Լիմոն

lemon-tree

Լիմոնը (անգլ.՝ Lemon, ռուս.՝ Лимон, լատ.՝ Citrus limon) սատապազգիների ընտանիքի ցիտրուս ցեղի մշտադալար մերձարևադարձային բույս է, որը վաղուցվանից աճեցվում է բնակարաններում։ Լիմոնի հայրենիքը Հարավարևելյան Ասիան է: Ավելի քան 1000 տարի առաջ լիմոնը Հնդկաստանից բերվել է Միջերկրականի ափեր, իսկ այնտեղից՝ Ամերիկա և Աֆրիկա:
Վայրի լիմոն մեր ժամանակներում այլևս չկա:

Հայաստանում սխալ կարծիք կա, իբր “կիտրոն”-ը “լիմոնի” հայերեն անվանումն է։ Իրականում դրանք տարբեր ցիտրուսային մրգեր են և չի կարելի լիմոնին (Citrus limon) կիտրոն (Citrus medica) անվանել։

Լիմոն աճեցնելը սենյակային պայմաններում

Ծաղկամանում աճեցված լիմոնի ծառը չի կարող հասնել բաց գրունտում աճած լիմոնի ծառի մեծությանը: Այնուամենայնիվ սենյակային պայմաններում նախընտրելի է աճեցնել լիմոնի այն տեսակները, որոնք ամենալավն են իրենց զգում ծաղկամանում։ Մասնավորապես, այդպիսիք են՝

  • Մեյեր տեսակի լիմոնի թզուկ տեսակը (Meyer Improved dwarf);
  • Լիսբոն տեսակը (Lisbon);
  • Պանդերոզա լիմոնի թզուկ տեսակը (Ponderosa dwarf)։

Խնամքը

Լուսավորությունը

Լիմոնին անհրաժեշտ է պայծառ լուսավորություն, սակայն առանձնապես երիտասարդ ծառերը պետք է պաշտպանել Արևի կզիչ ճառագայթներից: Սենյակում ամենահարմար տեղը հարավարևելյան պատուհանի գոգն է: Հյուսիսային պատուհանի գոգին, առանձնապես ձմռան ամիսներին,  լրացուցիչ լուսավորության կարիք կառաջանա, իսկ հարավային պատուհանագոգին կարիք կառաջանա փոքր ինչ ստվերելով պաշտպանել բույսը կեսօրի Արևի կիզիչ ճառագայթներից:

Օդի ջերաստիճանը

Գարնանը, երբ գոյանում են լիմոնի բողբոջները սենյակում պետք է լինի 14-16°С: Ավելի բարձր ջերմաստիճանը կարող է չորացնել բողբոջները ու դրանց թափվելու պատճառ դառնալ, իսկ ավելի ցածրը  կարող է դանդաղեցնել կամ ընդհանրապես կասեցնել բողբոջելը: Աճի մյուս փուլերում բարենպաստ է մինչև 26°С օդի ջերմությունը:

Զմռանը լավ կլինի ապահովել սենյակի օդի 10-14°С ջերմություն:

Օդի խոնավությունը

Խորհուրդ է տրվում լիմոնը մշտապես ցողել նախապես եռացված, գոլ ջրով։ Հատկապես կարևոր է դա անել ամռան շոգ օրերին և ձմռանը, եթե լիմոնի ծառը գտնվում է այն սենյակում, որտեղ տեղակայված են ջեռուցման սարքեր:

Էտելը

Լիմոնը էտում են ծառի գեղեցիկ սաղարթամաս ստանալու և ծառի բերքատվությունն ավելացնելու համար:

Երբ ծառը հասնում է գրունտից 20-25 սմ բարձրության, կողային ճյուղեր ստանալու նպատակով կենտրոնական ճյուղը քշտում են (կտրում են): Պետք է նկատի ունենալ, որ պտուղներ սկսում են գոյանալ միայն ներքևից հաշված 4-5 հարկի ճյուղերից սկսած: Այնպես  որ, քանի դեռ այդ ճյուղերը չկան, բերքի սպասելն անիմաստ է:

Ծառի համաչափ աճն ապահովելու համար, 10 օրը մեկ պատք է մի փոքր շրջել բույսը սեփական առանցքի շուրջ:

Ծառի սաղարթի ձևավորումն անում են նաև բերքը հավաքելիս: Պտուղը կտրում են ոչ միայն պոչի, այլ ճյուղի 2-3 հանգույցների հետ, ինչը խթանում է ճյուղի հետագա աճը:

Վնասատուները

Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

  • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
  • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
  • Սպիտակաթևիկ (Белокрылка);
  • Ուտիճը (Aphid, Тля)։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Հղումներ

Leave a Reply