Խորդենի

Pelargonium_zonale_Icecrystal_fullԽորդենին (աղավնակտուց, կռնկենի) (անգլ.՝ Geranium, Storksbills, ռուս.՝ Пеларгония, լատ.՝ Pelargonium) խորդենազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 300 (այլ տվյալներով՝ 400) տեսակ: Խորդենու հայրենիքը Հարավային Աֆրիկան է, որտեղից Եվրոպա է բերվել XVII դարի վերջին՝ որպես գեղազարդիչ բույս: Խորդենին լայնորեն մշակվում է Ալժիրում, Ամերիկայում, Իսպանիայում, Ճապոնիայում: 
Հայաստանում հայտնի է խորդենու 19–22 տեսակ՝ արնակարմիր, լեռնային, անտառային, ճահճային, քնքուշ և այլն: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում՝ ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտու մարգագետիններում, բացատներում, թփուտներում, չոր լանջերին, խոնավ վայրերում և այլուր: Մշակության մեջ տարածված է վարդագույն խորդենին, որը միամյա կիսաթուփ է՝ հզոր արմատային համակարգով: 
Խորդենին ջերմասեր, լուսասեր ու խոնավասեր բույս է, պահանջկոտ է հողի նկատմամբ: Բազմացվում է արմատակալներով (կտրոններով), որոնք աճեցվում են ջերմատներում:
Եթերայուղ ստանալու նպատակով օգտագործում են բույսն ամբողջությամբ (չնայած յուղը հիմնականում կուտակված է տերևներում): Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության մեջ: Օժտված է նաև բուժիչ հատկություններով. նրա բույրը բուժում է գլխացավը, անքնությունը, իսկ արմատներից պատրաստված թուրմն ունի հակաբորբոքային ազդեցություն: Կանաչ զանգվածը պարունակում է աղաղանյութեր: Մեղրատու է: 
Խորդենին այն սենյակային բույսերի շարքին է պատկանում, որոնք բացի բուժիչ հատկություններից ունեն նաև շատ օգտակար հատկություններ: Այն հակամանրէային և հակավիրուսային նշանակություն ունի: Աշնան և ձմռան օրերին խորդենու հոտը, նրա վառ կարմիր կամ վարդագույն ծաղիկները և ժաներիզավոր տերևները կարող են բարձրացնել տրամադրությունը, նպաստել սթրեսի և հոգնածության վերացմանը:
Համարվում է, որ բույսի էներգետիկ դաշտը պահպանում է բնակարանը և իրեն խնամող ընտանիքին դժբախտություններից, տհաճ խոսակցություններից, նեղացկոտությունից, նախանձից։ Նպաստում է բնավորության լավ գծերի կատարելագործմանը։
Խորդենու թուփը առանց բաժանման և տեղափոխման կարող է ծաղկել մինչև 10—15 տարի, դառնալով ավելի գեղեցիկ: Միայն  10—12 տարի հետո կերևան ծերության նշանները: Ավելի լավ է մինչ այդ  ` 9—10 տարեկան թուփը բաժանել և  տեղափոխել թարմ հողի մեջ: Խորդենին սիրում է մոխիր և ճիշտ  ջրվել: Ծաղիկների թառամելուց հետո  հարկավոր է  կտրել դրանց ցողունները:
Հղումներ

Leave a Reply