Ինչպես սենյակային պայմաններում կոճապղպեղ աճեցնել

Կոճապղպեղը (անգլ․՝ Ginger, ռուս․՝ Имбирь, լատ․՝ Zīngiber officinale) արևադարձային, բազմամյա խոտաբույս է։ Հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան է։ Վերգետնյա ընձյուղի բարձրությունը մինչև 1 մ է, տերևները նշտարաձև են, ծաղկաբույլը՝ մանուշակագույն։

Կոճղարմատը մսալի է, հաճելի հոտով, պարունակում է 1,2-3 % եթերայուղեր։ Խոնավասեր է, լավ աճում է խոնավ, արևադարձային շրջանների ավազահողերում։ Ունի այրող, կծու համ։ Որպես համեմունք գտագործվում է խոհարարության, ինչպես նաև սննդարդյունաբերության մեջ։

Կոճղարմատը տնկելուն նախապատրաստելը

Տնկելու համար պետք է ընտրել փայլուն, պինդ, առանց վնասվածքների, հնարավորին չափ շատ պտուկներ ունեցող կոճղարմատներ։

Կոճղարմատը բաժանում են 2-3 պտուկ ունեցող կտրոնների, որոնք 48 ժամ թրջում են գոլ ջրի մեջ, այնուհետև կես ժամով ընկղմում են մարգանցովկայի 5%-ոց լուծույթի մեջ։

Տնկելը

Ծաղկամնը պետք է լինի լայն և ունենա առնվազն 30,5 սմ խորություն։ Պետք է ապահովել լավ դրենաժ։

Հողը պետք է լինի պարարտ, փխրուն և կազմված լինի ճմահողից, տերևային հումուսից, ավազից՝ համապատասխանաբար 1:2:1 համամասնությամբ։

Կոճղարմատի կտրոնները տնկում են այնպես, որ պտուկները դեպի վեր նայեն և վրայից մոտ 3 սմ հաստությամբ հողի շերտ լինի։ Մոտ երկու շաբաթից հայտնվում են առաջին ծիլերը։

Պայմանները

Օդի ջերմաստիճանը․ Պետք է ապահովել + 22 — +25⁰С ջերմաստիճան։ + 17⁰С ցածր ջերմաստիճանի դեպքում կոճապղպեղը դադարում է աճել։

Լուսավորությունը. Պահանջում է օրական 14 ժամից ոչ պակաս լույս։ Արհեստական լուսավորությունն ապահովում են ֆիտոլամպով (բույսից 80 սմ հեռավորության վրա, ցրված լույսով):

Խոնավությունը. Ցանկալի է պահպանել 85%-ից ոչ պակաս խոնավություն։ Հակառակ դեպքում, օրական 3-4 անգամ պետք է ցողել բույսը կամ ջրով լի ամններ դնել բույսի շուրջը։

Խնամքը

Ջրելը․ Ջրում են օրը երկու անագամ, ոչ առատ, գոլ, հնեցված ջրով, այնպես, որ հողը միշտ մի քիչ խոնավ լինի։ Ծաղկամանի տակդիրում կուտակված ավելորդ ջուրը պետք է թափել։ Աշնանը ջրելը կիսով չափ քչացնում են։

Սնուցումը. Երկու շաբաթը մեկч օրգանական կամ կալիումային պարարտանյութերով։

Փխրեցումը. Ամեն ջրելուց 20 րոպե հետո հողը փխրեցնում են։

Էտը. Ամիսը երկու անգամ հեռացնում են տերևների մոտավորապես ¼ -ը, որպեսզի աճի ուժը ուղղվի արմատին։

Բերքը հավաքելն ու պահպանելը

Աշնանը, երբ կոճապղպեղի կանաչ զանգվածը սկսի դեղնել և թոշմել, անհրաժեշտ է դադարեցնել ջրելը և պարարտացնելը ու 10 օր հետո, երբ շյուղերը կսկսեն պարկել, փորում և հանում են կոճղարմատը։ Հանելուց հետո մաքրում են հղից, կտրում կամ պոկում են մանր արմատներն ու վնասված մասերը, ինչից հետո, 4-5 օրով դնում են չորացման՝ լուսավոր ու լավ օդափոխվող տեղում։

Պահպանում են սառնարանում, +2 — +4⁰ С ջերմաստիճանի տակ, թղթյա փաթեթով։ Կարելի է նաև բարակ՝ 2-3 մմ հաստությամբ կտրատել կոճղապղպեղը, թղթի վրա չորացնել 2 շաբաթ և պահել հերմետիկ, ապակյա տարայում՝ մութ և զով տեղում։

Հիվանդությունները

Դեղնում են տերևները․ Կարող է լինել գերլուսավորության, սխալ հողախառնուրդի կամ չափից շատ ջրելու հետևանքով։

Տերևները չորանում են․ Կարող է լինել քիչ ջրելու կամ սենյակի օդի չորության պատճառով։

Վնասատուները

Սարդոստայնային տիզը (Паутинный клещ):

Հղումներ

Leave a Reply