Ի՞նչ է պակասում հողին

Բույսերն, իրենց արտաքին տեսքով, հուշում են, թե ինչ տարրերի պակասություն կա հողում, մնում է  և ճիշտ գնահատել իրավիճակն ու ժամանակին միջոցներ ձեռնարկել:

 

Դիցուկ, եթե հողում.

պակասում է Ազոտը,

ապա մատղաշ տերևները մնում են փոքր, չեն աճում, իսկ հները դառնում են բաց կանաչ գույնի, դեղնում ու թափվում են:

պակասում է Լուսածինը (Ֆոսֆոր),

ապա տերևները դառնում են մուգ կանաչ գույնի՝ մանուշակագույն երանգներով: Տերևի հակառակ երեսին, երակաթելերի երկայնությամբ տեսանելի է դառնում կարմրամանուշակագույն գույնը: Իսկ երբ տերևը չորանում է, այն սևանում է:

պակասում է Կալիումը,

ապա տերևների վրա դեղին եզրաշերտ է առաջանում: Եթե կալիումի պակասությունը շատ խիստ է, ապա տերևները դառնում են տձև, եզրաշերտը դառնում է շագանակագույն ու սկսում է փշրվել:

պակասում է Կրածինը,

ապա բույսի աճը դանդաղում է: Լոլիկի վերին տերևները դեղնում են, իսկ ներքևինները մնում են կանաչ:

պակասում է Մագնիումը,

ապա բույսերի ներքևի տերևները դեղնում են ու ոլորվում դեպի ներքև: Տանձենու մատղաշ տերևները կարմրում են:
Տերևները մնում են միայն ընձյուղների վերին մասում, մյուսները շատ վաղ թափվում են: Պտուղները լինում են մանր, տձև և ոչ համեղ:

պակասում է Մարգանեցը (Մանգան),

ապա առաջանում է բույսերի կանաչազրկություն: Տերևները, եզրերից սկսած, գունաթափվում են, մեռնում են ընձյուղների գագաթները և մատղաշ տերևները:

պակասում է Պղինձը,

ապա խնձորենու ընձյուղների գագաթները մահանում են: Դիտարկվում է տերևների կանաչազրկություն: Ծառը թուլացած և հոգնած տեսք ունի:

պակասում է Երկաթը,

ապա վնասվում են գագաթային ընձյուղները: Վերին մասի տերևները գունաթափվում ու դեղնում են: Լոլիկի մատղաշ տերևները դեղնում ու մահանում են:

պակասում է Ցինկը,

ապա ձևավորվում են բարակ ընձյուղներ՝ ծայրերին մանր, անբնական կանաչ տերևներով: Ձևավորվում են շատ մանր, դեֆորմացված պտուղներ, կամ ընդհանրապես պտուղ չի լինում:

Վերը թվարկված տարրերի պակասը լրացվում է համապատասխան օրգանական պարարտանյութերով արմատային կամ ոչ արմատային սնուցման միջոցով:

Leave a Reply