Գարդենիա հասմիկանման

Gardenia-jasminoidesԳարդենիա հասմիկանմանը (անգլ.՝ Cape jasmine, ռուս.՝ Гардения жасминовидная, լատ.՝ Gardenia jasminoides) մինչև 180 սմ բարձրությամբ, մշտադալար թուփ է: Տերևները մինչև 8 սմ երկարության են: Ծաղկում է ամռանը, տարածում է ուժեղ, հաճելի բուրմունք: Ծաղիկները սկզբում վառ սպիտակ են, հետո դեղնավուն: Բնության մեջ տարածված է Ասիայի ու Աֆրիկայի արևադարձային գոտիներում:

Տեղը սենյակում

Հասմիկանման գարդենիան պետք է տեղադրել պայծառ լուսավորված տեղում, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների ներքո: Լավ կաճի հարավ-արևմուտք ու հարավ նայող պատուհանագոգերին: Տաքերն ընկնելուց հետո բույսը կարելի է պահել բաց երկնքի տակ, բայց ծաղկելուց առաջ պետք է ներս բերել: Ձմռանը անհրաժեշտ օդի ջերմաստիճանը +16° – +20° C է: Ծաղկամանի հողը նույն, կամ քիչ ավելի ջերմություն պետք է ունենա:

Լուսավորությունը

Պայծառ, ցրված լուսավորություն է պետք:

Ջրելը

Հողը մշտապես թեթևակի խոնավ է պետք պահել: Ջրել  փափուկ, առնվազն 24 ժամ հնացված, սենյակային ջերմության ջրով: Ծաղկման շրջանում օդի բարձր խոնավություն է պահանջվում: Խորհուրդ է տրվում ծաղկամանը դնել ջրով լի, լայն տակդիրի մեջ:

Օդի խոնավությունը

Չափավոր, ծաղկման շրջանում՝ բարձր: Խորհուրդ է տրվում պարբերաբար ծողել բույսը ջրով:

Խնամքը

Գարնանից մինչև ամռան վերջ, շաբաթը մեկ պետք է տալ լրացուցիչ սնուցում: Ձմռան ավարտին հասմիկանման գարդենիան պետք է տեղափոխել փոքր ինչ ավելի մեծ ծաղկամանի մեջ և էտել նախորդ տարվա աճած ճյուղերը՝ երկարության մոտ 1/3 չափով, ինչը կխթանի բույսի ճյուղավորումը:

Բազմացումը

Բազմացնում են գարնանը կամ ամռան վերջին կտրած կիսափայտացած կտրոններով, որոնք արմատակալման են դնում թեթև տաքացվող հողախառնուրդում՝ փոքրիկ ջերմոցի տակ:

Կարելի է բազմացնել նաև սերմերով:

Տեղափոխումը

Հասմիկանման գարդենիան սիրում է բարձր թթվայնութամբ հող: Երիտասարդ բույսերը աճեցնում են հավասար չափերով տերևային հումուս, ճմահող, փշատերևային հումուս, վերնատորֆ և ավազ պարունակող հողախառնուրդում: Հետագայում հողախառնուրդին ավելացնում են փտած գոմաղբ կամ կոմպոստ:

Հնարավոր բարդություններ

Հաճախ բողբոջները դադարեցնում են աճը ու թափվում են: Դրանից խուսափելու համար, պետք է ապահովել օդի ջերմաստիճանի կայուն ռեժիմ՝ ցերեկը՝ 18-20 աստիճան, իսկ գիշերը՝ 16-18, հաճախ օդափոխել սենյակը և կանոնավոր ջրել:

Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքում հասմիկանման գարդենիան տերևաթափ կարող է լինել:

Եթե տերևները սպիտակավուն են, ուրեմն հողի մեջ երկաթի պակաս կա ու, տարին 3-4 անգամ պետք է սնուցել բույսը միկրոտարրերով:

Վնասատուներից ամենավտանգավորները սարդոստայնային տիզն է, վահանամիջատը և ալրատիզը:

Օգտակար հատկություններ

Մի շարք երկրներում հասմիկանման գարդենիայի պտուղն ու արմատները օգտագործում են հակաբորբոքային, ջերմություն իջեցնող, արյուն մակարդող, դեղնախտ, մաշկային հիվանդություններ, մաստիտ, սոմատիտ, տոնզիլիտ բուժող եփուկներ պատրաստելու համար:

Պտուղները օգտակար են թոքերի հիվանդության և տենդի դեպքում: Մանրացված պտուղները դնում են վերքերի, այրվածքների, ուռուցքների և այտուցվածքների վրա:

Կարդալ նաև սովորական գարդենիայի մասին:

Հղումներ

Leave a Reply