Ծնեբեկ ստևախիտ

asparagus-plumosus

Ծնեբեկ ստևախիտը (անգլ.՝ Common Asparagus Fern, Lace Fern, Climbing Asparagus, or Ferny Asparagus, ռուս.՝ Аспаргус перистый, լատ.՝ Asparagus setaceus) շուշանազգիների ընտանիքին պատկանող հարավաֆրիկյան բույս է, որն աճեցվում է որպես սենյակային բույս:

Խնամքը

Ստևախիտ ծնեբեկը իրեն լավ է զգում կիսաստվերում: Աճեցնելու համար հրմար են արևելյան և արևմտյան պատուհանագոգերը: Առանձնապես լավ տեսք ունի բույսը կախովի ծաղկամանի մեջ աճեցնելիս:

Լուսավորությունը
Նախընտրում է ոչ պայծառ, ցրված լուսավորություն: Ամռանը լավագույն տեղը սենյակում արևմտյան և արևելյան պատուահանագոգերն են:

Ձմռանը լույսի աղբյուրին ավելի են մոտեցնում:

Օդի ջերմաստիճանը
Օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +20 — +25 С է: Ամռանը օգտակար է բույսը հանել մաքուր օդի, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված մի տեղ:

Ձմռանը լավ կլինի ապահովել +12 — +15 С ջերմաստիճան: Ավելի տաք միջավայրում ճյուղերի փշերը կարող են թափվել:

Օդի խոնավությունը
Ստևախիտ ծնեբեկը սիրում է խոնավ միջավայր: Անհրաժեշտ է պարբերաբար ջրով ցողել բույսը: Ձմռանը, երբ սենյակը ջեռուցվում է, ինչպես նաև շոգ ամռանը խորհուրդ է տրվում ծաղկամանը դնել ջրով ու խիճով կամ կերամզիտով լի, լայն ու սաղր տակդիրի մեջ:
Հնարավորության դեպքում, բույսը երբեմն կարելիէ ցնցուղով էլ լողացնել:

Ջրելը
Ստևախիտ ծնեբեկը աճի շրջանում սիրում է առատ որոգումը, բայց պետք չէ թույլ տալ հողի ճահճացում, իսկ  ջրել պետք է միայն հողի չորանալուց հետո:

Ձմռանը քիչ ջրել, մանավանդ, երբ բույսը պահվում է խոնավ և զով սենյակում:

Սնուցումը
Վեգետացիոն շրջանում խորհուրդ է տրվում 2 շաբաթը մեկ սնուցել բույսը ունիվերսալ պարարտանյութով:  Ձմռանը կարելի է սնուցել ամիսը մեկ անագամ՝ կրկնակի նվազեցված չափաբաժիններով:

Տեղափոխումը
Նոր, արագ արմատներ ձևավորող բույսերը ավելի տարողունակ ծաղկամանի մեջ տեղափոխում են տարին մեկ անագամ, վաղ գարնանը:

Հասուն բույսերի տեղափոխման անհրաժեշտություն կարող է ծագել 2-3 տարին մեկ անգամ:

Հողախառնուրդը պետք է կազմված լինի այգու հողից և ավազաից:

Էտն ու ձևավորումը
Ստևախիտ ծնեբեկի նոր ընձյուղները ավելի լավ է չկտրել, քանի որ դարանից հետո աճը դադարում է: Ավելի օգտակար է կտրել չորացած ճյուղերը, ինչը կխթանի նոր ընձյուղների գայացումը:

Սենյակային պայմաններում ստևախիտ ծնեբեկը հազվադեպ, բայց ծաղկում է մանր, սպիտակ ծաղիկներով:

Բազմացումը
Ամենադյուրին և տարածված բազմացման ձևը հասուն բույսը երկու և ավելի մասերի բաժանելն է: Սովորաբար դա անում են գարնանը՝ վեգետացիոն շրջանի մեկնարկին, ինչը նպաստում է բաժանված մասերի կպչելուն:

Կիրառվում է նաև սերմերով կամ ընձյուղային կտրոններով բազմացումը:

Տորֆից և ավազից պատրաստված հողախառնուրդի մեջ ցանված սերմերը ծլում են մոտ մեկ ամսից: Երբ ծիլերը հասնեն 10 սմ բարձրության, դրանք տեղափոխում են առանձին, փոքր ծաղկամանների մեջ:

Կտրոններով բազմացումն անում են մարտին կամ ապրիլին: Կտրոններն արմատակալում են 1-1,5 ամսում, ինչից հետո դրանք նույնպես տեղափոխում են առանձին, մոտ 10 սմ պարագծով ծաղկամանների մեջ:

Հիվանդություններ և վնասատուներ
Ստևախիտ ծնեբեկը կարող է վնասվել ուտիճներից (тля) և սարդոստայնային տիզերից (паутинным клещ): Անհրաժեշտ է պարբերաբար, ուշադիր զննել բույսը և սկսել պայքարը վաղ շրջանում, երբ հնարավոր է վերացնել վնասատուներին առանց քիմիական միջոցների կիրառման:

Ստևախիտ ծնեբեկը կարող է դեղնել և չորանալ անբավարար ջրելու կամ կիզիչ արևի տակ լինելու պատճառով:

Եթե բույսը ամբողջովին դեղնել  է և սկսում է չորանալ, խորհուրդ է տրվում այն ամբողջովին կտրել և շարունակել լավ ջրել մինչև նոր ընձյուղների առաջանալը:

Ձմռանը
Օդի 25 և ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում բույսի ճյուղերը կարող են փշաթափ լինել ու չորանալ:

Ձմեռելու համար ամենահարմարավետն է +12 — +15 ջերմաստիճանային տիրույթը:

Ձմռանը քիչ են ջրում, բայց, փետրվարից սկսած, աստիճանաբար ավելացնում են, քանի որ այդ ժամանակ սկսում են աճել նոր ընձյուղները:

Ցանկալի է ստևախիտ ծնեբեկը հեռու պահել ջեռուցման սարքերից և հետևել օդի խոնավությանը:

Ուշադրություն. Ստևախիտ ծնեբեկի պտուղները թունավոր են:

Այլ փաստեր
Անվիճելի է, որ ստևախիտ ծնեբեկն ունի ֆիտոնիցիդ հատկություն: Այն մաքրում է օդը թունավոր տարրերից և հիվանդություններ հարուցող միկրոօրգանիզմներից:

Բույսի առողջ ու փարթամ տեսքը և արագ աճելու ունակությունը աճեցնողներին պարգևում են լավ տրամադրություն և դրական էմոցիաներ:

Տես նաև ԾՆԵԲԵԿ “ԱՂՎԵՍԻ ՊՈՉ” հոդվածը ==>

Հղումներ

Leave a Reply