Մորմ

solanum-1Մորմը (ռուս.՝ Паслён, լատ.՝ Solanum), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի, երբեմն՝ փաթաթվող բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 1700, իսկ Հայաստանում՝ 4 տեսակ՝

  • մորմ քաղցրադառն (Solanum dulcamara),
  • մորմ սև (Solanum nigrum),
  • մորմ թևավոր (Solanum alatum)
  • մորմ Վորոնովի (Solanum woronowii

Հայաստանում տարածված են Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Լոռու մարզերում։ Աճում է գետերի և առվակների ափերին, անտառներում, թփուտներում, այգիներում, բանջարանոցներում, ճամփեզրերին։

Ցողունի բարձրությունը մինչև 2 մ է։ Տերևներն ամբողջական են կամ կենտ-փետրաձև։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ կարմրավուն, սպիտակ, կապույտ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հյութալի կամ մսալի, երկբուն, բազմասերմ հատապտուղ է։

Թունավոր է։

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ստերոիդներ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, ճարպաթթուներ, եթերայուղեր, ածխաջրեր, օրգանական թթուներ։ Բժշկության մեջ կիրառվում է շնչառական օրգանների, մաշկավեներային, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, կատաղության և էպիլեպսիայի բուժման համար։ Որոշ տեսակներ միջատասպան են։ Մեղրատու է։

Որպես գեղազարդիչ սենյակային բույս ամենատարածվածն են՝

  • Մորմ կեղծպղպեղանմանը, Christmas cherry, Winter cherry, Паслен ложноперечный, Solanum pseudocapiscum;
    Solanum-pseudocapsicum
  • Մորմ պղպեղանմանը, False Jerusalem cherry, Winter cherry, Паслен перцевидный, Solanum capsicastrum;Solanum-capsicastrum

Երկու տեսակներն էլ շատ նման են իրար և գիտնականներն այժմ հակված են դիտարկել դրանց որպես մեկ տեսակ:

Խնամքը

Ընդհանուր առմամբ մորմը ոչ պահանջկոտ բույս է, բայց որոշակի պայմաններ ապահովել պետք է:

Լուսավորությունը

Նախընտրելի է պայծառ, ցրված լույսը: Սենյակում մորմը ավելի լավ կլինի տեղադրել դեպի արևմուտք կամ արևելք բացվող պատուհանների գոգին: Հարավային պատուհանի դեպքում, բույսը կեսօրի արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանելու կարիք կառաջանա, իսկ հյուսիսային պատուհանին, առանց լրացուցիչ լուսավորության, բույսը շատ անհարմարավետ վիճակում կհայտնվի:

Ցանկացած պատուհանագոգին ձմռանը, լրացուցիչ լուսավորմամբ, առնվազն 10 ժամյա լուսային օր ապահովելու կարիք կարող է առաջանալ: Չապահովելու դեպքում, մորմը կարող է տերևաթափ ու ծաղկաթափ լինել:

Օդի ջերմաստիճանը

Ամռան ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +18 —  +25 °C է: Ձմռանը մորմն ավելի պաղ՝ +12 — +15 °C ջերմությամբ միջավայրի կարիքն ունի: Այդպիսի ջերմային ռեժիմ և պայծառ լուսավորություն ապահովելու դեպքում, մորմը կծաղկի ու կպտղաբերի նաև ողջ ձմռան ընթացքում:

Էտը

Խիտ սաղարթամաս ստանալու համար, խորհուրդ է տրվում պարբերաբար էտել շիվերի գագաթները: Էտել կարելի է շուրջ տարին:

Ջրելը

Մորմը առատ ջուր է “խմում”, ուստի շոգ եղանակներին առատ ջրարբիացման կարիք ունի: Սակայն, ինչպես համարյա բոլոր բույսերի դեպքում, չի կարելի թույլ տալ հողի ճահճացում:

Ջրում են հողի վերին շարտը չորանալուց հետո՝ լավ հնացված, սենյակային ջերմության ջրով: 

Օդի խոնավությունը

Մորմի համար ամենահարմարավետը օդի բարձր՝ 65 — 70% խոնավությունն է, ուստի պետք է կիրառել օդը խոնավացնող սարքեր կամ հաճախ ցողել բույսը:

Հողախառնուրդը

Մորմը պահանջկոտ չէ հողի նկատմամբ, լավ է աճում ցանկացած չեզոք, փխրուն ու պարարտ հողում:

Նախընտրելի է հետևյալ բաղադրատոմսը.

  • Ճմահող — 1 մաս;
  • Տորֆ— 1 մաս;
  • Փտած գոմաղբ կամ կոմպոստ — 2 մաս;
  • Գետի կամ կարմիր ավազ — 1 մաս:

Ծաղկամանը պետք է ունենա լավ դրենաժ:

Պարարտացումը

Քանի որ հարմարավետ պայմաններում մորմը ծաղկում և պտղաբերում է շուրջ տարին, այն միշտ լրացուցիչ սնուցման կարիք ունի: Սնուցումն անում են երկու շաբաթը մեկ:

Տեղափոխումը

Երիտասարդ թփերը տեղափոխում են նոր ծաղկամանի մեջ  ամեն տարի՝ նախընտրելի է գարնանը: Ավելի մեծ թփերը տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ 2-3 տարին մեկ:

Բազմացումը

Տնական պայմաններում մորմի բազմացման հիմնական ձևը սերմերը ցանելն է, ինչը կարելի է անել շուրջ տարին:

Սերմերը ցրում են գրունտի մակերեսին այնուհետև ծածկում մանր ավազի բարակ շերտով: Լավագույն ծլարձակումը տեղի է ունենում բարձր խոնավություն ունեցող միջավայրում: Ծլարձակման տոկոսը բավականին բարձր է:

Գարնանը և ամռանը մորմը կարելի է բազմացնել գագաթային կտրոններով, որոնք արմատակալման են դնում խոնավ ավազի մեջ:

Վնասատուներն ու հիվանդություննեը

Մորմը կարող է ենթարկվել սարդոստայնային տիզի, ուտիճների, սպիտակաթևիկների հարձակմանը: Առաջին նշանների դեպքում  պետք է սկսել բույսի բուժումը:

Սենյակային պայմաններում մորմի հիվանդությունները հիմնականում սխալ խնամքի հետևանք են: Օրինակ, ձմռանը, սենյակում օդի բարձր ջերմաստիճանի և թույլ լուսավորության պայմաններում այն կարող է թափել տերևներն ու ծաղիկները:

Հղումներ

Leave a Reply