։

Հղումներ

Leave a Reply