Անթուրիում

anthurium_dakotaԱնթուրիումը (անգլ.՝ Anthurium, ռուս.՝  Антуриум, լատ.՝ Anthurium) պատկանում է նվիկազգիների (Araceae) ընտանիքին։ Բնության մեջ աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկաների արևադարձային գոտիներում: 500-ից ավելի անթուրիումի տեսակներ կան:

Եթե փնտրում եք սենյակային ծաղիկ, որը աշնանն ու ձմռանը պայծառ գույներ կավելացնի ձեր բնակարանին, գնեք անթուրիում: Ճիշտ խնամքի դեպքում այն ծաղկում է համարյա անընդհատ: Կան նաև անթուրիումի այնպիսի տեսակներ, որոնք արժեքավոր են շնորհիվ իրենց տերևների գեղեցկության:

Ուշադրություն

Անթուրիումի բոլոր տեսակները թունավոր են, խնամելիս պետք է զգույշ լինել և հեռու պահել մանկահասակներից:

Իրականում անթուրիումի ծաղիկ համարվող վառ գույն ունեցող մասը բուն ծաղիկի՝ կոնաձև, սպիտակ կողրիկի ծածկոց-տերևն է: Երբ ծաղկելն ավարտվում  է այդ ծածկոց-տերևը կանաչում է և վերածվում է սովորական տերևի:

Անթուրիումը բուրմունք ունի: Տարբեր տեսակների բուրմունքը տարբեր է:

Անթուրիումը կարող է մինչև 70 սմ բարձրության հասնել:

Անթուրիումի սենյակային տեսակները

  1. Սենյակային պայմաններում հիմնականում հիբրիդային տեսակներ են աճեցնում: Ամենատարածվածը Անդրեի Դակոտա Անթուրիումն է, որը վառ կարմիր “ծաղիկներով” ծաղկում է շուրջ տարին:
  2. Տարածված է նաև Շերցերի Անթուրիումը, որի ծածկոց-տերևներն ավելի կլորավուն են: Ծաղիկները կարող են լինել կարմիր, նարնջագույն կամ բծավոր սպիտակ:
  3. Ինչպես ասվեց, կան նաև զուտ գեղեցիկ տերևների համար աճեցվող տեսակներ:

Խնամքը

Լուսավորությունը

Անթուրիումին անհրաժեշտ է ցրված, պայծառ լույս՝ առանց արևի ուղիղ ճառագայթների: Չնայած անթուրիումին հաճախ դասակարգում են որպես ստվերադիմացկուն բույս, խոր ստվերում այն լավ չի աճի ու չի ծաղկի:

Հյուսիսային պատուհանագոգերն, օրինակ, ամենահարմարավետ տեղը չեն անթուրիումի համար: Լավագույն տեղերը արևմտյան և արևելյան պատուհանների մոտ են:

Օդի ջերմաստիճանը

Անթուրիումը ջերմություն սիրող բույս է: Ձմռանը օդի ջերմաստիճանը չպետք է նվազի + 16-ից: Ամռանը ամենահարմարավետ ջերմաստիճանը +28 է:

Կարևոր խնդիր է բույսը միջանցքահովերից, իսկ ձմռանը նաև ջեռուցման սարքերից հեռու պահելը:

Օդի խոնավությունը

Խոնավասեր է: Լավ կլինի անթուրիումի ծաղկամանը տեղադրել  լայն, ջրով ու ավազով կամ մանր խճաքարով լի տակդիրի վրա, ինչպես նաև պարբերաբար ջրով ցողել բույսի շրջակա օդը: Բուսի տերևները ցողելը այնքան էլ ցանկալի չէ, քանի որ ջրի կաթիլները չորանալուց հետո սպիտակ բծեր են թողնում տերևների վրա:

Տերևների վրայի փոշին անհրաժեշտ է մաքրել փափուկ, խոնավ սպունգով:

Ջրելը

Ջրում են երբ չորանում է ծաղկամանի հողի վերին շերտը: Կարևոր է թույլ չտալ ոչ հողի լրիվ չորացումը, ոչ էլ ճահճացումը:

Օդի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ քչացնում են ջրելու հաճախականությունը

Տեղափոխելը

  • Արագ աճն ու ծաղկելն ապահովելու համար, մինչև 5 տարեկան դառնալը անթուրիումը ամեն տարի տեղափոխում են նոր՝ քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ: Հինգ և ավելի տարեկան բույսերը տեղափոխում են 3 տարին մեկ:
  • Տեղափոխելիս ստուգում են բույսի արմատների վիճակը և հեռացնում են վնասված, փտած արմատները, իսկ կտրված քները մշակում են ածխափոշով:
  • Կարևոր է նոր ծաղկամանում լավ դրենաժային շերտ ստեղծելը:
  • Եթե բույսը “ձագուկներ” է տվել, դրանք կարելի է առանձնացնել:
  • Ծաղկաման ընտրելիս նկատի ունեցեք, որ բույսի փոքր-ինչ նեղված վիճակը խթանում է ծաղկելը, իսկ ազատ տեղ ունենալը նպաստում է “ձագուկների” ի հայտ գալուն:

Հողախառնուրդը

Հողախառնուրդը պետք է լինի պարարտ ու թեթև, որպեսզի արմատներին օդ հասնի:  Ցանկալի է, որ հողախառնուրդում լինեն  ճմահող, փշատերևի մանրեցված (2-5 սմ կտորներ) կեղևվ  խոշոր ավազ, պեռլիտ ու փայտածուխ:

Հողախառնուրդի անհրաժեշտ թթվայնությունը՝  թույլ թթվային (pH 5,5-6,5):

Մտղաշ բույսերի համար հողախառնուդի բաղադրատոմս
  • Տորֆ — 1 մաս;
  • Սֆագնում-մամուռ — 1 մաս;
  • Սոճենու մանրեցված կեղև (2-5 սմ կտորներ) — 1 մաս;
  • Պերլիտ — 1 մաս:
Մեկ և ավելի տարեկան բույսերի համար հողախառնուդի բաղադրատոմս
  • Տորֆ — 2 մաս;
  • Ճմահող — 0,5 մաս;
  • Սոճենու մանրեցված կեղև (2-5 սմ կտորներ) — 1 մաս;
  • Տերևային հումուս — 1 մաս;
  • Սֆագնում-մամուռ — 1 մաս;
  • Խոշոր կարմիր ավազ կամ մանրեցված աղյուս — 1 մաս;
  • Փայտածուխ — 0,2 մաս:

Սնուցումը

Գարնանն ու ամռանը անթուրիումը լրացուցիչ սնուցման կարիք ունի: Օգտակար կլինի նաև պարբերաբար, ջրելու հետ մեկտեղ առտաարմատային սնուցում կազմակերպելը:

Բազմացումը

Անթուրիումը բազմացնում են՝

  1.  Բույսը տեղափոխելիս խոշոր բույսերը բաժանելով կամ “ձագուկներն” առանձնացնելով: Բաժանելու համար բույսը կտրատում են սուր, ախտազերծված դանակով, իսկ կտրվածքները մշակում են ածխափոշով: Առանձնացված բույսերը ջրում են չափավոր՝ գերխոնավ հողի մեջ “ձագուկները” չեն կպնի:
  2. Տերև ու օդային արմատ ունեցողկտրոնը արմատակալման դնելով:
  3. Սերմերով: Սակայն տնական պայմաններում սերմեր ստանալն ու դրանցով բազմացնելը բավականին բարդ գործ է: Անհրաժեշտ է ճիշտ ժամանակին արհեստական փոշոտում կազմակերպել, այնուհետև ճիշտ ժամանակին սերմը վերցնել ու անմիջապես տնկել: Անթուրիումի պտուղներն ու սերմերն էլ հասունանում է 9-12 ամսում, իսկ սերմից աճեցված բույսը սկսում է ծաղկել երրորդ տարում միայն:

Բույսի երիտասարդացումը

Աճին զուգահեռ անթուրիումի ներքևում մնացած տերևները մահանում են, իսկ նորերը աճում են գագաթից: Ժամանակի հետ բույսը կարող է կորցնել իր դեկորատիվ տեսքը, ուստի երիտասարդացման կարիք է առաջանում:

Երիտասարդացման համար կտրում և ջրի կամ այլ սուբստրատի մեջ արմատակալման են դնում բույսի գագաթը՝ անհրաժեշտ քանակությամբ հանգուցամեջեր թեղնելով վրան:

Հղումներ

Leave a Reply