Ինչպես սենյակային պայմաններում սխտոր աճեցնել

Ծաղկամանում սխտոր աճեցնելը բարդ չէ։ Ձեր խոհանոցը կապահովեք սխտորի թարմ ցողուններով ու նույնիսկ պճեղներով։

Երբ սկսել

Սովորաբար դրսում սխտոր տնկում են ուշ աշնանը կամ գարնանը, սակայն սենյակային պայմաններում կարելի է սկսել ցանկացած պահի։

Որտեղ, ինչ և ոնց տնկել

Ծաղկաթաղարը պետք է ունենա լավ դրենաժ և առնվազն 21 սմ խորություն։ Լցնում են պարարտ, փխրուն հողախառնուրդ, որի հետ ի սկզբանե կարելի է օրգանական պարարտանյութներ խառնել։

Տնկելիս սխտորի պճեղները չեն կլպում, տնկում են 5-7 սմ խորությամբ` այնպես, որ պճեղի վրա մոտ 2,5 սմ հողի շերտ մնա։ Եթե միայն սխտորի ցողուններ եք ուզում աճեցնել, պճեղները կարող եք իրար շատ մոտ տնկել, իսկ լիարժեք բերք ստանալու համար պճեղները տնկում են միմյանցից 10 սմ հեռու։

Տնկելու համար կարելի է խանութից սխտոր գնել, սակայն պետք է նկատի ունենալ, որ պահեստներում երկար պահված և/կամ հեռուներից բերված սխտորը այնքան էլ լավ տնկանյութ չէ։ Հնարավորության դեպքում պետք է գնել կամ վերցնել տեղական, օրգանական, թարմ սխտոր։

Խնամքը

Աճեցման տեղը

Լավագույն տեղը հարավ կամ արևմուտք նայող պատուհանի գոգն է, որտեղ օրական առնվազն 6 ժամ արևի ուղիղ լույս կլինի։ Բնականաբար, ավելի վատ պայմաններում կարող եք լրացուցիչ, արհեստական լուսավորություն ապահովել։

Ջրելը

Աշխատեք ծաղկաթաղարի հողը մշտապե չափավոր խոնավ վիճակում պահել։

Պարարտացումը

Սխտորը պետք է լավ պարարտացնել՝ թե՛ դրսում, թե՛ տանը աճեցնելիս։ Ամսական երկու անգամ պետք է սնուցել բույսը հնարավորին չափ բալանսավորված, օրգանական պարարտանյութերով։

Բերքահավաքը

Ցողունները պոկելը

Առաջին ծիլերը ծլում են մոտավորապես մեկ շաբաթից։ Երբ մոտ երկու շաբաթից ցողունները 10-15 սմ բարձրանան, կարող եք սկսել պոկել դրանք։ Պոկել պետք է թողնելով 2,5 սմ ցողուն՝ որպեսզի նոր աճ տեղի ունենա։

Սոխուկները հավաքելը

Սխտորի լիարժեք սոխուկները հասունանում են 8-10 ամսում։ Հասունացման մասին վկայում է ցողունների դեղնելը կամ շագանակագույն դառնալը։ Հասունացած բույսերը հանում են հողից, մաքրում հողի մնացուկներից ու մեկ շաբաթ թողնում են չորանա լավ օդափոխվող ստվերում։

Նյութի բնագիրն այստեղ է։

Տես նաև սխտորը բաց գրունտում աճեցնելու մասին հոդվածը ==>

Հղումներ

Leave a Reply