Կալանխոեն (անգլ.՝ Kalanchoe , ռուս.՝ Каланхо́э, լատ.՝ Kalanchoë) Թանձրատերևուկների ընտանիքին պատկանող սուկուլենտ բույսերի ցեղ է, որտեղ միավորված են մոտ 200 տեսակներ:
Որպես սենյակային բույսեր ամենատարածված տեսակներն են՝
Կալանխոե Բլոսֆելդի
(անգլ.՝ Flaming Katy, Christmas kalanchoe, Madagascar widow’s-thrill, ռուս.՝ Каланхоэ Блоссфельда, լատ.՝ Kalanchoe blossfeldiana)
Կալանխոե Դեգրեմոնի
(անգլ.՝ Devil’s backbone, Mother-of-thousands, Alligator plant, or Mexican hat plant, ռուս.՝ Каланхоэ Дегремона, լատ.՝ Kalanchoe daigremontiana)
Հայրենիքը Մադագասկարն է: Բնական պայմաններում հասնում է մինչև 2 մ բարձրության: Սենյակային պայմաններում չի գերազանցում 50 սմ բարձրությունը:
Կալանխոե փետրավոր
Խնամքը
Կալանխոեն պահանջկոտ բույս չէ, նույն խնամքն է պահանջում, ինչ սուկուլենտների մեծ մասը:
Աճեցնում են նեղ ծաղկամաններում, ոչ շատ պարարտ, ավազի հետ խառնված հողում: Աճի շրջանում օդի ամենից հարմարավետ ջերմաստիճանը +20 – +25 է: Ինչպես բոլոր սուկուլենտները, կալանխոեն սիրում է երբ գիշերային ջերմաստիճանը նվազ է ցերեկայինից, ուստի շատ լավ է աճում դրսում՝ աքուր օդին: Իսկ սենյակային պայմաններում խորհուրդ է տրվում հաճախ օդափոխություն անել:
Լուսավորությունը պետք է պայծառ լինի, որոշ ժամանակ արևի ուղիղ ճառագայթների ներքո, բայց կեսօրի ուժեղ արևահարումից պաշտպանված:
Աճի շրջանում առատ են ջրում, հողը չպետք է ամբողջովին չորանա, իսկ ջրով ցողելու անհրաժեշտություն չկա: Ծաղկամանը, որտեղ աճում է կալանխոեն, պետք է լավ դրենաժ ունենա: Հողի ճահճացումն անտանելի է բույսի համար:
Աճի շրջանում ցանկալի է նաև ամենամսյա սնուցում հանքային պարարտանյութերով:
Ծաղկելուց հետո կալանխոեին անհրաժեշտ է հանգիստ: Բոլոր ծաղկացողունները հեռացվում են, իսկ բույսը տեղադրում են ստոերոտ վայրում ու մեկ ամիս շատ հազվադեպ են ջրում, չեն պարարտացնում: Մեկ ամսից բույսը վերադարձնում են իր տեղը և սկսում են ջրել սովորականի պես:
Շատ ցանկալի է բույսի համար զով (+10 – +12) ևմեռ ապահովելը: Այդ պայմաններում ջրելը հասցնում են նվազագույնի:
Գարնանը, եթե անհրաժեշություն կա, բույսը տեղափոխում են քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ: Եթե բույսի արմատները դուրս են եկել ծաղկամանի դրենաժային անցքերից, ուրեմն անհրաժեշտությունը հաստատ կա:
Կալանխոեյի համար հողախառնուրդ պատրաստելիս հավասար մասերով իրար են խառնում
- ճմահող;
- տերևային հումուս;
- գետի կամ կարմիր ավազ:
Բազմացումը
Կալանխոեն բազմամյա բույս է և կարող է աճել երկար տարիներ, սակայն, ժամանակի հետ այն սկսում է շատ տեղ զբաղեցնել ու կորցնում է իր գեղեցկությունը: Ուստի խորհուրդ է տրվում պարբերաբար, բազմացման եղանակով, փոխարինել հին բույսը նորով:
Իսկ բազմացնելը շատ հեշտ է: Կալանխոեի բոլոր տեսակները հեշտությամբ բազմանում են ճյուղի կտրոններով, տերևներով կամ կողային ձագուկներով:
Ամենահեշտ բազմացումը կտրոնով է: 10-15 սմ երկարությամբ կտրոնը սուր դանակով կտրում են երիտասարդ շիվերից: Կտրոնի ներքևի տերևները հեռացնում են ու կտրոնը թողնում են, որ 1-2 օր չորանա: Այնուհետև կտրոնները, արմատակալելու համար, մոտ 5 սմ խորությամբ, տնկում են տորֆի և ավազի խոնավ խառնուրդի մեջ:
Կարելի է նաև տնկել անմիջապես այնտեղ, որտեղ մշտապես աճելու է բույսը, ընդվորում նույն ծաղկամանում կարելի է մի քանի հատ տնկել:
Կտրոնի շուրջ հողը լավ պնդեցնում են, ցելոֆանով կամ շշով ծածկելու անհրաժեշտություն չկա: Լավ արմատակալելու համար պետք է ապահովել օդի +20 – +25 աստիճան ջերմություն և հողի չափավոր խոնավություն: Կտրոնները ցողել պետք չէ:
Բարդություններ
Որպես կանոն, կալանխոեի հիվանդանալու պատճառ է լինում վատ խնամքը: Օրինակ շատ ջրելը, մանավանդ ձմռանը, ցածր ջերմաստիճանների դեպքում, կամ վատ լուսավորությունը կարող է հանգեցնել բույսի փտելուն, տերևների մանրանալուն ու դալկանալուն:
Ամռանը վատ ջրելու հետևանքով տերևները կարող են չորանալ և թափվել:
Վիրուսային կամ բակտերիալ վարակման դեպքում, տերևների վրա թաց, շագանակագույն բծեր են առաջանում: Վնասված տերևները պետք է հեռացնել իսկ բույսը մշակել ֆուգիցիդով:
Կալանխոեն հազվադեպ է ենթարկվում վնասատուների հարձակմանը: Երբեմն բույսի վրա կարող են ուտիճներ հայտնվել: Դրանք կարող են կանաչ, գորշ կամ սև գույնի լինել, կպնում են տերևի ներքևից և ծծում են բույսի հյութերը: Արդյունքում տերևները կոլոլվում են և չորանում:
Հղումներ
- Kalanchoe. From Wikipedia, the free encyclopedia.
- Каланхоэ. Материал из Википедии — свободной энциклопедии.
- Виды выращиваемого в домашних условиях каланхоэ.
- Каланхоэ – уход в домашних условиях.
- Каланхоэ лечение.
- Каланхоэ. Народная медицина.
Կալանխոե դեգրեմոնի (Kalanchoe Daigremontiana)