Փայտի սղոցուքը պարտեզում

tepՇատ պարտիզպաններ փայտի սղոցուքն օգտագործում են միայն որպես ջերմամեկուսիչ՝ բույսերը ցրտերից առաջ ծածկելու համար: Իրականում փայտի սղոցուքը (հետագա տեքստում կօգտագործենք կարճ անվանումը՝ թեփ), կարելի է նաև օգտագործել որպես օրգանական պարարտանյութ, ավելի ստույգ, որպես պարարտանյութի հիմք կամ որպես ցանքածածկ:

Փայտի սղոցուքը որպես օրգանական պարարտանյութ
Ուշադրություն: Թեփն առանձին, որպես պարարտանյութ հողին խառնել չի կարելի: Դա սկսնակ պարտիզպանների ամենատարածված սխալն է:
Հողին խառնված "հում" թեփը խիստ աղքատեցնում է հողը:

Փայտի մեջ շատ քիչ օգտակար տարրեր կան՝ 1-2% ազոտ կա ու մնացածը բալաստային նյութեր են, որոնք ձևավորում են ծառի բունը և ծառայում են սննդարար հյութերի տեղափոխմանը: Բայց կտրատած փայտի կամ փայտի թեփի վրա,  ժամանակի ընթացքում հայտնվում և ապրում են միկրոօրգանիզմներ, որոնք հարստացնում են նյութը օգտակար նյութերով: 2-3 տարի պարտեզի մի անկյունում լցված թեփը սևանում է, ինչը փտելու հետևանք է: Փտման գործընթացն ավելի արագացնելու համար թեփն ավելացնում են կոմպոստին, որտեղ քայքայվում է այլ օրգանական մնացուկների հետ խառնված և հարստացվում:

Թեփով լրացված կոմպոստն ավելի շուտ է տաքանում ու հասունանում, իսկ ստացված պարարտանյութն ավելի փխրուն է լինում և օդաթափանցիկ:

Ինչպես թեփով կոմպոստ պատրաստել

Թեփով կոմպոստը պատրաստում են հետևյալ բաղադրիչներից՝

  • Փայտի թեփ – 20 կգ;
  • Միզանյութ – 0,25 կգ;
  • Ջուր – 5 լ;
  • Մոխիր – 1 լ;
  • Խոտ, տերևներ, խոհանոցի օրգանական մնացուկներ – 10 կգ:

Միզանյութը բացում են ջրով ու այդ լուծույթով ջրում են շերտ առ շերտ լցված թեփի, մոխիրի, խոտի ու տերևների և խոհանոցայն մնացուկների վրա:

Մեկ այլ բաղադրատոմսում ավելի շատ օրգանական նյութեր են օգտագործվում՝ ազոտի մեծ պահանջ ունեցող բույսերի համար:

  • Թեփ – 20 կգ;
  • Կովի գոմաղբ – 5 կգ;
  • Հնձած խոտ – 10 կգ;
  • Խոհանոցի օրգանական մնացուկներ – 3 կգ;
  • Ջուր – 5 լ:
Թեփով ցանքածածկում

Թեփով ցանքածածկումն անում են մոլախոտերի աճը զսպելու և հողի խոնավությունը պահպանելու համար: Բացի այդ, ինչպես վերը նշվեց, 2-3 տարի անց թեփը, միկրոօրգանիզմների ներգործությամբ հարստանում է օգտակար նյութերով և կոմպոստ պատրաստելու համար լավ հիմքանյութ դառնում:

Սակայն, պետք է հիշել, որ նույնիսկ գետնին փռված վիճակում, թեփը շատ օգտակար նյութեր է կլանում այնտեղից: Ուստի թեփով ցանքածածկ անելիս պետք է նախատեսել բույսերի՝ ազոտով հարուստ օրգանական պարարտանյութերով լրացուցիչ սնուցում:

Թեփի կիրառումը որպես փխրեցնող հավելանյութ

Չնայած չնչին սննդարար հատկությանը, թեփը հաճախ են խառնում հողի հետ՝ որպես փխրեցնող հավելանյութ: Պատճառն այն է, որ հեշտ ճարվող, էժան, թեթև բայց մեծ ծավալ ունեցող նյութ է: Միակ թերությունն, արդեն ասվեց, որ հողից օգտակար նյութեր է կորզում, ինչը ստպված ենք լինում կոմպենսացնել այլ պարարտանյութեր խառնելով:

Թեփի կիրառումը որպես ջերմամեկուսիչ

Թեփն, ինչպես վերն ասվեց, օգտագործում են ձմռան ցրտերից առաջ բույսերը ծածկելու համար: Դա անում են ուշ աշնանը, որպեսզի ծածկը մկների բույն չդառնա: Որպես կանոն, թեփով ծածկն էլ ծածկում են ջրամեկուսիչ ծածկով, որպեսզի թեփը չխոնավանա ու սառչի:

Leave a Reply