Գոջի

 goji_3Գոջին կամ Հազազ բերբերին (անգլ.՝ Goji, Goji berry կամ Tibetan goji, ռուս.՝  Дереза́ обыкнове́нная, Годжи, լատ.՝ Lycium barbarum) 1-3 մ բարձրությամբ, տերևաթափ, խիտ ճյուղավորված, պտղատու թուփ է, մորմազգիների ընտանիքից:

Գոջի անվանման տակ հասկանում են հազազի այն տեսակը, որի հայրենիքը Չինաստանի Նինսյա-Խուէյսի ինքնավար շրջանն է: Հենց այդ տեսակն է երկարակյաց վանականների վերաբերյալ ավանդապատումների հերոսը:

Բազմացումը

Գոջին կարելի է բազմացնել սերմերով ու կտրոններով:

Սերմերով  բազմացնելը հեշտ է, ստրատիֆիկացման կարիք չկա: Ցանված սերմերը ծլում են  մոտ 2 շաբաթից՝ եթե հողախառնուրդը միշտ խոնավ պահվի և ապահովվի օդի +25o C ջերմություն:

Կտրոններով բազմացնելու համար վերցվում են նախորդ տարվա, կեղև ձևավորած , 10-15 սմ երկարությամբ ճյուղերի հատվածներ:

Տնկելը

Գոջիի տնկիի համար պատրաստում են 50-60 սմ լայնությամբ և մոտ 40 սմ խորությամբ տնկափոս: Մի քանի տնկիների համար տնկափոսերը փորում են միմյանցից 1,5-2 մ հեռու: Լցնելիք հողախառնուրդի հետ խառնում են 8-10 կգ կոմպոստ (կամ կենսահումուս, կամ լավ փտած գոմաղբ) և մեկ բաժակ փայտի մոխիր:

Տնկիները պետք է մի փոքր խորը տնկել, տնկելուց հետո լավ ջրել և ցանքածածկել տորֆով կամ փտած գոմաղբով:

Խնամքը

Ջրելը  չափավոր՝ կախված եղանակից, շաբաթական 1-2 անգամ: Երաշտադիմացկուն է:

Սնուցուման կարիք կարող են ունենալ աճի շրջանում գտնվող նորատունկ Գոջիները: Մնացած ժամանակ, քիչ թե շատ պարարտ հողի դեպքում, սնուցման կարիք կարող է ընդհանրապես չառաջանալ:

Էտը  լավ է տանում:

Ձմռանը Գոջին կարող է ցրտահարվել:  Այդ է պատճառը, որ որոշ այգեպաններ Գոջին տնկում են խորը ծաղկաթաղարի մեջ, որը ձմռանը տեղափոխում են նկուղ կամ մեկ այլ ոչ ցուրտ տեղ: Ասվածը չի նշանակում, որ չի կարելի Գոջին իր տեղում լավ ջերմամեկուսացնել ու բարեհաջող ձմեռացնել:

Սենյակային պայմաններում էլ են աճեցնում Գոջի և լուսավոր տեղում, լավ խնամքի դեպքում նույնիսկ պտուղներ են ստանում:

goji_2Գոջիի՝ առողջության համար շատ օգտակար, վիտամիններով հարուստ  պտուղները ուտելի են, թե՛ թարմ, թե՛ չորացրած վիճակում: Դարեր շարունակ այդ պտուղներն օգտագործվում են ավանդական ասիական բժշկությունում՝ որպես օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող միջոց:

Ճապոնիայում և Չինաստանում գոջիի պտուղներից ոգելից խմիչք են պատրաստում:

Հղումներ

Leave a Reply